Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ մշակույթի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,
ցանկանալով զարգացնել համագործակցությունը մշակույթի բնագավառում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1 |
Կողմերը զարգացնում են համագործակցությունը մշակույթի` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում` մասնավորապես խրախուսելով.
թատերական, երաժշտական կոլեկտիվների, անհատ կատարողների և մենակատարների փոխանակումը,
կինեմատոգրաֆիայի բնագավառում համագործակցությունը` կինոարտադրող, կինոցուցադրող կազմակերպությունների և ձեռնարկությունների մասին տեղեկատվության փոխանակում, կինոֆիլմերի փոխանակում, կինոփառատոներին և կինոֆորումներին մասնակցություն, կինեմատոգրաֆիական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների և կինոարվեստի գործիչների միջև ուղիղ կապերին աջակցություն,
մասնակցությունը Կողմերից մեկի կազմակերպած միջազգային փառատոներին, գեղարվեստական ցուցահանդեսների և ժողովրդական արվեստի ցուցահանդեսների փոխանակումը:
Հոդված 2 |
Կողմերը խրախուսում են համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև` Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:
Հոդված 3 |
Կողմերը կազմակերպում են մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին նվիրված երկկողմ սեմինարներ և գիտաժողովներ համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների առանձին մասնագետների մասնակցությամբ:
Հոդված 4 |
Կողմերն օժանդակում են իրենց ներկայացուցիչների մասնակցությունը Կողմերի պետություններում կազմակերպվող մշակութային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովներին, հանդիպումներին և մրցույթներին:
Հոդված 5 |
Կողմերը խրախուսում են մշակույթի գործիչների միջև հանդիպումների անցկացումը, գեղարվեստական կրթության բնագավառում մասնագետների և փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ մշակութային ծրագրերը:
Հոդված 6 |
Սույն Համաձայնագրով նախատեսված գործունեության բոլոր ձևերը պետք է իրականացվեն և ֆինանսավորվեն Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան: Ընդ որում` յուրաքանչյուր Կողմ ինքն է հոգում սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերը, եթե յուրաքանչյուր առանձին դեպքում ծախսերի ֆինանսավորման այլ կարգ չի որոշվում:
Հոդված 7 |
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 8 |
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում և երկարաձգվում է հետագա հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը հերթական հնգամյա ժամանակահատվածը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին չի տեղեկացնում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Աստանա քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 6-ին. երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 12-ին
