ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0010/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0010/02/12 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի մայիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սարգիս Հովհաննիսյանի և Վարդան Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սերժիկ Մկրտչյանի ընդդեմ Սարգիս Հովհաննիսյանի և Վարդան Բարսեղյանի` բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սերժիկ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել 22.04.2009 թվականին Վարդան Բարսեղյանի և Սարգիս Հովհաննիսյանի ու իր միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ու կիրառել անվավերության հետևանքներ:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Մ. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 17.04.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.09.2012 թվականի որոշմամբ Սերժիկ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 17.04.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սարգիս Հովհաննիսյանը և Վարդան Բարսեղյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սերժիկ Մկրտչյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործի նյութերը, որի արդյունքում անտեսել է, որ Պայմանագրի առարկան «Դրնգան» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) պատկանող գույքն է, այլ ոչ թե Ընկերության մասնակիցների ունեցած բաժնեմասը, և որ նշված Պայմանագիրը կնքվել է կամավոր, Պայմանագրի կողմերը դրա վերաբերյալ որևէ առարկություն չեն ունեցել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 23.04.2009 թվականին Վարդան Բարսեղյանի և Սերժիկ Մկրտչյանի միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր 1) ու նույն թվականին Սարգիս Հովհաննիսյանի և Սերժիկ Մկրտչյանի միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր 2) չէին կարող հանդիսանալ Պայմանագրի փոփոխություն, քանի որ Պայմանագիր 1-ը և Պայմանագիր 2-ն այդ մասին որևէ նշում չեն պարունակում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ի տարբերություն Պայմանագիր 1-ի և Պայմանագիր 2-ի` Պայմանագիրը որևէ նշում չի պարունակում այն մասին, որ այդ Պայմանագրից բխող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում, որից ևս հետևում է, որ Պայմանագրի առարկան Ընկերության գույքն է, իսկ Պայմանագիր 1-ի և Պայմանագիր 2-ի առարկան` մասնակիցների բաժնեմասը:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտել է գործի նյութերը, անդրադառնալով գործում առկա ապացույցներին` դրանք գնահատել է, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածին` հիմնավորելով դրանում նշված անվավերության հիմքերի բացակայությունը, նշել է, թե իբր Դատարանը չի իրականացրել պատշաճ քննություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սերժիկ Մկրտչյանը չի ապացուցել իր վկայակոչած փաստն այն մասին, որ Պայմանագիրը կնքել է խաբեության, բռնության կամ սպառնալիքի ազդեցության ներքո:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածները, 218-րդ հոդվածի 2-րդ կետը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Սարգիս Հովհաննիսյանին և Վարդան Բարսեղյանին պատշաճ չի ծանուցել գործի քննության ժամանակի և վայրի մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2012 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 17.04.2012 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքում նշված այն հիմքը, որ Սարգիս Հովհաննիսյանը և Վարդան Բարսեղյանը պատշաճ ձևով չեն ծանուցվել դատական նիստի ժամանակի ու վայրի մասին, անհիմն է:
Վերաքննիչ դատարանն իրականացրել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում բավարարել է վերաքննիչ բողոքը:
Պայմանագիրը կնքվել է խաբեության ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ և ծանր հանգամանքների բերումով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սարգիս Հովհաննիսյանի և Վարդան Բարսեղյանի (մի կողմից) ու Սերժիկ Մկրտչյանի (մյուս կողմից) միջև 22.04.2009 թվականին կնքվել է Պայմանագիր, որի համաձայն` Սարգիս Հովհաննիսյանը և Վարդան Բարսեղյանը Սերժիկ Մկրտչյանին են օտարել Ընկերությունում իրենց ունեցած 50-ական տոկոս բաժնեմասերը, իսկ Սերժիկ Մկրտչյանը պարտավորվել է դրանց դիմաց վճարել 74.400.000 ՀՀ դրամ գումար: Նշված Պայմանագիրը կնքվել է գրավոր և ստորագրվել Պայմանագիրը կնքած անձանց կողմից (հատոր 1-ին, գ. թ. 4).
2) ի կատարումն Պայմանագրով ստանձնած պարտավորության` Սերժիկ Մկրտչյանը 28.04.2009 թվականին 37.064.150-ական ՀՀ դրամ գումար է փոխանցել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում Սարգիս Հովհաննիսյանի և Վարդան Բարսեղյանի ունեցած հաշվեհամարներին (հատոր 1-ին, գ.թ. 32 և 33).
3) Ընկերության մասնակից Վարդան Բարսեղյանի և Սերժիկ Մկրտչյանի միջև 23.04.2009 թվականին կնքվել է Պայմանագիր 1-ը, որի համաձայն` Վարդան Բարսեղյանը Սերժիկ Մկրտչյանին է վաճառել Ընկերության կանոնադրական կապիտալում իր ունեցած 50 տոկոս բաժնեմասը, իսկ Սերժիկ Մկրտչյանը պարտավորվել է դրա դիմաց վճարել 25.000 ՀՀ դրամ գումար: Պայմանագիր 1-ը կնքվել է գրավոր և ստորագրվել գործարք կնքած անձանց կողմից (հատոր 1-ին, գ. թ. 27).
4) Ընկերության մասնակից Սարգիս Հովհաննիսյանի և Սերժիկ Մկրտչյանի միջև 23.04.2009 թվականին կնքվել է Պայմանագիր 2-ը, որի համաձայն` Սարգիս Հովհաննիսյանը Սերժիկ Մկրտչյանին է վաճառել Ընկերության կանոնադրական կապիտալում իր ունեցած 50 տոկոս բաժնեմասը, իսկ Սերժիկ Մկրտչյանը պարտավորվել է դրա դիմաց վճարել 25.000 ՀՀ դրամ գումար: Պայմանագիր 2-ը կնքվել է գրավոր և ստորագրվել գործարք կնքած անձանց կողմից (հատոր 1-ին, գ. թ. 28).
5) Պայմանագիր 1-ի և Պայմանագիր 2-ի 13-րդ կետերի համաձայն` Սերժիկ Մկրտչյանին հանձնարարվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Գորիսի տարածքային բաժնում իրականացնել նշված պայմանագրերից բխող փոփոխությունների պետական գրանցման հետ կապված գործառույթները (հատոր 1-ին, գ.թ. 27 և 28).
6) 27.04.2009 թվականին Ընկերության կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ գրանցվել է Սերժիկ Մկրտչյանի սեփականության իրավունքը, և նրան տրվել է թիվ 030955 վկայագիրը (հատոր 1-ին, գ. թ. 95).
7) Սերժիկ Մկրտչյանը հայցադիմումը Դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ կետի վկայակոչմամբ` առանց այդ հիմքը հաստատող հանգամանքները նշելու: Սերժիկ Մկրտչյանն այդ հանգամանքները չի նշել նաև գործի քննության ժամանակ, ինչպես նաև վերաքննիչ բողոքը ներկայացնելիս.
8) Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննել է 07.09.2012 թվականի ժամը 12:20-ին նշանակված դատական նիստում: Վարդան Բարսեղյանը և Սարգիս Հովհաննիսյանը ծանուցվել են 07.09.2012 թվականի ժամը 12:20-ին Երևան քաղաքի Գ. Նժդեհի 23 հասցեի 1-ին հարկի թիվ 104 դահլիճում կայանալիք դատական նիստի մասին: Ծանուցագիրն ուղարկվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ: Վարդան Բարսեղյանը և Սարգիս Հովհաննիսյանը ծանուցագրերն ստացել են, համապատասխանաբար, 19.08.2012 թվականին և 20.08.2012 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 73, 76-79):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Սույն բողոքի հիմքերի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործարքների անվավերության պահանջների քննության ժամանակ դատարանի կողմից հայցապահանջի շրջանակներում գործի քննությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների պահպանման, ինչպես նաև կողմերի պատշաճ ծանուցված լինելու հարցերին:
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա։ Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում (տե՛ս Լուսինե Մարտոյանն ընդդեմ Առլեն Պետրոսյանի թիվ ԿԴ3/0099/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.10.2010 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տե՛ս Անժելա Ղազարյան և մյուսներն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի և այլոց թիվ 3-1843/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Սերժիկ Մկրտչյանը, խնդրելով անվավեր ճանաչել Պայմանագիրը, որպես պահանջի փաստական հիմք Դատարանում վկայակոչել է «այն կնքելուց հետո Պայմանագիր 1-ի և Պայմանագիր 2-ի առկայության պայմաններում, ինչպես նաև Պայմանագիրն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում գրանցված չլինելու հիմքով այն անվավեր դառնալու» հանգամանքները, իսկ որպես պահանջի իրավական հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 313-րդ հոդվածի 2-րդ կետը:
Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն, որ դատաքննությամբ հայցվոր Սերժիկ Մկրտչյանի կողմից հայտնած այն պատճառաբանությունը, որ իր և պատասխանողների միջև 22.04.2009 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում, հետևաբար այն պետք է ճանաչել անվավեր, չի կարող հայցի բավարարման հիմք հանդիսանալ` նկատի ունենալով, որ պատասխանողները 22.04.2009 թվականին կնքված պայմանագրով հայցվորին են վաճառել ընկերության գույքը, իսկ այլ` 2009 թվականի պայմանագրերով նաև կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասերը, որոնց հիմքերով էլ հայցվոր Սերժիկ Մկրտչյանը ձեռք է բերել ընկերության գույքը, 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը, որն էլ գրանցվել է թե՛ Ընկերության նոր խմբագրությամբ հաստատված 23.06.2009 թվականի կանոնադրությամբ և թե՛ Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 030955 վկայագրով: Դատարանը նշել է նաև, որ ինչ վերաբերում է որպես հայցի իրավական հիմք հայցվորի վկայակոչած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 313-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին, ապա նշված դրույթները հայցը բավարարելու հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածը վերաբերում է գործարքի հասկացությանը, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը վերաբերում են գործարքի անվավերության հետևանքներին, իսկ 313-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը վերաբերում է խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքներին, որը չի համապատասխանում հայցապահանջի բովանդակությանը, և հայցվորի կողմից չի հիմնավորվել գործարքն անվավեր ճանաչելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը:
Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելիս, անդրադառնալով Դատարանի վերոնշյալ դիրքորոշմանը, գտել է, որ Դատարանի այդ դիրքորոշումը գործով կատարված թերի քննության արդյունք է, քանի որ պարզ չէ, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ կողմերը մեկ օրվա տարբերությամբ կնքել են միևնույն անվանումով պայմանագրեր` որպես պայմանագրի առարկա նշելով Ընկերության բաժնեմասերը, սակայն ըստ էության մի դեպքում պայմանագրի առարկա են հանդիսացել Ընկերության բաժնեմասերը, մեկ այլ դեպքում` Ընկերության գույքը: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ նման դիրքորոշման գալու համար Դատարանն առնվազն պետք է նշեր, թե ինչն է խանգարել կողմերին պայմանագրի առարկան հստակ նշելու համար: Իսկ այն փաստարկները, որոնցով Դատարանը հիմնավորել է, որ 22.04.2009 թվականին կնքված պայմանագիրը վերաբերում է Ընկերության գույքի վաճառքին, Վերաքննիչ դատարանը համարել է անբավարար: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով Դատարանը չի կատարել ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ուստի գործի նոր քննության ծավալ է համարում հայցվորի կողմից վիճարկվող պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի դիսպոզիցիայով սահմանված կարգով կնքված լինելու հարցի պարզաբանման ուղղությամբ պատշաճ քննության իրականացումը:
Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը գնահատելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն որոշմամբ առաջադրված իրավական հարցադրմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ գլխի 2-րդ պարագրաֆը կանոնակարգում է գործարքների անվավերությունը:
Օրենսդիրը մի դեպքում նախատեսել է գործարքի անվավերության ընդհանուր հիմք` օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդված), այլ դեպքերում նախանշել է կոնկրետ հիմքեր, որոնք հանգեցնում են գործարքի անվավերության (տես, օրինակ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-315-րդ հոդվածները):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նյութական իրավունքը հստակ նախատեսել է այն հանգամանքները` իրավաբանական փաստերը, որոնք, գործարքի անվավերության պահանջ ներկայացված լինելու դեպքում, կարող են կազմել հայցի փաստական հիմքը և դրանց շրջանակներում դատարանը կարող է որոշել ապացուցման առարկան:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական և իրավական հիմքերի տարբերակիչ հատկանիշները, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի իրավական հիմքը կազմված է այն իրավական նորմերից, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ հայցվորը, բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ կանոնները գործարքների անվավերության նկատմամբ կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ գործարքների անվավերության դեպքում հայցի հիմքի և առարկայի որոշման համար էական նշանակություն ունի ոչ միայն փաստական հանգամանքը, այլև այն իրավական հիմքը, որի հիման վրա հայցվորը ցանկանում է գործարքն անվավեր ճանաչել: Մասնավորապես, եթե հայցվորը փաստական հանգամանքները նշելուց հետո վկայակոչել է նաև այն իրավական հիմքը, որի հիման վրա վերջինիս կարծիքով գործարքն անհրաժեշտ է անվավեր ճանաչել, ապա հայցի հիմքը որոշվում է փաստական հանգամանքների և կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի համադրության հիման վրա:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` Սերժիկ Մկրտչյանը, ներկայացնելով սույն գործի հարուցման հիմք հայցադիմումը, որում որպես իր հայցապահանջի իրավական հիմք վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ կետը, պարտավոր էր հայցադիմումում նշել այդ հոդվածից բխող այն հանգամանքները, որոնց վրա հիմնված է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ կետով ներկայացված հայցապահանջը:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշվածը, այդ թվում նաև այն, որ Սերժիկ Մկրտչյանը Դատարանում չի վկայակոչել Պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ կետից բխող որևէ հիմքով անվավեր ճանաչելու հանգամանք, իսկ Դատարանի կողմից չէր կարող քննություն իրականացվել չվկայակոչված (չնշված) հիմքի շուրջ, Դատարանի 17.04.2012 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու իր 20.09.2012 թվականի որոշման հիմքում դրել է նաև այն, որ Դատարանը հայցը մերժել է, սակայն հայցվորի կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածով սահմանված անվավերության հիմքերի առկայության վերաբերյալ չի իրականացրել պատշաճ քննություն:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորը, հայցի հիմքում դնելով որոշակի հանգամանքներ (փաստական հիմք) և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածը (իրավական հիմք), նախ որևէ կերպ չի հիմնավորել այդ հիմքի առկայությունը, իսկ վերջինիս վկայակոչած հանգամանքները և դրանք հիմնավորող ապացույցները սույն գործով հայցի բավարարման համար նշանակություն չունեն, քանի որ օրենսդիրն այդ հանգամանքների հետ չի կապում գործարքի անվավերություն:
Վերոնշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքի սույն հիմքը:
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ։ Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (տե՛ս Մարիամ Մանուկյանն ընդդեմ Արմեն Առաքելյանի և մյուսների թիվ 08-1442 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը)։
Սարգիս Մկրտչյանը և Վարդան Բարսեղյանը, խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2012 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 17.04.2012 թվականի վճռին, վճռաբեկ բողոքի հիմքում դրել են նաև այն, որ իրենք Վերաքննիչ դատարանի կողմից որևէ ծանուցում չեն ստացել, տեղյակ չեն եղել տվյալ քաղաքացիական գործով դատաքննության անցկացման մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի նշված հիմքն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննել է 07.09.2012 թվականի ժամը 12:20-ին նշանակված դատական նիստում, որի ժամանակի և վայրի մասին Վարդան Բարսեղյանն ու Սարգիս Հովհաննիսյանը ծանուցվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ նրանց ուղարկված դատական ծանուցագրով, որը նրանցից Վարդան Բարսեղյանը ստացել է 19.08.2012 թվականին, իսկ Սարգիս Հովհաննիսյանը` 20.08.2012 թվականին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.04.2012 թվականի վճռին։
2. Սերժիկ Մկրտչյանից հօգուտ Վարդան Բարսեղյանի և Սարգիս Հովհաննիսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես Վարդան Բարսեղյանի և Սարգիս Հովհաննիսյանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |