«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 283-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խրախուսել նոր արժեթղթերի թողարկման գործընթացը, ինչպես նաև
հաշվի առնելով, որ միջազգային կազմակերպությունները համարվում են վստահելի և իրենց պարտականությունները գիտակցող կազմակերպություններ, ուստի՝ դրանց նկատմամբ թափանցիկության մեղմ պահանջների կիրառումը չի հանգեցնի ներդրողների շահերի վտանգման և, միաժանակ կշահագրգռի այս կազմակերպությունների կողմից նոր թողարկումների իրականացումը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, 2-րդ մասի 6-րդ կետը, 4-րդ, 5-րդ և 7-րդ մասերը, 8-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 4-րդ կետը, 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 119-րդ հոդվածի 2-րդ մասը, 121-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 2-րդ և 3-րդ մասերը, 126-րդ հոդվածի 2-րդ մասը, 127-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 10-րդ մասերը, 207-րդ հոդվածի 1-ին մասը և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4/04) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգ 4/04-ը լրացնել 5.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1. Սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ բաժիններով սահմանված դրույթները չեն տարածվում սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպությունների թողարկած ոչ բաժնային արժեթղթերի վրա, եթե կոնկրետ իրավական նորմի բովանդակությունում ուղղակիորեն նշված չէ, որ այն վերաբերում է վերոնշյալ միջազգային կազմակերպություններին:»:
2) Կանոնակարգ 4/04-ը լրացնել 41.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«41.1 Սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպություններն անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում այն կառուցվածքով և ժամկետում, որոնք, որպես կանոն, կիրառվում են միջազգային կազմակերպութունների կողմից այլ կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալու դեպքում:»:
3) Կանոնակարգ 4/04-ը լրացնել 45.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«45.1 Սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպությունները միջանկյալ հաշվետվությունները հրապարակում են իրենց ինտերնետային կայքում այն կառուցվածքով և ժամկետում, որոնք, որպես կանոն, կիրառվում են միջազգային կազմակերպութունների կողմից այլ կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթեր ունենալու դեպքում:»:
4) Կանոնակարգ 4/04-ը լրացնել 46.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«46.3 Սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպությունները սույն կանոնակարգի 41.1-րդ և 45.1-րդ կետերի համաձայն հրապարակված տարեկան և միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ էլեկտրոնային փոստով տեղեկացնում են Կենտրոնական բանկին այդ մասին՝ ներկայացնելով նաև դրանց հրապարակման հասցեն:»:
5) Կանոնակարգ 4/04-ի 47-րդ կետում «և 46.2-րդ» բառերը փոխարինել «46.2-րդ և 46.3-րդ» բառերով:
6) Կանոնակարգ 4/04-ը լրացնել Գլուխ 24.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 24.1 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ԷԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
56.1. Սույն կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված միջազգային կազմակերպություններ հանդիսացող հաշվետու թողարկողների համար էական փաստեր և տեղեկություններ են համարվում արժեթղթերի թողարկման էական պայմանները, որոնց կազմում փոփոխությունները բացահայտվում են թողարկողի ինտերնետային կայքում տվյալ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
56.2. Միջազգային կազմակերպությունները էական փաստերը և տեղեկությունները հրապարակման ներկայացնելու կամ հրապարակելու օրը ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով (ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով) կամ էլեկտրոնային փոստով տեղեկացնում են Կենտրոնական բանկին այդ մասին՝ ներկայացնելով նաև դրանց հրապարակման հասցեն:
56.3. Կենտրոնական բանկը հրապարակում է սույն գլխի 56.2-րդ կետի համաձայն ստացված տեղեկացումը իր պաշտոնական ինտերնետային կայքում՝ դրա ստացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում:»:
7) Կանոնակարգ 4/04-ի Հավելված 2-ում «ՉԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ԲԱԺՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ԲԱԺԻՆԸ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 18 Երևան |