ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1467-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1926-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին, 26-րդ, 26.1-ին, 28-րդ և 29-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1346-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1926-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:».
2) հավելվածի 9-րդ կետի`
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հեռախոսահամարը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «հեռախոսահամարը,» բառից հետո լրացնել «պետական հաշվառման համարը,» բառերով,
գ. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Հայտատուն լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել լիցենզավորող մարմնի` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:
11.2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:».
4) հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
5) հավելվածի N 1 ձևում`
ա. «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է իրավաբանական անձը» տողից հետո ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ տողով.
«4. Պետական գրանցման համարը»,
բ. ձևից հանել «պետական տուրքի վճարման անդորրագիրը,» բառերը.
6) հավելվածի N 2 ձևում`
ա. «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է անհատ ձեռնարկատերը (ֆիզիկական անձը)» տողից հետո ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ տողով.
«5. Պետական հաշվառման համարը,»,
բ. ձևից հանել «պետական տուրքի վճարման անդորրագիրը,» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 26 Երևան |