ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
22 սեպտեմբերի 2014 թ. |
N 3611-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 8-րդ կետը.
1. Երևան քաղաքում ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը սահմանել ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման համապատասխան՝ ըստ տվյալ գերեզմանատան՝ գերեզմանատեղիի (դրանով զբաղեցված հողամասի) գտնվելու վայրի համար սահմանված տարածագնահատման գոտիականության գործակիցների:
2. Ընդունել ի գիտություն, որ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող վճարովի հողատարածքի հատկացումն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման 1-ին կետի «Է)» ենթակետով սահմանված կարգին համապատասխան, իսկ սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքի արժեքը վճարվում է Երևան համայնքի բյուջե:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի վրա:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |