ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1876/05/13 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1876/05/13 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան |
Դատավորներ՝ |
Ա. Աբովյան |
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Գ. Հակոբյանի Է. Հայրիյանի Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Ե. Սողոմոնյանի
2014 թվականի նոյեմբերի 28-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.01.2014 թվականի որոշման դեմ` ըստ Արտաշես Մելիքյանի հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` 06.02.2013 թվականի թիվ Վ-3/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արտաշես Մելիքյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 06.02.2013 թվականի թիվ Վ-3/2 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 27.09.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.01.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.09.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541 -րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում նշել է այն հանգամանքը, որ Արտաշես Մելիքյանը 30.01.2013 թվականին դիմել է Քաղաքապետարան շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար, ուստի Քաղաքապետարանը պարտավոր էր նույն վարույթի շրջանակներում լուծել շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման խնդիրը, այլ ոչ թե անդրադառնալ սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու համար պատասխանատվության ենթարկելու մասին խնդրին, քանի որ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգումը չի նշանակում նոր շինարարության թույլտվության տրամադրում։ Հետևաբար շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման պարագայում խոսք չի կարող գնալ օրենքով սահմանված ժամկետում շինարարությունն ավարտված չլինելու մասին։ Մինչդեռ 17.01.2013 թվականի դրությամբ (երբ բացահայտվել է իրավախախտումը) Արտաշես Մելիքյանի կողմից արդեն իսկ կատարված է եղել վերը նշված իրավախախտումը, հետևաբար իրավախախտումը կատարելուց հետո շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգումը չի կարող վերջինիս ազատել պատասխանատվությունից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.01.2014 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 14.07.2011 թվականին տրված թիվ 01/18-Մ–3496-533 շինարարության թույլտվության համաձայն` կառուցապատող Արտաշես Մելիքյանի կողմից Երևանի «Նորաշեն» թաղամասի թիվ 37 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 18 ամսվա ընթացքում` մինչև 14.01.2013 թվականը (գ.թ. 19):
2) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 23.01.2013 թվականին կազմված թիվ 009563 արձանագրության համաձայն՝ հայտնաբերվել է, որ Երևանի «Նորաշեն» թաղամասի թիվ 37 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները չեն ավարտվել համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում՝ տեղադրված չեն պատուհանները, իրականացված չեն ներքին և արտաքին երեսապատման աշխատանքները և օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ձևակերպված չէ, այսինքն` Արտաշես Մելիքյանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում (գ.թ. 11):
3) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն Արտաշես Մելիքյանին 17.01.2013 թվականին ուղարկել է թիվ 19/Ծ-4 ծանուցումը, համաձայն որի` Արտաշես Մելիքյանը հրավիրվել է շինարարական աշխատանքները չավարտելու և այդ ժամկետում սահմանված կարգով ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովի աշխատանքները չկազմակերպելու ու դրա արդյունքում օբյեկտը շահագործման չընդունելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար (գ.թ. 8):
4) Արտաշես Մելիքյանը 22.01.2013 թվականին դիմում է ներկայացրել Քաղաքապետարան` Քաղաքապետարանի կողմից 14.07.2011 թվականին տրամադրված թիվ 01/18-Մ-3496-533 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար (գ.թ. 9):
5) Երևանի քաղաքապետի 06.02.2013 թվականի թիվ Վ-3/2 որոշմամբ Արտաշես Մելիքյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ` 9.917.160 ՀՀ դրամի չափով (գ.թ. 17)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության կիրառման վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սխալ մեկնաբանելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու դեպքում կառուցապատողը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի հիմքով կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե շինարարության թույլտվություն տվող մարմինը կառուցապատողին նախազգուշացրել է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ, իսկ կառուցապատողը մինչև վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացումը դիմել է շինարարության թույլտվություն տվող մարմնին՝ շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասում իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում է` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարված (սկսված և ավարտված) է համարվում կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետն ավարտվելու հաջորդ օրը: Նշված իրավախախտման տեսնակյունից որևէ արժեք չի տրվում իրավախախտումից հետո անձի դրսևորած վարքագծին: Հետևաբար, եթե իրավախախտում թույլ տված անձը դիմել է շինարարության թույլտվությունը երկարացնելու խնդրանքով, ապա այդ գործողությունը չի վերացնում իրավախախտում թույլ տալու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Քաղաքապետարանի կողմից 14.07.2011 թվականին Արտաշես Մելիքյանին տրվել է թիվ 01/18-Մ-3496-533 շինարարության թույտվությունը, համաձայն որի` շինարարական աշխատանքները պետք է իրականացվեին 18 ամսվա ընթացքում (մինչև 14.01.2013 թվականը)։
Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից հայտնաբերվել է Արտաշես Մելիքյանի կողմից Երևանի «Նորաշեն» թաղամասի թիվ 37 բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտվելը, այն է՝ չեն տեղադրվել պատուհանները, կատարված չեն ներքին և արտաքին երեսապատման աշխատանքները, ինչպես նաև ձևակերպված չէ օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը։
Վերը նշված փաստի կապակցությամբ Քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ, որի մասին Արտաշես Մելիքյանը ծանուցվել է 17.01.2013 թվականին:
Արտաշես Մելիքյանը 2013 թվականի հունվարի 22-ի դիմումով խնդրել է երկարաձգել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը:
Երևանի քաղաքապետի 06.02.2013 թվականի թիվ Վ-3/2 որոշմամբ Արտաշես Մելիքյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ։
Դատարանը, հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի կարգավորումները, գտել է, որ մի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է պատասխանատվություն շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտելու համար, մյուս կողմից` օրենսդիրը վարչական մարմնի համար սահմանել է որոշակի գործողության կատարման պարտականություն մինչև վկայակոչված նորմով սահմանված պատասխանատվության կիրառումը, այն է` գրավոր նախազգուշացնել կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտելու պայմաններում շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին` տալով որոշակի ժամկետ: Այսինքն` պատասխանատվություն սահմանող նորմի կիրառման հնարավորությունն օրենսդիրը պայմանավորել է վարչական մարմնի կողմից կատարման ենթակա որոշակի պարտավորությամբ:
Վերը նշված վերլուծությունը համադրելով գործի փաստերի հետ` Դատարանը գտել է, որ օրենքով սահմանված` կառուցապատողին գրավոր նախազգուշացման պարտականության ոչ պատշաճ կատարման, այսինքն` գրավոր նախազգուշացմամբ սահմանված ժամկետն ավարտված չլինելու պայմաններում հայցվորի նկատմամբ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու համար վարչական պատասխանատվության ենթարկելով` վարչական մարմինը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, որպիսի պայմաններում վիճարկվող որոշումը գնահատել է ոչ իրավաչափ:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ շինարարության թույլտվության ժամկետի երկարացումը չի նշանակում նոր շինարարության թույլտվության տրամադրում, և շինարարության թույլտվության ժամկետի երկարացման խնդրանքի բավարարումը, ինքնաբերաբար, նշանակում է, որ այն համարվում է երկարացված, հետևաբար նման խնդրանքի բավարարման պարագայում խոսք չի կարող գնալ օրենքով սահմանված ժամկետում շինարարությունն ավարտված չլինելու, այն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի մասին: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ կառուցապատողի վրա դնելով որոշակի պարտավորություն (որի կատարման և դրա հիմքով դրված ելքի դեպքում կբացառվի վարչական պատասխանատվության ենթարկելը) վարչական մարմինը պարտավոր էր նույն վարույթի շրջանակներում լուծել շինարարության թույլտվության ժամկետի երկարացման խնդրի լուծումը, որից հետո միայն կարող էր խոսք գնալ սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու համար պատասխանատվության ենթարկելու մասին։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումները, քանի որ վարչական իրավախախտման գործով քննություն և համապատասխան որոշում կայացնող վարչական մարմինը պարտավոր է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքելու վարչական իրավախախտման փաստին, և վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ վարչական տույժ կիրառելը չի կարող պայմանավորվել այլ հանգամանքներով, քան վարչական իրավախախտման կատարման փաստի առկայությամբ։
Սույն դեպքում 17.01.2013 թվականին Քաղաքապետարանն Արտաշես Մելիքյանին ծանուցել է սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու կապակցությամբ հարուցված վարչական վարույթի մասին, որպիսի ծանուցման առկայությունը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես իրավախախտումը հայտնաբերելու վերաբերյալ ապացույց, և փաստում, որ ծանուցումն ուղարկելու օրվա՝ 17.01.2013թվականի դրությամբ Արտաշես Մելիքյանի կողմից արդեն իսկ կատարված է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, հետևաբար, իրավախախտումը կատարելուց հետո շինարարության թուլտվության ժամկետը երկարաձգելու համար դիմելը չի կարող կառուցապատողին ազատել պատասխանատվությունից։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմնի կողմից գրավոր նախազգուշացումն արդեն իսկ ապացուցում է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածով նախատեսված զանցանքի կատարման փաստը, և Երևանի քաղաքապետը` որպես նշված իրավախախտման գործով քննություն և համապատասխան որոշում կայացնող պաշտոնատար անձ, պարտավոր էր իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքելու նշված իրավախախտմանը։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվության կիրառումը բացառող կամ հետաձգող այնպիսի հիմք, ինչպիսին Վերաքննիչ դատարանի նշած՝ կառուցապատողի վրա դրված որոշակի պարտականության կատարումն է։
Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն եզրահանգմանը, որ վարչական մարմինը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասով կառուցապատողին վարչական պատասխանատվության կարող էր ենթարկել նախազգուշացմամբ սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, ապա այն չի բխում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթներից հետևյալ պատճառաբանությամբ․
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ վերը նշված դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դրանցով նախատեսված են կառուցապատողին օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու երկու դեպք.
1. Երբ կառուցապատողը, վարչական մարմնից ստանալով նախազգուշացումը, անհապաղ չի դիմում վերջինիս՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար,
2. Երբ կառուցապատողը, վարչական մարմնից ստանալով նախազգուշացումը, մեկամսյա ժամկետում չի դիմում վարչական մարմնին՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար:
Այսինքն` «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումները դրսևորվում են` նույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը ստանալուց հետո շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար վարչական մարմին չդիմելով, հետևաբար միայն նշված զանցանքի համար վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման դեպքում էական նշանակություն ունի վարչական մարմնի՝ վերը նշված նախազգուշացումն ուղարկելու պարտականության պատշաճ կատարումը:
Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը տեղ ունի համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետն ավարտվելու հաջորդ օրը, եթե այդ ժամկետում կառուցապատումը չի ավարտվել, հետևաբար վարչական մարմնի կողմից կառուցապատողին «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նախազգուշացում ուղարկելը չի կարող որևէ նշանակություն ունենալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար: Հետևաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի հիմքով կառուցապատողը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե շինարարության թույլտվություն տվող մարմինը կառուցապատողին նախազգուշացրել է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ, իսկ կառուցապատողը մինչև վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացումը դիմել է շինարարության թույլտվություն տվող մարմնին՝ շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու համար։
Ամփոփելով վերոնշված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով ստորադաս դատարանները սխալ են կիրառել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.01.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Արտաշես Մելիքյանի հայցը մերժել։
2. Արտաշես Մելիքյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Արտաշես Մելիքյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Ե. Սողոմոնյան |