ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0223/07/14 |
ԵԿԴ/0223/07/14 |
Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
|
2014 թվականի օգոստոսի 15-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու և առգրավում կատարելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ դատախազ Պ.Գյուլումյանի բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 21102813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով` Երևան քաղաքի բնակիչ Կարեն Աշոտի Հարությունյանի կողմից 2013 թվականի օգոստոսի 30-ին «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» ՍՊ ընկերության կնիքի ու վկայականի օգտագործմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Վայք քաղաքի բնակիչ Մխիթար Ռազմիկի Արսենյանից խարդախությամբ խոշոր չափի` 1.218.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 300 կգ մեղր հափշտակելու դեպքի առթիվ:
Թիվ 21102813 քրեական գործին են միացվել այլ անձանց` Արմինե Ավագյանի, Անահիտ Մկրտչյանի, Նաիրա Կիրակոսյանի, Լևոն Թամամյանի և գործով դեռևս չպարզված անձանց կողմից նույն եղանակով` «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ», «ԱՆՈՒՇԿԱ» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերությունների կնիքների և վկայականների օգտագործմամբ, գումարը բանկային փոխանցմամբ վճարելու սուտ խոստումով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի առթիվ Երևանի Նոր Նորքի քննչական բաժնում հարուցված թիվ 17803013, 17807113, 17809013, 17809113, Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված թիվ 20127613, Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված թիվ 33102613, Արարատի մարզի քննչական բաժնում հարուցված թիվ 27122313 և Երևանի Մալաթիայի քննչական բաժնում հարուցված թիվ 16809213 քրեական գործերը:
2014 թվականի փետրվարի 4-ին թիվ 21102813 քրեական գործը նախաքննությունը շարունակելու նպատակով ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն:
2014 թվականի մարտի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ Բ.Չիլինգարյանը որոշում է կայացրել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու և առգրավում կատարելու միջնորդություն հարուցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ Բ.Չիլինգարյանի միջնորդությունը բավարարվել է մասնակի` թույլատրելով ՀՀ կենտրոնական բանկից ստանալ սպառիչ տեղեկատվություն` ՀՀ տարածքում գործող բանկերում մեղադրյալներ Կ.Հարությունյանի, Ա.Մկրտչյանի, Ն.Կիրակոսյանի, Ա.Ավագյանի, Լ.Թամամյանի անվամբ բանկային հաշիվների առկայության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում առգրավել դրանց հաշվարկային, տարադրամային հաշիվներով գործունեության ողջ ընթացքում կատարված գործարքների ու գործառնական կողմերի վերաբերյալ բանկային, ինչպես նաև իրավաբանական գործերի փաստաթղթերը:
3. Դատախազ Պ.Գյուլումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Պ.Գյուլումյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի որոշմամբ դատախազ Պ.Գյուլումյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի 2014 թվականի մարտի 20-ի՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու և առգրավում կատարելու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմինե Նորիկի Ավագյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի խոշոր չափերի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով գործով դեռևս չպարզված անձի հետ, «Գոլդեն Գոութ» ՍՊ ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանից պանիր ձեռք բերելու և դրա դիմաց 15 օր անց բանկային փոխանցմամբ վճարելու սուտ խոստումով, 2013 թվականի հունիսի 11-ին վերջինիս հետ իր տնօրինությամբ գործող «Անուշկա» ՍՊ ընկերության անվամբ ձևականորեն կնքել է 720 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի պանիր ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր և հաշիվ ապրանքագիր, ստացել ու հափշտակել է ընկերության խոշոր չափերի` 1.225.986 ՀՀ դրամի արժողությամբ գույքը:
Բացի այդ, գործով ինքնությունը դեռևս չպարզված անձը հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Արմինե Ավագյանի հետ, խաբեությամբ ներկայանալով որպես «Հովիտ» հանգստյան տան տնօրեն, հետվճարային պայմանով պանիր ձեռք բերելու վերաբերյալ 2013 թվականի հուլիսի 1-ին հեռախոսով պայմանավորվածություն է ձեռք բերել անհատ ձեռնարկատեր Սուսան Ղազարյանի ամուսնու` Հենրիկ Վարդումյանի հետ, որից հետո` 2013 թվականի հուլիսի 4-ին Արմինե Ավագյանը, ներկայանալով որպես նույն հանգստյան տան փոխտնօրեն, վերջիններիս հետ «Անուշկա» ՍՊ ընկերության անվամբ ձևականորեն ստորագրել ու կնքել է 668 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի պանիր ձեռք բերելու վերաբերյալ կազմված ելքի ապրանքագիր, ինչի հիման վրա ստացել ու հափշտակել է Սուսաննա Ղազարյանի խոշոր չափերի` 1.066.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:
Վերոգրյալ արարքների կատարման համար Արմինե Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (...):
Պարզվել է նաև, որ Կարեն Աշոտի Հարությունյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով գործով չպարզված ոմն «Տիգրան Սահակյան» մտացածին անուն-ազգանվամբ անձի, իսկ մեկ դեպքով նաև` մեղադրյալ Անահիտ Մկրտչյանի հետ, խաբեությամբ ներկայանալով որպես Կարեն Պետրոսյանի անվամբ իր կողմից հիմնադրված «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ», ինչպես նաև գործով մյուս մեղադրյալ Արմինե Ավագյանի ամուսնու մոր` Անուշ Ղարախանյանի անվամբ հիմնադրված «Արմին Դեկոր» ՍՊ ընկերությունների աշխատակից` «Արամ», և «Արտյոմ» անուններով, հետվճարային պայմանով ապրանքներ ձեռք բերելու պատրվակով 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հիշյալ ընկերությունների անվամբ ձևականորեն կնքված պայմանագրերով Մխիթար Արսենյանից, Լևոն Հակոբյանից և Յուրա Աբրահամյանից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4.558.720 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:
Բացի այդ, Անահիտ Մկրտչյանը խարդախության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով գործով չպարզված ոմն «Արթուր», «Տիգրան Սահակյան» մտացածին անուն-ազգանվամբ անձանց, իսկ մեկ դեպքով նաև` մեղադրյալ Կարեն Հարությունյանի հետ, խաբեությամբ ներկայանալով որպես «Արմին Դեկոր» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերությունների հաշվապահ` «Ալլա Սարգսյան» անուն ազգանվամբ, հետվճարային պայմանով ապրանքներ ձեռք բերելու պատրվակով 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հիշյալ ընկերությունների անվամբ ձևականորեն կնքված պայմանագրերով Միքայել Գրիգորյանից, Արմեն Խաչատրյանից, Նորայր Սարգսյանից և Յուրա Աբրահամյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 6.677.911 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:
Վերոգրյալ արարքների կատարման համար Կարեն Հարությունյանին և Անահիտ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (...):
Նախաքննությամբ պարզվել է, որ Նաիրա Արշակի Կիրակոսյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի խոշոր չափերի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Լևոն Թամամյանի և գործով դեռևս չպարզված անձի հետ, «Գլանժ Ալկո» ՍՊ ընկերությունից ալկոհոլային խմիչքներ ձեռք բերելու և դրա արժեքը 3 օր անց բանկային փոխանցմամբ վճարելու սուտ խոստումով, խաբեությամբ ներկայանալով որպես «Արմին Դեկոր» ՍՊ ընկերության հաշվապահ` «Ալվարդ» անունով, 2013 թվականի օգոստոսի 21-ին «Գլանժ Ալկո» ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրեն Նելլի Ասատրյանի հետ ձևականորեն կնքել է 1.016.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի օղու և կոնյակի մատակարարման պայմանագիր, որի հիման վրա ստացել ու հափշտակել է դրանք:
Վերը նշված արարքների կատարման համար Նաիրա Կիրակոսյանին և Լևոն Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (...):
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նկարագրված բոլոր դրվագներով ձեռք բերված ապրանքների արժեքը կազմող գումարների վճարումը պետք է իրականացվեր բանկային փոխանցման եղանակով, ուստի հիշյալ, ինչպես նաև մեղադրյալների կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գույք հափշտակելու հանգամանքները քննության առարկա դարձնելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կենտրոնական բանկից ստանալ սպառիչ տեղեկատվություն` ՀՀ տարածքում գործող բանկերում Արմինե Ավագյանի, Կարեն Հարությունյանի, Անահիտ Մկրտչյանի, Նաիրա Կիրակոսյանի և Լևոն Թամամյանի, նրանց կողմից հիմնադրված և փաստացի տնօրինված «ԱՆՈՒՇԿԱ», «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերությունների անվամբ բանկային հաշիվների առկայության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում դրանց հաշվարկային, տարադրամային հաշիվներով գործունեության ողջ ընթացքում կատարված գործարքների ու գործառնական կողմերի վերաբերյալ բանկային, ինչպես նաև իրավաբանական գործերի փաստաթղթերը:
(...)» (տե՛ս նյութեր, թերթեր 2-4):
6. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի մարտի 21-ի որոշմամբ նախաքննության մարմնի 2014 թվականի մարտի 20-ի միջնորդությունը բավարարել է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ. «(...) խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը: Փաստորեն անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կարող է տրամադրվել քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե անձը ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ և առկա է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման նպատակով խուզարկություն կամ առգրավում կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատարանի որոշումը:
(...) Տվյալ դեպքում Կարեն Աշոտի Հարությունյանը, Անահիտ Խաչիկի Ավագյանը, Նաիրա Արշակի Կիրակոսյանը, Արմինե Նորիկի Ավագյանը, Լևոն Տիգրանի Թամամյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, հետևաբար միջնոդրությունը այդ մասով ենթակա է բավարարման:
(...) Անդրադառնալով «ԱՆՈՒՇԿԱ», «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերությունների մասով ներկայացված միջնորդությանը` դատարանը գտնում է, որ միջնորդությունը այդ մասով ենթակա է մերժման:
(...)
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպությունները չեն կարող ներգրավվել որպես կասկածյալ կամ մեղադրյալ, հետևաբար կազմակերպությունների մասով միջնորդությունը պետք է մերժել:
(...)»:
Առաջին ատյանի դատարանն իր որոշումը հիմնավորելիս հենվել է նաև Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0015/07/13 որոշման վրա (տե՛ս նյութեր, թերթեր 70-74):
7. Նույն հիմնավորմամբ Վերքննիչ դատարանը 2014 թվականի ապրիլի 9-ի որոշման մեջ նշել է, որ. «ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը մասնակի բավարարելու հարցում հանգել է ճիշտ եզրակացության, հետևաբար` վիճարկվող դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան: (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 84-100):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 9-ի որոշումն անհիմն են, ենթակա են բեկանման և փոփոխման:
9. Վերոհիշյալ փաստարկը հիմնավորելու համար բողոք բերած անձը նշել է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու նպատակով հիմնադրել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ: Բողոքաբերը փաստարկել է, որ մեղադրյալ Արմինե Ավագյանը 2013 թվականի հունվարի 23-ին հիմնադրել է «ԱՆՈՒՇԿԱ» ՍՊ ընկերությունը: Մեղադրյալ Կարեն Հարությունյանը, չարաշահելով Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Պետրոսյանի վստահությունը, վերջինիս համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու պատրվակով նրանից վերցրել է անձնագիրը, որի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 2013 թվականի սեպտեմբերի 4-ին ձևակերպել ու ստացել է «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերության գրանցման վկայականը, կանոնադրությունը` հիմնադիր Կարեն Պետրոսյանի անուն-ազգանվամբ: Մեղադրյալ Արմինե Ավագյանի ամուսնու` Վարդան Մաթևոսյանի մոր` Անուշ Ղարախանյանի անվամբ 2013 թվականի ապրիլ ամսին հիմնադրվել է «Արմին Դեկոր» ՍՊ ընկերությունը:
10. Բողոքաբերի պնդմամբ` հիմնավորվել է նաև, որ նշված ընկերությունները ստեղծվել են ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, այդ ընկերություններով որևէ տնտեսական գործունեություն չի իրականացվել, ընկերությունները գործունեության վայր, գրանցված աշխատողներ չեն ունեցել: Նշված ՍՊ ընկերությունները փաստացի կառավարվել և ղեկավարվել են մեղադրյալների կողմից: Վերջիններս հափշտակություններ կատարելու ընթացքում տուժողներին են ներկայացրել ընկերության գրանցման վկայականները և կանոնադրությունները, անձամբ կնքել են ձևական պայմանագրերը, ստորագրել հաշիվ-ապրանքագրերը: Նրանք, ներկայանալով որպես ընկերության տնօրեն, հաշվապահ, առաքիչ և այլ աշխատակից, վստահություն են ձեռք բերել տուժողների մոտ` վերջիններիս հետ կնքելով ձևական պայմանագրերը, ձեռք բերված ապրանքների դիմաց պարտավորվել են կատարել վճարումներ բանկային փոխանցումների միջոցով, սակայն խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են տուժողների գույքը` բազմաթիվ ընկերությունների պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
11. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, որ վարույթն իրականացնող մարմնին կարող են տրամադրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի, սակայն ոչ հանցագործություններ կատարելու համար վերջիններիս կողմից հիմնադրված կամ ղեկավարվող կազմակերպությունների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները: Արդյունքում, բողոք բերած անձը եզրահանգել է, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որպիսին առկա է նաև սույն գործով, որ կասկածյալները կամ մեղադրյալները, օգտագործելով իրենց կողմից հիմնադրված կամ փաստացի վերահսկվող կազմակերպությունները կամ դրանց հաշիվները, կատարեն հանցագործություններ, սակայն դրանք չբացահայտվեն` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ չտրամադրելու պատճառով:
12. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 9-ի որոշումը` «ԱՆՈՒՇԿԱ», «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերությունների մասով և թույլատրել ՀՀ կենտրոնական բանկից ստանալ սպառիչ տեղեկատվություն` ՀՀ տարածքում գործող բանկերում «ԱՆՈՒՇԿԱ», «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերությունների անվամբ բանկային հաշիվների առկայության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում առգրավել նաև դրանց հաշվարկային, տարադրամային հաշիվներով գործունեության ողջ ընթացքում կատարված գործարքների ու գործառնական կողմերի վերաբերյալ բանկային, ինչպես նաև իրավաբանական գործերի փաստաթղթերը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող իրավաբանական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալը թույլատրելու հարցի կապակցությամբ: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու և առգրավում կատարելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը «ԱՆՈՒՇԿԱ», «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերությունների մասով ենթակա է մերժման:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»:
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: (…)»:
16. Վերոհիշյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն օրենսդիրն ընդգրկել է սահմանափակ մատչելի տեղեկությունների շարքում` նախատեսելով դրանց պահպանության որոշակի իրավական ռեժիմ: Նշված իրավական ռեժիմի կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում դրանց բացահայտման հնարավորությունը նախատեսող իրավական նորմերը:
17. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
(…)»:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23[-րդ] (…) [հոդվածով] (…) ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
(…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
18. Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում մեկնաբանելով «անձնական կյանք» եզրույթը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է, որ այն լայն հասկացություն է և ենթակա չէ սպառիչ սահմանման: Եվրոպական դատարանը գտել է, որ անձնական կյանքի ոլորտն ընդգրկում է մարդու առողջությունը, ֆիզիկական և հոգեկան ամբողջականությունը: Անձնական կյանքի իրավունքը ներառում է նաև անհատական զարգացումը, այլոց և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ հարաբերություններ հաստատելը և զարգացնելը (տե՛ս NADA v. SWITZERLAND գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 10593/08, կետ 151):
Վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ/0015/07/13 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի և դրա վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ սպասարկման կամ այլ գործառնությունների կապակցությամբ բանկի և անձի միջև հաստատված հարաբերությունները՝ որպես արտաքին աշխարհի հետ անձի հարաբերությունների տարատեսակ, հանդիսանում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ մարդու անձնական կյանքի մաս: Հետևաբար, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները՝ որպես մարդու անձնական կյանքի մաս, անձեռնմխելի են և դրանց ստացման վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանափակումները» (տե՛ս Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0015/07/13 որոշումը, կետ 16):
19. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության իրավական կանոնակարգումը պետք է իրականացնել այն հաշվով, որ բացառվի դրա երաշխավորման պահանջից ցանկացած կամայական նահանջ` հիմք ընդունելով ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, իրավական և ժողովրդավարական պետության սահմանադրական սկզբունքները, մասնավորապես տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը, ինչպես նաև մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Հնարավոր սահմանափակումները կարող են իրավաչափ դիտարկվել և արդարացվել միայն սահմանադրական կարգի հիմունքների, հանրության առողջության և բարոյականության, այլոց իրավունքների և ազատությունների, հասարական կարգի պահպանության անհրաժետության առկայության տեսանկյունից:
20. Փաստորեն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց կարող են տրամադրվել միայն այն սահմաններում և միայն այն չափով, որքանով դա անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նպատակների, այդ թվում` հանրային շահի ապահովման համար` պայմանով, որ նախատեսված են մասնավոր անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ:
21. Այսպիսով, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների բացահայտման խնդիրը սերտորեն առնչվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության ապահովման քրեական դատավարության հիմնաքարային խնդրին: Հիմք ընդունելով քրեական դատավարության այս կարևորագույն խնդրի ապահովման անհրաժեշտությունը` բանկային գաղտնիքի պահպանության իրավական ռեժիմը կանոնակարգելիս իբրև ուղենիշ նախ և առաջ պետք է ընդունել անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրական պահանջը: Ըստ այդմ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բացահայտելու օրենսդրական կանոնակարգերը պետք է նախատեսեն համապատասխան երաշխիքներ` բացառելու համար նաև պետական մարմինների և պաշտոնատար անձանց հնարավոր կամայական վարքագիծը:
22. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, գործող օրենսդրական կարգավորման համաձայն, կարող են ստացվել առգրավման կամ խուզարկության քննչական գործողությունների կատարման արդյունքում: Ընդ որում, չափազանց կարևոր է քննչական այս գործողությունների կատարման կարգի հստակ օրենսդրական կանոնակարգման առկայությունը, որը պարունակում է անձի իրավունքների և օրինական շահերի ապահովման գործուն երաշխիքներ: Այսպես`
1) օրենսդրորեն սահմանված է այն անձանց սպառիչ շրջանակը, ում վերաբերյալ կարող են պահանջվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Այդ անձանց խիստ սահմանափակ շրջանակն ընդգրկում է միայն կասկածյալին և մեղադրյալին: Այսինքն` քրեական գործով վարույթի ընթացքում կարող են բացահայտվել ոչ թե ցանկացած անձի, այլ բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ (տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0015/07/13 որոշումը): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի, 64-րդ հոդվածի 1-ին մասի և 202-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորումները նախատեսում են այն անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու օրենսդրական հնարավորություն, որոնց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով նվազագույնը հիմնավոր կասկածի մակարդակով հիմնավորվել է, որ նրանք, հնարավոր է, հանրորեն վտանգավոր արարք կատարած լինեն:
2) Հստակ սահմանված է այն տեղեկությունների շրջանակը, որոնք կարող են պահանջվել: Բանկային գաղտնիքի հասկացությունը հստակ տրված է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում, որի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ»:
3) Նախատեսված է անձի իրավունքների և օրինական շահերի ապահովման այնպիսի կարևորագույն երաշխիք, ինչպիսին նախնական դատական վերահսկողությունն է քննչական այս գործողությունների կատարման նկատմամբ: Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս կամ այն միջամտության` կոնվենցիոնալ պահանջներին համապատասխանությունը գնահատելիս դատական (նախնական դատական) վերահսկողության առկայությունը դիտարկվում է որպես անձի իրավունքների ապահովման և հնարավոր կամայականությունների և չարաշահումների կանխման գործուն երաշխիք (տե՛ս WIeser and bicos beteiligungen GmbH v. Austria, Եվրոպական դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 74336/01, կետ 57, Robathin v. Austria, Եվրոպական դատարանի 2012 թվականի հուլիսի 3-ի վճիռ, գանգատ թիվ 30457/06, կետ 44):
23. Այսպիսով, սույն որոշման 22-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումից բխում է, որ ՀՀ ներպետական օրենսդրությամբ նախատեսված են բանկային գաղտնիքի պահպանության իրավական ռեժիմի սահմանափակման իրավաչափության և մասնավոր անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովման գործուն երաշխիքներ:
24. Սակայն հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության կարևորագույն սկզբունքը ենթադրում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները բացարձակ չեն, և դրանց իրացումը պետք է հակակշռվի ավելի լայն հանրային շահով: Ինչպես արդեն նշվել է, թե Եվրոպական կոնվենցիան և թե ՀՀ Սահմանադրությունն իրավաչափ են համարում անձի համապատասխան իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքների պաշտպանության համար: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ Եվրոպական դատարանը խախտում չի արձանագրել բոլոր այն դեպքերում, երբ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքները սահմանափակվել են նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաչափ նպատակների ապահովման համար (տե՛ս, ի թիվս այլոց, I.S. v. Germany գործով Եվրոպական դատարանի 2014 թվականի հունիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 31021/08):
25. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում ամրագրված դրույթի այն մեկնաբանությունը, որ դատարանի որոշման հիման վրա կարող են ստացվել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի անվամբ բանկային հաշիվների վերաբերյալ տվյալները, օրեսնդրական այս դրույթի բովանդակության և կիրառման շրջանակների անհարկի նեղացում է: Նման մեկնաբանությունը չի համապատասխանում քննարկվող դատավարական (քննչական) գործողությունների առջև դրված խնդիրներին, էականորեն սահմանափակում է դրանց` քրեական գործով վարույթի համար ունեցած դերն ու նշանակությունը: Արդյունքում, մասնավոր շահը չարդարացված գերակայում է հանցագործությունների բացահայտման (հանցավորության դեմ պայքարի) հանրային շահի նկատմամբ:
26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում տեղ գտած «քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ» հասկացության վերլուծությունը վկայում է, որ խոսքը ոչ թե սոսկ կասկածյալի կամ մեղադրյալի անվամբ, այլև նրան մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին է, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավաբանական անձի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից:
27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն`
«1. Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար:
2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն, ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, (…) ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար: Եթե այդ նյութերը բավարար չեն, դատավորն իրավունք ունի պահանջել` լրացնել դրանք»:
28. Ելնելով վերոգրյալից և զարգացնելով սույն որոշման 26-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով (փաստական տվյալներով) հիմնավորի, որ համապատասխան քննչական գործողության արդյունքում ձեռք են բերվելու կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող և այն իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից: Նման մեկնաբանության համար հիմք է ծառայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի և 282-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու համար առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությամբ պետք է ներկայացնի անհրաժեշտ և բավարար փաստեր, որոնք դատարանին հիմք կտան ողջամտորեն ենթադրել, որ տվյալները, որոնք ակնկալվում է ստանալ համապատասխան քննչական գործողության կատարման արդյունքում, անմիջականորեն առնչվում են կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին և վերաբերում են նրա կողմից ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվող, վերահսկվող կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվող իրավաբանական անձին:
29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական հետապնդումն իրականացնող մարմինը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու և առգրավում կատարելու միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան: Վարույթն իրականացնող մարմինն իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ սույն գործով մեղադրյալները ենթադրյալ հափշտակությունները կատարելու նպատակով անձամբ հիմնադրել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, որոնք որևէ տնտեսական գործունեություն չեն իրականացրել, գործունեության վայր և գրանցված աշխատողներ չեն ունեցել: Ըստ վարույթն իրականացնող մարմնի` պարզվել է, որ այդ ընկերությունները փաստացի կառավարվել են մեղադրյալների կողմից, և որ վերջիններս, ներկայանալով որպես ընկերության տնօրեն, հաշվապահ, առաքիչ և այլ աշխատակից, ներկայացնելով ընկերության գրանցման վկայականները և կանոնադրությունները, վստահություն են ձեռք բերել տուժողների մոտ, անձամբ կնքել են պայմանագրերը, ստորագրել հաշիվ-ապրանքագրերը և պարտավորվել են ձեռք բերված ապրանքների դիմաց կատարել վճարումներ բանկային փոխանցումների միջոցով:
Վերոհիշյալ փաստերը հիմնավորելու համար վարույթն իրականացնող մարմինը միջնորդությանը կցել է «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» և «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» ՍՊԸ-ների գրանցման վկայականները (տե՛ս նյութեր, թերթեր 5-6), ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տրամադրած տվյալները «ԱՆՈՒՇԿԱ» ՍՊԸ-ի և դրա հիմնադիր Արմինե Ավագյանի վերաբերյալ (տե՛ս նյութեր, թերթեր 7, 11-13), Էլեկտրոնային ռեգիստրի քաղվածքները` «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ», «ԱՆՈՒՇԿԱ» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊԸ-ների և դրանց հիմնադիրների վերաբերյալ (տե՛ս նյութեր, թերթեր 8-16), Արմինե Ավագյանի` որպես «ԱՆՈՒՇԿԱ» ՍՊԸ-ի տնօրեն, «Ալպիան» ՍՊԸ-ի հետ կնքած մատակարարման պայմանագրի և հաշիվ-ապրանքագրի պատճենները (տե՛ս նյութեր, թերթեր 20 և 21) Արմինե Ավագյանի` որպես «ԱՆՈՒՇԿԱ» ՍՊԸ-ի տնօրեն, «Գոլդեն Գոութ» ՍՊԸ-ի հետ կնքած մատակարարման պայմանագրի պատճենը (տե՛ս քրեական գործի նյութեր, թերթեր 24-25), ելքի ապրանքագրի պատճենը (տե՛ս նյութեր, թերթ 27), տուժող Յուրա Աբրահամյանի լրացուցիչ հարցաքննության արձանագրությունը (տե՛ս նյութեր, թերթեր 39-43), վկա Կարեն Պետրոսյանի լրացուցիչ հարցաքննության արձանագրությունը (տե՛ս նյութեր, թերթեր 44-48), մեղադրյալ Արմինե Ավագյանի լրացուցիչ հարցաքննությունների արձանագրությունները (տե՛ս նյութեր, թերթեր 49-65):
30. Փաստորեն, վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է փաստական տվյալներ, որոնք օբյետիվորեն կարող են վկայել, որ միջնորդության մեջ նշված համապատասխան ընկերությունները կառավարվել, վերահսկվել կամ փաստացի ուղղորդվել են որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից, ինչպես նաև, որ նրանց վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքները կատարվել են նշված ընկերությունները հիմնադրելու, դրանց անունից պայմանագրեր կնքելու միջոցով:
Մինչդեռ, ստորադաս դատարանները, իրենց տրամադրության տակ ունենալով վերոհիշյալ փաստական տվյալները, դրանք չեն հետազոտել և միջնորդության հիմնավորվածության ստուգման ուղղությամբ պատշաճ քննություն չեն կատարել, ինչի արդյունքում հնարավոր է հաստատվեր, որ տվյալները, որոնք ակնկալվում է ստանալ համապատասխան քննչական գործողության կատարման արդյունքում, վերաբերում են մեղադրյալներին:
31. Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում նաև նախաքննության մարմնի միջնորդությունը մասամբ մերժելու հիմքում դրված` ստորադաս դատարանների դատական ակտերում առկա այն հիմնավորմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպությունների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ պահանջվել չեն կարող, քանի որ այդպիսիք չեն կարող ներգրավվել որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Իրավաչափ դիտարկումն առ այն, որ կազմակերպությունները չեն կարող ներգրավվել որպես կասկածյալ կամ մեղադրյալ, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի չէ, քանի որ ըստ նախաքննական մարմնի` համապատասխան միջնորդության առարկա են կազմել որպես մեղադրյալ ներգրավված ֆիզիկական անձանց վերաբերող` նրանց մեղսագրվող հանցավոր արարքներին անմիջականորեն առնչվող և նրանց հիմնադրած, նրանց կողմից կառավարվող, վերահսկվող կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվող ընկերությունների բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:
32. Անդրադառնալով այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0015/07/13 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ. «(...) կոնկրետ քրեական գործի շրջանակներում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը դատարանի որոշման հիման վրա կարող է ստանալ բանկի այն հաճախորդի բանկային գաղնիք կազմող տեղեկությունները, ով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Այլ խոսքով՝ քրեական գործի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները չեն կարող տրամադրվել հետաքննության կամ նախաքննության մարմիններին: (...)», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեջբերված իրավական դիրքորոշումը չէր կարող դրվել միջնորդությունը մասնակիորեն բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի եզրահանգման հիմքում: Մասնավորապես, վերը հիշատակված գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը վերաբերում էր կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց անորոշ շրջանակի կողմից որոշակի ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու անթույլատրելիությանը: Տվյալ գործով Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարույթն իրականացնող մարմնին կարող են տրամադրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Այդ դիրքորոշումը վերահաստատվում է նաև սույն որոշման շրջանակներում (տես սույն որոշման 22-րդ կետը): Մինչդեռ սույն գործով նախաքննության մարմնի միջնորդությունը վերաբերում է որպես մեղադրյալ ներգրավված կոնկրետ անձանց:
33. Սույն որոշման 15-28-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու և առգրավում կատարելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը «ԱՆՈՒՇԿԱ», «ԱՐՄԻՆ ԴԵԿՈՐ» և «ԴԻԼՋՐՊԵՏՇԻՆ» ՍՊ ընկերությունների մասով ենթակա է մերժման, իրավաչափ չէ:
34. Սույն որոշման 15-33-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը: Թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու և առգրավում կատարելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 9-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու և առգրավում կատարելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 21-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |