ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ինդոնեզիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև` Պայմանավորվող կողմեր,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ Պայմանավորվող կողմերի երկկողմ հարաբերությունները,
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ առավել ամրապնդել իրենց երկկողմ հարաբերությունները` երկու Պայմանավորվող կողմերի` դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր ունեցող անձանց համար մուտքն իրենց համապատասխան երկրներ դյուրացնելու նպատակով,
ՀԱՄԱՁԱՅՆ իրենց համապատասխան երկրների գերակա օրենքների և կանոնակարգերի,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՈՒՄ
1. Ինդոնեզիայի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական կամ ծառայողական վավերական անձնագրեր, ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից մուտք գործելու օրվանից 30 (երեսուն) օրը չգերազանցող ժամանակահատվածում կեցության համար:
2. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական վավերական անձնագրեր, ազատվում են Ինդոնեզիայի Հանրապետության տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի
պահանջից մուտք գործելու օրվանից 30 (երեսուն) օրը չգերազանցող ժամանակահատվածում կեցության համար:
ՀՈԴՎԱԾ 2
ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Պայմանավորվող կողմերի քաղաքացիների անձնագրերը` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու օրվանից առաջ պետք է ունենան առնվազն 6 (վեց) ամսվա վավերականության ժամկետ:
ՀՈԴՎԱԾ 3
ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1. Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական կամ ծառայողական վավերական անձնագրեր և նշանակվել են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում որպես դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ կամ միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները մինչև ընդունող երկիր մուտք գործելը պետք է համապատասխան մուտքի արտոնագիր ստանան մյուս Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությունից կամ հյուպատոսական հիմնարկից:
2. Իրենց ծառայության ընթացքում վերոնշյալ անձինք, ովքեր ընդունող Պայմանավորվող կողմից ստացել են բնակության թույլտվություն և նույնականացման քարտ, կարող են առանց մուտքի արտոնագրի դուրս գալ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից և կրկին մուտք գործել այնտեղ, քանի դեռ իրենց բնակության թույլտվությունը և նույնականացման քարտը վավերական են և ներկայացվում են մուտք գործելիս` դիվանագիտական կամ ծառայողական վավերական անձնագրի հետ միասին:
ՀՈԴՎԱԾ 4
ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Սույն Համաձայնագրի 1-ին և 3-րդ հոդվածներում նշված` Պայմանավորվող կողմերի քաղաքացիները կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք և դուրս գալ այնտեղից միջազգային երթևեկության համար բաց ցանկացած սահմանային անցակետով, առանց որևէ սահմանափակման` բացառությամբ նման վավերական անձնագրեր ունեցող անձանց նկատմամբ կիրառելի` անվտանգության, միգրացիոն, մաքսային, սանիտարական, մուտքի և այլ կարգավորումներով նախատեսված սահմանափակումների:
ՀՈԴՎԱԾ 5
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Սույն Համաձայնագիրը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության քաղաքացիներին չի ազատում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս և այնտեղ կեցության ընթացքում այդ կողմի պետության գործող օրենքներին և կանոնակարգերին հետևելու պարտավորություններից, ներառյալ օտարերկրացիների մուտքի, կեցության և ելքի վերաբերյալ ազգային օրենքները, սակայն չսահմանափակվելով դրանցով:
2. Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների իրավունքը` մերժել մյուս Պայմանավորվող կողմի` սույն Համաձայնագրի 1-ին և 3-րդ հոդվածներում նշված` դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր ունեցող անձանց մուտքը կամ ելքը կամ կրճատել նրանց կեցության ժամկետը` պայմանով, որ այդ անձինք համարվում են անցանկալի անձ (persona non grata) կամ հավանական է, որ կվտանգեն հանրային անդորրը, հասարակական կարգը, հասարակության առողջությունը կամ ազգային անվտանգությունը, չտրամադրելով իրենց որոշման պատճառները:
ՀՈԴՎԱԾ 6
ԿԱՍԵՑՈՒՄ
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` ելնելով ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հասարակության առողջության պաշտպանության նկատառումներից:
2. Մի Պայմանավորվող կողմը դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին այդ կասեցման, ինչպես նաև Համաձայնագրի գործողության վերսկսման մասին:
ՀՈԴՎԱԾ 7
ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ
1. Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրերի նմուշները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ:
2. Եթե նոր դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր են գործածության մեջ դրվել կամ գործող դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերը փոխվել են, Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր տեղեկացնում են ցանկացած փոփոխության մասին ոչ ուշ, քան դրանց պաշտոնական գործածության մեջ դնելուց երեսուն (30) օր առաջ:
3. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում կորցրել են իրենց դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերը, կամ դրանք վնասվել են, ապա պետք է ուղարկող երկրի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով անմիջապես այդ մասին տեղեկացնեն ընդունող երկրի իրավասու մարմիններին: Տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, իր երկրի օրենսդրությանը համապատասխան, այդ անձանց տրամադրում է ծագման երկիր վերադարձի փաստաթուղթ:
ՀՈԴՎԱԾ 8
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում ծագող ցանկացած տարաձայնություն կամ վեճ լուծվում է բարեկամաբար, դիվանագիտական ուղիներով, Պայմանավորվող կողմերի խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 9
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 10
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ազգային օրենսդրություններով ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի` միմյանց ուղղված վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո։
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումն ստանալու օրվանից 60 (վաթսուն) օր հետո:
Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
ԿԱՏԱՐՎԱԾ է Ջակարտա քաղաքում 2016 թվականի նոյեմբերի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ինդոնեզերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության տարբերության դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. փետրվարի 17-ին