ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 հունիսի 2012 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 9 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լ. Զուրաբյանի` 16.05.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 21-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումի ընդունելիության հարցը, որոշում է կայացրել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի և 74-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան գործն ընդունել քննության և որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ա. Խաչատրյանը:
Սահմանադրական դատարանում դիմող կողմի ներկայացուցիչն է փաստաբան Վ. Գրիգորյանը, պատասխանող կողմի ներկայացուցիչներն են` թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ե. Տերտերյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 34 ընտրական տեղամաս:
Թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 4 (չորս) թեկնածու: Ըստ թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը 55742 է, իսկ ընտրություններին մասնակցել է 31902 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 29958 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Ն. Ազիզյան՝ 8933, Լ. Զուրաբյան՝ 4290, Ռ. Հակոբյան՝ 4213, Ռ. Սադոյան` 12522: Անճշտությունների թիվը կազմել է 116:
Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումով թիվ 9 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Ռ. Սադոյանը:
2. Դիմելով սահմանադրական դատարան՝ դիմողը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել «Թիվ 9 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները:
Դիմողի պնդմամբ` թիվ 9 ընտրատարածքի բոլոր տեղամասերում խախտվել է ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը: Այդ դրույթի պահանջներին համապատասխան դրոշմակնքում չիրականացնելու արդյունքում չի գործել կրկնակի քվեարկության հնարավոր դեպքերի կանխմանն ուղղված իրավական երաշխիքը:
Դիմող կողմը պնդում է նաև, որ ընտրությունների անցկացման, կազմակերպման և քվեարկության օրվա դրությամբ խախտվել է նաև հավասար մրցակցային պայմաններում ընտրություններին մասնակցելու իր սահմանադրական իրավունքը` համաձայն Սահմանադրության 4-րդ հոդվածի: Այս պնդումը դիմողը փաստարկում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Ս. Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավասությունների իրականացման հետ համատեղ նախընտրական քարոզչությանը մասնակցությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի և պետական այլ պաշտոնյաների` քարոզարշավին մասնակցությամբ:
Դիմումում բերված հիմնավորումները և պատճառաբանությունները կրկնում են 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի N 265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ սահմանադրական դատարանում քննության առնված դիմումի 2.3.1., 2.3.2., 2.1.1., 2.1.3., 2.1.4., 2.1.6., 2.2., 2.2.1., 2.2.2., 2.2.3., 2.2.4., 2.5., 3., 4. կետերը: Փոխվել է միայն դրանց շարադրման հաջորդականությունը:
3. Պատասխանող կողմը գտնում է, որ ընտրության արդյունքներով ընդունված որոշումը վիճարկելու և ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջն անհիմն է: Պատասխանողը նշում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ընտրություններին մասնակցելը և նախընտրական քարոզչություն իրականացնելը չի կարող որակվել որպես ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածին հակասող: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանել է թե՛ ակտիվ և թե՛ պասիվ ընտրական իրավունքի սահմանափակումները: Այդ սահմանափակումները կոնկրետացված են ՀՀ ընտրական օրենսգրքում: ՀՀ ընտրական օրենսգրքի 18 և 22-րդ հոդվածների վերլուծության արդյունքում պատասխանող կողմը գտնում է, որ պաշտոնատար անձինք, այդ թվում` քաղաքական պաշտոններ զբաղեցնողները` ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումների հաշվառմամբ, ազատ են իրականացնել նախընտրական քարոզչություն:
Պատասխանող կողմը նշում է նաև, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները խախտելու վերաբերյալ դիմողի կողմից որևէ դիմում դատարաններն ու ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Դիմողի կողմից մատնանշվող` ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման առնչությամբ պատասխանող կողմը նշում է, որ այդ առումով դիմողի եզրահանգումները ենթադրյալ են, և դիմողը չի մատնանշում կրկնակի քվեարկության որևէ կոնկրետ դեպք: Ավելին, թվով 34 ընտրատեղամասերից 32-ի գրանցամատյաններում ընդհանրապես որևէ խախտման փաստ չի գրանցվել, իսկ մյուս երկուսում արված թվով երեք գրանցումներն ունեցել են մասնակի բնույթ:
4. Դիմումի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, վիճարկելով «Թիվ 9 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը, ինչպես նշվեց, կրկնում է նույն փաստարկները, ներկայացնում նույն միջնորդությունները, ինչ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» N 265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործի շրջանակներում սահմանադրական դատարան էին ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներ` սույն գործով դիմողը և նրա ներկայացուցիչը: Ի հիմնավորումն թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշման անվավերության` դիմողը բացի նշված գործով ներկայացրած փաստարկներից, որևէ այլ լրացուցիչ փաստարկ սահմանադրական դատարան չի ներկայացրել:
Սահմանադրական դատարանն այդ փաստարկների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումներն արտահայտել, ինչպես նաև դիմումում ներկայացված փաստերի ու միջնորդությունների վերաբերյալ իր իրավական գնահատականներն է տվել 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ:
Հաշվի առնելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից վերոհիշյալ գործի շրջանակներում ներկայացված և սույն գործով դիմողի ներկայացրած փաստերի ու փաստարկների նույնականությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՍԴՈ-1028 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն ու իրավական գնահատականները հավասարապես վերաբերելի են նաև քննության առարկա սույն գործին:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ 2012թ. մայիսի 21-ի ՍԴԱՈ-32 աշխատակարգային որոշմամբ պահանջվել էր պատասխանող կողմից սույն գործով գրավոր բացատրությունը սահմանադրական դատարան ներկայացնել գործի դատաքննությունից առնվազն 7 օր առաջ` այն դիմողին տրամադրելու և դրա առնչությամբ դիմողի նկատառումները նիստից առնվազն երեք օր առաջ դիմողի կողմից սահմանադրական դատարան ներկայացնելու համար: Պատասխանող կողմը համապատասխան նյութերը սահմանադրական դատարան է ներկայացրել 01.06.2012թ.: Նույն օրը, սահմանված կարգով, սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից 29 թերթ ծավալով նյութերը թիվ Ա-258 գրությամբ ուղարկվել է դիմող կողմին` շեշտելով, որ «...պատասխանող կողմի գրավոր բացատրության առնչությամբ Ձեր գրավոր նկատառումները պետք է սահմանադրական դատարան ներկայացնել նիստից առնվազն երեք օր առաջ»: Նիստից մեկ օր առաջ` 11.06.2012թ., դիմողի ներկայացուցիչը բանավոր տեղեկացրել է սահմանադրական դատարանին, որ իրենց ասելիքն ամբողջությամբ շարադրված է դիմումում և ավելացնելու ոչինչ չունեն:
5. Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-703 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված յուրաքանչյուր վեճ պետք է քննության առարկա դառնա կոնկրետ ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից՝ հաշվի առնելով ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ գտած և ժամանակին բացահայտված ու իրավաբանորեն անհրաժեշտ հիմնավորմամբ ներկայացված այնպիսի խախտումներ, որոնք կվկայեին պասիվ ընտրական իրավունքի խախտման մասին, և որոնք կարող էին հիմք ծառայել ընտրությունների արդյունքներով այլ որոշում կայացնելու համար:
Վերահաստատելով իր այդ իրավական դիրքորոշումը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով դիմողից պահանջվում է ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի և փաստարկների միջոցով հիմնավորել վերջիններիս անմիջական ազդեցությունը թեկնածուներին տրված ձայների հարաբերակցության վրա, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում բացահայտել պատճառահետևանքային կապի առկայությունը վկայակոչված փաստերի ու դիմողի պասիվ ընտրական իրավունքի խախտման միջև: Այս պահանջը բխում է ինչպես մյուս թեկնածուների պասիվ ընտրական իրավունքի, այնպես էլ ընտրողների ակտիվ ընտրական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունից: Նման անմիջական ազդեցության և պատճառահետևանքային կապի առկայությունը կարող է միայն հիմք հանդիսանալ վիճարկվող որոշումից տարբերվող այլ որոշում կայացնելու համար: Այլապես, կվտանգվեն մյուս թեկնածուների ընտրվելու և ընտրողների` ընտրելու իրավունքները:
Վերոհիշյալ իրավական դիրքորոշումներին համապատասխան գնահատելով քննության առարկա դիմումում բերված փաստերի ու փաստարկների ազդեցությունը դիմողի պասիվ ընտրական իրավունքի իրացման վրա, ուսումնասիրելով թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 10-ի թիվ 12-Ա և 13-Ա, մայիսի 11-ի թիվ 14-Ա, 15-Ա և 16-Ա որոշումները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի հիմնավորումներ, որոնք կվկայեին թիվ 9 ընտրատարածքում իր պասիվ ընտրական իրավունքի այնպիսի խախտումների մասին, որոնք հիմք կարող էին հանդիսանալ ընտրությունների արդյունքներով այլ որոշում կայացնելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Թիվ 9 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը թողնել ուժի մեջ:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
12 հունիսի 2012 թ. ՍԴՈ-1031 |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|