ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՇԴ2/0013/01/11 |
Գործ թիվ ՇԴ2/0013/01/11 |
|
Նախագահող դատավոր՝ Լ. Թադևոսյան |
Դատավորներ՝ |
Մ. Արղամանյան |
Ա. Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
տուժողի իրավահաջորդ |
Գ. Սահակյանի | |
դատապարտյալ |
Ա. Վարդանյանի |
2013 թվականի ապրիլի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արկադի Արամայիսի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Գայանե Սահակյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2010 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 18139510 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2010 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Արկադի Արամայիսի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
2011 թվականի օգոստոսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով Ա.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 3 (երեք) տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա` Ա.Վարդանյանն ազատվել է հիմնական պատժի կրումից:
Տուժողի իրավահաջորդ Գայանե Սահակյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության` վերջինիս իրավունք վերապահելով վնասի հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:
Տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի մարտի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, քաղաքացիական հայցի մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մարտի 20-ի որոշման դեմ մեղադրողի և դատապարտյալ Ա.Վարդանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքները վերադարձվել են:
3. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, դատապարտյալ Ա.Վարդանյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի բռնագանձվել է 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ` որպես գերեզմանի կառուցապատման և բարեկարգման գումար:
4. Տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի և դատապարտյալ Ա.Վարդանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 7-ի դատավճիռը:
5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
6. Ա.Վարդանյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2010 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, վարելով Գագիկ Փոստոսյանին պատկանող «Վազ 2107» մակնիշի 22 ՍԼ 756 պետհամարանիշի ավտոմեքենան, Գյումրու Երևանյան խճուղով դեպի Գ.Նժդեհի հրապարակ ընթանալիս խախտել է ՃԵԿ-ի 65-րդ և 66-րդ կետերի կանոնները, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի 60 կմ/ժ առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ և իրականացնելով ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում` դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, բախվել «Մերսեդես E 230» մակնիշի WNW 006 պետհամարանիշի ավտոմեքենայի ձախ կողմին, որի հետևանքով «Մերսեդես E 230» մակնիշի ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածում նստած ուղևոր` 1993 թվականի նոյեմբերի 5-ին ծնված անչափահաս Հենրիկ Կիրակոսյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, և վերջինս դեպքի վայրից անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից առանց գիտակցության գալու մահացել է, իսկ «Մերսեդես E 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Այվազ Սուքիասյանը ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 71-72):
7. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 7-ի դատավճռում առկա է հետևյալ ձևակերպումը. «Տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանը որդու գերեզմանի տարածքի բարեկարգման աշխատանքների համար դիմել է «Երանգ» ՍՊ ընկերությանը և վերջինիս կողմից տրվել է նախահաշիվ, որ գերեզմանի աշխատանքները կատարելու համար նախատեսվում է 8.447.21 ՀՀ դրամ: Տուժողի իրավահաջորդն այն ընդունելով որպես ապացույց այդ նախահաշիվը ներակայացրել է դատարան: Բացի այդ, նշել է, որ դեպքից հետո գտնվել է բժիշկների հսկողության տակ, ձեռք է բերել հիպերտոնիկ և նյարդային տարբեր հիվանդություններ, ստացել է ամբուլատոր և ստացիոնար բուժումներ, բուժման համար ծախսել է 1.000.000 ՀՀ դրամ, դարձել է երրորդ կարգի հաշմանդամ: Քաղ. հայց է ներկայացրել ընդհանուր 8.447.21 ՀՀ դրամի չափով: Նախորդ դատական նիստերի ժամանակ չի պահանջել և այժմ էլ չի պահանջում որդու թաղման և մյուս արարողություններում ծախսված գումարները: Պահանջում է միայն գերեզմանի կառուցապատման համար ծախսվելիք գումարն ըստ նախահաշվի և իր բուժման համար ծախսված 1.000.000 ՀՀ դրամը, որը կազմում է ընդհանուր 8.447.21 ՀՀ դրամ:
Դատապարտյալ Արկադի Արամայիսի Վարդանյանը ներկայացված քաղ. հայցը ընդունել է մասնակի` 1.000.000 ՀՀ դրամից 1.500.000 ՀՀ դրամի չափով:
Քննության առնելով քրեական գործով քաղ. հայցը, լսելով տուժողի իրավահաջորդ Գայանե Սահակյանին, դատապարտյալ Արկադի Վարդանյանին, նրա շահերի պաշտպան Մ.Մուրադյանին և մեղադրողի կարծիքը հայցը հիմնավորող ապացույցների պարագայում այն բավարարելու մասին, հաշվի առնելով նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները դատարանը գտնում է, որ քաղ. հայցը ենթակա է բավարարման մասնակի` 3.000.000 /երեք միլիոն/ ՀՀ դրամի չափով:
Տուժողի իրավահաջորդ Գայանե Սահակյանի կողմից պատվիրված գերեզմանի տարածքի բարեկարգման աշխատանքների համար «Երանգ» ՍՊ ընկերության տրված նախահաշիվը չի կարող հիմք հանդիսանալ քաղ. հայցն ամբողջությամբ բավարարելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 64-65):
8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, տուժողի իրավահաջորդ Գայանե Սահակյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը մասնակի բավարարելով, հանգել է հիմնավոր հետևության:
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանում դատապարտյալ Ա.Վարդանյանը, մասնակի` 3.000.000 ՀՀ դրամի չափով, ընդունեց տուժողի իրավահաջորդի հայցապահանջը, ինչը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, ex jure (իրավունքի ուժով), հիմք է քաղաքացիական հայցն այդ չափով բավարարելու առումով:
Վերաքննիչ դատարանը ևս գտնում է, որ տուժողի իրավահաջորդի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացրած` որդու գերեզմանի տարածքի բարեկարգման աշխատանքների համար «Երանգ» ՍՊ ընկերության կազմած նախահաշիվը չի կարող հիմք հանդիսանալ քաղաքացիական հայցն ամբողջությամբ բավարարելու համար (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 105-106):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները քննության չեն առել քրեական գործում առկա մի շարք ապացույցներ, այն է՝ «Երանգ» ՍՊԸ-ի կողմից տրված նախահաշիվը, որի համաձայն` իր որդու գերեզմանի վրա կատարվող աշխատանքների գումարը կազմում է 7.447.210 ՀՀ դրամ, և իր հիվանդանոցային բուժման, դեղորայքների ձեռքբերման, հաշմանդամության փաստը հավաստող փաստաթղթերը: Արդյունքում, Ա.Վարդանյանը համաներման ակտի հիման վրա ազատվել է նշանակված պատժից` առանց իրեն պատճառված վնասը հատուցելու:
Բողոքաբերը նշել է նաև, որ «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի սեփականատիրոջ` Գագիկ Փոստոսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք վերապահելու իր խնդրանքը Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով մերժել է:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը և իր քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ, Ա.Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը, ինչպես նաև իրավունք վերապահել Գ.Փոստոսյանի դեմ քաղաքացիական հայց հարուցել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցի քննության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:
2. Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:
2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության»:
Քաղաքացիական հայցի հիմքին և առարկային վերաբերող վերոշարադրյալ քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Մկրտչյանի և Ա.Ստեփանյանի գործերով կայացված որոշումներում:
Մասնավորապես, Ա.Մկրտչյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկան է կազմում հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասը, որի հատուցման մասին պահանջը հայցվորը ներկայացնում է մեղադրյալին կամ նրա գործողությունների համար պատասխանատվություն կրող անձին: Քաղաքացիական հայցի առարկայի որոշման համար անհրաժեշտ է, որպեսզի վնասն անմիջականորեն հանցագործությամբ պատճառված լինի: (…)» (տե՛ս Ավետիս Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-150/07 որոշումը):
Ա.Ստեփանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) քրեական դատավարությունում մեղադրյալի կամ մեղադրյալի գործողությունների համար պատասխանատվություն կրող անձի դեմ քաղաքացիական հայց կարող է ներկայացվել և, համապատասխանաբար, դատարանում քննության առարկա լինել բացառապես հանցագործությամբ պատճառված և քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի առկայության պարագայում: Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության հիմքում ընկած է միասնական իրավաբանական փաստը` հանցագործությունը, որի կատարման համար անձը ենթարկվում է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիաիրավական պատասխանատվության այն դեպքերում, երբ առկա է հանցագործությամբ պատճառված գույքային վնաս (…):
(…) դատարանը, ապացուցված համարելով հանցագործության մեջ մեղադրվող անձի մեղքը, ինչպես նաև հանցավոր արարքի և հասցված վնասի միջև պատճառական կապը, լուծում է նաև քաղաքացիական հայցը` գնահատելով ներկայացված հայցադիմումի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքը» (տե՛ս Ալվարդ Չուբարի Ստեփանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0327/01/10 որոշման 21-րդ կետը):
14. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և համապատասխանաբար Ա.Մկրտչյանի, Ա.Ստեփանյանի գործերով կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի լուծման համար պարտադիր է հանցագործության և հատուցման ենթակա վնասի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչպես նաև քաղաքացիական հայցի հիմքի և առարկայի՝ պատշաճ կերպով հիմնավորված լինելը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քաղաքացիական հայցի հիմքը հայց հարուցելու իրավունք առաջացնող փաստերի ամբողջությունն է, իսկ հայցի առարկան` այդ փաստերի վրա հիմնված պահանջը: Ընդ որում, քաղաքացիական հայցի հիմքը կազմող փաստերը պետք է հիմնավորեն վնասի առկայությունն ու այն հանցագործությամբ պատճառված լինելու հանգամանքը: Հետևաբար, քրեական դատավարությունում հայց հարուցելու իրավունքն առկա է այն դեպքում, երբ վնասն անմիջականորեն պատճառվել է հանցագործությամբ:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի հիմքը կազմող փաստերն են`
ա) հակաիրավական արարքը` հանցագործությունը, վնաս հասցնելու փաստը և դրանց միջև առկա անմիջական պատճառահետևանքային կապը.
բ) հատուցման ենթակա գույքային վնասը հայցվորին պատճառված լինելու հանգամանքը.
գ) մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի կողմից վնասի հատուցման պարտականությունը կամովին չկատարելու հանգամանքը:
Քաղաքացիական հայցի առարկան, ինչպես արդեն նշվեց, կազմում է հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասը: Քաղաքացիական հայցի առարկա չի կարող հանդիսանալ և հետևաբար, քրեական դատավարության շրջանակներում հատուցման ենթակա չէ այն վնասը, որը թեև այս կամ այն կերպ պայմանավորված է կատարված իրավախախտմամբ, սակայն չի առաջացել հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային և ֆիզիկական վնասի հետևանքով:
15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության շրջանակներում ենթակա են հատուցման`
ա) քրեական օրենքով արգելված արարքով անմիջականորեն պատճառված գույքային վնասը,
բ) վնասված կամ ոչնչացված (կորսված) գույքը վերականգնելու, գնելու ծախսերը,
գ) տուժողի բուժման կամ հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերը (mutatis mutandis տե՛ս Ավետիս Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-150/07 որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա են միայն վերոնշյալ վնասները, իսկ հանցագործության հետևանքով պատճառված այլ վնասների հատուցման վերաբերյալ պահանջները չեն կարող քննության առնվել քրեական գործի հետ համատեղ և պետք է թողնվեն առանց քննության, ինչը շահագրգիռ անձին հնարավորություն կտա իր գույքային պահանջները ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մաս):
16. Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ Ա.Վարդանյանը, վարելով Գ.Փոստոսյանին պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, գերազանցել է թույլատրելի առավելագույն արագությունը, ընդհարվել է «Մերսեդես E 230» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Մերսեդես E 230» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, անչափահաս Հ.Կիրակոսյանը մահացել է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանը 8.447.210 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց է ներկայացրել, որից 7.447.210 ՀՀ դրամը որդու գերեզմանի կառուցապատման, իսկ 1.000.000 ՀՀ դրամը՝ դեպքից հետո իր մոտ առաջացած առողջական խնդիրները վերականգնելուն ուղղված ծախսերի գումար: Առաջին ատյանի դատարանի դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, դատապարտյալ Ա.Վարդանյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի բռնագանձվել է 3.000.000 ՀՀ դրամ` որպես գերեզմանի կառուցապատման և բարեկարգման գումար (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանն այն թողել է օրինական ուժի մեջ՝ փաստարկելով, որ քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու մասին դատարանի հետևությունները հիմնավորված են (տե՛ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը):
Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է քաղաքացիական հայցն այն մասով, որը ենթակա չէր բավարարման և դուրս է քրեական դատավարության կարգով քննվող քաղաքացիական հայցի առարկայի սահմաններից:
17. Սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով 16-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ա.Վարդանյանին տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի կողմից ներկայացված գույքային այն պահանջը, որը կապված է տուժողի իրավահաջորդի բուժման նպատակով կատարված ծախսերի հետ, քրեական դատավարությունում քննվող քաղաքացիական հայցի առարկայի սահմաններից դուրս է: Այլ կերպ՝ տուժողի իրավահաջորդի բուժման նպատակով կատարված ծախսերը չեն հանդիսանում Ա.Վարդանյանի կողմից կատարված հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնաս, ուստի դրանց հատուցման հետ կապված հարցերը ենթակա են լուծման ոչ թե քրեական դատավարության, այլ քաղաքացիական դատավարության կարգով հարուցված քաղաքացիական հայցի շրջանակներում:
Ինչ վերաբերում է հայցապահանջի այն մասին, որը կապված է գերեզմանի կառուցապատման ծախսերի հետ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցին անդրադարձել է Ա.Մկրտչյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) գերեզմանի կառուցապատման և գերեզմանաքարի տեղադրման հետ կապված ծախսեր[ը] (...) հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնաս չեն, դուրս են 2006 թվականի փետրվարի 27-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածով սահմանված հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերից: Այդպիսի հայցերը ներկայացվում, ապահովվում, ապացուցվում, քննվում և լուծվում են ընդհանուր հիմունքներով՝ քաղաքացիական դատավարության կարգով: (...)» (տե՛ս Ավետիս Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-150/07 որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի իրավահաջորդի բուժման, ինչպես նաև տուժողի գերեզմանի կառուցապատման ծախսերը քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասներ չեն, հետևաբար, տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի քաղաքացիական հայցը դատարանի որոշմամբ պետք է թողնվեր առանց քննության:
Մինչդեռ, ինչպես արդեն նշվել է սույն որոշման 16-րդ կետում քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:
18. Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի իրավահաջորդ Գ.Սահակյանի քաղաքացիական հայցը կարող է հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով, ինչը հնարավորություն կտա քննարկման առարկա դարձնել վերջինիս ներկայացրած այն ապացույցները, որոնք չեն կարող հետազոտվել և գնահատվել քրեական դատավարության շրջանակներում, ինչպես նաև գույքային պահանջ ներկայացնել այլ ենթադրյալ պատասխանողների նկատմամբ:
19. Անդրադառնալով բողոքաբերի այն խնդրանքին, որը կապված է մինչև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելն Ա.Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունն անփոփոխ թողնելուն և Գ.Փոստոսյանի դեմ քաղաքացիական հայց հարուցելու իրավունք վերապահելուն (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հարցերը Վճռաբեկ դատարանի իրավասությունից դուրս են, և դրանց անդրադառնալու դեպքում կխախտվեն Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեադատավարական օրենսգրքով երաշխավորված՝ օրինականության սկզբունքի խախտման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Արկադի Արամայիսի Վարդանյանի գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 7-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 3-ի դատական ակտերը բեկանել և տուժողի իրավահաջորդ Գայանե Սահակյանի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |