ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1907-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով միայն ենթակառուցվածքային հավատարմագրման դրական արդյունքի դեպքում` բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի:
5. Ուսումնական հաստատության մասնաճյուղերը ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրում անցնում են ընդհանուր հիմունքներով` մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր ուսումնական հաստատության կազմում առանձին ժամանակացույցով: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիր տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:».
2) 8-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետում «հավատարմագրման չափորոշիչներ» բառերը փոխարինել «հավատարմագրման չափանիշներ» բառերով,
բ. 3-րդ ենթակետը «դրական» բառից հետո լրացնել «, պայմանական» բառով.
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ուսումնական հաստատությունն իրավունք ունի ենթակառուցվածքային հավատարմագրման համար դիմելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում գրանցված կազմակերպություններին: ՈԱԱԿ-ը պետք է նախօրոք տեղեկացվի գործընթացի նախաձեռնման մասին: Ենթակառուցվածքային հավատարմագրման արդյունքները գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում:».
4) II գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին, 12.2-րդ, 12.3-րդ, 12.4-րդ, 12.5-րդ, 12.6-րդ և 12.7-րդ կետերով.
«12.1. Ուսումնական հաստատությունը կարող է ստանալ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները կարող է շտկել ոչ ավելի, քան 2 տարվա ընթացքում:
12.2. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը չի կարող դիմել ծրագրային հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար:
12.3. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատությունն իրականացված բարելավման միջոցառումների մասին գրավոր զեկույց է ներկայացնում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին:
12.4. Փորձագիտական զեկույցում նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրումը կորցնում է իր ուժը:
12.5. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը փորձագիտական զեկույցում նշված թերությունները վերացնելու դեպքում դիմում է ինստիտուցիոնալ հավատարմագրման` նշված թերությունների վերացման մասով: Փորձագիտական խմբի կողմից սույն կարգի 48-54-րդ կետերի համաձայն պատրաստվում և ներկայացվում է զեկույց:
12.6. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրման դեպքում ուսումնական հաստատությունը չի կարող բացել նոր մասնագիտություն:
12.7. Նույն ուսումնական հաստատությունը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ստանալ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում:».
5) 15-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետում «հավատարմագրման չափորոշիչներ» բառերը փոխարինել «հավատարմագրման չափանիշներ» բառերով,
բ. 3-րդ ենթակետում «կամ բացասական» բառերը փոխարինել «պայմանական կամ բացասական եզրակացության» բառերով.
6) 21-րդ կետում «վկայականի և ներդիրի ձևաթղթեր» բառերը փոխարինել «վկայականի ներդիրի ձևաթղթեր» բառերով, իսկ «վկայական» բառը` «վկայականի ներդիր» բառերով.
7) III գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին, 22.2-րդ, 22.3-րդ, 22.4-րդ և 22.5-րդ կետերով.
«22.1. Ուսումնական հաստատությունը կարող է ստանալ պայմանական ծրագրային հավատարմագրում, եթե փորձագիտական զեկույցում նշված թերությունները հնարավոր է շտկել ոչ ավելի, քան տարվա ընթացքում:
22.2. Պայմանական ծրագրային հավատարմագրում ձեռք բերելու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատությունն իրականացված բարելավման միջոցառումների մասին գրավոր զեկույց է ներկայացնում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին:
22.3. Փորձագիտական զեկույցում նշված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում պետական հավատարմագրման վկայականի ներդիրը կորցնում է իր ուժը:
22.4. Պայմանական ծրագրային հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունը փորձագիտական զեկույցում նշված թերությունները վերացնելու դեպքում դիմում է ծրագրային հավատարմագրման նոր գործընթացին մասնակցելու համար:
22.5. Նույն ուսումնական հաստատությունը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ստանալ պայմանական ծրագրային հավատարմագրում:».
8) 32-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով.
9) 36-րդ կետում «4» թիվը փոխարինել «5» թվով.
10) 40-րդ կետում «երկշաբաթյա» բառը փոխարինել «հինգշաբաթյա» բառով.
11) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Փորձագիտական խմբի կազմի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում` ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով` մինչև փորձագիտական խմբի նոր կազմի հաստատումը: Մեկամսյա ժամկետի ավարտից հետո փորձագիտական խմբի նոր կազմի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի գործողությունը կասեցվում է:».
12) 44-րդ կետում «8» թիվը փոխարինել «12» թվով.
13) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Փորձագիտական այցը կարող է տևել 3-7 օր:».
14) 48-րդ կետում «երկշաբաթյա» բառը փոխարինել «չորսշաբաթյա» բառով.
15) 49-րդ կետում «երկշաբաթյա» բառը փոխարինել «երեքշաբաթյա» բառով.
16) 54-րդ կետում «8» թիվը փոխարինել «11» թվով.
17) 8-րդ կետի 3-րդ ենթակետում, 11-րդ կետում, 15-րդ կետի 3-րդ ենթակետում, 21-րդ, 53-րդ և 54-րդ կետերում «խորհուրդ» բառը փոխարինել «հանձնաժողով» բառով.
18) 62-րդ կետում «փորձաքննության անցկացման» բառերը փոխարինել «որակի ապահովման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 11 Երևան |
|