«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 դեկտեմբերի 2014 թ. |
թիվ 365-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 2-ի 24.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 24 տոկոսի չափով, որն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով:»:
2) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«51. Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով, այնպես, որ փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարից: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է օրական կտրվածքով, այնպես, որ փաստացի պահուստավորման ժամանակահատվածում յուրաքանչյուր օր փաստացի պահուստավորված գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Ընդ որում, սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով խմբագրված 51-րդ կետի պահանջները կիրառվում են 2014 թվականի դեկտեմբերի 10-ից 2015 թվականի հունվարի 13-ն ընդգրկող և դրան հաջորդող պարտադիր պահուստավորման փաստացի ժամանակահատվածների նկատմամբ՝ սկսած 2014 թվականի դեկտեմբերի 18-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. դեկտեմբերի 17 Երևան |
|