Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-6-Ո-05
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.488
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.04.2010
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-6-Ո-05

2010 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,

Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,
Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, 
Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի, 
Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Ս. Ղազարյանի


քարտուղարությամբ`


Շ. Վարդանյանի

 

2010 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 26.03.2010 թվականի թիվ N-Կ-2-06/2010 որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Սիրան Շամամյանի դիմումը` հասցեագրված ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է (այսուհետ` Խորհուրդ) ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության`

Թիվ ԵԱՔԴ/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Սիրան Շամամյանի, Մկրտիչ և Դավիթ Ավդալյանների հայցն ընդդեմ Մնացական և Զինաիդա Շամամյանների, Գեղեցիկ, Միքայել, Արման և Աննա Տոնոյանների, և դատարանը վճռել է Երևանի Լեփսիուսի փողոցի 13 շենքի թիվ 15 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով համասեփականատերերի միջև` նրանց բաժիններին համաչափ, այն է` յուրաքանչյուրին 1/9 չափերով:

Մկրտիչ Ավդալյանը, Գեղեցիկ Տոնոյանը, Մնացական, Զինաիդա Շամամյանները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի հարկադիր կատարող Է. Ղմբոյանի, երրորդ անձ Սիրան Շամամյանի, Դավիթ Ավդալյանի` հարկադիր էլեկտրոնային աճուրդը, առուվաճառքի պայմանագիրը և պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 01.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը մերժվել է:

Քաղաքացի Սիրան Շամամյանը 26.10.2009 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեղեցիկ, Միքայել, Արման, Աննա Տոնոյանների, Մնացական և Զինաիդա Շամամյանների` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու` բնակարանից վտարելու պահանջի մասին:

Պատասխանողի ներկայացուցիչ Ժ. Օհանյանը դատարանին ներկայացրել է միջնորդություն` հայցվորի հոգեկան վիճակը պարզելու համար դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Դատարանը, քննելով պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը, գտել է, որ անհրաժեշտ է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն թե՛ հայցվորի, թե՛ պատասխանողների նկատմամբ` պարզելու համար` կողմերից որևէ մեկը տառապում է արդյոք որևէ հոգեկան հիվանդությամբ կամ կարող է արդյոք հաշիվ տալ իր գործողությունների համար և կառավարել դրանք: Դատարանի 25.02.2010 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն Սիրան, Մնացական և Զինաիդա Շամամյանների նկատմամբ: Գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը:

Դատարանը 25.02.2010 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողի ներկայացուցիչ Ժ. Օհանյանը հայտնել է, որ հայցվորն ունի տարօրինակ վարքագիծ, ագրեսիվ է, ինչի մասին վկայում է նաև հարևանների կողմից 12.02.2010 թվականին տրված գրավոր հայտարարությունը: Նշված հայտարարությունը ստորագրվել է Արևհատ Մուրադյանի, Ժ. Բալայանի, Ջ. Աղախանյանի, Ա. Ներսեսյանի կողմից, իսկ ստորագրությունների իսկությունը հաստատել է «Ղարս» համատիրության նախագահը:

Սակայն գործում առկա է նաև Արևհատ Մուրադյանի դստեր` Անահիտ Մուրադյանի 25.02.2010 թվականի հայտարարությունն այն մասին, որ իր մորը խաբել են, 12.02.2010 թվականի հայտարարությունն իր մայրը չի գրել և չի կարող հաստատել, որ Սիլվա Շամամյանը նման վարքագիծ է դրսևորել: Նման հայտարարություն 25.02.2010 թվականին ներկայացվել է նաև Ժասմեն Բալայանի կողմից:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացի Ս. Շամամյանի դիմումը, դիմումին կից փաստաթղթերը, գտել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ գլուխը սահմանում է ապացույցները, դրանց հասկացությունը և տեսակները: Փորձաքննություն նշանակելը գործի քննության ժամանակ ուղղված է վեճի լուծմանը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների համաձայն` նպատակ ունի կիրառել հատուկ գիտելիքներ` գործի ըստ էության լուծման համար դատարանին օժանդակելու նպատակով:

Մինչդեռ` սույն գործով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելը որևէ կապ չունի տվյալ գործով վեճի լուծման հետ և արհեստական արգելքներ է ստեղծում գործը ողջամիտ ժամկետներում լուծելու հարցում: Տվյալ դեպքում ներկայացված հայցի շրջանակներում կողմերի իրավունքները և պարտականությունները պարզելու համար փորձաքննությունը որևէ ապացույց չի ստեղծում:

 Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունք չի նախատեսում:

Տվյալ դեպքում դատարանը անհիմն որոշում է կայացրել դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որը բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում հանգեցրել է կոնվենցիայով երաշխավորված` անձի` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտման:

Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացվող որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Վերոգրյալը նշանակում է, որ նախ` դատարանը պետք է նշի իր բոլոր եզրահանգումների իրավական հիմքը, երկրորդ` այդ հիմքը պետք է նշի հստակ և ճիշտ:

Մինչդեռ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2010 թվականի որոշումը փաստացի գրված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-61, 144, 1441, 106-րդ հոդվածների հիման վրա, սակայն որոշման եզրափակիչ մասում նշված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-61, 144, 1441, 106-րդ հոդվածները:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Կողմի միջնորդությամբ դատարանը վերանայել է խնդրահարույց որոշումը և 30.03.2010 թվականի որոշմամբ վերացրել է: Փորձաքննություն նշանակելու որոշումը որևէ հետևանք առաջ չի բերել:

Գուցե իմ որոշման վրա ազդել է այն հանգամանքը, որ սույն գործով պատասխանողներ, ծերունիներ Մնացական և Զինաիդա Շամամյանների միակ կացարանը վիճահարույց տարածքն է, և համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 75-րդ հոդվածի` չափահաս զավակը պարտավոր է հոգալ անաշխատունակ ծնողի ապրուստը:

Սույն գործով Սիրան Շամամյանը պատասխանողների զավակն է, պատասխանողները ծեր, անաշխատունակ թոշակառուներ են»:

Դատավոր Ս. Ղազարյանը հայցել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի ներողամտությունը:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Սիրան Շամամյանի, Մկրտիչ և Դավիթ Ավդալյանների հայցն ընդդեմ Մնացական և Զինաիդա Շամամյանների, Գեղեցիկ, Միքայել, Արման և Աննա Տոնոյանների, և դատարանը վճռել է Երևանի Լեփսիուսի փողոցի 13 շենքի թիվ 15 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով ստացված գումարը` հետագայում բաշխելով համասեփականատերերի միջև` նրանց բաժիններին համաչափ, այն է` յուրաքանչյուրին 1/9 չափերով:

2. Սիրան Շամամյանը 26.10.2009 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեղեցիկ, Միքայել, Արման, Աննա Տոնոյանների, Մնացական և Զինաիդա Շամամյանների` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու` բնակարանից վտարելու պահանջի մասին:

3. Դատարանի 25.02.2010 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն հայցվոր Սիրան Շամամյանի, պատասխանողներ Մնացական և Զինաիդա Շամամյանների նկատմամբ:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ գլուխը սահմանում է ապացույցների հասկացությունը, տեսակները: Փորձաքննություն նշանակելը ապացույցի ձեռքբերման աղբյուրներից մեկն է: Փորձաքննություն նշանակելը գործի քննության ժամանակ ուղղված է վեճի լուծմանը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների համաձայն` նպատակ ունի կիրառել հատուկ գիտելիքներ` պարզելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, ինչպես նաև օժանդակելու դատարանին` գործի ըստ էության լուծման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն` որպեսզի տեղեկությունն ապացույց համարվի, այն պետք է օժտված լինի վերաբերելիության հատկանիշով, որը բնութագրում է ապացույցի բովանդակային կողմը. տեղեկության միջոցով պետք է հիմնավորվեն գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, ինչպես նաև` գործի ճիշտ քննության և լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները:

Խորհուրդը արձանագրում է, որ գործին ոչ վերաբերելի տեղեկությունները դատարանում չպետք է քննվեն, և անթույլատրելի է դրանց հիման վրա որոշում կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

Մինչդեռ սույն գործով դատարանը նշանակել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, որը վերը նշված հոդվածներով նախատեսված որևէ հանգամանք չի հիմնավորում և գործի լուծման համար նշանակություն չունի, ավելին` արհեստական արգելքներ է ստեղծում գործը ողջամիտ ժամկետում լուծելու համար:

Խորհուրդը հարկ է համարում հավելել նաև հետևյալը. դատահոգեբուժական փորձաքննությունը դատական փորձաքննությունների առանձին տեսակ է, որը կիրառվում է անձի հոգեկան վիճակը պարզելու համար, այսինքն` որոշելու, թե արդյոք քաղաքացին տառապում է հոգեկան խանգարմամբ կամ հիվանդությամբ, որը կարող է ազդել քաղաքացու` իրավաբանական նշանակություն ունեցող վարքագծի վրա, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունենալ գործի ճիշտ քննության և լուծման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատարանի կողմից դատահոգեբուժական փորձաքննության նշանակման հնարավորություն նախատեսում է քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործերով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մաս), որպիսիք քննվում են հատուկ վարույթի կարգով: Հատուկ վարույթը քաղաքացիական դատավարության ձև է, որով, ի թիվս այլ գործերի, քննվում են այն քաղաքացիական գործերը, որոնցով որոշվում է քաղաքացու իրավական կարգավիճակը. մի դեպքում քաղաքացին ճանաչվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, այլ դեպքում` անհայտ բացակայող կամ մահացած: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն սուբյեկտների շրջանակը, որոնց դիմումի հիման վրա կարող է հարուցվել քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործ: Այդ սուբյեկտներն են` քաղաքացու ընտանիքի անդամները, խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունը:

Սույն գործով Դատարանի 25.02.2010 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն թե՛ հայցվորի, թե՛ պատասխանողների նկատմամբ, այն պարագայում, երբ ի սկզբանե նշված քաղաքացիներից և ոչ մեկի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դիմում Դատարանին չի ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը եզրահանգում է, որ տվյալ դեպքում դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները բովանդակող փորձագիտական եզրակացությունը ներկայացված հայցի շրջանակներում չէր կարող դիտվել որպես կողմերի իրավունքներն ու պարտականությունները պարզող ապացույց:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Գործով փորձաքննություն նշանակելու մասին որոշման կայացումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դիտվում է որպես գործի վարույթը կասեցնելու ֆակուլտատիվ հիմք, ընդ որում, Օրենսգիրքը փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունք չի նախատեսում:

Սույն գործով դատարանն անհիմն որոշում է կայացրել դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որը, բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում, հանգեցրել է Կոնվենցիայով երաշխավորված` անձի` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտման:

Դրա հետ մեկտեղ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացվող որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ նախ` դատարանը պետք է նշի իր բոլոր եզրահանգումների իրավական հիմքը, երկրորդ` այդ հիմքը պետք է նշի հստակ և ճիշտ:

Մինչդեռ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2010 թվականի որոշումը փաստացի գրված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-61-րդ, 144-րդ, 1441-րդ, 106-րդ հոդվածների հիման վրա, սակայն որոշման եզրափակիչ մասում նշված է` «...ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-61-րդ, 144-րդ, 1441-րդ, 106-րդ հոդվածներով...»:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը հանգեցրել է քաղաքացու` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանին հայտարարել նախազգուշացում:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Գ. Բադիրյան
Կ. Բաղդասարյան
Տ. Բարսեղյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան
Ա. Խաչատրյան
Մ. Մակյան
Մ. Մարտիրոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան