ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2011 թվականի N 46-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կկորցնի 01.09.2017 թվականին 16.02.17 N 141-Ն որոշման 3-րդ կետի համաձայն)
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության իրականացման և ֆինանսական կառավարման ռացիոնալացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման փորձնական կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 2 |
Հավելված |
Փ Ո Ր Ձ Ն Ա Կ Ա Ն Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հիմնական հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով «Հանրակրթական ուսուցում» ծրագրի համապատասխան մակարդակներով մարզի գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման համաձայն` միաժամանակ հատկացնելով լրացուցիչ միջոցներ հետևյալ հաշվարկով`
Լմ=(Հթ*Մա) *Աթ. որտեղ`
Լմ-ն լրացուցիչ միջոցներ են,
Հթ*-հատուկ մանկավարժների (ուսուցչի օգնականների) թիվն է,
Մա**- հատուկ մանկավարժների (ուսուցչի օգնականների) միջին ամսական աշխատավարձը,
Աթ.- հաշվարկվող ժամանակաշրջանի ամիսների թիվը:
1)* հատուկ մանկավարժների թիվը որոշվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների միջին տարեկան թվից, իսկ ուսուցչի օգնականների թիվը` դպրոցի սովորողների միջին տարեկան թվի (առանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների) 10 տոկոսի հաշվարկից, այսինքն, 15 երեխայի համար 1 հատուկ մանկավարժի (ուսուցչի օգնականի) դրույք, ընդ որում, դպրոցում երեխաների թիվը 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 դրույք, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 դրույք.
2)** հատուկ մանկավարժների միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է տվյալ դպրոցի մանկավարժական հաստիքների միջին ամսական աշխատավարձի չափով` առանց լրացուցիչ վարձատրությունների: Իսկ ուսուցչի օգնականի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է հատուկ մանկավարժների միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով:
(3-րդ կետը փոփ. 25.04.13 N 416-Ն)
(հավելվածը փոփ. 25.04.13 N 416-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |