ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1201-Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 302-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի նպատակը հավատարմագրման գործընթացը կազմակերպելն ու իրականացնելն է:
2. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՀԱՄ)՝ ներառյալ հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), հավատարմագրման տեխնիկական կոմիտեները (այսուհետ` կոմիտե), բողոքարկման հանձնաժողովը, փորձագետները, գնահատողները (ներառյալ օտարերկրյա փորձագետներ և գնահատողներ) և համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ)։
3. Հավատարմագրման գործընթացը և հավատարմագրման գործընթացի մասնակիցների հարաբերությունները կարգավորվում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք), սույն կարգի, ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ին հավատարմագրում է ՀԱՄ-ը:
5. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ ՀԳՄ-ները`
1) փորձարկման լաբորատորիաները.
2) տրամաչափարկման (կալիբրավորման) լաբորատորիաները.
3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինները.
4) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.
5) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.
6) տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինները.
7) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:
6. ՀԱՄ-ն ունի պաշտոնական ինտերնետային կայք, որտեղ տեղադրվում է հավատարմագրման գործընթացի հետ կապված պարբերաբար արդիականացվող ամբողջական տեղեկատվություն` օրենքի պահանջին և ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան:
II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
7. Հավատարմագրման չափանիշներն են օրենքով, ազգային` ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025, միջազգային` ԻՍՕ/ԻԷԿ 65, ԻՍՕ/ԻԷԿ 17020, ԻՍՕ/ԻԷԿ 17011, տարածաշրջանային և այլ ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջները:
III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. Հավատարմագրման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`
1) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նպատակով հայտի ներկայացում և գրանցում, մինչհավատարմագրման պայմանագրի կնքում.
2) հայտի և դրան կից փաստաթղթերի փորձաքննություն.
3) ՀԳՄ-ի՝ ըստ գտնվելու վայրի գնահատում.
4) խորհրդի կողմից հավատարմագրման մասին որոշման ընդունում, հավատարմագրման վկայագրի գրանցում, հավատարմագրման պայմանագրի կնքում և հավատարմագրման վկայագրի տրամադրում:
9. ՀԳՄ-ն հավատարմագրման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո կարող է 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմել բողոքարկման հանձնաժողով` ՀԱՄ-ի կողմից ընդունված որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջով: Բողոքարկման կարգը սահմանում է խորհուրդը:
10. Հավատարմագրման հավակնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը յուրաքանչյուր ՀԳՄ-ի համար ՀԱՄ-ն է ներկայացնում առանձին հայտ:
11. Հավատարմագրման գործընթացի նկարագրությունը և հավատարմագրման գործընթացին առնչվող փաստաթղթերի ցանկը տեղադրված է ՀԱՄ-ի պաշտոնական կայքում:
12. ՀԳՄ-ն հավատարմագրման համար ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով հայտ` հետևյալ փաստաթղթերով, որոնք ներառում են՝
1) ՀԳՄ-ի ընդհանուր բնութագիրը` ներառյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, կազմակերպաիրավական ձևը, մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվություն.
2) ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն` գործունեության ոլորտը, գտնվելու վայրը.
3) հավատարմագրման ոլորտը.
4) ՀԳՄ-ի համաձայնությունը հավատարմագրման պահանջների և ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ.
5) ՀԳՄ-ի կողմից մատուցվող համապատասխանության գնահատման ծառայությունների նկարագիրը, ինչպես նաև ստանդարտների, մեթոդների և ընթացակարգերի ցանկը.
6) ՀԳՄ-ի որակի ձեռնարկի պատճենը (թղթային և էլեկտրոնային), ինչպես նաև համապատասխան փաստաթղթեր և գրառումներ, օրինակ, որակավորման ստուգումներին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվություն, եթե դա կիրառելի է:
13. Հայտի և դրան կից փաստաթղթերի, փաստաթղթերի փորձաքննության եզրակացության, ըստ գտնվելու վայրի գնահատման հաշվետվության ձևերը սահմանում է ՀԱՄ-ը:
14. ՀԱՄ-ը մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի լրակազմի նախնական ուսումնասիրություն և համապատասխանության դեպքում ՀԳՄ-ին տրամադրում է հայտը գրանցելու վերաբերյալ գրություն: Ընդունված հայտը գրանցվում է ՀԱՄ-ի հավատարմագրման հայտերի գրանցամատյանում:
15. Հավատարմագրման հայտը գրանցելուց հետո ՀԱՄ-ի և ՀԳՄ-ի միջև կնքվում է (ՀԱՄ-ի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան) մինչհավատարմագրման պայմանագիր: Հավատարմագրման գործընթացն սկսվում է վճարումը հավաստող փաստաթուղթը ՀԱՄ ներկայացնելուց հետո: Պայմանագրով սահմանված ժամկետում վճարում չկատարելը հիմք է ՀԳՄ-ի հավատարմագրումը մերժելու համար:
16. Փաստաթղթերը սահմանված ձևանմուշներին չհամապատասխանելու կամ ոչ ամբողջական լրակազմ ներկայացնելու դեպքում հայտի գրանցումը մերժվում է և ՀԱՄ-ը փաստաթղթերի թղթային օրինակը վերադարձնում է ՀԳՄ-ին` նշելով վերադարձման հիմքերը:
17. ՀԱՄ-ի ղեկավարը ՀԱՄ-ի հավատարմագրման հայտերի գրանցամատյանում գրանցմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է գնահատման խումբ` խորհրդի կողմից հաստատված հավատարմագրման գործընթացում ընդգրկված փորձագետների (ներառյալ օտարերկրյա փորձագետներ և գնահատողներ) ցանկից:
18. Գնահատման խմբում օտարերկրյա մասնագետներ ընդգրկելու անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է փոփոխվել, բայց ոչ ավելի, քան՝ 20 օր:
19. Գնահատման խմբի անդամներն ստորագրում են անկողմնակալության և գաղտնիության վերաբերյալ հայտարարագիր:
20. ՀԱՄ-ի ղեկավարը գնահատման խմբի կազմում ընդգրկված անդամների մասին տեղեկատվությունը պետք է իրազեկի ՀԳՄ-ին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՀԳՄ-ն կարողանա առարկել կոնկրետ գնահատողի կամ փորձագետի նշանակման համար: ՀԱՄ-ը նման իրավիճակներում պետք է ունենա իր քաղաքականությունը:
21. Գնահատման խմբում ընդգրկված գնահատողների և փորձագետների թիվը սահմանվում է` ելնելով հավատարմագրման ոլորտի բարդությունից և ծավալից:
22. ՀԱՄ-ը, ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում, մինչև համապատասխանության գնահատումը կարող է իրականացնել նախնական այց: Նախնական այցն իրականացվում է ՀԳՄ-ի համաձայնությամբ: Համապատասխանության գնահատման խումբը նախնական այցի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում է ՀԱՄ-ին հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Նախնական այցի արդյունքում ՀԳՄ-ի հավատարմագրման չափանիշներին համապատասխանելու դեպքում հավատարմագրման գործընթացը շարունակվում է, սկսվում է ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործընթացը: ՀԳՄ-ի նախնական այցի բացասական արդյունքները կարող են հիմք հանդիսանալ ՀԳՄ-ի հավատարմագրման գործընթացի դադարեցման համար: ՀԱՄ-ը պետք է սահմանի հստակ կանոններ և ցուցաբերի անհրաժեշտ զգուշություն, որպեսզի այդ գործունեության ժամանակ խորհրդատվություն չտրամադրի:
23. Փաստաթղթերի փորձաքննության 30 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ՀԳՄ-ին տրամադրվում է փորձաքննության եզրակացությունը` սահմանելով 30-օրյա ժամկետ` դրանց վերացման համար (ՀԳՄ-ի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2 ամիս): ՀԱՄ-ի սահմանած ժամկետում ՀԳՄ-ի կողմից փաստաթղթերի լրամշակված տարբերակ չներկայացնելը հիմք է հավատարմագրումը մերժելու համար:
24. ՀԳՄ-ի կողմից լրամշակված փաստաթղթեր ներկայացնելուց հետո գնահատման խումբը 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց լրացուցիչ փորձաքննություն:
25. Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննության բացասական եզրակացության դեպքում ՀԱՄ-ի կողմից կասեցվում է ՀԳՄ-ի գնահատման գործընթացը մինչև խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումը, ինչի վերաբերյալ ՀԳՄ-ն գրավոր տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
26. Դրական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատման խմբի կողմից կազմվում է գնահատման ծրագիր:
27. ՀԱՄ-ի ղեկավարը հաստատում է գնահատման ծրագիրը և նախապես այն համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ: Վերջինս իր համաձայնությունը ծրագրի վերաբերյալ գրավոր ներկայացնում է ՀԱՄ-ին:
28. ՀԳՄ-ի գրավոր համաձայնությունն ստանալուց անմիջապես հետո ՀԱՄ-ի ղեկավարը կազմակերպում է ՀԳՄ-ի գնահատում` ըստ գտնվելու վայրի և ՀԳՄ-ի գտնվելու վայրում, գնահատման օրվանից 25 աշխատանքային օր հետո գնահատման խումբը ՀԱՄ-ին և ՀԳՄ-ին ներկայացնում է գնահատման վերաբերյալ հաշվետվություն:
29. Գնահատման խմբի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում ՀԳՄ-ն 10 աշխատանքային օրվա ընթացքում մշակում և ՀԱՄ-ին է ներկայացնում ուղղիչ գործողությունների ծրագիր:
30. Անհամապատասխանությունների վերացման համար ՀԳՄ-ին տրամադրվում է մինչև 3 ամիս ժամկետ: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը հիմք է ՀԱՄ-ի կողմից հավատարմագրումը մերժելու համար:
31. Անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ սահմանված ժամկետում տեղեկատվություն ստանալուց հետո ՀԱՄ-ը այն տրամադրում է գնահատման խմբին: Գնահատման խումբը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լրացուցիչ գնահատում` անհրաժեշտության դեպքում ժամկետները համաձայնեցնելով ՀԳՄ-ի հետ:
32. ՀԱՄ-ի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է կոմիտե: Կոմիտեում օտարերկրյա մասնագետներ ընդգրկելու դեպքում ժամկետն ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել: Կոմիտեի կազմում չի կարող նշանակվել տվյալ ՀԳՄ-ի գնահատման խմբում ընդգրկված գնահատողը և (կամ) փորձագետը:
33. Կոմիտեն, 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման արդյունքները (հավատարմագրման հայտի, կից փաստաթղթերի փորձաքննության եզրակացություններ, ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի գնահատման հաշվետվություններ, զեկույցներ), արձանագրում հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ իր առաջարկությունը և ներկայացնում է ՀԱՄ-ի ղեկավարին ու խորհրդին:
34. Կոմիտեի առաջարկությունն ստանալուց հետո ՀԱՄ-ը 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է խորհրդի նիստ:
35. Խորհրդի նիստի ընթացքում, հիմք ընդունելով կոմիտեի արձանագրությունը, ընդունվում է ՀԳՄ-ի հավատարմագրման մասին համապատասխան որոշում:
36. Հավատարմագրման մասին դրական որոշման ընդունման դեպքում ՀԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում`
1) գրանցում է ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագիրը հավատարմագրված ՀԳՄ-ների հավատարմագրման գրանցամատյանում և կնքում հավատարմագրման պայմանագիր: ՀԳՄ-ն հավատարմագրված է համարվում հավատարմագրման գրանցամատյանում գրանցման պահից.
2) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման վկայագիր, որով հավաստվում է ՀԳՄ-ի հավատարմագրման ոլորտի շրջանակներում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու իրավասությունը: Հավատարմագրման վկայագրի պատճենը պահվում է ՀԱՄ-ում: Հավատարմագրման ոլորտն ամրագրվում է հավատարմագրման վկայագրի հավելվածում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է.
3) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման նշան, որի կիրառման կարգը սահմանում է խորհուրդը:
37. Մերժման դեպքում ՀԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՄ-ին գրավոր տեղեկացնում է հավատարմագրման մերժման որոշման վերաբերյալ` նշելով մերժման հիմքերը:
38. ՀԳՄ-ն կրկին կարող է դիմել հավատարմագրման միայն մերժման հիմքերը վերացնելուց հետո:
39. Սույն կարգին համապատասխան առաջին անգամ հավատարմագրվելու դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետը սահմանվում է երեք տարի, իսկ հետագա հավատարմագրման դեպքում` 5 տարի:
40. Հետագա հավատարմագրման դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է հավատարմագրման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան՝ 8 ամիս առաջ, հակառակ դեպքում` ժամկետի փոփոխությունը հիմք է հավատարմագրումը որպես առաջին հավատարմագրում դիտարկելու համար:
IV. ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
41. ՀԱՄ-ը, հիմք ընդունելով ՀԳՄ-ի հետ կնքված հավատարմագրման պայմանագիրը, ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետի ընթացքում իրականացնում է պարբերական գնահատում և վերագնահատում:
42. Վերագնահատումն իրականացվում է սույն կարգի 17-37-րդ կետերին համապատասխան և այս դեպքում հաշվի են առնվում նախորդ գնահատումներից ձեռք բերված արդյունքները:
43. ՀԳՄ-ի պարբերական գնահատումն ավելի պարզեցված ընթացակարգ ունի, քան վերագնահատումը և իրականացվում է հավատարմագրման վկայագրի վավերականության ամբողջ ընթացքում:
44. ՀԱՄ-ը, ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում, պարբերական գնահատումն իրականացնում է հավատարմագրումից ոչ ուշ, քան՝ 12 ամիս հետո, իսկ հետագա հավատարմագրման դեպքում` ոչ ուշ, քան՝ 24 ամիս հետո:
45. ՀԱՄ-ը, տեղեկացնելով ՀԳՄ-ներին, կարող է իրականացնել արտահերթ գնահատումներ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից և ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններից ստացված գանգատների (բողոքների), ահազանգերի և հավատարմագրման պայմանների փոփոխությունների առկայության դեպքերում (դեպքերն ամրագրված են հավատարմագրման պայմանագրում):
46. ՀԱՄ-ը, ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի, պարբերական գնահատումը (այդ թվում՝ արտահերթ գնահատման շրջանակում) իրականացնում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
47. Պարբերական գնահատման, վերագնահատման, այդ թվում` արտահերթ գնահատման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում ՀԱՄ-ը սահմանում է ուղղիչ գործողությունների իրականացման ստույգ ժամկետներ:
48. ՀԱՄ-ը, խորհրդի որոշմամբ, հիմնվելով վերագնահատման արդյունքների կամ վերագնահատման և պարբերական գնահատումների արդյունքների համակցության վրա և ելնելով արտահերթ գնահատման արդյունքներից, հաստատում է հավատարմագրման շարունակականության պահպանումը կամ ընդունում է որոշում հավատարմագրումը կասեցնելու, դադարեցնելու, վերականգնելու, հավատարմագրումը կրճատելու, հավատարմագրման նոր գործընթաց սկսելու մասին:
49. Հիմնվելով վերագնահատման արդյունքների վրա ՀԱՄ-ը, խորհրդի որոշմամբ, կարող է ՀԳՄ-ին նոր հավատարմագրման վկայագիր տրամադրել:
V. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
50. Հավատարմագրումը կարող է ընդլայնվել ՀԳՄ-ի հայտի հիման վրա:
51. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը, համապատասխան որոշման ընդունումը և փաստաթղթի տրամադրումն իրականացվում են համաձայն սույն կարգի 12-37-րդ կետերի:
52. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի վերագնահատման կամ պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն 5 ամիս առաջ:
53. Հավատարմագրման ընդլայնման վավերությունը սահմանվում է մինչև ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետի ավարտը:
VI. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐՃԱՏՈՒՄԸ
54. ՀԳՄ-ի հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը կարող է կրճատվել, կասեցվել կամ դադարեցվել:
55. ՀԳՄ-ն կարող է դիմել ՀԱՄ-ին հավատարմագրումը կրճատելու, վերականգնելու, կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով:
56. Հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է խորհրդի որոշմամբ` ոչ ավելի, քան՝ 4 ամիս:
57. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում ՀԳՄ-ն իրավունք չունի իրականացնելու համապատասխանության գնահատման գործունեություն` վկայակոչելով իր հավատարմագրված լինելը, օգտվելու հավատարմագրման նշանից, ինչպես նաև ներկայացնելու հավատարմագրման ընդլայնման հայտ:
58. ՀԳՄ-ն կասեցման հիմքերի վերացման ապացույցները ներկայացնում է ՀԱՄ-ին: ՀԱՄ-ը կատարում է լրացուցիչ գնահատում և ըստ անհրաժեշտության իրականացնում է ՀԳՄ-ի գնահատում` ըստ գտնվելու վայրի:
59. Գնահատումների (պարբերական, վերագնահատում, արտահերթ) արդյունքում ՀԱՄ-ը որոշում է ընդունում հավատարմագրումը վերականգնելու, կրճատելու, կասեցնելու կամ դադարեցնելու մասին:
60. Հավատարմագրումը դադարեցվում է`
1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա.
2) հավատարմագրման չափանիշների անհամապատասխանության դեպքում.
3) ՀԳՄ-ի կողմից սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չվերացնելու դեպքում.
4) ՀԳՄ-ի պարբերական գնահատման, վերագնահատման, այդ թվում՝ արտահերթ, լրացուցիչ գնահատման իրականացումից հրաժարվելու դեպքում.
5) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս հավատարմագրման նշանի օգտագործման դեպքում.
6) ՀԳՄ-ի կողմից իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանք արտադրելու կամ իրացնելու դեպքում:
61. Հավատարմագրման դադարեցման մասին որոշումն ընդունելուց հետո ՀԳՄ-ն 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀԱՄ-ին է վերադարձնում հավատարմագրման վկայագրի բնօրինակն իր հավելվածներով` անկախ բողոքարկման հավանականությունից:
62. Հավատարմագրումը դադարեցնելուց հետո ՀԳՄ-ն կարող է կրկին դիմել հավատարմագրման` դադարեցման հիմքերը վերացնելուց հետո:
63. Հավատարմագրումը կարող է վերականգնվել, կրճատվել`
1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա.
2) վերագնահատման, պարբերական և արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |