Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետությունները, որոնք ստորագրում են Միջազգային օդային ուղիներով տարանցիկ թռիչքների մասին համաձայնագիրը և միանում են դրան` լինելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներ,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Բաժին 1
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն մեկ այլ Պայմանավորվող պետությանը շնորհում է կանոնավոր օդային ուղիներով իրականացվող թռիչքներին վերաբերող հետևյալ օդային ազատությունները.
1. իր տարածքի վրա առանց վայրէջքի թռիչք իրականացնելու իրավունքը,
2. ոչ առևտրային նպատակներով վայրէջք կատարելու իրավունքը:
Սույն բաժնով նախատեսված արտոնությունները չեն տարածվում ռազմական նպատակներով օգտագործվող օդանավակայանների վրա, բացառությամբ միջազգային կանոնավոր ուղիներով իրականացվող թռիչքների: Ակտիվ ռազմական գործողությունների ծավալման կամ բռնազավթված տարածքներում, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում, նշված արտոնությունների կիրառումը` դեպի այդ տարածքները տանող մատակարարման ուղիների հետ միասին, ենթակա է հաստատման համապատասխան ռազմական մարմինների կողմից:
Բաժին 2
Վերը նշված արտոնությունները կիրառվում են 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին ժամանակավոր համաձայնագրի և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան` վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո:
Բաժին 3
Մեկ այլ Պայմանավորվող պետության ավիաուղիներին իր տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջք կատարելու արտոնություն շնորհող Պայմանավորվող պետությունը կարող է այդ ավիաուղիներից պահանջել համապատասխան առևտրային ծառայություններ առաջարկել վայրէջքի կատարելու կետերում:
Այս պահանջը չի պարունակում որևէ խտրականություն նույն օդային ուղու վրա գործող այլ ավիաուղիների նկատմամբ, այն ներկայացնելիս հաշվի է առնվում օդանավի տարողությունը և դրա կատարումը չպետք է խանգարի շահագրգիռ միջազգային օդային ուղիների բնականոն գործունեությանը կամ խախտի Պայմանավորվող պետության իրավունքները և պարտականությունները:
Բաժին 4
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան.
1. սահմանում է այն երթուղին, որին իր տարածքում հետևելու է ցանկացած միջազգային օդային ուղին և այն օդանավակայանները, որոնցից վերջինս կարող է օգտվել,
2. այդ ուղիների համար սահմանում է կամ թույլ է տալիս սահմանել արդարացի և ընդունելի վճար նշված օդանավակայաններից և այլ հարմարանքներից օգտվելու դիմաց. այդ վճարը չպետք է գերազանցի նշված օդանավակայաններից օգտվելու համար միջազգային օդային ուղիների սպասարկման մեջ ընդգրկված սեփական օդանավից գանձվող վճարը` պայմանով, որ համապատասխան Պայմանավորվող պետության կողմից օդանավակայանների և այլ հարմարանքների օգտագործման համար գանձվող վճարների մասին տվյալները ներկայացնելիս, այդ տվյալները կքննարկվեն վերը նշված Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ստեղծված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդի կողմից, որը դրանց վերաբերյալ կկազմի հաշվետվություններ և շահագրգիռ Պետությանը կամ Պետություններին կներկայացնի առաջարկություններ:
Բաժին 5
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իրավունք է վերապահում այլ Պետության օդային փոխադրումներ իրականացնող ձեռնարկությանը զրկել իր վկայականից կամ թույլտվությունից, եթե վերջինիս չի վստահեցնում, որ հիմնական սեփականությունը և հսկողություն իրականացնելու իրավունքը շնորհված է Պայմանավորվող պետության քաղաքացիներին, կամ եթե նշված ձեռնարկությունը խախտում է այն Պետության օրենքները, որի տարածքի վրա նա թռիչք է իրականացնում, կամ չի կատարում սույն Համաձայնագրով սահմանված պահանջները:
Հ ո դ վ ա ծ 2
Բաժին 1
Այն Պայմանավորվող պետությունը, որը համարում է, որ սույն Համաձայնագրին համապատասխան մեկ այլ Պայմանավորվող պետության կողմից իրականացվող գործողություններն իրեն վնաս են պատճառում կամ անարդարացի են, կարող է դիմել Խորհրդին, որպեսզի վերջինս ուսումնասիրի ստեղծված իրավիճակը: Խորհուրդը դիմումի հիման վրա ուսումնասիրում է հարցը և կազմակերպում է խորհրդակցություններ Պետությունների մասնակցությամբ: Եթե խորհրդակցությունների միջոցով իրավիճակի կարգավորումն անհնար է, ապա Խորհուրդը կարող է շահագրգիռ Պետություններին ներկայացնել առաջարկություններ: Եթե դրանից հետո էլ շահագրգիռ Պայմանավորվող պետությունը, Խորհրդի կարծիքով, անհարգելի պատճառներով չի ձեռնարկում համապատասխան կարգավորիչ միջոցներ, Խորհուրդը կարող է Ասամբլեային առաջարկել զրկել այդ Պայմանավորվող պետությանը սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներից և արտոնություններից, մինչև այն չձեռնարկի համապատասխան միջոցները: Ասամբլեան, իր անդամների ձայների երկու երրորդով, կարող է Պայմանավորվող պետությանը նշված իրավունքներից զրկել այնքան ժամանակով, որքան այն նպատակահարմար կգտնի, կամ էլ մինչև Խորհուրդը չհամարի, որ անհրաժեշտ կարգավորիչ միջոցներն այդ Պետության կողմից ձեռնարկվել են:
Բաժին 2
Եթե երկու կամ ավելի Պայմանավորվող պետությունների միջև սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած տարաձայնությունների կարգավորումը բանակցությունների միջոցով անհնար է, ապա կիրառվում են վերը նշված Կոնվենցիայի 18-րդ գլխի դրույթները` նույն հոդվածով սահմանված կարգով, ինչպես և վերը նշված Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հարցերի վերաբերյալ ծագած տարաձայնությունների դեպքում:
Հոդված 3
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում այնքան, որքան ուժի մեջ է մնում վերը նշված Կոնվենցիան` պայմանով, սակայն, որ սույն Համաձայնագրի կողմ հանդիսացող ցանկացած Պետություն կարող է այն չեղյալ հայտարարել` այդ մասին մեկ տարի առաջ ծանուցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանը, որն այդ ծանուցման և դուրս գալու մասին անմիջապես ծանուցում է բոլոր Պայմանավորվող պետություններին:
Հ ո դ վ ա ծ 4
Մինչև վերը նշված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, սույն փաստաթղթում դրան կատարված բոլոր հղումները` բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ բաժնում և 5-րդ հոդվածում կատարվածների, համարվում են 1944 թվականի Չիկագոյում ստորագրված Միջազգային քաղաքացիական ավիացիայի ժամանակավոր համաձայնագրին կատարված հղումներ, իսկ Քաղաքացիական միջազգային ավիացիայի կազմակերպությանը, Ասամբլեային և Խորհրդին կատարված հղումները համարվում են, համապատասխանաբար, Քաղաքացիական միջազգային ավիացիայի ժամանակավոր Կազմակերպությանը, ժամանակավոր Ասամբլեային և ժամանակավոր Խորհրդին կատարված հղումներ:
Հ ո դ վ ա ծ 5
Սույն համաձայնագրի իմաստով, «տարածք» բառն օգտագործվում է նույն իմաստով, ինչպես այն սահմանված է վերը նշված Կոնվենցիայի 2-րդ հոդվածով:
Հ ո դ վ ա ծ 6
1944 թվականի նոյեմբերի 1-ին Չիկագոյում գումարված Միջազգային քաղաքացիական ավիացիայի համաժողովի ներքոստորագրյալ պատվիրակները ստորագրում են սույն Համաձայնագիրն` ընդունելով, որ այն Կառավարությունները, որոնց անունից ստորագրվում է սույն Համաձայնագիրը, պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանն այն մասին, թե արդյոք իրենց անունից դրված ստորագրությունը նշանակում է իրենց կողմից Համաձայնագրի ընդունում և դրանից բխող պարտավորությունների ստանձնում:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ցանկացած անդամ պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին և ստանձնել դրանով սահմանված պարտավորություններն` այդ մասին ծանուցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանը: Միացումն ուժի մեջ է մտնում նշված Կառավարության կողմից ծանուցումն ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող պետությունների համար` վերջիններիս դրան միանալու պահից: Բոլոր այլ Պետությունների համար, որոնք Համաձայնագրին միանում են այդ մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությանը ծանուցելով, այն ուժի մեջ է մտնում նշված Կառավարության կողմից ծանուցումն ստանալու պահից: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարությունը բոլոր ստորագրած և միացած Պետություններին տեղեկացնում է Համաձայնագրին միանալու յուրաքանչյուր փաստի մասին և դրան միացող յուրաքանչյուր Պետության համար դրա ուժի մեջ մտնելու օրվա մասին:
Ի հավաստումն որի ներքոստորագրյալները, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը իրենց համապատասխան Կառավարությունների անունից` իրենց ստորագրությունների դիմաց նշված ամսաթվերին:
Կատարված է Չիկագո քաղաքում, 1944 թվականի դեկտեմբերի 7-ին` անգլերեն: Անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն կազմված տեքստերը հավասարազոր են և բաց են ստորագրման համար Վաշինգտոն քաղաքում: Երկու տեքստերն էլ ի պահ են հանձնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության արխիվներին, իսկ հաստատված պատճեններն այդ Կառավարության կողմից ուղղվելու են բոլոր այն Պետությունների Կառավարություններին, որոնք կարող են ստորագրել սույն Համաձայնագիրը կամ միանալ դրան:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի մայիսի 29-ից: