Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վրաստանի Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով զարգացնել բարեկամական հարաբերություններ մաքսային գործի ոլորտում համագործակցության միջոցով,
հաշվի առնելով, որ մաքսային իրավախախտումները վնաս են հասցնում Պայմանավորվող կողմերի անվտանգությանը, նրանց տնտեսական, առևտրային, ֆինանսական, սոցիալական ու մշակութային շահերին,
համոզված լինելով, որ մաքսային օրենսդրության պահպանումը և մաքսային իրավախախտումների դեմ պայքարը կարող են առավել հաջող իրականացվել Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների համագործակցության դեպքում,
նկատի ունենալով որոշ ապրանքային խմբերի նկատմամբ Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից արգելման, սահմանափակման և հսկողության միջոցների պատշաճ իրականացման և մաքսային վճարների ճշգրիտ սահմանման կարևորությունը,
հիմնվելով 1993 թվականի հունիսի 24-ի` «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև մաքսային գործի ոլորտում հարաբերությունների հիմունքների մասին» Համաձայնագրի վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
Գլուխ I
Սահմանումներ
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
ա) մաքսային ծառայություն նշանակում է`
Հայաստանի Հանրապետության Կառավարության համար` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե,
Վրաստանի Կառավարության համար` Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն և Վրաստանի ներքին գործերի նախարարություն,
բ) մաքսային պահանջ նշանակում է սույն Համաձայնագրով նախատեսված ցանկացած մաքսային վճարներ, ինչպես նաև լրացուցիչ հարկեր և տուրքեր, ժամանակին չվճարված հարկեր, տույժեր և ցանկացած այլ գումարներ` կապված նշված վճարների հետ, որոնց գանձումն անհնար է իրականացնել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից,
գ) մաքսային օրենսդրություն նշանակում է` Պայմանավորվող կողմերի պետությունների օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի համախումբ, որոնք կարգավորում են ապրանքների, ձեռքի ուղեբեռի, ուղևորների բեռի, արժութային և այլ արժեքների, միջազգային փոստային առաքումների ներմուծման, արտահանման և տարանցման, մաքսատուրքերի և մաքսային այլ վճարների գանձման, արտոնությունների տրամադրման, արգելքների և սահմանափակումների սահմանման, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային սահմաններով ապրանքների տեղափոխման նկատմամբ հսկողության հետ կապված հարաբերությունները,
դ) մաքսային իրավախախտում նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ,
ե) տեղեկատվություն նշանակում է` ցանկացած մշակված տվյալներ կամ սկզբնական տեղեկատվություն, ինչպես նաև փաստաթղթեր, հաշվետվություններ և ցանկացած ձևաչափով ներկայացված ծանուցումներ, այդ թվում դրանց էլեկտրոնային տարբերակներ կամ հաստատված պատճեններ,
զ) պաշտոնատար անձ նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության աշխատակից,
է) անձ նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
ը) անձնական տվյալներ նշանակում է` ցանկացած տվյալներ ֆիզիկական անձի մասին, որի ինքնությունը հաստատված է կամ պետք է հաստատվի,
թ) հայցող մաքսային ծառայություն նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որը դիմել է օգնության խնդրանքով,
ժ) հայցվող մաքսային ծառայություն նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որին դիմել են օգնության խնդրանքով,
ի) թմրադեղեր նշանակում է` 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» ՄԱԿ-ի միասնական կոնվենցիայի, համապատասխան փոփոխություններով և լրացումներով հանդերձ, ցանկերում ընդգրկված նյութեր,
լ) հոգեներգործուն նյութեր նշանակում է` 1971 թվականի` «Հոգեներգործուն նյութերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, համապատասխան փոփոխություններով և լրացումներով հանդերձ, ցանկերում ընդգրկված նյութեր,
խ) բաղադրանյութեր (պրեկուրսորներ) նշանակում է` 1988 թվականի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ցանկերում ընդգրկված թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի արտադրության համար հսկողության տակ օգտագործվող քիմիական նյութեր,
ծ) վերահսկելի մատակարարում նշանակում է` մեթոդ, որով թույլատրվում է թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի կամ բաղադրանյութերի կամ այլ ապօրինի կամ կասկածելի ապրանքների քանակությունների ներմուծումը, արտահանումը կամ տարանցումը Պայմանավորվող կողմի պետության տարածքով` Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների գիտությամբ և նրանց հսկողության ներքո` մաքսային օրենսդրության խախտումներում ներգրավված կամ կասկածվող անձանց հայտնաբերման նպատակով:
Գլուխ II
Համաձայնագրի կիրառման ոլորտները
Հոդված 2
1. Պայմանավորվող կողմերը, սույն Համաձայնագրի հիման վրա, իրենց մաքսային ծառայությունների միջոցով և իրենց իրավասության շրջանակներում, ինչպես նաև իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան կհամագործակցեն հետևյալ հիմնական նպատակներով`
ա) Պայմանավորվող կողմերի պետությունների սահմանը հատող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ուղևորների ուղեբեռների և փոստային առաքումների մաքսային հսկողության կատարելագործում,
բ) մաքսային վճարների ճիշտ գանձման ապահովում, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառում,
գ) մաքսային իրավախախտումների կանխարգելում, բացահայտում, կանխում և հետաքննություն,
դ) Պայմանավորվող կողմերի պետություններից մեկի տարածքից արտահանվող և մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ներմուծման համար նախատեսված ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացակարգերի պարզեցում:
2. Սույն Համաձայնագիրը ներառում է Պայմանավորվող կողմերի վարչական փոխօգնության հարցեր և չի ազդում նրանց միջև մինչ այդ կնքված փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրերի վրա, ինչպես նաև չի շոշափում Պայմանավորվող կողմերի պետությունների կողմից այլ միջազգային պայմանագրերին համապատասխան ստանձնած պարտավորությունները:
Գլուխ III
Փորձի փոխանակումը և վարչական օգնության ցուցաբերումը
Հոդված 3
1. Մաքսային ծառայությունները, ստացված հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ, կարող են միմյանց տրամադրել տեղեկատվություն, որը կնպաստի մաքսային օրենսդրության պատշաճ կիրառմանը և մաքսային ոլորտում իրավախախտումների կանխարգելմանը, դրանց հետաքննությանն ու դրանց դեմ պայքարին: Այդպիսի ծանուցումը կարող է պարունակել հետևյալ տեղեկատվությունը.
ա) մաքսային օրենսդրությունում զգալի փոփոխությունների վերաբերյալ,
բ) մաքսային օրենսդրության կատարմանն ուղղված միջոցառումների իրականացման նոր միջոցների օգտագործման վերաբերյալ, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը,
գ) մաքսային իրավախախտումների կատարման նոր միտումների, միջոցների և մեթոդների վերաբերյալ,
դ) զենքի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը սպառնալիք ներկայացնող այլ նյութերի ապօրինի տեղափոխման վերաբերյալ,
ե) զգալի պատմական, մշակութային կամ հնագիտական արժեք ներկայացնող առարկաների տեղափոխման վերաբերյալ,
զ) բարձր դրույքաչափերով մաքսատուրքերի և հարկման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ,
է) մաքսային իրավախախտում կատարած կամ մաքսային իրավախախտման փորձ կատարելու մեջ կասկածվող անձանց վերաբերյալ,
ը) ցանկացած այլ տեղեկություններ և վիճակագրական տեղեկատվություն, որոնք կօգնեն Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայություններին ռիսկի գնահատման և հսկողության միջոցների իրականացման հարցերում:
2. Մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության շահերից ելնելով իր տարածքում օպերատիվ-հետախուզական գործողություններ և հետաքննություն իրականացնելու ժամանակ` իր ազգային օրենսդրությանը համապատասխան, հարցման հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով օգտագործում է բոլոր առկա միջոցները, այնպես ինչպես որ կգործեր իր սեփական շահերից ելնելով:
Գլուխ IV
Պայքար թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության դեմ
Հոդված 4
1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության կանխարգելմանը, հետաքննությանը և դադարեցմանն ուղղված գործողությունների ակտիվացման նպատակով առանց նախնական հարցման և հնարավորին սեղմ ժամկետներում միմյանց հայտնում են տեղեկություններ`
ա) թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության մեջ ներգրավված` հայտնի կամ կասկածվող անձանց վերաբերյալ,
բ) թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության համար օգտագործվող տրանսպորտային միջոցների` ներառյալ բեռնարկղերի, և փոստային առաքումների վերաբերյալ, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:
2. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման միմյանց տեղեկացնում են թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության կիրառվող ձևերի, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից ստացված տեղեկությունները, հաղորդագրությունները և փաստաթղթերը կարող են փոխանցվել նաև այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության դեմ պայքարով:
Հոդված 5
Մաքսային իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվություն
1. Մաքսային ծառայությունները, հարցման հիման վրա, միմյանց տրամադրում են տեղեկատվություն ծրագրավորված, ընթացքում գտնվող կամ ավարտված գործառնությունների մասին, որոնք պարունակում են կամ կարող են պարունակել մաքսային իրավախախտում:
2. Այն դեպքերում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի տնտեսությանը, բնակչության առողջությանը, հասարակական անվտանգությանը կամ ցանկացած այլ կենսական կարևորություն ունեցող շահի կարող է զգալի վնաս հասցվել, Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները, իրենց հնարավորությունների սահմաններում, անհապաղ սեփական նախաձեռնությամբ միմյանց տրամադրում են նմանատիպ տեղեկատվությունը:
Հոդված 6
Մաքսային վճարներին վերաբերող տեղեկատվություն
1. Հայցվող մաքսային ծառայությունը, հարցման հիման վրա, մաքսային փաստաթղթերի կեղծումը կանխարգելելու նպատակով, հայցող մաքսային ծառայությանը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, եթե վերջինիս մոտ առաջացել են կասկածներ` մաքսային հայտարարագրի կեղծված լինելու կամ դրա ճիշտ լրացված լինելու վերաբերյալ:
2. Հարցման դեպքում մաքսային ծառայությունները փոխանակում են գանձվող մաքսատուրքերի, հարկերի, գանձումների և այլ վճարների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես այնպիսի տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել մաքսային նպատակներով ապրանքների արժեքի գնահատման և սակագնային դասակարգման հաստատման ժամանակ:
Հոդված 7
Տեղեկատվության առանձին տեսակներ
1. Հարցման դեպքում հայցվող մաքսային ծառայությունը տրամադրում է հայցող մաքսային ծառայությանը հետևյալ տեղեկատվությունը.
ա) արդյոք հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք ներմուծված ապրանքը օրինական կերպով է արտահանվել հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածք,
բ) արդյոք հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքից արտահանված ապրանքը օրինական կերպով է ներմուծվել հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածք, ինչպես նաև ապրանքի վրա տարածված մաքսային ընթացակարգերի վերաբերյալ:
2. Փոխանցված տեղեկություններում նշվում են մաքսային ռեժիմների տեսակն ու արդյունքները, որոնց համապատասխան ձևակերպվել են ապրանքները: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները վերաարտահանվում են այլ Կողմի պետության տարածքից:
3. Մաքսային ծառայությունները, հարցման հիման վրա, միմյանց տեղեկացնում են այն մասին, որ իրենց պաշտոնատար անձանց կողմից տրամադրված տեղեկությունները, տեղեկատվությունը կամ այլ փաստաթղթերը իսկական են և պարունակում են բոլոր անհրաժեշտ տվյալները:
Հոդված 8
Տեղեկատվության փոխանակում
1. Հարցման հիման վրա փաստաթղթերի բնօրինակների փոխանցումն իրականացվում է այն դեպքերում, երբ պաշտոնապես վավերացված պատճենները բավարար չեն հարցման իրականացման համար:
2. Փաստաթղթերի բնօրինակները պետք է վերադարձվեն հայցվող Պայմանավորվող կողմին հնարավորինս սեղմ ժամկետում:
3. Սույն հոդվածի դրույթների կիրառման ժամանակ չպետք է խախտվեն հայցվող Պայմանավորվող կողմի պետության կամ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության իրավունքները և օրինական շահերը:
4. Սույն Համաձայնագրի համաձայն փոխանակվող ցանկացած տեղեկատվություն պետք է ուղեկցվի դրա պարզաբանման և կիրառման մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Գլուխ V
Օգնության հատուկ ձևեր
Հոդված 9
Ծանուցում
Հարցման դեպքում հայցվող մաքսային ծառայությունը, իր պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում բնակվող կամ հաշվառված անձին հայտնում է այդ անձին վերաբերող ցանկացած պաշտոնական որոշումների մասին` ընդունված հայցող մաքսային ծառայության պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 10
Մաքսային վճարների գծով պահանջների բավարարման նպատակով օգնության ցուցաբերում
Հարցման դեպքում հայցվող մաքսային ծառայությունը օգնություն կցուցաբերի հայցող մաքսային ծառայությանը հայցվող մաքսային ծառայության պետության գործող օրենսդրությանը համապատասխան` մաքսային վճարների պահանջների բավարարման նպատակով:
Հոդված 11
Հսկողություն
Հարցման դեպքում հայցվող մաքսային ծառայությունը իրականացնում է հսկողություն և ապահովում հայցող մաքսային ծառայությանը այն տեղեկատվության փոխանցումը, որը վերաբերում է.
ա) տրանսպորտային միջոցներում տեղադրված կամ պահեստավորված բեռին, որն օգտագործվել է կամ կան կասկածներ, որ օգտագործվել է հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում մաքսային իրավախախտում կատարելու ժամանակ,
բ) տրանսպորտային միջոցներին, որոնք օգտագործվել են կամ կան կասկածներ, որ օգտագործվել են հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում մաքսային իրավախախտում կատարելու ժամանակ,
գ) շինություններին, որոնք օգտագործվել են կամ դրանց վերաբերյալ կան կասկածներ, որ օգտագործվել են հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում մաքսային իրավախախտում կատարելու ժամանակ,
դ) անձանց, որոնք հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում խախտել են մաքսային օրենսդրությունը կամ կասկածվում են դրանում, հատկապես այն անձանց, որոնք ժամանում են կամ մեկնում հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքից:
Հոդված 12
Վերահսկելի մատակարարումներ
1. Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնության հիման վրա և իրենց պետությունների իրավասու մարմինների վերահսկողության ներքո կարող են ընդունել որոշում` վերահսկելի մատակարարումների մեթոդի իրականացման վերաբերյալ:
2. Եթե վերահսկելի մատակարարումների իրականացումը չի մտնում մաքսային ծառայության լիազորությունների մեջ, ապա այդ մաքսային ծառայությունը համագործակցության նպատակով դիմում է համապատասխան իրավասություն ունեցող այլ ազգային մարմիններին:
3. Վերահսկելի մատակարարման մեթոդի իրականացման մասին որոշումը կայացվում է միայն որոշակի դեպքերում:
4. Վերահսկելի մատակարարմանը ենթակա ապօրինի բեռները, իրավասու մարմինների փոխհամաձայնությամբ, կարող են կանգնեցվել: Այդ մարմինները կարող են թույլատրվել շարունակելու դրանց ընթացքը անփոփոխ վիճակում կամ ամբողջությամբ կամ մասամբ փոխարինված վիճակում:
Հոդված 13
Փորձագետներ և վկաներ
1. Այն դեպքում, եթե մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը դիտարկվող մաքսային օրինախախտումների կապակցությամբ համապատասխան հարցումով դիմում է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը, հայցվող մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր պաշտոնատար անձանց` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում հանդես գալու որպես փորձագետներ կամ վկաներ դատական կամ վարչական գործընթացներում:
2. Այդպիսի պաշտոնատար անձինք տալիս են իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերված փաստերով մաքսային օրինախախտումների վերաբերյալ վկայություններ կամ եզրակացություններ:
3. Դատական կամ վարչական գործընթացին մասնակցելու մասին հարցման մեջ պետք է նշվի, թե որ դեպքի համար և ինչ լիազորություններով պետք է ներկայանա հայցվող մաքսային ծառայության աշխատակիցը:
4. Մաքսային մարմինների աշխատակիցների` որպես փորձագետներ կամ վկաներ ներկայանալը կատարվում է համաձայն Պայմանավորվող կողմերի պետություններում գործող օրենսդրությունների և այն միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների, որոնց մասնակիցներ են հանդիսանում Պայմանավորվող կողմերը:
5. Հայցվող Պայմանավորվող Կողմը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր պետության տարածքում գտնվելու ընթացքում աշխատակիցների անձնական անվտանգության և ցուցմունքների գաղտնիության ապահովման համար:
Գլուխ VI
Հարցումների ուղարկումը և կատարումը
Հոդված 14
Հարցման ձևն ու բովանդակությունը
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնություն ցուցաբերելու մասին հարցումը ուղարկվում է անմիջապես մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը: Հարցումը պետք է ուղարկվի գրավոր կամ էլեկտրոնային ձևով ռուսերեն լեզվով և ուղեկցվի ցանկացած տեղեկատվությամբ, որը կարող է համարվել անհրաժեշտ դրա կատարման համար: Հայցվող մաքսային ծառայությունը կարող է պահանջել էլեկտրոնային միջոցներով փոխանցված հարցման գրավոր հաստատումը: Որոշակի հանգամանքների դեպքերում հարցումը կարող է կատարվել բանավոր: Այդպիսի հարցումը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է հաստատվի գրավոր ձևով:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմված հարցումը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.
ա) հայցող մաքսային ծառայության անվանումը,
բ) հղում սույն Համաձայնագրի վրա,
գ) գործի էության և դրա իրավական բաղադրիչների համառոտ նկարագիրը, հայցվող օգնության ձևը,
դ) հավելվածներ (փաստաթղթերի պատճեններ, որոնց վրա արված են հղումներ հարցման տեքստում, ինչպես նաև պայմանագրերի, հաշիվների (ինվոյսների), մաքսային հայտարարագրերի, տրանսպորտային և այլ փաստաթղթերի պատճենները),
ե) գործողությունների հստակ ցանկը, որոնց կատարումը հարցվում է,
զ) մաքսային ռեժիմի տեսակը,
է) այն անձանց անունները և հասցեները, որոնց վերաբերում է հարցումը, եթե դրանց ինքնությունը հայտնի է,
ը) հարցման կատարման համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն:
3. Հարցումների շրջանակում գրագրությունը և տեղեկատվության փոխանակումը կատարվում են ռուսերեն լեզվով:
4. Այդ դեպքում, եթե հայցող մաքսային ծառայությունը պահանջում է հարցման կատարումը ըստ որոշակի ընթացակարգի, հայցվող մաքսային ծառայությունն այդ պահանջը կատարում է իր ներքին օրենսդրության համաձայն:
Հոդված 15
Հարցման կատարումը
1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները համագործակցում են միմյանց հետ հարցումների կատարման ուղղությամբ` իր Կողմի պետության օրենսդրության համապատասխան և իր իրավասությունների շրջանակներում:
2. Այն դեպքում, եթե հայցվող մաքսային ծառայությունը չի տիրապետում հայցվող տեղեկատվությանը, նա փնտրում է այն իր պետության գործող օրենսդրության համաձայն:
3. Եթե օգնությունը պետք է ցուցաբերվի հայցվող Պայմանավորվող կողմի այլ մարմինների կողմից, ապա հայցվող մաքսային ծառայությունը պետք է նշի այդ մարմինները, ինչպես նաև համապատասխան համաձայնագիրը կամ պայմանագիրը:
Հոդված 16
Պաշտոնատար անձանց գտնվելը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում
Հայցող Պայմանավորվող կողմի կողմից հատուկ նշանակված պաշտոնատար անձինք, գրավոր հարցման հիման վրա, հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության համաձայնությամբ և դրա կողմից դրված պայմանների պահպանման դեպքում, օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և մաքսային օրինախախտման հետաքննության նպատակով կարող են.
ա) հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների գրասենյակներում ծանոթանալ փաստաթղթերի, ինչպես նաև մաքսային իրավախախտման հետ կապված ցանկացած այլ տեղեկատվության հետ,
բ) ներկա գտնվել հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և ի շահ հայցող մաքսային ծառայությանն անցկացվող հետաքննության ընթացքում:
Հոդված 17
Հայցող մաքսային ծառայության պաշտոնատար անձանց ներկա գտնվելը հայցվող մաքսային ծառայության հրավերով
Երբ հայցվող մաքսային ծառայությունը նպատակահարմար կամ պարտադիր կհամարի հարցման կատարմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամանակ, հայցող մաքսային ծառայության պաշտոնատար անձի ներկայությունը այն պետք է դրա մասին ծանուցի հայցող մաքսային ծառայությանը և հրավիրի դրա պաշտոնատար անձին: Այդպիսի մասնակցությունը պետք է տեղի ունենա 16 և 18 հոդվածների դրույթներին և հայցվող մաքսային ծառայության առաջադրած պայմաններին համապատասխան:
Հոդված 18
Դրույթներ հրավիրված պաշտոնատար անձանց համար
1. Մի Պայմանավորվող կողմի պաշտոնատար անձինք, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, ներկա գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում պետք է ի վիճակի լինեն ներկայացնելու իրենց ինքնությունը և պաշտոնական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր: Այդ անձինք ունեն միայն խորհրդատվական գործառույթներ, եթե Պայմանավորվող կողմերը չունեն այլ պայմանավորվածություն:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պաշտոնատար անձինք օգտվում են այնպիսի պաշտպանության աստիճանից, որից օգտվում են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության պաշտոնատար անձինք և պատասխանատվություն են կրում իրենց կողմից կատարված ցանկացած իրավախախտման համար` այն տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:
Գլուխ VII
Տեղեկատվության օգտագործումը, դրա գաղտնիությունը և պաշտպանությունը
Հոդված 19
Տեղեկատվության օգտագործումը և գաղտնիությունը
1. Սույն Համաձայնագրի հիման վրա ստացված ցանկացած տեղեկատվությունը և հետաքննչական տվյալները մաքսային մարմինների կողմից կարող են օգտագործվել բացառապես սույն Համաձայնագրի նպատակների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տեղեկատվություն տրամադրած մաքսային ծառայությունը հատուկ հաստատի, որ այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով կամ այլ մարմինների կողմից:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվությունը կամ հետաքննչական տվյալները համարվում են գաղտնի և օգտվում նույն պաշտպանության աստիճանից, որից օգտվում է նմանատիպ տեղեկատվությունը ըստ այն ստացող Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրության:
Հոդված 20
Անձնական տվյալների պաշտպանություն
1. Սույն Համաձայնագրի հիման վրա անձնական տվյալների փոխանակում չի թույլատրվում, քանի դեռ Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան` չպայմանավորվեն այն մասին, որ այդ տվյալները օգտվելու են այն պաշտպանության աստիճանից, որը բավարարում է տեղեկատվությունը տրամադրած Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրության պահանջներին:
2. Սույն հոդվածին համապատասխան` Պայմանավորվող կողմերը միմյանց կտրամադրեն տեղեկություններ` անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող իրենց օրենսդրության մասին:
3. Անձնական տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքները պարունակվում են սույն Համաձայնագրի Հավելված 1-ում, որը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը:
Գլուխ VIII
Բացառություններ
Հոդված 21
1. Եթե սույն Համաձայնագրին համապատասխան ներկայացված հարցման կատարումը խախտում է կամ սահմանափակում է ինքնավարությունը, անվտանգությունը, պետական քաղաքականությունը կամ հակասում է հայցվող մաքսային ծառայության պետության ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, այն կարող է մերժել հարցման կատարումը կամ, ելնելով իրավիճակից, առաջադրել որոշակի պայմաններ:
2. Հարցման կատարումը մերժելու, ինչպես նաև մերժման պատճառների մասին հայցող մաքսային ծառայությունն անհապաղ տեղեկացվում է գրավոր ձևով:
3. Հարցման կատարումը կարող է հետաձգվել, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ այն կխանգարի անցկացվող օպերատիվ-հետախուզական գործողություններին կամ հետաքննությանը կամ դատավարությանը: Այդ դեպքում հայցվող մաքսային ծառայությունը կանցկացնի խորհրդակցություններ հայցող մաքսային ծառայության հետ:
Գլուխ IX
Ծախսերի հատուցումը
Հոդված 22
1. Սույն Համաձայնագրի դրույթների կատարման ընթացքում առաջացող ծախսերը հատուցվում են հայցվող մաքսային ծառայության կողմից:
2. Հայցող մաքսային ծառայությունը հատուցում է հայցվող մաքսային ծառայությունում չաշխատող փորձագետների, վկաների և թարգմանիչների աշխատանքի վարձատրման հետ կապված ծախսերը:
3. Եթե հարցման կատարումը պահանջում է զգալի ծավալի ծախսեր կամ ունի առանձնահատուկ բնույթ, Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային ծառայությունները կանցկացնեն խորհրդակցություններ` այդպիսի հարցման կատարման և ծախսերի հատուցման պայմանների սահմանման նպատակով:
Գլուխ X
Համաձայնագրի կատարումը
Հոդված 23
1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունն իրականացվում է անմիջապես Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների միջև:
2. Մաքսային ծառայությունները (Վրաստանի դեպքում` Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության համակարգմամբ) համատեղ մշակում են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում իրենց լիազորությունների սահմաններում ընդունում սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ վարչական նորմատիվ ակտեր:
3. Սույն Համաձայնագրի կատարման համար Պայմանավորվող կողմերն իրենց իրավասությունների սահմաններում կարող են կնքել առանձին միջգերատեսչական համաձայնագրեր` երկկողմ մաքսային հարաբերությունների բոլոր ուղղություններով:
4. Հարցման կազմակերպման և տեղեկատվության փոխանակման համար Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները փոխանակվում են սույն Համաձայնագրի դրույթների իրագործման համար լիազորված պաշտոնական անձանց վերաբերյալ տեղեկատվությամբ: Տեղեկատվությունը պետք է պարունակի հասցեները, ազգանունները, անունները, հայրանունները, հեռախոսահամարները, ֆաքսերի համարները և էլեկտրոնային փոստերի հասցեները:
5. Պայմանավորվող կողմերի փոխհամաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 27-րդ հոդվածով սահմանված կարգով:
Գլուխ XI
Տարածքային կիրառումը
Հոդված 24
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքում` նրանց ներպետական օրենսդրություններին համապատասխան:
Գլուխ XII
Վիճելի հարցերի լուծումը
Հոդված 25
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հետ կապված Պայմանավորվող կողմերի միջև առաջացող բոլոր վիճելի հարցերը լուծվում են խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 26
Սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ խորհրդատվությունների անցկացման նպատակով, Պայմանավորվող կողմերը հանդիպում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, եթե նախապես չեն պայմանավորվել այդպիսի հանդիպման անցկացման անհրաժեշտություն չլինելու մասին:
Գլուխ XIII
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 27
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 1993 թվականի մայիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեի միջև թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագիրը և 1993 թվականի հունիսի 15-ի` «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեի միջև մաքսային գործերում համագործակցության մասին» Համաձայնագիրը:
Հոդված 28
Գործողության դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց երեք տարի անց, կարող է դադարեցնել դրա գործողությունը` դիվանագիտական ուղիներով այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին, օրացուցային տարվա լրանալուց առնվազն 6 ամիս առաջ:
2. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի այն ծրագրերի և հարցումների կատարման վրա, որոնք համաձայնեցվել են դրա գործողության ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:
Ի հաստատումն սույնի` պատշաճ կերպով լիազորված անձինք ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի «15»-ին երկու բնօրինակով` հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Հայերեն և վրացերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 1
Անձնական տվյալների պաշտպանություն
1. Սույն Համաձայնագրի համաձայն փոխանակման կարգով ստացված անձնական տվյալները կարող են օգտագործվել միայն նշված նպատակներով և պահպանելով այդպիսի տեղեկատվություն տրամադրող մաքսային ծառայության կողմից սահմանված պայմանները:
2. Հարցման դեպքում, անձնական տվյալները ստացող մաքսային ծառայությունը դրանք տրամադրած մաքսային ծառայությանը հայտնում է դրանց օգտագործման և ստացված արդյունքների մասին:
3. Անձնական տվյալները տրամադրվում են միայն մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը: Անձնական տվյալների տրամադրումը ցանկացած այլ մարմնին թույլատրվում է միայն Պայմանավորվող կողմին տվյալներ տրամադրած մաքսային ծառայության նախնական համաձայնությամբ:
4. Անձնական տվյալներ տրամադրող մաքսային ծառայությունն ապահովում է, որ այդպիսի տվյալները լինեն ստույգ, փոխանցման պահին նորացված և չվերազանցեն այն նպատակները, որոնց համար դրանք տրամադրվել են: Պետք է պահպանվեն Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությամբ նախատեսված արգելքները: Եթե պարզվի, որ տրամադրված անձնական տվյալները ստույգ չեն, կամ տվյալների փոխանակումն անհնարին է, մյուս Պայմանավորվող կողմն անհապաղ պետք է ծանուցվի դրա մասին: Այդպիսի տվյալներ ստացած մաքսային ծառայությունը դրանցում փոփոխություններ կկատարի կամ կոչնչացնի դրանք:
5. Հարցման դեպքում, ցանկացած ֆիզիկական անձին պետք է տրամադրվի տեղեկատվություն` իրեն առնչվող գոյություն ունեցող անձնական տվյալների և դրանց հնարավոր օգտագործման մասին: Անձին այդպիսի տեղեկատվության տրամադրման պարտավորությունը չի գործի, եթե հասարակական շահը, որը հակասում է տեղեկատվության տրամադրմանը, գերազանցում է տեղեկատվությունը ստացող կոնկրետ անձի շահագրգռվածությունը: Դրանից բացի, տեղեկատվություն ստանալու իրավունքը կարգավորվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում գործող ներպետական օրենսդրությամբ, որտեղ ներկայացվել է տեղեկատվության տրամադրման մասին հարցումը: Անձնական տվյալներ տրամադրող մաքսային ծառայության հետ խորհրդատվությունները պետք է անցկացվեն մինչև շահագրգիռ անձի կողմից հարցվող տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելը: Տեղեկատվության տրամադրման կապակցությամբ մերժում ստանալու դեպքում, շահագրգիռ անձին տրվում է ռեմեդիում:
6. Այն դեպքում, եթե տվյալները լինեն ոչ ստույգ, հնացած կամ չափազանցված, դրանք պետք է ուղղվեն կամ ոչնչացվեն: Տվյալները այլ մարմիններին փոխանցելու դեպքում, նրանք ծանուցվում են նմանատիպ ուղղումների կամ ոչնչացման մասին:
7. Եթե սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակման կարգով ստացված անձնական տվյալների օգտագործմամբ անցկացված հետաքննության արդյունքում ֆիզիկական անձին վնաս է հասցվել, ապա դրա համար պատասխանատվություն է կրում այն մաքսային ծառայությունը, որն օգտագործել է այդ տվյալները` այդ Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությանը համապատասխան: Մաքսային ծառայությունը չի կարող իր վրայից հանել պատասխանատվությունն այն պատճառաբանությամբ, որ վնասն առաջացել է մյուս մաքսային ծառայության գործողություններից, որը տրամադրել է անձնական տվյալները:
8. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակման կարգով ստացված անձնական տվյալները պետք է պահվեն այն ժամանակահատվածի ընթացքում, որն անհրաժեշտ է հարցման կատարման համար:
9. Մաքսային ծառայություններն ապահովում են սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակման կարգով փոխանցված կամ ստացված անձնական տվյալների գրանցումը:
10. Մաքսային ծառայությունները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մարմինները, ապահովում են անձնական տվյալների պաշտպանությունը չթույլատրված օգտագործումից, փոփոխություններից և տարածումից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. հունիսի 20-ին: