ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԷԴ/0138/06/13 |
Գործ թիվ ԵԷԴ/0138/06/13 |
|
Նախագահող դատավոր՝ Լ. Թադևոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ մեղադրյալ |
Ս. Մարգարյանի | |
պաշտպան |
Ե. Վարոսյանի | |
դատախազ |
Վ. Հովհաննիսյանի |
2014 թվականի մարտի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Սամվել Գագիկի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման դեմ դատախազ Վ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2013 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է թիվ 12804113 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2013 թվականի նոյեմբերի 19-ին Սամվել Մարգարյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Ս.Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Ս.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Նույն որոշմամբ բավարարվել է Ս.Մարգարյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունը, գրավի չափ է սահմանվել 700.000 ՀՀ դրամը:
3. Դատախազ Վ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 2-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Վ.Հովհաննիսյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
2014 թվականի փետրվարի 27-ին մեղադրյալի պաշտպան Ե.Վարոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել 2013 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման դեմ դատախազ Վ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Ս.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ պահել հրազեն հանդիսացող «Բրաունինգ» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: 2013 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցի 18ա շենքի դիմաց գտնվող փակ զրուցարանում Ս.Մարգարյանը վիճել է Արմեն Մհերի Սահակյանի հետ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով, վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր անձի առավելությունն ընդգծելու համար վերոհիշյալ հրազենով երկու անգամ կրակոց է արձակել Ա.Սահակյանի ուղղությամբ և աջ սրունքի, ձախ ազդրի շրջանների պատռված հրազենային վերքերի` ուղեկցված աջ նրբոլոքի տեղաշարժված պոկումային կոտրվածքի ձևով վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով» (տե´ս նյութեր, թերթ 23-24):
6. Մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) գործի փաստական հանգամանքներից երևում է, որ մեղադրյալ Սամվել Մարգարյանը կամովին ներկայացել է ոստիկանության բաժին և ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը՝ ատրճանակը, նա ցույց է տվել դեպքի վայրը և ըստ քննիչի հայտարարության՝ համագործակցել է քննության հետ (…):
Դատաքննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալ Սամվել Մարգարյանը նախկինում դատված չի եղել, նրա անձը վարկաբեկող տվյալներ քննչական մարմինը քննությամբ ձեռք չի բերել:
Դատարանը սույն միջնորդությունը քննարկելիս նկատի է ունենում նաև այն հանգամանքը, որ մեղադրյալին մեղսագրվել են միջին ծանրության հանցագործություններ (…)» (տե´ս նյութեր, թերթ 39-43):
7. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հարցում հանգել է ճիշտ եզրակացության (…):
Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգում՝ հաշվի առնելով ինչպես (…) վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, այնպես էլ այն հանգամանքը, որ մեղադրյալ Սամվել Մարգարյանը կամովին ներկայացել է ոստիկանության բաժին, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող հրազենը՝ ատրճանակը, մատնացույց արել դեպքի վայրը, ինչպես նաև հաշվի առնելով [Ս.Մարգարյանի] անձին առնչվող տվյալները` նախկինում դատապարտված և արատավորված չլիները, որպիսի հանգամանքները, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, իրենց համակցության մեջ էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանն ու քրեական դատավարության խնդիրների իրագործմանը խոչընդոտելու հավանականությունը (…)» (տե´ս նյութեր, թերթ 87-105):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թեև իր դատական ակտում ամրագրել է, որ հաշվի է առնում մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նրա անձը բնութագրող մի շարք հանգամանքներ, սակայն իրականում անտեսել է դրանք և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս հաշվի չի առել, որ՝
ա) մնալով ազատության մեջ՝ Ս.Մարգարյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ ապօրինաբար հակազդելով գործով ճշմարտությանը բացահայտելու ընթացքին, և անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց՝ հատկապես տուժողի նկատմամբ:
բ) Ս.Մարգարյանը մեղադրվում է այնպիսի հանցագործության մեջ, որի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում, ինչը բարձրացնում է նրա՝ քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հավանականությունը:
Ս.Մարգարյանի՝ գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերաբերյալ իր պնդումը հիմնավորելիս բողոքաբերը վկայակոչել է վերջինիս առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ նա, խուլիգանական դրդումներով մարդաշատ վայրում հանդուգն վարքագիծ դրսևորելով, տուժողին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով հրազենով երկու անգամ կրակոց է արձակել և տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառել:
Ս.Մարգարյանի՝ քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու հավանականության վերաբերյալ իր պնդումը հիմնավորելիս բողոքաբերն անդրադարձել է մեղսագրվող հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին և նշել, որ դրանք պետք է դիտարկվեն մեղսագրվող արարքի սանկցիայով սահմանված պատժի տեսակի և չափի համատեքստում: Հետևաբար, եթե դատարանը միջնորդությունը քննարկելիս հաշվի է առել Ս.Մարգարյանին մեղսագրվող արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիայի չափը, ապա պետք է հաշվի առներ նաև այն, որ կոնկրետ արարքի համար սահմանվող պատժի տեսակն ու չափը պայմանավորված են դրա հանրային վտանգավորության աստիճանով ու բնույթով:
Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ անհիմն է նաև ստորադաս դատարանի հետևությունն այն մասին, որ Ս.Մարգարյանը համագործակցել է քննության հետ: Այս կապակցությամբ բողոքի հեղինակը նշել է, որ Ս.Մարգարյանի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ նրա կողմից մատնացույց արված շինությունում կրակոցի մասին վկայող հետքեր, այդ թվում՝ պարկուճներ չեն հայտաբերվել, ինչպես նաև Ս.Մարգարյանը ոստիկանության բաժին է ներկայացել ու դեպքի առթիվ ցուցմունքներ է տվել այն բանից հետո, երբ տուժողն իր ցուցմունքում նշել է, որ վերջինս իրեն անզգուշությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել: Բողոքաբերը որպես ոչ արժանահավատ է գնահատել նաև ատրճանակը գտնելու վերաբերյալ մեղադրյալի ցուցմունքը:
9. Վերոնշյալ հանգամանքների գնահատման արդյունքում բողոք բերած անձը եզրակացրել է, որ դրանք վկայում են Ս.Մարգարյանի անձի հասարակական վտանգավորության մասին և օբյեկտիվորեն բացառում են նրա նկատմամբ գրավի կիրառման հնարավորությունը, ուստի խնդրել է մեղադրյալին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասով Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը բեկանել և Ս.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավո՞ր են արդյոք Ս.Մարգարյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ շարադրված հետևությունները:
12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`
«1. Գրավը (…) հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:
2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
(…)»:
Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Ճուղուրյանի, Ա.Ավետիսյանի, Դ.Ալիխանյանի գործերով կայացված որոշումներում, որտեղ հետևողականորեն ամրապնդել և զարգացրել է քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները (տե´ս mutatis mutandis Արամ Սեյրանի Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը, Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ, 22-րդ և 36-րդ կետերը և Դավիթ Ալիխանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0138/06/12 որոշման 13-րդ կետը):
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի [է] առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը»:
Մեջբերված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վ.Պողոսյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը թեև չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս, ինչպես նաև գրավի թույլատրելիության հարցը լուծելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույնանման իրավական դիրքորոշում բազմիցս իր նախադեպային նշանակության վճիռներում հայտնել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ի թիվս այլոց տե´ս Mamedova v. Russia, 2006 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 7064/05, կետ 74, Panchenko v. Russia 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 102, Ilijkov v. Bulgaria, 2001 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 33977/96, կետ 81): (…)» (տե´ս Վահագն Հակոբի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշման 13-րդ կետը):
Արարքի հանրային վտանգավորության «բնույթ» և «աստիճան» հասկացությունները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:
Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը:
(…) Արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում Վճռաբեկ դատարանը կարևորում է խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը: (…)» (տե´ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-15-րդ կետերը):
14. Համադրելով Վ.Պողոսյանի և Գ.Մադաթյանի գործով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված տվյալների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ հանգամանքներն էական նշանակություն ունեն մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Ուստի, առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկելու հնարավոր չէ հիմնավորված ենթադրություն անել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ, հետևաբար հնարավոր չէ նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Մարգարյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշման վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել վերոնշյալ որոշումը՝ պատճառաբանելով, որ՝
ա) Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու հարցում հանգել է ճիշտ եզրակացության: Այս առումով Վերաքննիչ դատարանը համաձայնել է Ս.Մարգարյանի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու թույլատրելիությունը հիմնավորող՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված այն հանգամանքների հետ, որ Ս.Մարգարյանը կամովին ներկայացել է ոստիկանության բաժին, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, ցույց է տվել դեպքի վայրը, համագործակցել է քննության հետ, նախկինում դատված չի եղել, և նրան մեղսագրվել են միջին ծանրության հանցագործություններ (տե´ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):
բ) Ս.Մարգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է՝ հաշվի առնելով նրան վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ս.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ պահել հրազեն հանդիսացող «Բրաունինգ» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որը գործադրել է Արմեն Մհերի Սահակյանի հետ վիճաբանության ընթացքում, մասնավորապես՝ իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով, խուլիգանական դրդումներով երկու անգամ կրակոց է արձակել Ա.Սահակյանի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):
16. Սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Մարգարյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ շարադրված հետևությունները հիմնավոր չեն: Մասնավորապես, Ս.Մարգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել՝
ա) մեղսագրվող արարքի կատարման եղանակը, մասնավորապես այն, որ Ս.Մարգարյանը, մարդաշատ վայրում հանդուգն վարքագիծ դրսևորելով, իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով հրազենով երկու անգամ կրակոց է արձակել,
բ) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, այն, որ Ս.Մարգարյանի ենթադրյալ գործողությունների արդյունքում տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել:
Վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման չենթարկելու հետևանքով Վերաքննիչ դատարանը զրկված է եղել Ս.Մարգարյանի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու և նրա հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու հնարավորությունից, որպիսի պայմաններում գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել հնարավոր չէ:
17. Հիմք ընդունելով սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Մարգարյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ, դրա արդյունքում թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների էական խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
18. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր դատողությունները Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, հիմնավորել է նրանով, որ Ս.Մարգարյանը համագործակցել է քննության հետ, մասնավորապես, կամովին ներկայացել է ոստիկանության բաժին, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, մատնացույց արել դեպքի վայրը (տե´ս սույն որոշման 7-րդ կետը): Մինչդեռ դատախազն իր վճռաբեկ բողոքում պնդում է, որ Ս.Մարգարյանը ոչ միայն չի համագործակցել, այլ ընդհակառակը՝ խոչընդոտել է գործի քննությանը: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ մեղադրյալը ոստիկանության բաժին է ներկայացել ու դեպքի առթիվ ցուցմունքներ է տվել այն բանից հետո, երբ տուժողն իր ցուցմունքում հայտնել է, որ Սամվել Մարգարյանն իրեն անզգուշությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել, քննչական փորձարարության ժամանակ նրա կողմից մատնացույց արված շինությունում կրակոցի մասին վկայող հետքեր, այդ թվում՝ պարկուճներ չեն հայտաբերվել, իսկ ատրճանակը գտնելու մասին նրա ցուցմունքներն արժանահավատ չեն (տե´ս սույն որոշման 8-րդ կետը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Ս.Մարգարյանի նկատմամբ գրավի թույլատրելիության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը՝ նրան մեղսագրված արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող հանգամանքները գնահատելուց բացի, պետք է քննության առարկա դարձնի նաև դատախազի վերոգրյալ փաստարկները, քանի որ դրանց պարզաբանումն էական նշանակություն կարող է ունենալ մեղադրյալի հետագա վարքագծի կապակցությամբ հիմնավորված ենթադրություն կատարելու առումով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Սամվել Գագիկի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ս. Օհանյան |