Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Վարչական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.02.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վարչական դատարանի վճիռ

Նախագահող դատավոր Ա. Պողոսյան

Վարչական գործ N ՎԴ3/0121/05/11

 

28 փետրվարի 2012 թվական

քաղաք Երևան

 

Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը

հետևյալ կազմով (այսուհետև` Վերաքննիչ դատարան)`

նախագահող դատավոր Աշոտ Աբովյան,

դատավոր Գալուստ Ղարիբյան,

դատավոր Արթուր Առաքելյան,

 

մասնակցությամբ`

 

բողոք բերող անձ, գործով հայցվոր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ի դեմս ներկայացուցիչ Պերճ Խաչատրյանի,

 

ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետև` Նախարարություն) հայցի, ընդդեմ Հասմիկ Ավետիսյանի` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահանջի վերաբերյալ, N ՎԴ3/0121/05/11 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 19-ի վճռի դեմ Հասմիկ Ավետիսյանի վերաքննիչ բողոքի դռնբաց դատաքննությամբ`

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Դատավարական գործընթացի մասին

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետև` Վարչական դատարան) 2011 թվականի ապրիլի 18-ին ստացվել է Նախարարության հայցադիմումն ընդդեմ Հասմիկ Ավետիսյանի` 2009 թվականի օգոստոսի 27-ին տրված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000580 լիցնզիան ուժը կորցրած ճանաչելով դրա գործողությունը դադարեցնելու պահանջի վերաբերյալ:

Վարչական դատարանի (նախագահող դատավոր Ա. Պողոսյան) ապրիլի 19-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Ապրիլի 27-ի փոստային առաքմամբ այն կրկին ներկայացվել է: Դատարանի ապրիլի 30-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը նշանակվել է դատաքննության: Գործի քննության արդյունքում 2011 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով (այսուհետև` Վճիռ) վճռվել է`

 

Հայցը բավարարել ամբողջությամբ` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 27.08.2009 թվականին Հասմիկ Ավետիսյանին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Ա-XX-000580 անժամկետ լիցենզիան:

Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:»:

Վճռի դեմ Հասմիկ Ավետիսյանը 19.10.2011 բերել է վերաքննիչ բողոք (այսուհետև` բողոք): Գործը Վերաքննիչ դատարանում ստացվել և դատական կազմին է հանձնվել 2011 թվականի նոյեմբերի 1-ին: Վերաքննիչ դատարանի նոյեմբերի 4-ի որոշմամբ բողոքը վերադարձվել է: Ըստ հետադարձ ծանուցման թերթիկի, հասցեատերն այն ստացել է նոյեմբերի 12-ին: Նոյեմբերի 28-ին բողոքը կրկին ներկայացվել է: Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 5-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ, և նշանակվել է դատաքննության 2012 թվականի հունվարի 31-ին: Այդ օրվա դատական նիստին ներկայացել է միայն հայցվորի ներկայացուցիչը: Բողոքով դատաքննությունն այդ նիստում ավարտվել և հայտարարվել է բողոքն ըստ էության լուծող որոշման հրապարակման օրը` փետրվարի 21, ժամը և վայրը: Դատական կազմում ընդգրկված դատավորի` նախապես չպլանավորված արտասահմանյան գործուղման մեկնելու կապակցությամբ դատական ակտի հրապարակման նշված օրը տեղափոխվել և նշանակվել է փետրվարի 28-ին, ինչի մասին դատավարության մասնակիցները նախապես պատշաճ կարգով ծանուցվել են:

 

2. Բողոքի հիմքերի, հիմնավորումների և պահանջի նկարագրությունը

Բողոքով ներկայացվել են հետևյալ հիմքերն ու հիմնավորումները:

Դատարանը խախտել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետև` ՎԴ օրենսգիրք) 6-րդ և 24-րդ հոդվածները, որի արդյունքում էլ չպետք է կիրառեր «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 5-րդ մասը, ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի թիվ 895 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունը:

ՎԴ օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն, դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Գտնում է, որ դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ չի գնահատել գործում գտնվող ապացույցները, մասնավորապես, չի անդրադարձել սույն բողոքի 2-րդ կետի 5-րդ ենթակետի փաստարկին:

Եթե Դատարանն այդ ապացույցն օբյեկտիվ և բազմակողմանի գնահատեր գործում գտնվող մյուս ապացույցների հետ, ապա կհանգեր այն հետևության, որ անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ավետիսյանի 2009 թվականի օգոստոսի 27-ին տրված դեղատնային գործունեության թիվ Ա-XX-000580 լիցենզիայի գործողությունը` լիցենզիան ուժը կորցրած չպետք է ճանաչեր: Հետևաբար, այդ հիմքով էլ հայցը ենթակա էր մերժման:

Այսինքն` եթե Դատարանը վերը նշված ապացույցը պատշաճ գնահատման արժանացներ, ապա չպետք է կիրառեր «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 5-րդ մասը, ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի թիվ 895 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունը:

Բողոքաբերը պահանջել է բեկանել Վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Գործին մասնակից անձանց պատասխանը բողոքին, դիրքորոշումը և հիմնավորումները

Բողոքաբերից բացի, գործին մասնակից է Նախարարությունը, որպես հայցվոր: Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն առաքվել է Նախարարությանը և, ըստ հետադարձ ծանուցման թերթիկի, հասցեատիրոջ կողմից ստացվել է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին: ՎԴ օրենսգրքի 1177-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և դատավարության այլ մասնակիցների: Այդ ժամկետը լրացել է դեկտեմբերի 23-ին: Դրանից հետո` դեկտեմբերի 27-ի փոստային առաքմամբ, ներկայացվել է Նախարարության պատասխանը բողոքին, որին կից չի ներկայացվել միջնորդություն` դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և բողոքի պատասխան բերելու դատավարական իրավունքը վերականգնելու մասին: Բողոքով դատաքննության ընթացքում, Նախարարության ներկայացուցչի դիրքորոշումը ճշտելուց հետո, Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքի պատասխանը վերադարձվել է:

Բողոքով դատաքննության ընթացքում Նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ առարկում է բողոքին, խնդրում է այն մերժել և Վճիռը թողնել անփոփոխ:

 

4. Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

1) 01.07.2009 թվականին անհատ ձեռնարկատեր Հ. Ավետիսյանը տեղեկացրել է Նախարարությանը, որ դեղատունն ունի առևտրի սրահ, սպասասրահ` 18,91 քմ մակերեսով, սանհանգույց` 2,28 քմ մակերեսով, լվացարան /գ.թ. 37/: Կից հայցվորին է ներկայացվել թիվ 2604780 վկայականի պատճենը, որի հատակագծում թիվ 3 սենյակի մակերեսը նշված է 18,91 քմ մակերես, իսկ թիվ 6 սենյակի (սանհանգույցի) մակերեսը` 2,28 քմ:

2) Նախարարության կողմից 27.08.2009 թվականին Հասմիկ Ավետիսյանին տրամադրվել է դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000580 անժամկետ լիցենզիան:

3) Ի պատասխան Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ս. Քրմոյանի 14.03.2011 թվականի թիվ ՍՔ/11/1812-11 գրության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Մանվելյանը 25.03.2011 թվականի թիվ 1541 գրությամբ հայտնել է, որ «... հ. 2604780 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի հատակագծի թիվ 3-18.91 մակերեսը չի համապատասխանում կադաստրային գործում առկա իսկական օրինակներին` կատարված է հատակագծի մակերեսի փոփոխություն: Կից ներկայացվում է կադաստրային գործում առկա վկայականի պատճենը»:

4) Կադաստրային գործում առկա թիվ 2604780 վկայականի պատճենի համաձայն, 30.06.2009 թվականին անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ավետիսյանի անվամբ գրանցվել է օգտագործման իրավունք` քաղաք Երևան, Շենգավիթ համայնքի Արտաշիսյան 48 շենքի 27 բնակարանի նկատմամբ, որի հատակագծում թիվ 3 սենյակի մակերեսը նշված է 15,81 քառակուսի մետր, իսկ թիվ 6 սենյակի (սանհանգույցի) մակերեսը` 1,68 քառակուսի մետր:

5) 20.05.2011 թվականին անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ավետիսյանի անվամբ գրանցվել է օգտագործման իրավունք` քաղաք Երևան, Արտաշիսյան 48 շենքի 27 բնակարանի նկատմամբ, որի կապակցությամբ տրված թիվ 2716363 վկայականի հատակագծում թիվ 3 և թիվ 4 սենյակների մակերեսը նշված է համապատասխանաբար 16,4 և 12,9 քառակուսի մետր, իսկ թիվ 6 և նոր ավելացված թիվ 7 սենյակների (սանհանգույցի) մակերեսը` յուրաքանչյուրինը 1,7 քառակուսի մետր:

 

5. Վերաքննիչ դատարանի վերլուծությունը և եզրահանգումները

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ՎԴ օրենսգրքի 11712-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար»: Այդ տեսանկյունից ուսումնասիրելով գործի նյութերը, բողոքով ներկայացված հիմք-հիմնավորումները, Վարչական դատարանի` Վճռում շարադրված վերլուծությունն ու ստացված եզրահանգումները` Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ բողոքով ներկայացված պահանջը ենթակա է մերժման հետևյալ հիմնավորմամբ:

Բողոքաբերը, որպես բողոքի իրավական հիմքեր, նշել է, որ Վարչական դատարանը չի կիրառել ՎԴ օրենսգրքի 6-րդ և 24-րդ հոդվածները, որի արդյունքում էլ չպետք է կիրառեր «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 5-րդ մասը, ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի թիվ 895 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունը:

Նախ անդրադառնանք նյութական իրավունքի վկայակոչված նորմերին:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում այդ օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

Նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, այդ հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:

ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի թիվ 895 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը սահմանում է լիցենզիայի տվյալ տեսակի կապակցությամբ Նախարարության լիազորությունը:

ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 24-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունների համաձայն, Հայաստանի Հանրապետությունում դեղատների և դեղատնային կրպակների տարածքների հետևյալ թույլատրելի նվազագույն չափերն են` դեղատնային կրպակի դեպքում` առևտրի սրահ, սպասասրահ` 18 քմ, սանհանգույց` լվացարանով` 2 քմ:

Նյութական իրավունքի նշված նորմերի մատնանշմամբ բողոքաբերն ընդգծել է, որ իր բողոքը բերվել է դատավարական իրավունքի խախտման հիմքով և նշել է ՎԴ օրենսգրքի 6-րդ և 24-րդ հոդվածները:

ՎԴ օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex օfficiօ»): Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն, դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նկարագրված իրավական նորմերի վկայակոչմամբ բողոքաբերը բողոքի հիմքում դրել է միայն փաստարկ այն մասին, որ Վարչական դատարանը չի անդրադարձել որպես գրավոր ապացույց ներկայացված թիվ 2716363 վկայականի գնահատմանը:

Վերաքննիչ դատարանը Վճռի ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ Վարչական դատարանը Վճռում անդրադարձել է այդ ապացույցին: Համաձայն այդ վկայականի 20.05.2011 թվականին Կադաստրի մարմնում պետական գրանցում է ստացել անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ավետիսյանի օգտագործման իրավունքը քաղաք Երևան, Արտաշիսյան 48 շենքի 27 բնակարանի նկատմամբ, որի կապակցությամբ տրված վկայականի հատակագծում թիվ 3 և թիվ 4 սենյակների մակերեսը նշված է համապատասխանաբար 16,4 և 12,9 քառակուսի մետր, իսկ թիվ 6 և նոր ավելացված թիվ 7 սենյակների (սանհանգույցի) մակերեսը` յուրաքանչյուրինը 1,7 քառակուսի մետր: Ընդ որում, թիվ 3 և թիվ 4 սենյակների մակերեսի հիշատակումը բողոքաբերը զուգորդել է «առանց միջնապատի առկայության» բառակապակցության հետ: Այդ բառակապակցությամբ տվյալ դեպքում ներկայացվում է արհեստածին փաստարկ, քանի որ միջնապատ չլինելու դեպքում կնշվեր սենյակի միասնական մակերես: Իսկ տվյալ դեպքում նշված են երկու տարբեր սենյակների մակերեսներ, որոնցից ոչ մեկը չի բավարարում ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 24-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված վերոհիշյալ 18 քմ նվազագույն չափին: Նման պարագայում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ, ինչպես լիցենզավորման, այնպես էլ սույն գործի քննության, այդ թվում` Վճռի վերանայման սույն գործընթացի ժամանակահատվածում խնդրո առարկա դեղատնային կրպակի տվյալ տարածքը չի բավարարել և չի բավարարում հիշյալ կարգով սահմանված նվազագույն պահանջներին: Հետևաբար, բողոքն անհիմն է, և Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վճիռը կայացնելիս Վարչական դատարանը թույլ չի տվել դատավարական իրավունքի, այդ թվում` ՎԴ օրենսգրքի 6-րդ և 24-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որպիսիք հանգեցնեին գործի սխալ լուծմանը:

Այսպիսով, կատարված վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը բողոքն անհիմն է գնահատում: Բողոքն ըստ էության քննելու պարտականությունից զատ, ՎԴ օրենսգրքի 11712-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է նաև Վերաքննիչ դատարանի պարտականությունը` դատական ակտը վերանայելու բողոքում ներկայացված պահանջի սահմաններում: Այդ տեսանկյունից գնահատելով Վճիռը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանում առկա չեն իրավունքի նորմերի կիրառման, չկիրառման կամ սխալ մեկնաբանության հետ կապված այնպիսի խախտումներ, որպիսիք հանգեցնեին գործի սխալ լուծմանը: Ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա Վերաքննիչ դատարանի` ՎԴ օրենսգրքի 11713-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը` բողոքը մերժելու և Վճիռն անփոփոխ թողնելու մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՎԴ օրենսգրքի 59-րդ, 11713-րդ, 11714-րդ, 11716-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը`

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Մերժել N ՎԴ3/0121/05/11 վարչական գործով Հասմիկ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 19-ի վճռի դեմ և անփոփոխ թողնել այդ վճիռը:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչ այդ կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ա. ԱԲՈՎՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ
Գ. ՂԱՐԻԲՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

N ՎԴ3/0121/05/11 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի սույն որոշումը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ 2012 թվականի

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ

Ա. ԱԲՈՎՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան