ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2418/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2418/02/12 2015 թ. |
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան |
Դատավորներ` |
Ա. Պետրոսյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի ապրիլի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նարեկ Շահբազյանի ընդդեմ Համլետ Գևորգյանի և «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ պահանջի իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նարեկ Շահբազյանը պահանջել է որպես իր և Համլետ Գևորգյանի միջև առկա 22.000.000 ՀՀ դրամ պարտավորական հարաբերությունների ու Համլետ Գևորգյանի գործողությունների հետևանք՝ ճանաչել իր պահանջի իրավունքը Երևանի 33-րդ թաղամասում կառուցվելիք բազմաբնակարան շենքի 1-ին մասնաշենքի 44,2քմ մակերեսով թիվ 507 բնակարանի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 18.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է ճանաչել Համլետ Գևորգյանի և Նարեկ Շահբազյանի միջև կնքված փոխառության պայմանագրի ուժով առկա 22.000.000 ՀՀ դրամի չափով գումարի պարտավորությունը ու որպես նրանց միջև առկա պարտավորական հարաբերությունների և Համլետ Գևորգյանի գործողությունների հետևանք` ճանաչել Նարեկ Շահբազյանի պահանջի իրավունքը Երևանի 33-րդ թաղամասում Ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի 1-ին մասնաշենքի 44,2քմ մակերեսով թիվ 507 բնակարանի նկատմամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2014 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի՝ որպես գործին մասնակից չդարձված անձի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.12.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և նույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, 50-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի տասներորդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 31-րդ, 53-րդ, 109-րդ, 220-րդ, 220.2-րդ, 220.3-րդ և 220.4-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է վերաքննիչ բողոքում նշված այն հիմքը, որ Դատարանի կողմից սույն գործի քննության և վճռի կայացման մասին սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը տեղեկացված չի եղել, վերջինս չի ներգրավվել և մասնակից չի դարձվել սույն դատավարությանը, որում պարտապանը հանդես է եկել որպես պատասխանող կողմ, որպիսի հիմքով խախտվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով՝ սնանկության գործով կառավարչին վերապահված իրավունքները:
Տվյալ պարագայում սույն գործով կայացված դատական ակտը շոշափում է կառավարչի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված իրավունքները և պարտականությունները, առկա է սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հիմքը, ինչն անտեսվել է թե՛ Դատարանի, և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ Նարեկ Շահբազյանի կողմից ներկայացված պահանջն ուղղակիորեն վերաբերում է սնանկ ճանաչված Համլետ Գևորգյանի գույքն իրեն հանձնելուն, որպիսի պայմաններում սույն քաղաքացիական գործի վարույթը վերը նշված հիմքով ենթակա է կարճման:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ պատասխանողը հայցվորին պահանջը զիջել է մինչև սնանկության վարույթի հարուցումը, մինչդեռ դրա արդյունքում կողմերի միջև ծագած վեճով Դատարանի վճիռը կայացվել է պատասխանողին սնանկ ճանաչելուց հետո միայն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի հետևությունները կառուցվել են ոչ թե գործում առկա ապացույցներով հաստատված և վիճելի իրավահարաբերություններում իրականում առկա փաստերի հիման վրա, այլ հայցվորի շահերին հարմարեցված հանգամանքների հիման վրա, ինչը հանգեցրել է սխալ դատական ակտ կայացնելուն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի վճռով Համլետ Գևորգյանը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 12, 13).
2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2012 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը (հատոր 2-րդ, գ.թ. 14).
3) 05.11.2012 թվականին Նարեկ Շահբազյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Համլետ Գևորգյանի և Ընկերության` պահանջի իրավունքը ճանաչելու պահանջի մասին: 07.11.2012 թվականին հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1, 5-9).
4) Դատարանի 18.12.2013 թվականի վճռով Նարեկ Շահբազյանի հայցը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 147-155).
5) Դատարանի 18.12.2013 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանը` որպես գործին մասնակից չդարձված անձ (հատոր 2-րդ, գ.թ. 3-7).
6) Վերաքննիչ բողոքում որպես փաստական հիմք նաև նշվել է այն, որ Դատարանը սնանկության գործով կառավարչին սույն քաղաքացիական գործով չի ներգրավել, իսկ որպես իրավական հիմք վկայակոչվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը (հատոր 2-րդ, գ.թ. 3-7).
7) Վերաքննիչ դատարանը, 23.10.2014 թվականի որոշման նկարագրական մասում նշելով այդ հիմքը և դրա վերաբերյալ հիմնավորումը, այդ հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ պատճառաբանական մասում որևէ եզրահանգում չի կատարել (հատոր 2-րդ, գ.թ. 100-103).
8) Վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի՝ որպես գործին մասնակից չդարձված անձի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.12.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 100-103):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքին չանդրադառնալու և դրա հիմնավորվածության վերաբերյալ որևէ եզրահանգում չանելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ակտը վերանայելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը ենթադրում է վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացրած դատական ակտում վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերից յուրաքանչյուրի վերաբերյալ եզրահանգում կատարելու պարտականություն:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականին ընդունված և 03.07.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ օրենքով (ՀՕ-49-Ն) կատարված փոփոխությունները և լրացումները ներառող խմբագրությամբ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` որոշման նկարագրական մասը պետք է պարունակի վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին`
ա. արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, թե՞ ոչ` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականին ընդունված և 03.07.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի (ՀՕ-49-Ն) 24-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի վրա:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սույն գործով նշված իրավակարգավորումների կիրառելիության հարցին և այս կապակցությամբ, վերլուծելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 10.06.2014 թվականի թիվ ՀՕ-49-Ն օրենքի 24-րդ հոդվածի դրույթը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածով սահմանված պահանջներով պարտավոր է ղեկավարվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների այն դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունն իրականացնելիս, որոնք կայացվել են օրենսդրական վկայակոչված փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելուց հետո:
Մինչդեռ սույն գործով, չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է 23.10.2014 թվականին, սակայն Դատարանի կողմից վճիռը կայացվել է 18.12.2013 թվականին` մինչև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 10.06.2014 թվականի թիվ ՀՕ-49-Ն օրենքի ընդունումը, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով ներկայացված բողոքը պետք է քններ և համապատասխան որոշումը կայացներ նախկինում գործած իրավակարգավորումների հիման վրա:
Վերը նշված պատճառաբանությունների հիմքով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` 03.07.2014 թվականից գործող խմբագրությամբ 220-րդ, 220.2-րդ, 220.3-րդ և 220.4-րդ հոդվածների խախտման վերաբերյալ, անհիմն է:
Միաժամանակ անդրադառնալով բողոքի այն հիմքին և հիմնավորմանը, որ Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելով գործում առկա ապացույցները, ամբողջովին անտեսել է և չի անդրադարձել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի խախտմամբ սնանկության կառավարչին սույն գործով մասնակից չդարձնելու մասին վերաքննիչ բողոքի հիմքին` Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե´ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը, մեկ այլ գործով արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե´ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, և Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի վճռով սույն գործով պատասխանող Համլետ Գևորգյանը ճանաչվել է սնանկ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2012 թվականի որոշմամբ պարտապան Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը: 05.11.2012 թվականին Նարեկ Շահբազյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Համլետ Գևորգյանի և Ընկերության` պահանջի իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի կողմից 07.11.2012 թվականին ընդունվել է վարույթ: Դատարանի 18.12.2013 թվականի վճռով Նարեկ Շահբազյանի հայցը բավարարվել է: Նշված վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձված անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանը` ի թիվս այլ հիմքերի վերաքննիչ բողոքում նաև նշելով այն, որ Դատարանը, խախտելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, սույն քաղաքացիական գործով իրեն չի ներգրավել:
Վերաքննիչ դատարանը, 23.10.2014 թվականի որոշման նկարագրական մասում նշելով այդ հիմքը և դրա վերաբերյալ հիմնավորումը, պատճառաբանական մասում որևէ եզրահանգում չի կատարել նշված հիմքի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ, և 23.10.2014 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի` որպես գործին մասնակից չդարձված անձի վերաքննիչ բողոքը մերժել է, ու Դատարանի 18.12.2013 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը խախտելու վերաբերյալ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի՝ որպես գործին մասնակից չդարձված անձի բերած վերաքննիչ բողոքի հիմքին, ըստ էության քննության առարկա չդարձնելով սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարչին սույն քաղաքացիական գործով դատավարությունում ներգրավելու մասով բողոք բերած անձի հիմնավորումներն ու պահանջը, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Ինչ վերաբերում է նյութական և դատավարական իրավունքի այլ նորմերի խախտումների հետ կապված վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը բողոք բերած անձի դատավարական իրավունքի նման սահմանափակման պայմաններում դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |