Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.08.19/5(16) Հոդ.1356.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3058/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3058/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Խառատյան

     Դատավորներ`  Կ. Չիլինգարյան
                                 Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի ընդդեմ «Փլեյմեդիա» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն պահանջել է «Փլեյմեդիա» ՍՊԸ-ից բռնագանձել 6.915.000 ՀՀ դրամ գումար, բռնագանձվող գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` սկսած 15.06.2009 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը, ինչպես նաև փաստաբանի վարձատրության և պետական տուրքի գումարները։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` «Փլեյմեդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի բռնագանձել 6.400.000 ՀՀ դրամ` որպես չվերադարձված փոխառության գումար, 120.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայությունների համար վճարված գումար, 6.400.000 ՀՀ դրամի նկատմամբ 16.06.2009 թվականից մինչև գումարի փաստացի վճարման օրը հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ։

Քաղաքացիական գործի վարույթը` 515.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով կարճվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.12.2010 թվականի որոշմամբ Դատարանի 20.07.2010 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է: Որոշվել է՝ հայցը բավարարել մասնակիորեն: «Փլեյմեդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի բռնագանձել 6.400.000 ՀՀ դրամ` որպես չվճարված փոխառության գումար։ Հայցը մնացած մասով մերժվել է։ Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431 (ՎԴ) նախադեպային որոշումը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, կիրառել է այն: Մասնավորապես,Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով չգնահատելով գործում առկա ապացույցները, որոշման մեջ տառացիորեն արտացոլելով բողոքաբերի փաստարկները, կատարել է սխալ եզրահանգում, «դատական ծախսերի հատուցման» ինստիտուտը շփոթել է «վնասի հատուցման» ինստիտուտի հետ և տվել է սխալ մեկնաբանություններ:

Այսինքն` այլ կարգավորում ունեցող հատուցման ենթակա ծախսերը դիտարկել է վնաս, մինչդեռ դրանք իրավունքի այլ կատեգորիաներ են և կարգավորվում են տարբեր օրենսդրական ակտերով: Մասնավորապես` «վնասի հատուցման» ինստիտուտը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, իսկ «դատական ծախսերի հատուցման» ինստիտուտը, որի մեջ ներառվում է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը, կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ինչը Վերաքննիչ դատարանի ուշադրությանը չի արժանացել, որն իր հերթին հանգեցրել է քաղաքացիական գործի սխալ լուծմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2010 թվականի որոշման` 120.000 ՀՀ դրամի` որպես փաստաբանական ծառայության համար վճարված գումարի բռնագանձումը մերժելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 20.07.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի և «Փլեյմեդիա» ՍՊԸ-ի միջև կնքված 14.01.2008 թվականի փոխառության պայմանագրի համաձայն՝ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն «Փլեյմեդիա» ՍՊԸ-ին անտոկոս հանձնել է 6.400.000 ՀՀ դրամ, իսկ վերջինս պարտավորվել է մինչև 15.06.2009 թվականը «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ին վերադարձնել այդ գումարը (հատոր 1-ին, գ.թ. 6-7):

2. 24.01.2008 թվականի վճարման թիվ 010 անդորրագրի համաձայն՝ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն «Փլեյմեդիա» ՍՊԸ-ին է փոխանցել 6.400.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 8):

3. «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված 26.11.2009 թվականի փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝«Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել խորհրդատվություն ՀՀ օրենսդրությանը վերաբերող հարցերի շուրջ, իր աշխատակից փաստաբանի(ների) միջոցով ներկայացնել պատվիրատու «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի շահերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատական ատյաններում` կապված Պատվիրատուի կողմից «Փլեյմեդիա» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության վերադարձման հետ (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Պատվիրատու «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորվել է վճարել Ծառայությունների համար 120.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 24-26):

4. 26.11.2009 թվականի լիազորագրով «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն լիազորել է փաստաբան Աշոտ Աբրահամյանին «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի անունից հանդես գալու ՀՀ դատական ատյաններում որպես «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչ (հատոր 1-ին, գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը, որն ինչպես յուրաքանչյուր դատական ծախս բաշխվում է կողմերի միջև ըստ բավարարված հայցապահանջների չափի:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ փաստաբանի վարձատրությունը պետք է լինի խելամիտ և հիմնավորվի տվյալ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով, հանգել է այն հետևության, որ հայցվորի կողմից ներկայացված 120.000 ՀՀ դրամ գումարի չափը բխում է պայմանագրից, տվյալ բնագավառում գործող գործարար շրջանառության սովորույթներից և փաստաբանին վճարվող գումարի խելամտության սկզբունքից, որը ենթակա է բավարարման ամբողջությամբ:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը մասնակիորեն բեկանելիս կիրառել է Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշումը և հանգել այն հետևության, որ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, դիմելով դատարան, իրականացրել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իր իրավունքը, ուստի նրա կողմից կատարված ծախսերը, կապված տվյալ գործով իրավաբանական օգնություն ստանալու հետ, չեն կարող դիտվել որպես վնասներ: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ միակ բացառությունն օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել, ուստի հայցվորի պահանջը՝ փաստաբանական ծառայությունների դիմաց կատարված վճարումների գումարը բռնագանձելու մասին, անհիմն է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար քննարկման առարկա պետք է դարձվի այն հարցադրումը, թե արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված և կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ, և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:

 ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական կամ վարչական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տես, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-480 (ՎԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն` հայցվոր Շուշանիկ Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել էր բռնագանձել Արարատ Մովսիսյանից 480.000 ՀՀ դրամ (դատարանում իր շահերը ներկայացնելու համար կատարված ծախս)` որպես իր դեմ ներկայացրած անհիմն հայցի հետևանքով կրած վնաս: Շուշանիկ Գրիգորյանը պահանջը հիմնավորել էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական դատարանի 27.10.2005 թվականի վճռով մերժվել էր Արարատ Մովսիսյանի հայցն ընդդեմ Շուշանիկ Գրիգորյանի` «Թալին-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 30.12.2002 թվականի արտահերթ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Նշված գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնասի ինստիտուտի իրավական վերլուծությանը և արձանագրելով, որ քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, նշել էր. «միակ բացառությունը օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է հանդիսանում դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում»:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը տվյալ գործի փաստերի համադրման արդյունքում հանգել էր այն հետևության, որ Արարատ Մովսիսյանը, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից, չի չարաշահել այն, չի օգտվել դրանից անբարեխղճորեն, ուստի նրա գործողություններում բացակայում են պատասխանողին վնաս պատճառելու կամ այլ կերպ վերջինիս իրավունքները խախտելու հատկանիշները:

Այսինքն` Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործով հայցվոր Շուշանիկ Գրիգորյանն իր պահանջի հիմքում դրել էր պատասխանողի կողմից իր դեմ ակնհայտ անհիմն հայց հարուցելու հետևանքով վնաս պատճառելու հանգամանքը, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվոր «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, դիմելով դատարան, պահանջել էր «Փլեյմեդիա» ՍՊԸ-ից բռնագանձել փաստաբանական ծառայության համար կատարված վճարումը, որպես դատական ծախս, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածներով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի և Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն, հետևաբար նաև Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր և կիրառելի չէին Վերաքննիչ դատարանի համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ կողմերի կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրությունը որպես դատական ծախս բռնագանձելու պահանջները կարգավորվում են դատական ծախսերին վերաբերող կանոններով և դատարանների կողմից ենթակա են բռնագանձման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածների պահանջներից ելնելով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշման` «Փլեյմեդիա» ՍՊԸ-ից հօգուտ «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ի 120.000 ՀՀ դրամ գումարը որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն բռնագանձելու պահանջը մերժելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.07.2010 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան