Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Բելառուսի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի, Ղրղզստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի,
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու, ծառայությունների ոլորտներում (բանկային ոլորտում, ապահովագրական ոլորտում, արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտում) գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների փոխադարձ ճանաչման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ֆինանսական շուկաներ ոչ խտրական հասանելիությունն ապահովելու նպատակներով,
ելնելով պետական կարգավորումը կատարելագործելու և անդամ պետությունների ֆինանսական շուկաներում հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 70-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները և ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակներով,
համաձայնեցին հետևյալ մասին.
Հոդված 1. Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագիրը սահմանում է ֆինանսական շուկայի ոլորտում (բանկային ոլորտում, ապահովագրական ոլորտում, արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտում) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությունները և կարգը, այդ թվում՝
ֆինանսական շուկաների մասնակիցներին ներկայացվող համաձայնեցված պահանջների ընդունման մասով՝ բանկային, ապահովագրական, արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտներում դրանց ստեղծման, հիմնադրման և գործունեության առնչությամբ,
միջազգային ստանդարտներին համապատասխան` ֆինանսական շուկայի ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցման մասով,
վերահսկողական պահանջների և ֆինանսական շուկայի մասնակիցների վերահսկողության իրականացման կարգի ներդաշնակեցման մասով,
լիցենզիաների փոխադարձ ճանաչման համար պայմանների ապահովման մասով, ֆինանսական շուկայի ոլորտում տեղեկատվության բացահայտման պահանջների ներդաշնակեցման մասով,
անդամ պետությունների ներդրողների կողմից ֆինանսական շուկայի մասնակիցների կանոնակարգային կապիտալում մասնաբաժինների (բաժնետոմսերի) ձեռքբերման հարցով,
ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության պահանջների ներդաշնակեցման մասով։
Հոդված 2. Սահմանումները
Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով:
Հոդված 3. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցները
1. Ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակներով՝ սույն համաձայնագրի մասնակիցները միջոցներ կձեռնարկեն, որոնք ներառում են՝
փոխգործակցություն՝ ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծեր նախապատրաստելու ժամանակ,
այլ միջոցներ, որոնք սույն համաձայնագրի մասնակիցները նպատակահարմար և հնարավոր կհամարեն՝ ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցներն իրագործելու համար։
2. Անդամ պետություններից յուրաքանչյուրը որոշում է ընդունում այն մասին, թե այդ անդամ պետության որ նորմատիվ իրավական ակտերն են ենթակա մերձեցման՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները, ինչպես նաև որոշում է ընդունում սույն համաձայնագրի 6-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցների իրագործման հերթականությունը սահմանելու մասին։
Այդ որոշումները կարող են նախատեսել օրենսդրության ներդաշնակեցման միջոցների ընդունում՝ ինչպես առանձին ուղղություններով, այնպես էլ՝ բանկային, ապահովագրական և արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտներում իրավական կարգավորման ընդհանուր մոտեցումների առնչությամբ:
Հոդված 4. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ուղղությունները
1. Ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցների իրագործումը կատարվում է «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 17 հավելված) 22-26-րդ և 30-րդ կետերով սահմանված ուղղություններով:
2. Սույն համաձայնագրի մասնակիցներն իրականացնում են ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության մասով պահանջների ներդաշնակեցումը։
3. Անդամ պետությունների ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման կոնկրետ պահանջների ներդաշնակեցումը պետք է իրականացվի այն պայմանով, որ պահպանվող տարբերությունները չեն խոչընդոտի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի արդյունավետ գործունեությունը։
4. Անդամ պետությունները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կավարտեն ֆինանսական ոլորտում իրենց օրենսդրության ներդաշնակեցման գործընթացը՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ուղղություններին համապատասխան:
Հոդված 5. Անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման սկզբունքները
Սույն համաձայնագրի մասնակիցները ֆինանսական շուկայի ոլորտում իրենց պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ընթացքում առաջնորդվում են Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի՝ արդյունավետ բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքներով, Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի ապահովագրական վերահսկողության հիմնարար սկզբունքներով, Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության սկզբունքներով և լավագույն միջազգային փորձով, Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱՏՖ)՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային ստանդարտներով, ինչպես նաև ֆինանսական շուկայի կարգավորման ոլորտի այլ միջազգային սկզբունքներով և ստանդարտներով:
Հոդված 6. Համաձայնագրի իրականացման մեխանիզմը
1. Սույն hամաձայնագրի մասնակիցները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 9 ամսվա ընթացքում մշակում են անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման պլանը՝ նշելով անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման անցկացման փուլերն ու ժամկետները (այսուհետ՝ ներդաշնակեցման պլան), որը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:
2. Ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման (այդ թվում՝ միջազգային համաձայնագրերի ընդունման միջոցով) վերաբերյալ սույն համաձայնագրի մասնակիցների կողմից համաձայնեցված առաջարկությունները, որոնք մշակվել են ներդաշնակեցման պլանին համապատասխան, և անդամ պետությունների օրենսդրության մեջ առաջարկների կիրարկման ժամկետները հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համակարգում է անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման պլանի և ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունների մշակման մասով գործունեությունը՝ այդ պլանի կետերին համապատասխան, յուրաքանչյուր տարի նախապատրաստում է դրա կատարողականի վերաբերյալ հաշվետվություն և ներկայացնում այդ հաշվետվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հաստատմանը:
Հոդված 7. Փոփոխություններ կատարելը
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
Հոդված 8. Վեճերի կարգավորումը
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ
Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասն է կազմում։
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2018 թվականի նոյեմբերի 6–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության |
Հայաստանի Հանրապետության | |
Բելառուսի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության | |
Ղազախստանի Հանրապետության |
Ղազախստանի Հանրապետության | |
Ղրղզստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության | |
Ռուսաստանի Դաշնության |
Ռուսաստանի Դաշնության |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: