ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 902-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու վերացման միջոցառումներով և անվտանգ շահագործումն ապահովող քաղաքաշինական նորմերով նախատեսված տարահանման ճանապարհի (երկրորդ մուտքի ու ելքի), ինչպես նաև վարչական և սպասարկող անձնակազմի, տեխնիկական միջոցների համար անհրաժեշտ շենքային պայմաններն ապահովելու անհրաժեշտությունից, սույն որոշման հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Պարզ լճի 24/1 հասցեում գտնվող` 1.2 հեկտար բնակավայրային նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված առաջարկի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել՝ առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրանց դասավորությունը, դիրքը, ինժեներաշինարարական համապատասխանությունը և հողի նպատակային նշանակությունը: Ուսումնական կենտրոնի հարակից հողատարածքները, բացի նշված հողատարածքից, ունեն բարդ կտրտված ռելիեֆ, անտառային նշանակության հողեր են, որոնց վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կառուցապատումն արգելված է: Ընտրված հողատարածքը բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածք է, և միակ հնարավոր տարբերակն է, որի վրա կարելի է կառուցել քաղաքաշինական պարտադիր նորմերով նախատեսված տարահանման ճանապարհը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատերերին:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքը ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.
3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության կազմման, ինչպես նաև սեփականության օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման ու համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 11 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
NN |
Հողամասի |
Հողատեսքը |
Մակերեսը |
Սեփականատիրոջ անունը, |
1. |
11-003-0965-0008 |
բնակավայր |
1.2 |
Էմմա Գևորգյան |
Հայաստանի Հանրապետության |
Գ. Դումանյան |