«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015086
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 մարտի 2015 թ. |
N 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Շ. Կիրակոսյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի մարտի 4-ի N 28-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կանոնակարգում է էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման գործընթացը:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման գործընթացի ժամանակ կողմերի հարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են.
1) Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.
3) Համակարգի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
4) Հաղորդող՝ էլեկտրական էներգիայի հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
5) Բաշխող՝ էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
6) Հաշվարկային կենտրոն՝ էլեկտրաէներգետիկական շուկայի հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
7) էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակում՝ համակարգի օպերատորի և Բաշխողի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված էլեկտրամատակարարումների սահմնափակումների ծրագրի համաձայն սնող գծի անջատում.
8) էլեկտրական էներգիայի չնախատեսված հակադարձ հոսքեր՝ էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ժամանակ էլեկտրական էներգիայի արտադրության և հաղորդման տեխնոլոգիական գործընթացներով պայմանավորված՝ էլեկտրական էներգիայի չնախատեսված հակադարձ հոսք:
4. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտման առաջացման վտանգի, կամ էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող դեպքերում Համակարգի օպերատորը որոշում և հայտարարում է վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ:
5. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած յուրաքանչյուր իրավիճակում էլեկտրական էներգիայի ներկրումը կամ արտահանումը կարող է տևել ոչ ավելի, քան 120 ժամ:
6. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի սկզբի և ավարտի մասին Համակարգի օպերատորը գրավոր տեղեկացնում է Հաղորդողին, Բաշխողին և Հաշվարկային կենտրոնին:
2. ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
7. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրումը կամ արտահանումը իրականացվում է Հաղորդողի կողմից:
8. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Հաղորդողը էլեկտրական էներգիայի ներկրում կամ արտահանում իրականացնում է Հանձնաժողովի տրամադրած համապատասխանաբար՝ էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման լիցենզիայի, ինչպես նաև արտերկրի էներգահամակարգի համապատասխան կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
9. Հաղորդողը վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում արտահանման կամ ներկրման նպատակով էլեկտրական էներգիան գնում է Բաշխողից կամ վաճառում է Բաշխողին՝ Հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևի համաձայն կնքված և գրանցված պայմանագրով:
10. Հաղորդողի կողմից վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում՝
1) էլեկտրական էներգիայի գնումը Բաշխողից իրականացվում է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի գործող սակագների հաշվարկներով նախատեսված հաշվարկային տարվա հաշվեկշիռը եզրափակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ).
2) էլեկտրական էներգիայի վաճառքը Բաշխողին իրականացվում է Հանձնաժողովի կողմից Հաղորդողի համար սահմանված ներկրման սակագնով: Ներկրման սակագինը հավասար է էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրական էներգիայի հաշվարկային տարվա հաշվեկշիռը եզրափակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքին (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնին (միադրույք սակագնային համակարգ):
11. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Համակարգի օպերատորի և Հաշվարկային կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները համարվում են ներքին շուկայի համար մատուցվող ծառայություններ և ենթակա չեն վճարման Հաղորդողի կողմից:
12. Հաղորդողը վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիան Բաշխողից ընդունում կամ Բաշխողին հանձնում է արտահանման (ներկրման) կետում:
13. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել էլեկտրական էներգիայի արտահանումը՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Հաղորդողին, Բաշխողին և Հաշվարկային կենտրոնին՝ հետևյալ դեպքերում.
1) էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խախտման կամ խախտման առաջացման վտանգի դեպքում,
2) էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում:
14. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը՝ Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի հաշվառման կարգի պահանջներին համապատասխան:
15. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման կամ արտահանման գործընթացի ժամանակ առաջացած էլեկտրական էներգիայի չնախատեսված հակադարձ հոսքերը հաշվառվում են Հաշվարկային կենտրոնի կողմից՝ հաշվի առնելով սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի պահանջները: