ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/1543/05/14 2015թ.
դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Ք. Մկոյան
Դատավորներ` |
Ա. Առաքելյան |
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Ս. ԱնտոնյանԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի նոյեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.03.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ Արմեն Հակոբյանի հայցի ընդդեմ Ծառայության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արմեն Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 25.03.2014 թվականի թիվ ԱԷ 637369 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2015 թվականի որոշմամբ Արմեն Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.10.2014 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օրենսդիրը հստակ տարանջատել է տրանսպորտային միջոցի համար գործող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ` ԱՊՊԱ) պայմանագիր չունենալու համար պատասխանատվությունն առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված պատասխանատվությունից: ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ անկախ այն հանգամանքից` վարորդը տրանսպորտային միջոցի սեփականատեր է և կատարում է իր աշխատանքային պարտականությունները, թե` ոչ, տրանսպորտային միջոցը վարելու համար գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը հանգեցնում է վարչական պատասխանատվության, հետևաբար Արմեն Հակոբյանը բոլոր դեպքերում պետք է գիտակցեր, որ իր գործողությունների արդյունքում ենթարկվելու է վարչական պատասխանատվության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.03.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.10.2014 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի` 30.01.2014 թվականին «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին ուղղված թիվ 041 գրության համաձայն` վերջինս խնդրել է ապահովագրել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում առկա 68 տրոլեյբուսների օգտագործումից բխող պատասխանատվությունը` բոլոր 62 վարորդներին կցելով որպես տրոլեյբուսների լիազորված տիրապետողներ (գ.թ. 10):
2. Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի` 10.02.2014 թվականին ՀՀ ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի գործադիր տնօրենին ուղղված թիվ 057 գրության համաձայն` «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ն «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին անհայտ պատճառներով չի կատարել տրոլեյբուսների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն (գ.թ. 11):
3. Վարչական իրավախախտման գործով Ծառայության` 25.03.2014 թվականի թիվ ԱԷ 637369 որոշման համաձայն` Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վարորդ Արմեն Հակոբյանը տրանսպորտային միջոցը վարելու համար գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ենթարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի (գ.թ. 7):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իր աշխատանքային պարտականությունները կատարող սուբյեկտը ենթակա է վարչական պատասխանատվության, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի (բացառությամբ նույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների) համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր: Բացառությամբ նույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքի` արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը հստակ և ոչ երկիմաստ ձևով սահմանել է, որ բացի օրենքով սահմանված բացառություններից՝ յուրաքանչյուր ոք սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար պարտավոր է մշտապես ունենալ ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր: Այսպիսով, օրենսդիրը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարձակալների համար սահմանել է պարտականություն` մշտապես ունենալ ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, միաժամանակ օրենսդիրը վերը նշված պարտականությունը չկատարելու համար ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարձակալների համար նախատեսել է անբարենպաստ իրավական հետևանքներ, մասնավորապես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանելով, որ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում օրենսդիրը նախատեսել է նաև արգելող նորմ՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում է ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր: Այսպիսով, օրենսդիրն արգելել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարել ավտոտրանսպորտային միջոցներ, եթե առկա չէ դրանք վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր, միաժամանակ օրենսդիրը վերը նշված արգելքը չպահպանելու համար նախատեսել է անբարենպաստ իրավական հետևանքներ, մասնավորապես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանելով, որ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված զանցակազմերի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմին, արձանագրել է, որ դրանք նույնական են: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված զանցակազմերի օբյեկտը` հասարակական հարաբերությունները, որոնք ոտնահարվում են իրավախախտի կողմից` ճանապարհային երթևեկության ոլորտում առաջացող հասարակական հարաբերություններն են, իսկ զանցակազմերի սուբյեկտիվ կողմը` իրավախախտի հոգեբանական վերաբերմունքը հակաիրավական արարքի նկատմամբ, կարող է արտահայտվել մեղքի երկու ձևով էլ, ինչպես դիտավորության, այնպես էլ անզգուշության ձևերով:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված զանցակազմերի մնացած տարրերին, արձանագրել է, որ զանցակազմերի օբյեկտիվ կողմը և սուբյեկտները տարբեր են: Եթե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը` ոչ իրավաչափ արարքի արտաքին կողմը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ վարձակալի ավելի քան տասն օր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալն է, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն է` առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու: Ինչ վերաբերում է վերը նշված զանցակազմերի սուբյեկտներին, ապա եթե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի սուբյեկտը` հակաիրավական, մեղավոր արարքը կատարած անձը տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ վարձակալն է, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի սուբյեկտը` առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարող անձն է:
Վերոնշյալ վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն արգելվում է և տվյալ արգելքը խախտած սուբյեկտի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն: Ընդ որում, պատասխանատվությունը վրա է հասնում տրանսպորտային միջոցը վարելու համար, հետևաբար, ԱՊՊԱ պայմանագիրը կնքված չլինելու պատճառները, վարորդի` տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը չլինելու հանգամանքը, ինչպես նաև վարորդի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումը չեն կարող դիտվել պատասխանատվությունը բացառող հանգամանքներ (տե՛ս, Սամվել Ղուկեյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, երրորդ անձ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի թիվ ՎԴ/2602/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշում):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն 30.01.2014 թվականին «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին ուղղված թիվ 041 գրությունով խնդրել է ապահովագրել Ընկերությունում առկա 68 տրոլեյբուսների օգտագործումից բխող պատասխանատվությունը` բոլոր 62 վարորդներին կցելով որպես տրոլեյբուսների լիազորված տիրապետողներ: Այնուհետև, Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն 10.02.2014 թվականին ՀՀ ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի գործադիր տնօրենին ուղղված թիվ 057 գրությունով հայտնել է, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ն իրեն անհայտ պատճառներով չի կատարել տրոլեյբուսների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն: Վարչական իրավախախտման գործով Ծառայության 25.03.2014 թվականի թիվ ԱԷ 637369 որոշման համաձայն` Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տրոլեյբուսի վարորդ Արմեն Հակոբյանը տրանսպորտային միջոցը վարելու համար առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ենթարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Արմեն Հակոբյանի կողմից առանց տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու փաստը չվիճարկելու պայմաններում ապացուցված է համարվում վերջինիս կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման կատարումը: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Արմեն Հակոբյանը պատասխանատվության է ենթարկվել առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար, որի վարումն արգելված է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով, որպիսի հանգամանքը հաստատվել է հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացված, Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից « Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին ուղղված թիվ 041 և ՀՀ ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի գործադիր տնօրենին ուղղված թիվ 057 գրություններով:
Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «հայցվորի կողմից տրանսպորտային միջոց վարելը հանդիսանում է վերջինիս աշխատանքային պարտականությունը, ով, պարզապես հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդ, չէր կարող հրաժարվել իր աշխատանքային պարտականությունները կատարելուց»:
Մինչդեռ սույն գործի փաստերը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Հակոբյանը, կանխատեսելով իր գործողությունների վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, ցուցաբերելով անգործություն և առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու, վարել է տրանսպորտային միջոցը, այդ կերպ ոտնձգություն է կատարել ճանապարհային երթևեկության ոլորտում առաջացող հարաբերությունների նկատմամբ, այսինքն` կատարել է արարք, որի համար սուբյեկտը ենթակա է վարչական պատասխանատվության:
ՀՀ վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծության արդյունքում արդեն իսկ արձանագրել է, որ նշված հոդվածի զանցակազմի օբյեկտիվ կողմը Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն է` առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու, այսինքն` պատասխանատվությունը վրա է հասնում տրանսպորտային միջոցը վարելու համար, հետևաբար ԱՊՊԱ պայմանագիրը կնքված չլինելու պատճառները, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարումը չեն կարող դիտվել պատասխանատվությունը բացառող հանգամանք:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Արմեն Հակոբյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.03.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 17.10.2014 թվականի վճռին:
2. Արմեն Հակոբյանից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |