ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
16 մայիսի 2012 թվականի |
թիվ 298 |
քաղ. Մոսկվա |
«ՄՍԻ ԵՎ ՄՍԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 034/2013) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Մսի և մսային արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ, համապատասխանաբար՝ անդամ պետություն, արտադրանք, տեխնիկական կանոնակարգ) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց 2015 թվականի նոյեմբերի 1-ից ոչ ուշ։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում։
բ) Մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը թույլատրվում է արտադրանքի արտադրությունը և Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջների համաձայն, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերի առկայության դեպքում։
Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Այդպիսի արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։
գ) Սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն կետի «բ» ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։
դ) Մինչև 2015 թվականի մայիսի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը, որը, նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա չի եղել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատմանը (հաստատմանը)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Ն. Կորեշկովին՝ անդամ պետությունների հետ համատեղ, պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծ և ապահովել, որ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում այն սահմանված կարգով ներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի ուսումնասիրմանը։
3. Անդամ պետություններին՝
ա) նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը սահմանել պետական հսկողության (վերահսկողության) այն մարմիններին, որոնք պատասխանատու են տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նպատակով պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային.
բ) տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նպատակով պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն Որոշման 1-ին կետը։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 11 մարտի 2015 թվական: