ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 1356-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գնումների գործընթացի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերը և (կամ) գնային առաջարկները գնահատող հանձնաժողովի կազմավորման ու գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերը ենթարկվում են արտաքին աուդիտի: Ընդ որում`
1) աուդիտորը պետք է պարտադիր անդրադառնա ծրագրերի նպատակային օգտագործման հարցին և դրա մասին տրամադրի տեղեկատվություն՝ ղեկավարությանն ուղղված նամակի միջոցով.
2) բացի ղեկավարությանն ուղղված նամակից, աուդիտորներից պետք է պահանջվի տրամադրել ծրագրերի նպատակային օգտագործման վերաբերյալ առանձին եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշմամբ հաստատված «ԱՍ 800 «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» ստանդարտի շրջանակներում կամ նույն հարցին վերաբերող Աուդիտի միջազգային ստանդարտի շրջանակներում: Նման պահանջը պետք է սահմանվի աուդիտորի հետ կնքվող պայմանագրով, որով պետք է սահմանվեն նաև ծրագրի հստակ և չափելի նպատակները` աուդիտորի կողմից ծրագրի նպատակային օգտագործումը գնահատելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 28
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1356-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերի (այսուհետ՝ վարկային ծրագրեր) միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերը և (կամ) գնային առաջարկները գնահատող հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:
II. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
2. Գնահատման գործընթացը ներառում է`
1) հանձնաժողովի կազմավորումը.
2) հանձնաժողովի գործունեությունը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
4) (ենթակետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
(2-րդ կետը փոփ. 30.01.15 N 105-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
3. Հանձնաժողովը կազմավորվում է պատվիրատուի ղեկավարի հրամանով գնումների գործընթացն սկսելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքը և տեխնիկական մասնագրերը վարկային ծրագրերի համաձայնագրերով նախատեսված գնումներն իրականացնող կառույց կամ ստորաբաժանում ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, հանձնաժողովի կազմում ընդգրկվող անձանց (թեկնածուների) ցանկը պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ վարկային ծրագրի իրականացման համաձայնագրով նախատեսված պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):
(3-րդ կետը փոփ. 30.01.15 N 105-Ն)
4. Հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն` որակավորում և փորձ, ինչը որոշվում է գնման գործընթացի պահանջներին համապատասխան: Ընդ որում`
1) եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու և (կամ) հանձնաժողովի աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, նաև վճարովի հիմունքներով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Ընդ որում, եթե փորձագետը (մասնագետը) հրավիրվում է վճարովիության սկզբունքով, ապա նրա հետ կնքվում է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) հանձնաժողովի անդամը կամ հրավիրված փորձագետը (մասնագետը) չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նրան մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները գնումների տվյալ գործընթացի մասնակիցն են։ Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամը և հրավիրված փորձագետը (մասնագետը) ստորագրում են համապատասխան հայտարարություն։
5. Գնումների գործընթացը կազմակերպող կառույցի և (կամ) ստորաբաժանման ղեկավարը և (կամ) աշխատողը (գնումները համակարգողը) հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առանց ձայնի իրավունքի` հանձնաժողովի քարտուղարի կարգավիճակով:
6. Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 3 անդամից՝ ներառյալ հանձնաժողովի նախագահը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
7. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:
9. Հանձնաժողովի կողմից հայտերը և գնային առաջարկները գնահատվում են վարկային ծրագրերի միջոցները տրամադրած օտարերկրյա պետության և (կամ) միջազգային կազմակերպության կողմից հաստատված գնումների ուղեցույցների համաձայն:
10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից, և արձանագրությունները նիստից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում ու ստորագրվում են գնահատող հանձնաժողովի՝ տվյալ նիստին ներկա անդամների կողմից:
11. Հանձնաժողովը`
1) պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.
2) համարվում է լուծարված՝ գնահատման արդյունքում համապատասխան պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրը, եթե այլ ժամկետ սահմանված չէ հանձնաժողովի ձևավորման մասին պատվիրատուի ղեկավարի հրամանում:
12. Հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:
V. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
13. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
16. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
18. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
VI. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԵՎ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
20. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 30.01.15 N 105-Ն)
(հավելվածը փոփ. 30.01.15 N 105-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |