«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 1919-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 11-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 9 |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը խմբ. 12.05.11 N 596-Ն)
2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ապահովումը.
բ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվի կազմակերպումը.
գ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ավտոմատացված տեղեկատվական բազայի ձևավորման ապահովումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:
Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումները բաժիններ են, որոնք կազմում են գործակալության կենտրոնական մարմինը, իսկ տարածքային մարմինները` գործակալության տարածքային ստորաբաժանում հանդիսացող բաժիններ են:
9. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է կենտրոնական մարմնի ու տարածքային բաժինների միջոցով:
Գործակալության կենտրոնական մարմինը`
ա) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը.
բ) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների պահպանությունը, հաշվառումն ու բաշխումը.
գ) կազմակերպում և ամփոփում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրությունը և դրա մասին ներկայացնում տեղեկատվություն.
դ) կազմակերպում և վարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվը.
ե) իրականացնում և գործակալության տարածքային մարմինների աշխատանքային գործունեության ուսումնասիրությունը, ղեկավարումը, համակարգումը.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.11 N 429-Ն)
է) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթներ.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման հետ կապված լիազորություններ.
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություններ:
(9-րդ կետը լրաց. 18.03.10 N 269-Ն, փոփ. 14.04.11 N 429-Ն, լրաց. 02.06.11 N 837-Ն)
10. Գործակալության կենտրոնական մարմնի բաժնի պետը`
ա) կազմակերպում է գործակալության կենտրոնական մարմնի համապատասխան բաժնի աշխատանքները.
բ) իրականացնում է հսկողություն գործակալության կենտրոնական մարմնի համապատասխան բաժնի ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
գ) կատարում է գործակալության ղեկավարի, իր իրավասության սահմաններում, հանձնարարականներն ու գրավոր ցուցումները.
դ) կրում է պատասխանատվություն համապատասխան բաժնի խնդիրների իրականացման համար.
ե) կնքում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր:
(10-րդ կետը լրաց. 02.06.11 N 837-Ն)
11. Գործակալության տարածքային բաժնի պետը`
ա) կազմակերպում է համապատասխան տարածքային բաժնի աշխատանքները.
բ) իրականացնում է հսկողություն տարածքային բաժնի ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
գ) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.
դ) վարում է համապատասխան տարածքային բաժնի արխիվը.
ե) սահմանված կարգով տրամադրում է տեղեկատվություն կատարված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ.
զ) իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
13. (կետն ուժը կորցրել է 18.12.03 N 1700-Ն)
14. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:
15. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.
ը) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
թ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.
ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժբ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
16. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը: (16-րդ կետը խմբ. 02.11.06 N 1552-Ն)
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
17. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
19. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը փոփ. 18.12.03 N 1700-Ն, խմբ. 02.11.06 N 1552-Ն, լրաց. 18.03.10 N 269-Ն, փոփ. 14.04.11 N 429-Ն, խմբ. 12.05.11 N 596-Ն, լրաց. 02.06.11 N 837-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժին
Միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվ
(բաժինը խմբ. 09.10.14 N 1106-Ն)
II. Տարածքային բաժիններ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ամուսնության պալատ տարածքային բաժին
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժին
(հավելվածը խմբ., լրաց. 08.05.03 N 507-Ն, խմբ. 18.12.03 N 1700-Ն, փոփ. 14.04.11 N 429-Ն, խմբ. 09.10.14 N 1106-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |