ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2011 թվականի N 1122-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 774-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակման, դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 10.05.12 N 411-Ա)
1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1.1 կետը լրաց. 10.05.12 N 411-Ա)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 16-ի «Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 774-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2011 թ. նոյեմբերի 25-ի N 1122-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետությունում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող (համաձայնությամբ)
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Էկոդար» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
(Հավելվածը փոփ., լրաց. 10.05.12 N 411-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2011 թ. նոյեմբերի 25-ի N 1122-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
«ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄԱԿ) ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԵՏՀ) «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայից (այսուհետ` կոնվենցիա) բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակման, դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման նպատակով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) կոնվենցիայից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համակարգումը.
2) կոնվենցիայի ազգային համակարգողի հաշվետվությունների պարբերաբար քննարկումը.
3) կոնվենցիայի պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) կոնվենցիայից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի գնահատումը.
5) կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման առնչությամբ պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ առաջարկություններ ներկայացնելը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի պահանջով: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող է գումարվել արտահերթ նիստ: Հանձնաժողովի անդամն արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ առաջարկությամբ կարող է դիմել հանձնաժողովի նախագահին:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քվորումի բացակայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում գումարվում է նոր նիստ:
6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
7. Քվեարկության ժամանակ հանձնաժողովի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
9. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետները, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է հարց ներկայացնել նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
11. Հանձնաժողովի օրակարգում նշվում են`
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
12. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
13. Հանձնաժողովի նիստի օրակարգի հարցեր կարող են ներկայացվել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
14. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմը:
V. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմը:
16. Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) քվեարկության արդյունքները և հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը (դրա առկայության դեպքում), որը կցվում է արձանագրությանը.
6) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
17. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:
18. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից` նիստի ավարտին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.
4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
21. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
22. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար.
2) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք։
23. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`
1) մասնակցել նիստերին.
2) մասնակցել քվեարկությանը՝ որոշումների ընդունման համար.
3) հանձնաժողովի նախագահի հանձնարարության դեպքում հանդես գալ որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
4) հանձնաժողովում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկել իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև ներկայացնել հաշվետվություն իրենց բնագավառում կատարված աշխատանքների մասին:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
24. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմը հանձնաժողովի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հանձնաժողովի բոլոր անդամներին:
25. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ինտերնետային կայքում:
(Հավելվածը լրաց. 10.05.12 N 411-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.05.2012, N 411-Ա | 11.05.2012, N 1122-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|