ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
«01» սեպտեմբերի 2022 թ. N 33-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշման հավելվածի ժամանակացույցի 2.3.3-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ
1. Հաստատել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Վ. Դումանյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ն. Մկրտչյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 01-ի N 33-Ն հրամանի |
Հավելված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 02-ի N 115-Ն հրամանի |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության (այսուհետ՝ Մրցանակաբաշխություն) կազմակերպման և անցկացման կարգը։
2. Կանոնակարգը մշակվել է համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշման 2.3.3 կետի:
3. Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
4. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությունն անց է կացվում համաձայն սույն կանոնակարգի:
5. Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
1) Հեռուստա/ռադիո արտադրանք,
2) Տպագիր և էլեկտրոնային նյութեր:
2. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
6. Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպությունը ընտրվում է՝ մրցույթային կարգով:
7. Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպության անդամը կամ աշխատողը չի կարող լինել Մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքները գնահատող հանձնաժողովի (այսուհետ՝ Գնահատող հանձնաժողով) անդամ:
8. Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպությունը պարտավոր է՝
1) Մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը հանդես գալ հայտարարությամբ և այն տարածել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող www.antitrafficking.am կայքէջում, սոցիալական ցանցերում և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբում: Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
ա. Մրցանակաբաշխության անցկացման նպատակը,
բ. Մրցանակաբաշխության անվանակարգերը,
գ. դիմելու վերջնաժամկետը։
2) իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմաներով հրապարակված նյութերի ամենամյա մշտադիտարկում և արդյունքների ներկայացում Գնահատող հանձնաժողովին մինչև մրցանակաբաշխության անցկացումը,
3) նվազագույնը կիսամյակը մեկ անգամ մեդիա ոլորտում հանդես գալ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման թեմայով նյութեր պատրաստելու խրախուսական կոչերով՝ նպատակ ունենալով մեծացնել թեմատիկ անդրադարձը՝ որպես հարթակ օգտագործելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջը և սոցիալական ցանցերը,
4) Մրցանակաբաշխությանը ներկայացված և Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված հայտերը, զետեղել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում,
5) Գնահատող հանձնաժողովի անդամներին տրամադրել Մրցանակաբաշխությանը ներկայացված հայտերը և համատեղ քննարկումների անցկացման համար ապահովել անհրաժեշտ պայմաններ,
6) Գնահատող հանձնաժողովի անդամներին Մրցանակաբաշխությանը ներկայացված բոլոր հայտերը տրամադրելուց հետո՝ սահմանել ողջամիտ ժամկետ հայտերին ծանոթանալու, գնահատելու և գրավոր հիմնավորումներ ներկայացնելու համար,
7) Գնահատող հանձնաժողովի անդամների անհատական, նախնական գնահատումից հետո կազմակերպել Գնահատող հանձնաժողովի անդամների հանդիպում-քննարկում՝ հաղթող հայտերի վերջնական ընտրման համար,
8) Հաղթող հայտերի ընտրությունից, մրցանակների և հաղթող մասնակիցների զբաղեցրած տեղերը որոշելուց հետո կազմել արձանագրություն գնահատող հանձնաժողովի անդամների ստորագրությամբ: Արձանագրության մեջ պետք է նշել՝
ա. Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացրած հայտերի ցուցակ
բ. հաղթող դիմորդների և հայտերի ցուցակը
գ. անվանակարգերը և մրցանակների չափերը
դ. հատուկ մրցանակները և խրախուսանքները, եթե այդպիսիք կան
ե. մրցանակաբաշխության հովանավորների մասին տեղեկություն
զ. առկայության դեպքում՝ այլ հնարավոր որոշումներ, տեղեկություններ, հատուկ կարծիքներ։
9) Հաղթողների և հաղթած հայտերի մասին պատրաստել հատուկ ներկայացում՝ Մրցանակաբաշխության օրը մասնակիցներին ներկայացնելու համար,
10) Մրցանակաբաշխության օրը հրավիրել մամլո ասուլիս և տարածել մամլո հաղորդագրություն,
11) Մրցանակաբաշխությունից հետո մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող կայքէջում և սոցիալական ցանցերում զետեղել Գնահատող հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված ընդհանրական մեկնաբանություններ տվյալ տարվա նյութերի վերաբերյալ՝ առաջիկայում ավելի որակով նյութեր պատրաստելու նպատակով:
12) Արձանագրությունը հանդիսանում է Մրցանակաբաշխության արդյունքները հավաստող փաստաթուղթ և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջերում, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելումը լուսաբանող www.antitrafficking.am կայքէջում, մրցույթի արդյունքների հետ միասին։
3. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի ինչպես անհատ ներկայացուցիչներ, այնպես էլ կազմակերպություններ։
10. Մրցանակաբաշխության մասնակիցները կարող են առաջադրվել ինչպես ինքնաառաջադրմամբ, այնպես էլ Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպության առաջարկով (նախօրոք նյութի հեղինակի հետ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով համաձայնեցնելով)։
11. Նյութերը պարտադիր պետք է պարունակեն՝
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն (հանդուրժողականության կարևորում, կարծրատիպերի և պիտակավորման մերժում և այլն), կանխարգելիչ համատեքստ,
2) լրագրողական վարքականոնի պահպանումը, նյութում առկա տեղեկատվության հավաստիությունը,
3) հրապարակված նյութերի տեղն ու ժամանակահատվածը:
12. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման բաղադրիչ, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման և կարծիքի ձևավորման գործոն չպարունակող հայտերը չեն քննարկվում և Մրցանակաբաշխությանը չեն մասնակցում:
4. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13. Գնահատող հանձնաժողովի անդամների թեկնածություններն առաջադրվում են Մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպության կողմից՝ մեդիա ոլորտի, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդում ընդգրկված պետական կառույցների և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբում (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով զբաղվող անկախ փորձագետներից և հաստատվում են՝ Աշխատանքային խմբի ղեկավարի կողմից։
14. Գնահատող հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անդամից, որոնցից 3-ը՝ մեդիա ոլորտից, 2-ը՝ պետական կառույցներից, 1-ը՝ աշխատանքային խմբում ներգրավված ՀԿ-ների ներկայացուցիչներից, 1-ը՝ աշխատանքային խմբում ներգրավված անկախ փորձագետներից:
15. Գնահատող հանձնաժողովի պարտականություններն են՝
1) գնահատել ներկայացված աշխատանքներն ըստ սույն կարգի 4-րդ կետով ներկայացրած կարգի,
2) որոշել հաղթողներին,
3) նյութը տեղափոխել մի անվանակարգից մյուսը, եթե հեղինակը հայտը ներկայացնելիս սխալ է թույլ տվել, կամ հանձնաժողովը համարում է, որ այդ փոփոխությունը կարող է ներկայացված աշխատանքի օգտին լինել,
4) իր հայեցողությամբ հատուկ մրցանակներով խրախուսել մրցույթին ներկայացված առանձին հայտեր,
5) կազմակերպել Մրցանակաբաշխությանը ներկայացված հայտերի քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ:
16. Գնահատող հանձնաժողովի անդամները կարող են հարցազրույցներ տալ և վերլուծություններ պատրաստել Մրցանակաբաշխության նպատակի, արդյունքների, հաղթողների, աշխատանքների ընդհանուր որակի մասին՝ հանդես գալով Գնահատող հանձնաժողովի անունից:
17. Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ Մրցանակաբաշխության ներկայացված յուրաքանչյուր հայտին տալիս է գնահատական սույն Կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված գնահատման կարգին համապատասխան և յուրաքանչյուր հայտի համար տալիս գրավոր կարծիք/հիմնավորում:
18. Գնահատող հանձնաժողովի անդամը գնահատման ժամանակ չի գնահատում այն հայտը, որը ներկայացված է այն կազմակերպության կամ տվյալ կազմակերպությունում աշխատող հայտատուի կողմից, որտեղ աշխատում է Գնահատող հանձնաժողովի անդամը։
19. Գնահատող հանձնաժողովի անդամն իրավունք ունի հանդես գալ առանձին կարծիքով։
5. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՉԱՓ
20. Մրցանակաբաշխությանը ներկայացված նյութերը գնահատվում են Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից՝ 0-ից 10 միավորների միջակայքում:
21. Մրցանակային տեղերի բաշխումն ըստ միավորների քանակի՝
1) Առաջին տեղ՝ 61-70 միավոր,
2) Երկրորդ տեղ՝ 51-60 միավոր,
3) Երրորդ տեղ՝ 41-50 միավոր:
22. Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվում են դրամական խրախուսմամբ՝
1) I տեղի համար՝ 300.0 (երեք հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
2) II տեղի համար՝ 250.0 (երկու հարյուր հիսուն հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),
3) III տեղի համար՝ 200.0 (երկու հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):
6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ
23. Մրցույթի անցկացման վերաբերյալ վեճերը (բողոքները, տարաձայնությունները) լուծվում են դատական կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2022 թվական: