Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.01/60(794) Հոդ.1393
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.10.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1325/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1325/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Թումանյան

Դատավորներ՝

Գ. Մատինյան
Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. աՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

  

2010 թվականի հոկտեմբերի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդուհի Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդուհի Ոսկանյանի ընդդեմ Քրիստինե, Նարինե և Վարդան Մանուկյանների` Աշոտ Մանուկյանի կողմից կենդանության օրոք Մարինա Ոսկանյանի նկատմամբ հայրությունը ճանաչելու փաստը հաստատելու և այդ փաստը հաստատելու հիմքով Աշոտ Մանուկյանի ժառանգական գույքի 1/4 բաժնի նկատմամբ Մարինա Ոսկանյանի կողմից ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդուհի Ոսկանյանը պահանջել է հաստատել Աշոտ Մանուկյանի կողմից կենդանության օրոք Մարինա Ոսկանյանի նկատմամբ հայրությունը ճանաչելու փաստը և այդ փաստը հաստատելու հիմքով Աշոտ Մանուկյանի ժառանգական գույքի 1/4 բաժնի նկատմամբ Մարինա Ոսկանյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 14.12.2009 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդուհի Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Քրիստինե, Նարինե և Վարդան Մանուկյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես այն, որ Աշոտ Մանուկյանը Երևանի Էրեբունու շրջանի ժողդատարանի 06.06.1996 թվականի վճռի հիման վրա ամուսնալուծվել է նախկին կնոջից: 1996 թվականից Աշոտ Մանուկյանը գտնվել է քաղաքացիական ամուսնական հարաբերությունների մեջ Վարդուհի Ոսկանյանի հետ: 18.05.1998 թվականին ծնվել է նրանց դուստր Մարինա Ոսկանյանը, որի խնամքով և դաստիարակությամբ զբաղվել է Աշոտ Մանուկյանը, ինչը հաստատվում է մի շարք ապացույցներով:

Սակայն, Վերաքննիչ դատարանը «երեխայի հայր ճանաչելու համար միակ վերաբերելի ապացույց է համարել երեխայի հոր գրավոր հայտարարությունը», մինչդեռ սույն պարագայում պետք է հաշվի առնել անձի սուբյեկտիվ վերաբերմունքը երեխայի նկատմամբ, որը կարող էր դրսևորվել ոչ միայն գրավոր նամակներով և հայտարարություններով, այլ նաև օրենքով սահմանված այլ ապացույցներով, ինչպես նաև անձի որոշակի գործողություններով, որոնք հիմք են տալիս հստակորեն ասելու (հիմնավորելու), որ տվյալ անձը հանդիսանում է երեխայի հայրը և իրեն ընդունում է որպես երեխայի հայր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.12.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, որի արդյունքում կայացրել է հիմնավորված որոշում: Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Մարինա Ոսկանյանի առողջական վիճակով և դաստիարակության հարցերով համապատասխանաբար պոլիկլինիկա ու դպրոց հաճախելու և հետաքրքրվելու, ընդհանրապես այդ երեխայի նկատմամբ հոգատար ու հայրական վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ մյուս փաստաթղթերը, հայցվորի կողմից հարցաքննված վկաների հայտարարություններն ու ցուցմունքները վկայում են միայն Աշոտ Մանուկյանի մարդկային պահվածքի և երեխաների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի մասին:

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1) Երևանի Էրեբունու շրջանի ժողդատարանի 06.06.1996 թվականի վճռի հիման վրա Արուսյակ Հակոբյանը և Աշոտ Մանուկյանն ամուսնալուծվել են (1-ին հատոր, գ.թ.105):

 2) Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովվի տեղեկանքի համաձայն` Աշոտ Մանուկյանը և Վարդուհի Ոսկանյանը 07.07.1996 թվականին պսակադրվել են Քանաքեռի սուրբ Հակոբ եկեղեցում (հատոր 1-ին, գ.թ. 19):

 3) Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի բնակ-կոմունալ բաժնի լիազոր ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքի համաձայն` 1996 թվականից Երևանի Քանաքեռ 10-րդ փողոցի թիվ 4/6 տանը Վարդուհի Ոսկանյանի հետ համատեղ բնակվել են նրա ամուսին Աշոտ Մանուկյանը և 1998 թվականին ծնված նրանց դուստր Մարինա Ոսկանյանը (հատոր 1-ին, գ.թ. 10):

4) Մարինա Աշոտի Ոսկանյանը ծնվել է 18.05.1998 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 7):

5) Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տեղամասի մանկաբույժի 22.07.2008 թվականին տրված թիվ 86 տեղեկանքի համաձայն` Մարինա Ոսկանյանը 11 տարի գտնվել է բժշկական հսկողության տակ և որպես երեխայի ծնողներ ճանաչել է Աշոտ Մանուկյանին և Վարդուհի Ոսկանյանին (հատոր 1-ին, գ.թ. 21):

6) Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղեկանքի համաձայն` Մարինա Աշոտի Ոսկանյանը սովորում է նույն դպրոցի 7-րդ դասարանում, դպրոցի տնօրինությունն Աշոտ Մանուկյանին ճանաչել և ընդունել է որպես երեխայի հայր, Աշոտ Մանուկյանը «պարբերաբար ներկայացել է դպրոց, հետաքրքրվել երեխայի ուսման առաջադիմությամբ, երկարօրյա պարապմունքներից հետո տարել տուն: Հայրը հաճախ էր հպարտանում, հիանում իր դուստր Մարինայով, ուրախանում նրա հաջողություններով» (հատոր 1-ին, գ.թ. 20):

7) Հարևանների և բարեկամների կողմից տրված 28.07.2009 և 17.09.2009 թվականների հայտարարությունների համաձայն` Աշոտ Մանուկյանը և Վարդուհի Ոսկանյանը 1996 թվականից համատեղ բնակվել են Քանաքեռ թիվ 10 փողոց 4/6 տանը (հատոր 1-ին, գ.թ.12-17, 59-64):

8) Առկա են լուսանկարներ, որտեղ Աշոտ Մանուկյանը պատկերված է Մարինա Ոսկանյանի, Վարդուհի Ոսկանյանի, բարեկամների և ընկերների հետ ընտանեկան միջավայրում (հատոր 1-ին, գ.թ 73-74):

9) Աշոտ Մանուկյանը մահացել է 04.07.2009 թվականին (հատոր 2-րդ, գ.թ 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը ծնողների և երեխաների միջև իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմք է դիտում օրենքով սահմանված կարգով կենդանության օրոք որպես երեխայի հայր հանդես գալու փաստը՝ սահմանելով երեխայի հայրության որոշման դատական կարգ: Ընդ որում, այդ դեպքում դատարանը պետք է հաշվի առնի ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ իր կենդանության ժամանակ հոր կողմից ընդունվել է երեխայի հայրության ճանաչման փաստը:

Դատարանը Վարդուհի Ոսկանյանի հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 1996 թվականից Աշոտ Մանուկյանը և Վարդուհի Ոսկանյանը գտնվել են ամուսնական փոխհարաբերությունների մեջ և բնակվել են Վարդուհի Ոսկանյանի տանը, համատեղ բնակվելու և ընդհանուր տնտեսություն վարելու ժամանակ 1998 թվականին ծնվել է Մարինա Աշոտի Ոսկանյանը, ում խնամքով և դաստիարակությամբ զբաղվել է Աշոտ Մանուկյանը, ինչը հաստատվում է գործով ձեռք բերված մի շարք ապացույցներով:

Վերաքննիչ դատարանը Քրիստինե, Նարինե, Վարդան Մանուկյանների վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Աշոտ Մանուկյանն իր կենդանության օրոք չի ընդունել երեխայի հայրությունը, և գործով ներկայացված ապացույցները «սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ ստույգ չեն ապացուցում, որ հանգուցյալ Աշոտ Մանուկյանը կենդանության օրոք իրեն ճանաչել է Մարինա Ոսկանյանի հայրը, թե ոչ»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

 Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի հիմքում դրված փաստերի թույլատրելիության և վերաբերելիության տեսանկյունից էական նշանակություն չունենալու հանգամանքը և չի տրվել դրանց հիմնավորումները, անտեսվել է վկաների կողմից տրված վկայությունները, միևնույն ժամանակ հիմնվելով գործով ներկայացված նույն ապացույցների և փաստերի վրա` կատարել է այլ եզրահանգումներ: Ուսումնասիրության առարկա են դարձել գործում ներկայացված ոչ բոլոր փաստերը:

 

 Սույն գործի փաստերի համաձայն` երեխայի ծնվելուց առաջ Վարդուհի Ոսկանյանը և Աշոտ Մանուկյանը բնակվել են համատեղ (դեռևս 1996 թվականից) և վարել են ընդհանուր տնտեսություն, միասին դաստիարակել և խնամել են երեխային: Բարեկամների, հարևանների և այլ անձանց մոտ Աշոտ Մանուկյանը և Վարդուհի Ոսկանյանը հանդես են եկել որպես ամուսիններ, իսկ Աշոտ Մանուկյանը որպես Մարինա Ոսկանյանի հայր (հատոր 1-ին, գ.թ.12-17, գ.թ. 20, 59-64, 73-74):

 Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Մանուկյանն իր բոլոր գործողություններով՝ հարևանների, բարեկամների մոտ, դպրոցում և բուժհաստատություններում բացահայտ ներկայացել է որպես Մարինա Ոսկանյանի հայր, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս արձանագրելու, որ Աշոտ Մանուկյանը փաստացի Մարինա Ոսկանյանի նկատմամբ ճանաչել է հայրություն:

 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով :

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.12.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ