Գլխավոր տեղեկություն
Համար
N 1535-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.09/60(863) Հոդ.1534
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1535-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ (ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ) ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԹԱՓՈՒԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 56-րդ հոդվածի ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 20-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերում բնակվող ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն` ըստ բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների` 100 տոկոսի չափով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հաշվի առնելով բնակավայրերի` անտառից ունեցած հեռավորությունը և գազիֆիկացված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում համատեղ հրամանով հաստատել ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող` անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ընդունել «Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողման կարգը հաստատելու մասին» համատեղ հրաման.

2) սահմանել հսկողություն համապատասխան անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպությունների կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված ընտանիքներին թափուկ վառելափայտի բացթողման գործընթացի նկատմամբ:

4. Թույլատրել սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված բնակավայրերում բնակվող ընտանիքներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համատեղ հրամանով սահմանված կարգով` սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 1
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան