ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2014 թվականի N 50-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 10 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական ծառայությունները, բացառությամբ ռենտգեն ծառայության, տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը՝ սահմանելով, որ նշված գործընթացը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չափագրում իրականացնելուց և նշված տարածքը որպես առանձին գույքային միավոր գրանցելուց հետո: Բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով նվազեցնել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3.2. 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կրճատել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը` 50-ից հասցնելով 45-ի: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն ծառայությունը տեղափոխել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերություն: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել ինֆեկցիոն ծառայության գույքը և այն սեփականության իրավունքով` սահմանված կարգով հանձնել «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը:».
2) «II. Վայքի տարածաշրջան» բաժնում՝
ա. «100-ով և կկազմի 90 մահճակալ» բառերը փոխարինել «105-ով և կկազմի 85 մահճակալ» բառերով,
բ. «9182 քառ. մետր» բառերը փոխարինել «14443.17 քառ. մետր» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական մասնաշենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասի չափագրում և, որպես առանձին գույքային միավոր, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցում.
2) մինչև 2014 թվականի օգոստոսի 31-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշմամբ նախատեսված առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
3) մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի` սույն որոշմամբ նախատեսված առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված չափագրման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 29 Երևան |