ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2014 թվականի N 612-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի N 500-Ն որոշման 2-րդ և 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման 8-րդ կետը և 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 612-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Տեսչության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի ներկայացմամբ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչության նպատակները և խնդիրներն են պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կարգապահության ապահովման նկատմամբ հսկողությունը: Նշված հսկողությունն արդյունավետ իրականացնելու համար տեսչությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման վերլուծության և բացահայտված ռիսկերի հիման վրա ապահովում է պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների, ինչպես նաև համայնքների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված բյուջետային միջոցների նկատմամբ ֆինանսական, այդ թվում՝ ստուգումների միջոցով անհրաժեշտ վերահսկողության կազմակերպումը, իրականացումը և դրանցից բխող համապատասխան առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացումը.
2) բյուջետային եկամուտների հաշվարկման և գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները.
3) պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարների մասով, դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը.
4) պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրվող հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերստուգումների (աուդիտ) կամ ստուգումների իրականացումը.
5) պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
6) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների ճշտության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) ծրագրի իրականացման գրասենյակների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացումը, ծախսերի նախահաշվի, գնումների պլանի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
8) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումների (վերստուգումների) կատարումը.
9) օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում՝ համայնքներում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարների մասով ֆինանսական ստուգումների իրականացումը, տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության պարզումը.
10) պետական սեփականություն հանդիսացող՝ բաժնեմաս ունեցող ընկերություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահութաբաժինների ճիշտ հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքերում համապատասխան լիազոր մարմնի պահանջով ֆինանսական ստուգումների իրականացումը.
12) բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
13) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներքին աուդիտի ստորաբաժանումների նկատմամբ գնահատման միջոցով հսկողության իրականացումը.
14) Հայաստանի Հանրապետության վարչապետի և նախարարի հանձնարարականների, ինչպես նաև քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների նամակների, առաջարկների, դիմումների և գանգատների հիման վրա ստուգումների, վերստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը.
15) ստուգումների և վերստուգումների արդյունքների ամփոփման և վերլուծության, թույլ տրված խախտումների բնույթին համապատասխան դասակարգման, խախտումներ ծնող պատճառների ուսումնասիրության հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգով հսկողության տարեկան ծրագրի մշակումը, ստուգման նյութերի ամփոփումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող հաշվետվությունները կազմելն ու ներկայացնելը նախարարին.
17) տեսչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման գործընթացին մասնակցությունը:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի ներկայացմամբ:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է նախարարության լիազորությունների շրջանակում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին:
14. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարին կամ նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները.
8) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
13) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև:
15. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
17. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
18. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |