ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3148/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3148/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սևան և Մարիետա Մաճկալյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սևան և Մարիետա Մաճկալյանների ընդդեմ Ավետիք և Գեղամ Հայրապետյանների, Մարիամ Մելքոնյանի, Լիլիա Պալոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սևան և Մարիետա Մաճկալյանները պահանջել են Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տան փաստացի օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2009 թվականի որոշմամբ Դատարանի 16.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սևան և Մարիետա Մաճկալյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Լիլիա Պալոյանը, Ավետիք և Գեղամ Հայրապետյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը նշել է, որ սույն գործով չի հաստատվել պատասխանողների կողմից վիճելի հողամասի նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու հանգամանքը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում գտնված 20.02.2004 թվականի թիվ 2-18 քաղաքացիական գործի դատաքննության ընթացքում Ավետիք և Գեղամ Հայրապետյաններն ու Լիլիա Պալոյանը չեն առարկել, որպեսզի ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվի Սևան և Մարիետա Մաճկալյանների սեփականության իրավունքը Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տան շինությունների մի մասի նկատմամբ, քանի որ նրանք 1978 թվականից տիրապետում են այդ տարածքները, ինչպես նաև նշել են, որ 2003 թվականի նոյեմբերին դիմել են օրինականացնելու Սևան և Մարիետա Մաճկալյանների կողմից փաստացի տիրապետվող տարածքների վրա գտնվող ինքնակամ կառույցները հետագայում օրինական կարգով վերջիններիս օտարելու համար, սակայն ստացել են մերժում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի հողատարածքը Սևան և Մարիետա Մաճկալյանների տիրապետմանն անցել է առանց որևէ բռնության կիրառման և նրանք դա ձեռք են բերել սեփականատեր Գեղամ Հայրապետյանից ներքին առուվաճառքի պայմանագրով՝ տան մի մասը գնելու հիման վրա: Ավելին, գնման օրվանից նրանք վիճելի հողատարածքը առանձնացրել են սեփականատիրոջ համաձայնությամբ և մինչ օրս այն օգտագործում և կառավարում են իրենց հայեցողությամբ:
Բացի այդ, պատասխանողների կողմից Սևան և Մարիետա Մաճկալյանների նկատմամբ շուրջ 31 տարվա ընթացքում որևէ պահանջ չի ներկայացվել վիճելի տարածքների նկատմամբ տիրապետումը դադարեցնելու և դրանք հետ վերադարձնելու համար: Այսպիսով, պատասխանողների վերոնշյալ գործողություններն ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրանց մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.09.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` 94,2 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով չի հաստատվում հայցվորների տիրապետման բարեխղճությունը, քանի որ գույքը ձեռք բերելու պահին նրանց տրվել է ստացական Գեղամ Հայրապետյանի կողմից, որը նշված գույքի սեփականատերը չէր: Բացի այդ, նշված ստացականը կազմվել է ոչ թե վիճարկվող հողամասի, այլ Գեղամ Հայրապետյանի կողմից փաստացի օգտագործվող բնակելի տարածության առաջին հարկի մեկ սենյակի և հարակից նկուղի նկատմամբ: Հողամասի վիճարկվող մասը չի կարող դիտվել բացառապես հայցվորների կողմից օգտագործվող, քանի որ վերջիններս հողամասի մի հատվածի հետ կապող միջանցիկ տարածքում դուռ են տեղադրել պատասխանողների կամքին հակառակ, մեկուսացրել են այդ հատվածը և խոչընդոտում են մուտքն իրենց պատկանող տարածք:
Հողամասի նկատմամբ պատասխանողների իրավունքները պահպանելուն ուղղված գործողություններ կատարելու մասին է վկայում նաև վիճելի գույքի նկատմամբ հարկային պարտավորությունները բարեխղճորեն ու անընդմեջ բացառապես վերջիններիս կողմից կատարված լինելու փաստը, որը հաստատվում է համապատասխան անդորրագրերով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.02.2004 թվականի թիվ 2-18 օրինական ուժի մեջ մտած վճռով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Սևան և Մարիետա Մաճկալյանների սեփականության իրավունքը Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տան առաջին հարկի 16,3 քմ օրինական կառույց հանդիսացող մեկ սենյակի նկատմամբ, իսկ 31,8 քմ մակերեսով նկուղի և մյուս սենյակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին Սևան և Մարիետա Մաճկալյանների պահանջը մերժվել է, դրանք ինքնակամ կառույցներ լինելու պատճառով (հատոր 1-ին,գ.թ. 7):
Վճռով հաստատվել է, որ`
● Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տունը սեփականության իրավունքով պատկանել է Ժորա Հայրապետյանին, որի մահից հետո, այն սեփականության իրավունքով գրանցվել է նրա ժառանգների՝ կնոջ՝ Մարիամ Մելքոնյանի 5/8-րդ մաս և զավակներ՝ Գեղամ Հայրապետյանի 1/8-րդ մաս և Ավետիք Հայրապետյանի 1/3-րդ մաս և Լիլիա Պալոյանի 1/3-րդ մաս,
● 30.10.1979 թվականին Գեղամ Հայրապետյանը տվել է գրավոր ստացական առ այն, որ 6000 ռուբլի կանխիկ գումարի դիմաց 1978 թվականի հունվարից Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տան իր բնակելի տարածության առաջին հարկի մեկ սենյակը և հարակից նկուղը հատկացրել է Սևան Մաճկալյանին,
● պատասխանողներ Ավետիք և Գեղամ Հայրապետյանները, Մարիամ Մելքոնյանը, Լիլիա Պալոյանն ընդունել են, որ Սևան և Մարիետա Մաճկալյանները 1978 թվականից բնակվել են նշված հասցեում և չեն առարկել, որպեսզի ճանաչվի վերջիններիս սեփականության իրավունքը հայցադիմումում նշված տարածքների նկատմամբ,
● նշված տարածքները օրենքով սահմանված կարգով Սևան և Մարիետա Մաճկալյաններին օտարելու համար Գեղամ Հայրապետյանը 10.11.2003 թվականին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր-Նորք» տարածքային ստորաբաժանմանը, սակայն ստացել է մերժում, քանի որ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշվառումից դուրս մնացած շենքերի, շինությունների և հողամասերի վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը ՀՀ կառավարության կողմից դեռևս հաստատված չէր (հատոր 1-ին, գ.թ. 6):
2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր-Նորք» տարածքային ստորաբաժանման 13.02.2004 թվականի եզրակացության համաձայն` Սևան և Մարիետա Մաճկալյանների կողմից օգտագործվում է 103,3 քմ հողամաս և 48,1 քմ շինություն, որից 16,3 քմ` օրինական կառույց է, իսկ 31,8 քմ` ինքնակամ (հատոր 1-ին, գ.թ. 8):
3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ավան» տարածքային ստորաբաժանման 05.03.2009 թվականի գրության համաձայն` Սևան և Մարիետա Մաճկալյանների կողմից փաստացի օգտագործվում է երկհարկանի բնակելի տան առաջին հարկից` ըստ հատակագծի թիվ 1, 2, 3 սենյակները` ընդհանուր 53,3 քմ մակերեսով, թիվ 11 և 12 օժանդակ շինությունները` 4,4 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև` 36,5 քմ բակային հողատարածք (հատոր 1-ին, գ.թ. 127):
4. Փաստացի օգտագործվող մակերեսները ճշտելուց հետո հայցվորները ճշտել են նաև իրենց պահանջը և խնդրել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տան առաջին հարկի` ըստ հատակագծի թիվ 1, 2, 3 սենյակների` ընդհանուր 53,3 քմ մակերեսով, թիվ 11 և 12 օժանդակ շինությունների` 4,4 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև` 36,5 քմ բակային հողատարածքի` ընդամենը 94,2 քմ հողամասի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 6, 63):
5. 22.07.2008 թվականի թիվ 25641020 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տան առաջին հարկի բակում գտնվող բոլոր շինությունները (այդ թվում` ինքնակամ), բացառությամբ Սևան Մաճկալյանի անվամբ գրանցված 16,3 քմ մակերեսով շինության, ինչպես նաև շինություններով ծանրաբեռնված հողամասը, սեփականության իրավունքով գրանցվել է Գեղամ և Ավետիք Հայրապետյանների և Լիլիա Պալոյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 14-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմված ներքին համոզմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի` բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց պետք է գնահատի գործում եղած բոլոր ապացույցների հետ միասին բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ հանգամանք նախապես հաստատված ապացույցի ուժ չունի` բացառությամբ նույն անձանց միջև նախկինում քննված քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքների:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ սույն գործով հայցվորները բավարար ապացույցներ չեն ներկայացրել այն մասին, որ գույքի սեփականատերերն անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել իրենց գույքի նկատմամբ, կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են գույքի տնօրինումից, օգտագործումից և տիրապետումից նրանց մեկուսացման մասին: Ավելին, պատասխանողները մշտապես բնակվել են վիճելի հասցեում, երբևէ չեն հրաժարվել սեփականության իրենց իրավունքից, կատարել են գույքահարկի և հողահարկի վճարումները: Բացի այդ, Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.02.2004 թվականի թիվ 2-18 վճռով 31,8 քմ ընդհանուր մակերեսով նկուղի և մյուս սենյակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հայցվորների պահանջը մերժվել է, քանի որ նշված շինություններն ինքնակամ կառուցներ են, որոնք ներկայումս սեփականաշնորհվել են պատասխանողների կողմից:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.02.2004 թվականի թիվ 2-18 օրինական ուժի մեջ մտած վճռով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Սևան և Մարիետա Մաճկալյանների սեփականության իրավունքը Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տան առաջին հարկի 16,3 քմ օրինական կառույց հանդիսացող մեկ սենյակի նկատմամբ, և թեև հաստատվել է, որ վերջիններս 31,8 քմ մակերեսով նկուղը և մյուս սենյակը նույնպես տիրապետել են անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ, այնուամենայնիվ նրանց սեփականության իրավունքը չի ճանաչվել, քանի որ դրանք ինքնակամ կառույցներ էին:
Բացի այդ, նույն վճռով Ավետիք և Գեղամ Հայրապետյանները, Մարիամ Մելքոնյանը, Լիլիա Պալոյանն ընդունել են, որ Սևան և Մարիետա Մաճկալյանները 1978 թվականից բնակվել են նշված հասցեում և չեն առարկել, որպեսզի ճանաչվի վերջիններիս սեփականության իրավունքը հայցադիմումում նշված տարածքների նկատմամբ, իսկ Գեղամ Հայրապետյանը նշված տարածքներն օրենքով սահմանված կարգով Սևան և Մարիետա Մաճկալյաններին օտարելու համար 10.11.2003 թվականին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր-Նորք» տարածքային ստորաբաժանմանը, սակայն ստացել է մերժում:
Վերը նշված փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սևան և Մարիետա Մաճկալյանները 1978 թվականից տիրապետելով պատասխանողների ընդհանուր սեփականությունը հանդիսացող հողամասում առկա կառույցները, տիրապետել են նաև այդ շինություններով ծանրաբեռնված վիճելի հողամասը:
Ավելին, սույն գործում առկա «Տեղատեսություն կատարելու մասին» 02.03.2009 թվականի արձանագրության ուսումնասիրման արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շինություններից ազատ տարածքը ըստ էության առանձնացված է և օգտագործվում է միայն Սևակ և Մարիետա Մաճկալյանների կողմից, պատասխանողներն այդ տարածքում որևէ շինություն չունեն, որն ընդունվել է նաև սույն գործով պատասխանողների կողմից:
1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ փաստերը և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմը Սևակ և Մարիետա Մաճկալյաններին հիմք են տվել ենթադրելու, որ նրանք իրենց զբաղեցրած հողամասի սեփականատերն են (տե՛ս Յուրիկ Սարգսյանի հայցն ընդդեմ Արամ, Կարինե, Հրաչուհի, Կարեն Պողոսյանների, Արարատի մարզի Տափերականի գյուղապետարանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ1/0090/02/08 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սևան և Մարիետա Մաճկալյանները ձեռք են բերել սեփականության իրավունք իրենց տիրապետման ներքո գտնվող հողատարածքի նկատմամբ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանությամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2009 թվականի որոշումը և փոփոխել` Սևան և Մարիետա Մաճկալյանների հայցը բավարարել՝ ճանաչել Սևան և Մարիետա Մաճկալյանների սեփականության իրավունքը Երևանի Ավան 7-րդ փողոցի թիվ 81 տան առաջին հարկի` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ավան» տարածքային ստորաբաժանման 05.03.2009 թվականի գրությանը կից հատակագծի թիվ 1, 2, 3 սենյակներով, թիվ 11 և 12 օժանդակ շինություններով ծանրաբեռնված 57.7 քմ մակերեսով հողատարածքի, ինչպես նաև` 36,5 քմ մակերեսով բակային հողատարածքի նկատմամբ:
2. Լիլիա Պալոյանից, Ավետիք և Գեղամ Հայրապետյաններից հօգուտ Սևան և Մարիետա Մաճկալյանների բռնագանձել 4000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |