ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2796/02/13 2015 թ.
դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան
Դատավորներ` |
Ս. Միքայելյան |
Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի հուլիսի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վալյա Նալբանդյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գոհարիկ Աղաջանյանի ընդդեմ Վալյա Նալբանդյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գոհարիկ Աղաջանյանը պահանջել է որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք Վալյա Նալբանդյանին պարտադրել իրեն վերադարձնել առոչինչ գործարքով ստացած 11.500 ԱՄՆ դոլարը, ինչպես նաև բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 03.06.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, և Գոհարիկ Աղաջանյանից հօգուտ Վալյա Նալբանդյանի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2014 թվականի որոշմամբ Գոհարիկ Աղաջանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 03.06.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վալյա Նալբանդյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածները, 368-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 395-րդ և 396-րդ հոդվածները, 437-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 445-րդ և 447-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ և 219-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գոհարիկ Աղաջանյանը չի ապացուցել իր վկայակոչած փաստն այն մասին, որ 25.12.2009 թվականին վերջինիս և Վալյա Նալբանդյանի միջև կնքված նախավճարի պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) առոչինչ գործարք է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Գոհարիկ Աղաջանյանը որևէ ապացույց չի ներկայացրել այն փաստի վերաբերյալ, որ մինչև 01.12.2010 թվականը տան առուվաճառքի պայմանագիրը չի կնքվել Վալյա Նալբանդյանի կողմից այն կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու հետևանքով: Ավելին, դատաքննությամբ հաստատվեց, ինչպես նաև Գոհարիկ Աղաջանյանն ընդունեց այն փաստը, որ այդ պայմանագիրը չի կնքվել իր մեղքով, քանի որ իր ֆինանսական վիճակը վատթարացել է:
Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով Պայմանագիրը, անհիմն հետևություն է արել այն մասին, որ Պայմանագիրը պարունակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով նախատեսված նախնական պայմանագրի բոլոր պարտադիր վավերապայմանները:
Նախավճարի պայմանագիրը նախնական պայմանագիր համարելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն իր մեջ միաժամանակ պարունակի նախնական պայմանագրի պարտադիր վավերապայմաններից հիմնականը, այն է` ապագայում հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքման բացառիկ պարտավորությունը, մինչդեռ Պայմանագիրը կնքվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ և 396-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, և դրանով կողմերը որևէ պարտականություն չեն սահմանել հետագայում կնքելու առուվաճառքի պայմանագիր:
Պայմանագրի կողմերն այն կնքելիս վկայակոչել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ և 396-րդ հոդվածները, որպիսի պայմաններում նպատակ են հետապնդել կնքելու հենց նախավճարի պայմանագիր: Ավելին, Պայմանագրով Գոհարիկ Աղաջանյանը պարտավորվել է տան առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում նախավճարը հետ ստանալու պահանջ չներկայացնել, իսկ Վալյա Նալբանդյանն իր հերթին պարտավորվել է այդ պայմանագիրը կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում Գոհարիկ Աղաջանյանին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:
Բացի այդ, Գոհարիկ Աղաջանյանն իր իրավունքի խախտման մասին կարող էր իմանալ 01.12.2010 թվականից սկսած (տան առուվաճառքի պայմանագիրը պետք է կնքվեր մինչև այդ ժամկետը), մինչդեռ հայցադիմումը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել 05.12.2013 թվականին, որպիսի պայմաններում բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.06.2014 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 25.12.2009 թվականին Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև գրավոր կնքվել է Պայմանագիրը: Պայմանագրով Գոհարիկ Աղաջանյանը հանդես է եկել որպես «Նախավճար տվող», իսկ Վալյա Նալբանդյանը` որպես «Նախավճար ստացող» (հատոր 1-ին, գ.թ. 16).
2) Պայմանագրի 1-ին կետում նշվել է, որ իբրև Երևանի Գոգոլի փողոցի թիվ 107/3 տունը առուվաճառքի պայմանագրով Վալյա Նալբանդյանից գնելու պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում` Գոհարիկ Աղաջանյանը Վալյա Նալբանդյանին առձեռն հանձնել է 10.000 ԱՄՆ դոլար: Տան առուվաճառքի պայմանագիրը ենթակա է կնքման մինչև 01.12.2010 թվականը: Գոհարիկ Աղաջանյանի կողմից տան առուվաճառքի պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան վերջինս պարտավորվել է «Նախավճար ստացողից» նախավճարը հետ ստանալու պահանջ չներկայացնել (հատոր 1-ին, գ.թ. 16).
3) Պայմանագրի 2-րդ կետում նշվել է, որ Վալյա Նալբանդյանն առուվաճառքի պայմանագիր կնքելու դիմաց, որպես երաշխիք, 25.12.2009 թվականին Գոհարիկ Աղաջանյանից առձեռն ստացել է 10.000 ԱՄՆ դոլար նախավճար: Տան առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան պարտավորվել է Գոհարիկ Աղաջանյանին վճարել նախավճարի` 10.000 ԱՄՆ դոլարի կրկնապատիկը` 20.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 16).
4) Պայմանագրի 3-րդ կետում նշվել է, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 107/3 տան գինը փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է 41.500 ԱՄՆ դոլար և փոփոխման ենթակա չէ (հատոր 1-ին, գ.թ. 16).
5) Պայմանագիրը նոտարական վավերացման չի ենթարկվել (հատոր 1-ին, գ.թ. 16).
6) 30.09.2010 թվականին Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև կազմվել է գրավոր փաստաթուղթ նաև այն մասին, որ մնացած 31.500 ԱՄՆ դոլարից Գոհարիկ Աղաջանյանն առձեռն տալիս է 1.500 ԱՄՆ դոլար և տան առուվաճառքի պայմանագիրը կնքելու ժամանակ պետք է տա ևս 30.000 ԱՄՆ դոլար: Նշված փաստաթղթում Վալյա Նալբանդյանը նշում է կատարել նաև այն մասին, որ 1.500 ԱՄՆ դոլարը ստացել է (հատոր 1-ին, գ.թ. 88).
7) սույն գործի հարուցման հիմք հայցադիմումը Գոհարիկ Աղաջանյանը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել 05.12.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 17).
8) Վալյա Նալբանդյանը հայցադիմումի պատասխան է ներկայացրել Դատարան` միաժամանակ միջնորդելով կիրառել հայցային վաղեմություն (հատոր 1-ին, գ.թ. 39-43):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետի, 395-րդ հոդվածի 1-ին կետի, 437-րդ հոդվածի, 445-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի միատեսակ կիրառության համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ.
1) անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում նախնական պայմանագրի և նախավճարի համաձայնության հարաբերակցության խնդրին` միաժամանակ քննարկելով այդպիսի պայմանագրերի տարրեր պարունակող խառը պայմանագրի կնքման հնարավորության և դրա նկատմամբ կիրառվող օրենսդրության հարցը.
2) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու մասին գործերով հայցային վաղեմության ժամկետի որոշման խնդրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`
1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.
3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.
4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.
5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.
6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.
7) անհիմն հարստացման հետևանքով.
8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.
9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր, իսկ 3-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438-րդ):
Վերոնշյալ հոդվածների իրավական բովանդակության վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևն օրենքով չի պահանջվում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե'ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել է, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`
1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).
2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:
Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե'ս, «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է անշարժ գույքի վերաբերյալ պայմանագրերի դեպքում նախավճարի ինստիտուտի առանձնահատկություններին, մասնավորապես՝ արձանագրելով, որ նախավճարի պայմանագիր կնքելով հաստատվում է հիմնական պայմանագրի կնքված լինելու հանգամանքը` կատարելով նաև պայմանագրի կատարման ապահովման գործառույթ, ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ այլ է իրավիճակն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում: Մասնավորապես, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում հիմնական պայմանագիրը կարող է կնքվել միայն օրենքով նախատեսված ձևով և պայմաններով, հետևաբար, նախավճարի պայմանագիրը չի կարող որակվել որպես հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց: Ընդ որում, անիմաստ է դառնում նաև նախավճարի պայմանագրի կնքումը հիմնական պայմանագրի կնքումից հետո, քանի որ օրենքով նախատեսված ձևով և կարգով կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում նախավճարի պայմանագրի կնքումն իմաստազրկվում է: Այդ պարագայում այն չի ծառայելու նախավճարի ինստիտուտի կարգավորման նպատակներին, այն է` ապացուցողական գործառույթին, քանզի հիմնական պայմանագրի առկայությունն ինքնին դրա կնքման ապացույց է: Միևնույն ժամանակ այն չի ծառայելու նաև պայմանագրի կատարման ապահովման գործառույթին, քանի որ հենց հիմնական պայմանագիրը բավարար է դրա կատարումն ապահովելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ այն բոլոր դեպքերում, երբ հիմնական պարտավորության ծագումը պայմանավորվում է օրենքով նախատեսված կարգով կնքված պայմանագրի առկայությամբ, այդ դեպքում նախավճարի պայմանագիրն այլևս չի կատարում իր հիմնական գործառույթները: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անշարժ գույքի դեպքում նախավճարի պայմանագրի տարրեր պարունակող պայմանագիր կարող է կնքվել այն դեպքերում, երբ այն ուղղված է օրենքով նախատեսված կարգով կնքված նախնական պայմանագրի կատարման ապահովմանը` նախավճարի պայմանագրի համար օրենքով նախատեսված իրավական հետևանքները նախատեսելով որպես նախնական պայմանագրի չկատարման հետևանք (տե'ս, Թեյմուր և Արիան Նազարիներն ընդդեմ Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանների թիվ ԵԱՔԴ/1246/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ նախավճարը, ինչպես և գրավը, տուժանքը, պարտապանի գույքի պահումը, երաշխավորությունը և երաշխիքը, հանդիսանում է ակցեսորային պարտավորություն, այսինքն` հիմնական պարտավորության համար լրացուցիչ պարտավորություն, և առանց հիմնական պարտավորության առկայության` այն կորցնում է իր իմաստն ու նշանակությունը, իսկ լրացուցիչ պարտավորության վավերականությունը և պայմաններն անմիջական կախվածության մեջ են գտնվում այն (հիմնական) պայմանագրի (համաձայնության) վավերականությունից և պայմաններից, որի ապահովմանն ուղղված է լրացուցիչ պարտավորությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցի ներկայացման համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար ժամկետ, ինչպես նաև հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի այլ կարգ. օրենսդրի կողմից այդ տեսակի պահանջների համար սահմանվել է, որ հայցը կարող է ներկայացվել գործարքի կատարման օրվանից տասը տարվա ընթացքում: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ թե այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, այլ առոչինչ գործարքի կատարման օրվանից:
Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.
Սույն գործի փաստերի համաձայն` 25.12.2009 թվականին Գոհարիկ Աղաջանյանի և Վալյա Նալբանդյանի միջև գրավոր կնքվել է պայմանագիր, որը կողմերն անվանել են «Նախավճարի պայմանագիր»: Նշված Պայմանագրով կողմերը պարտավորվել են դրանում նշված պայմաններով մինչև 01.12.2010 թվականը Երևանի Գոգոլի փողոցի թիվ 107/3 տան վերաբերյալ կնքել հիմնական առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրում նախատեսվել է անշարժ գույքի գինը` 41.500 ԱՄՆ դոլար: Պայմանագրում նշվել է, որ Գոհարիկ Աղաջանյանը Վալյա Նալբանդյանին առձեռն հանձնել է 10.000 ԱՄՆ դոլար` իբրև առուվաճառքի պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում, ինչպես նաև այն, որ Գոհարիկ Աղաջանյանի կողմից տան առուվաճառքի պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան Գոհարիկ Աղաջանյանը պարտավորվել է նախավճարը հետ ստանալու պահանջ չներկայացնել, իսկ Վալյա Նալբանդյանն առուվաճառքի պայմանագիր կնքելու դիմաց, որպես երաշխիք, 25.12.2009 թվականին Գոհարիկ Աղաջանյանից առձեռն ստացել է 10.000 ԱՄՆ դոլար նախավճար: Տան առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում Վալյա Նալբանդյանը պարտավորվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան Գոհարիկ Աղաջանյանին վճարել նախավճարի կրկնապատիկը` 20.000 ԱՄՆ դոլար: Պայմանագիրը նոտարական վավերացման չի ենթարկվել: Գործի հարուցման հիմք հայցադիմումը Գոհարիկ Աղաջանյանը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել 05.12.2013 թվականին: Պատասխանող Վալյա Նալբանդյանը հայցադիմումի պատասխան է ներկայացրել Դատարան` միաժամանակ միջնորդելով կիրառել հայցային վաղեմություն:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Պայմանագիրը խառը պայմանագիր հանդիսանալու վերաբերյալ Գոհարիկ Աղաջանյանի փաստարկն անհիմն է, քանի որ Պայմանագիրը կնքելիս կողմերը վկայակոչել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ և 396-րդ հոդվածները` նպատակ հետապնդելով կնքելու հենց նախավճարի պայմանագիր, Պայմանագրում օգտագործել են «նախավճար» անվանումը, հետևաբար Պայմանագիրն իրենից ներկայացնում է նախավճարի համաձայնություն, որի համար օրենսդիրը նախատեսել է միայն գրավոր ձև: Այսինքն` Պայմանագրի նոտարական վավերացում չունենալը չի կարող հիմք հանդիսանալ այն առոչինչ ճանաչելու և որպես առոչինչ գործարքի հետևանք` 11.500 ԱՄՆ դոլարը վերադարձնել պարտադրելու համար: Դատարանը բավարարել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Վալյա Նալբանդյանի դիմումը՝ պատճառաբանելով, որ տվյալ դեպքում Պայմանագիրը կնքվել է 25.12.2009 թվականին և նույն օրը Գոհարիկ Աղաջանյանը վճարել է 10.000 ԱՄՆ դոլար, որը ենթակա չէր վերադարձման, եթե մինչև 01.12.2010 թվականը չկնքվեր առուվաճառքի պայմանագիր: Հետևաբար, Գոհարիկ Աղաջանյանն իր իրավունքի խախտման մասին կարող էր իմանալ 01.12.2010 թվականից սկսած, մինչդեռ հայցադիմումը դատարան մուտքագրվել է 09.12.2013 թվականին (փոստային ծառայությանը հանձնվել է 05.12.2013 թվականին), որպիսի պայմաններում Դատարանը գտել է, որ բաց է թողնվել հայցային վաղեմության ժամկետը, քանի որ Գոհարիկ Աղաջանյանը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինելու իրականացնել իր խախտված իրավունքների պաշտպանությունը մինչև հայցային վաղեմության ժամկետի ավարտը, որը տվյալ դեպքում հանդիսանում էր 01.12.2013 թվականը:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Դատարանը պատշաճ չի անդրադարձել Պայմանագիրը որպես խառը պայմանագիր դիտարկելու առնչությամբ Գոհարիկ Աղաջանյանի հայտնած փաստարկներին, Պայմանագրի բովանդակությունից հետևում է, որ կողմերի միջև իրականում կնքվել է խառը պայմանագիր, որը պարունակում է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և նախավճարի տարրեր, նախնական պայմանագրի բոլոր պարտադիր վավերապայմանները, Պայմանագիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ և 396-րդ հոդվածների պահանջները հիմք ընդունելով, կնքելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն խառը պայմանագիր դիտարկելու համար, 31.07.2014 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու, Դատարանի 03.06.2014 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանի կողմից հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը կիրառելը հիմնավոր չէ, քանի որ Գոհարիկ Աղաջանյանի պահանջը վերաբերել է առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելուն:
Վերոնշյալ իրավական վերլուծությունների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը, սույն գործով ներկայացված Պայմանագիրը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, Պայմանագրի պայմանները համադրելով միմյանց և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ, պարզելով Պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը), դրա տեսակը որոշելու նպատակով այն համադրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և նախավճարի ու նախնական պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ, արձանագրում է, որ Պայմանագրի կողմերը` Գոհարիկ Աղաջանյանը և Վալյա Նալբանդյանը, ելնելով կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու սկզբունքներից, կազմել են Պայմանագիրը, որն իր մեջ պարունակում է ինչպես անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի, այնպես էլ նախավճարի պայմանագրի որոշակի տարրեր: Ընդ որում, նախավճարի պայմանագրի տարրերն ուղղված են անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի կատարմանը, այն է` հիմնական պայմանագրի կնքմանը: Նման պայմաններում Պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով ենթակա են կիրառման ինչպես նախնական պայմանագրի, այնպես էլ նախավճարի մասին պայմանագրի (համաձայնության) կանոնները:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «կողմերի միջև իրականում կնքվել է խառը պայմանագիր, որը պարունակում է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և նախավճարի տարրեր» հիմնավոր է և իրավաչափ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ կետ): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Պայմանագիրն անշարժ գույքի վերաբերյալ է և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով հանդիսանում է խառը պայմանագիր, ուստի գտնում է, որ Պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով ենթակա են կիրառման ինչպես նախնական պայմանագրի, այնպես էլ նախավճարի մասին կանոնները:
Սույն գործի փաստերի համաձայն` Պայմանագիրը կնքվել է գրավոր, սակայն նոտարական վավերացման չի ենթարկվել, այսինքն` նախնական պայմանագրի մասով Պայմանագիրը չի կնքվել հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախնական պայմանագրի մասով Պայմանագիրն առոչինչ է և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` չի կարող հանգեցնել իրավաբանական հետևանքների:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, Թեյմուր և Արիան Նազարիներն ընդդեմ Հովհաննես և Հրաչյա Սարաֆյանների թիվ ԵԱՔԴ/1246/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման, ինչպես նաև վերը նշված վերլուծությունների համատեքստում գնահատելով Պայմանագիրը, գտնում է, որ դրանում նշված նախավճարի մասին համաձայնությունը տվյալ դեպքում չէր կարող առաջացնել օրենքով նախատեսված այն իրավական հետևանքները, որոնք որպես կանոն կարող էին վրա հասնել նախնական պայմանագիրն օրենքով նախատեսված կարգով կնքված լինելու պարագայում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով, որ սույն գործով ներկայացվել է առոչինչ գործարքի՝ անվավերության հետևանքները կիրառելու մասին հայց, որի համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ ավելի երկար ժամկետ և հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման այլ կարգ, ինչպես նաև նկատի ունենալով, որ Պայմանագիրը կնքվել է 25.12.2009 թվականին, իսկ դրա առոչնչության հետևանքները կիրառելու մասին հայցը դատարան է ներկայացվել 05.12.2013 թվականին (օրենքով սահմանված 10 տարվա ժամկետի ընթացքում), հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը նաև այն մասին, որ սույն գործով Դատարանի կողմից հայցային վաղեմության ընդհանուր ժամկետ կիրառելն անթույլատրելի է:
Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պարագայում գործը, Վերաքննիչ դատարանի որոշման ուժով ենթակա է նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2014 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Ե. Սողոմոնյան |