Գլխավոր տեղեկություն
Համար
N 1745-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2011-17.09.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.19/68(871) Հոդ.1659
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1745-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 30-րդ, 36-րդ կետերին, ինչպես նաև 29-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին».

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 15
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, ինչպես նաև որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության կարգը։

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովը (այսուհետ՝ ատեստավորման հանձնաժողով) և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովը (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն կարգով, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգերով և այլ իրավական ակտերով:

3. Ատեստավորման հանձնաժողովի գործունեության նպատակը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով ատեստավորում իրականացնելն է։

4. Հանրապետական հանձնաժողովի գործունեության նպատակը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, շնորհման գործընթացի իրականացումն է։

5. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովները մեկ տարի ժամկետով և հասարակական հիմունքներով գործող մարմիններ են, որոնց անհատական կազմը, ինչպես նաև նախագահը և քարտուղարը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) համապատասխան հրամանով:

6. Ատեստավորման հանձնաժողովը բաղկացած է 5, հանրապետական հանձնաժողովը` 7 անդամից:

7. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովներին ուղղված հայտերի ընդունումը և միջանկյալ աշխատանքները կազմակերպում է համապատասխան լիազոր մարմնի և (կամ) նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:

8. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների որոշումները ենթակա են բողոքարկման՝ օրենքի 26-րդ հոդվածի 18-րդ և 34-րդ մասերով սահմանված կարգով։

9. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են նախարարի հրամանով` հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման ու հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգերով սահմանված գործողությունները կատարելուց հետո:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

10. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովները ձևավորվում են նախարարի հրամանով` տվյալ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի (այսուհետ` լիազոր մարմին) առաջարկության հիման վրա։

11. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների կազմում կարող են լինել հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական խորհուրդների և խորհրդակցական մարմինների ներկայացուցիչները, կրթության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների մանկավարժության մասնագետները, լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի (այսուհետ՝ համայնք)` Երևանի քաղաքապետի ներկայացնելու դեպքում համապատասխան վարչական շրջանի և նախարարության աշխատակազմի աշխատողները։

12. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ, իսկ անհատների դեպքում՝ իրենց դիմումով։

13. Մինչև հանձնաժողովների թեկնածուների ցուցակը նախարարություն ներկայացնելը առաջադրող մարմինը կամ կազմակերպությունը տվյալ թեկնածուին գրավոր տեղեկացնում է ատեստավորման կամ հանրապետական հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում առաջադրված լինելու մասին:

14. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների անդամների թեկնածուների ցուցակներում պետք է լրացվեն հետևյալ տվյալները`

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), աշխատանքի վայրը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային), էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում).

2) որ լիազոր մարմինն է ներկայացնում.

3) ներկայացվող համայնքը (Երևան քաղաքի դեպքում` վարչական շրջանը).

4) առարկայական մասնագետի որակավորման աստիճանը, որակավորման տարակարգը (առկայության դեպքում), մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժը հաստատող տվյալը.

5) մանկավարժության ոլորտի մասնագետի գիտական աստիճանը և կոչումը (առկայության դեպքում):

15. Ատեստավորման հանձնաժողովը կազմվում է նախարարի երեք և լիազոր մարմնի երկու, իսկ հանրապետական հանձնաժողովը` նախարարի հինգ և լիազոր մարմնի երկու ներկայացուցիչներից:

16. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների կազմում ընտրված անդամները նախարարության աշխատակազմի կողմից պատշաճ կարգով տեղեկացվում են ատեստավորումն անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին, ատեստավորող հանձնաժողովի աշխատանքն սկսվելուց ոչ շուտ, քան 36 և ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

17. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների աշխատանքներին որևէ անդամի հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանձնաժողովի կազմը համալրվում է նախարարի հրամանով` սույն կարգի համաձայն:

18. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների աշխատանքներին նախագահի և (կամ) քարտուղարի հետագա մասնակցության անհնարինության դեպքում նախարարի համապատասխան հրամանով նշանակվում է նոր նախագահ կամ քարտուղար:

19. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են նախարարի հրամանով` ձևավորման պահից և դադարեցնում գործունեությունը՝ համաձայն նախարարի հրամանի։

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների լիազորությունները սահմանվում են օրենքով, սույն կարգով և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման ու հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգերով և այլ իրավական ակտերով։

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովներն իրենց աշխատանքը կազմակերպում են նիստերի միջոցով:

22. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

23. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

24. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների նախագահը`

1) ղեկավարում է տվյալ հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է տվյալ հանձնաժողովի նիստերը.

3) որոշում է աշխատանքների հետ կապված հարցերի, դիմումների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով տվյալ հանձնաժողովի անդամների հետ.

4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

25. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների քարտուղարը`

1) արձանագրում է տվյալ հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄԸ

 

26. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովների անդամը`

1) կարող է վարել նիստը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը.

3) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

4) մասնակցում է յուրաքանչյուր ուսուցչի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ատեստավորման կամ տարակարգի շնորհման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` կցում է կարծիքը և գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

27. Ատեստավորման և հանրապետական հանձնաժողովները կարող են դիմել նախարարին հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը՝

1) երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայել է նիստից.

2) երեք անգամ հրաժարվել է մասնակցել քվեարկությանը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն), անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, ուսուցչի ատեստավորման կարգը:

2. Ատեստավորումն ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների համապատասխանության որոշման գործընթացն է:

3. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանած կարգով:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ` ուսումնական հաստատության տնօրենի (այսուհետ` տնօրեն) հաստատած ժամանակացույցին համապատասխան:

5. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է պարզ ընթացակարգով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից սահմանված` ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

6. Ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում, նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների համար` նախարարությունում փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ ատեստավորման հանձնաժողով):

7. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանած կարգով կազմում է տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և մինչև փետրվարի 1-ը ներկայացնում տարածքային կառավարման մարմնի ղեկավարին` մարզպետին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին, նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին (այսուհետ` լիազոր մարմին):

8. Ատեստավորման ենթակա ուսուցչին հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենն ատեստավորումից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցում է փաստաթղթային ատեստավորման, սույն կարգի և անցկացման ժամկետի մասին:

9. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը լիազոր մարմին է ներկայացնում ատեստավորման ենթակա ուսուցիչների ատեստավորման համար սահմանված փաստաթղթերի փաթեթը:

10. Լիազոր մարմնի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումն ատեստավորման ենթակա ուսուցիչների փաստաթղթերի փաթեթը կազմում և տրամադրում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին։

11. Լիազոր մարմնի աշխատակազմն առնվազն հինգ օր առաջ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի միջոցով ատեստավորման ենթակա ուսուցչին տեղեկացնում է ատեստավորման օրվա, ժամի և վայրի մասին։

12. Ատեստավորման հանձնաժողովը լիազոր մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրության արդյունքում նկատված անորոշությունների կամ վիճահարույց հարցերի առկայության դեպքում ատեստավորվող ուսուցչին հրավիրում է քննարկմանը։

13. Յուրաքանչյուր ուսուցչի վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն անհատական քվեարկության միջոցով, ձայների մեծամասնությամբ, ընդունում է օրենքով սահմանված որոշումներից մեկը:

14. Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա գտնվելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման ընդունմանը։

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ

 

15. Ատեստավորման ավարտից հետո ատեստավորման հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր ուսուցչի համար կազմում է ատեստավորման թերթ, որի ձևը սահմանում է նախարարությունը:

16. Ատեստավորման թերթը ստորագրում են ատեստավորման հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները:

17. Հատուկ կարծիք ներկայացրած ատեստավորման հանձնաժողովի անդամը կցում է հատուկ կարծիքը` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

18. Ատեստավորման հանձնաժողովն իր որոշումը երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով ապահովում է դրա հրապարակումը azdarar.am կայքում: Ուսումնական հաստատությունը որոշումն ստանալու օրը դրա մասին տեղեկացնում է տվյալ ուսուցչին:

19. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով` նախարարություն, կամ դատական կարգով:

20. Ատեստավորման արդյունքները նախարարություն բողոքարկվելու դեպքում նախարարի հրամանով ձևավորվում է երեքհոգանոց բողոքարկման հանձնաժողով: Բողոքարկման հանձնաժողովում չեն կարող ներգրավվել տվյալ որոշումն ընդունած ատեստավորման հանձնաժողովի անդամները։

21. Ատեստավորման արդյունքները բողոքարկելու դեպքում ուսուցչի կողմից նախարարություն է ներկայացվում`

1) դիմում` նախարարի անունով.

2) ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենը.

3) տվյալ ուսուցչի ատեստավորմանը ներկայացված փաստաթղթերի փաթեթի պատճենը:

22. Բողոքարկման հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություն և տվյալ եզրակացությունը ներկայացնում նախարարին:

23. Կրթության կառավարման պետական լիազոր մարմինն ատեստավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություն՝ տվյալ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը կրկնակի վերանայելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

24. Ատեստավորման հանձնաժողովի կողմից ստացված փաստաթղթերը լիազոր մարմնի աշխատակազմը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգը:

2. Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով:

3. Ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի (այսուհետ՝ տարակարգ) շնորհումն իրականացվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

II. ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

4. Ատեստավորված ուսուցիչն իր նախաձեռնությամբ է մասնակցում տարակարգի շնորհմանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին (այսուհետ՝ նախարար) ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը:

5. Տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսումնական հաստատության ուսուցիչն իրավասու է դիմելու նախարարին` հիմնվելով օրենքով սահմանված համաչափությունների վրա:

6. Ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, նախարարի հրամանով ձևավորված ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) կողմից՝ հիմք ընդունելով նախարարության կողմից սահմանված տարակարգի բնութագրիչները:

7. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է օրենքի 26-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված որոշումներից մեկը:

8. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է հանդիսանում ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու մասին նախարարի հրամանի համար:

9. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել նախարարությանը կամ դատական կարգով:

10. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև նախարարի կողմից վերջնական որոշումն ընդունվելը:

11. Հանրապետական հանձնաժողովի որոշումները նախարարություն բողոքարկվելու դեպքում նախարարի հրամանով ձևավորվում է երեքհոգանոց բողոքարկման հանձնաժողով, որի կազմում չեն կարող ներգրավվել տվյալ որոշումն ընդունած ատեստավորման հանձնաժողովի անդամները:

12. Բողոքարկման հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություն և տվյալ եզրակացությունը ներկայացնում նախարարին:

13. Նախարարը ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով բողոքարկման հանձնաժողովի եզրակացությունը:

14. Ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տարակարգ ստացած ուսուցչին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սամանած չափով հավելավճար:

15. Ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:

16. Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ տվյալ ուսուցիչն ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանում:

17. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխված ուսուցչի տարակարգը պահպանվում է այն դեպքում, երբ տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորման արդյունքում ուսուցիչը ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող: Տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին, ըստ մասնագիտական կրթության որակավորման աստիճանների, հավելավճար տալու կարգը:

2. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝

1) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 50 տոկոսի չափով.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով.

3) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով.

4) առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով:

3. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին:

4. Սույն կարգով սահմանված հավելավճարները տրվում են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2023, N 167-Ն 11.02.2023, N 1745-Ն
29.09.2022, N 1509-Ն 30.09.2022, N 1745-Ն
16.09.2021, N 1476-Ն 17.09.2021, N 1745-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան