Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2007-2008
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,
կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,
գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն համաձայնագրի հիմքն է կազմում,
նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը,
հղում կատարելով 2007թ. սեպտեմբերի 12-ին Երևանում կայացած միջկառավարական բանակցությունների արձանագրությանը,
համաձայնության եկան ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 1
(1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կամ երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ հասցեատերերի հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից (ՎՎԲ) ստանալ հետևյալ գումարները.
1. մինչև ընդհանուր 8.500.000 - եվրո (բառերով` ութ միլիոն հինգ հարյուր հազար եվրո) գումարի չափով վարկ` հետևյալ ծրագրերի համար.
ա) Բնակարանային ֆինանսավորման շուկա (Հիպոթեկային շուկա) ծրագրին` մինչև 6.000.00 - եվրո (բառերով` վեց միլիոն եվրո),
բ) «Հիդրոէլեկտրակայանների» Որոտան կասկադ (խառը ֆինանսավորում) ծրագրին` մինչև 2.500.000 -եվրո (բառերով` երկու միլիոն հինգ հարյուր հազար եվրո),
եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրերի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
2. Ֆինանսական օժանդակություններ՝ հետևյալ ծրագրի իրականացման և հսկողության համար անհրաժեշտ հարակից միջոցառումներին.
Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում այլ շրջաններում. փուլ 2-րդ (ՀԵԾ II) - հարակից միջոցառումներ՝ մինչև 1.000.000 -եվրո (բառերով` մեկ միլիոն եվրո) գումարի չափով։
(2) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը սկզբունքորեն պատրաստ է, ի լրումն 1-ին պարբերության 1-ին կետի «բ» ենթակետում նշված գումարի, համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներպետական ընդունված կարգի, ծախսածածկման նախապայմանների առկայության դեպքում ստանձնել մինչև 14.500.000 - եվրո (բառերով՝ տասնչորս միլիոն հինգ հարյուր հազար) ֆինանսավարկային միջոցների հատկացումը՝ 1-ին պարբերության 1-ին կետի «բ» ենթակետում նշված ծրագրին ՎՎԲ սեփական միջոցներից ֆինանսական համագործակցության խառը ֆինանսավորման վարկեր տրամադրելու նպատակով։ Ֆինանսավարկային հատկացումները նախատեսված են հետևյալ ծրագրերի համար.
«Հիդրոէլեկտրակայանների «Որոտան» կասկադի (խառը ֆինանսավորում)» ծրագրին՝ մինչև 14.500.000 -եվրո (բառերով՝ տասնչորս միլիոն հինգ հարյուր հազար) ընդհանուր գումարի չափով ֆինանսավարկային հատկացում։ (Վերածրագրավորում «2005թ. Լոռիբերդ հիդրոէլեկտրակայանի համար նախատեսված հատուկ հատկացումից»)։
(3) 1-ին պարբերությունում նշված ծրագրերը կարող են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ ծրագրերով։
(4) Սույն Համաձայնագիրը շարունակում է կիրառվել նաև այն դեպքում, եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ավելի ուշ ժամանակահատվածում հնարավորություն է տալիս այլ վարկեր կամ ֆինանսական օժանդակություններ ստանալ 1-ին պարբերությունում նշված ծրագրերի նախապատրաստման, կամ այլ ֆինանսական օժանդակություններ՝ 1-ին պարբերությունում նշված ծրագրերի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար։
(5) Նախապատրաստական և հարակից միջոցառումների համար 1-ին պարբերության 2-րդ կետով նախատեսվող ֆինանսական օժանդակությունները վերածվում են վարկերի, եթե դրանք չեն օգտագործվում այդպիսի միջոցառումների համար։
(6) Բացի այդ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորություն է տալիս Հայաստանում Պրո Կրեդիտե բանկի հիմնադրման աջակցություն ծրագրի շրջանակում իրականացվելիք կրթական և վերապատրաստական միջոցառումների համար ՎՎԲ-ից ստանալ 500.000 - եվրո (բառերով՝ հինգ հարյուր հազար) արժողության ծառայություններ։ Կրթական և վերապատրաստական միջոցառումներն իրականացնող մասնագետների համար գործում են ինչպես Ֆինանսական համագործակցության մասին սույն Համաձայնագրի, այնպես էլ Տեխնիկական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև 1998 թվականի հուլիսի 27-ին կնքված Համաձայնագրի դրույթները։
Հոդված 2
(1) 1-ին հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված գումարների օգտագործումը, հատկացման նախապայմանները, ինչպես նաև հանձնարարականների բաժանման կարգը որոշվում են ՎՎԲ և վարկային ու ֆինանսական օժանդակություն ստացողների միջև կնքվելիք պայմանագրերով` հիմնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավական նորմերի վրա:
(2) 1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-2-րդ կետերի ա ենթակետում նշված գումարների հատկացումներ չեն կատարվի, եթե հատկացման տարվան հաջորդող ութ տարիների ընթացքում չկնքվեն համապատասխան վարկային կամ ֆինանսական պայմանագրեր: Այս գումարների ժամկետն ավարտվում է 2015թ. դեկտեմբերի 31-ին:
(3) Այն դեպքում, երբ վարկառուն Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է ՎՎԲ օգտին վճարումները եվրոյով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրով վարկառուների ստանձնած պարտավորությունների:
(4) Եթե ֆինանսական օժանդակություններ ստացողը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս ՎՎԲ-ին տալիս է երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերից:
Հոդված 3
(1) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ՎՎԲ-ին ազատում է բոլոր տեսակի հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պայմանագրերի կնքման ու իրականացման համար սահմանված են Հայաստանում:
(2) 1-ին հոդվածում նշված ծրագրերի շրջանակում վճարվելիք հարկերը, առաքումների և ծառայությունների համար վճարվելիք այլ տուրքերը ֆինանսավորում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, սակայն ոչ 1-ին հոդվածում նշված վարկի և ֆինանսական օժանդակության միջոցներով։ Այս նպատակով ՀՀ Կառավարությունը համապատասխան միջոցներ տրամադրում է սեփական բյուջեից։
Հոդված 4
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վարկի և ֆինանսական օժանդակության օգտագործումից անհրաժեշտաբար բխող` ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով անձերի և գույքի տեղափոխման համար ուղևորներին և առաքողներին տալիս է տրանսպորտային ձեռնարկության ազատ ընտրության հնարավորություն, չի ձեռնարկում այնպիսի միջոցներ, որոնք կբացառեն կամ կդժվարացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը, անհրաժեշտության դեպքում տրամադրում է պահանջվող թույլտվություններ տրանսպորտային հիշյալ ձեռնարկությունների մասնակցության համար:
Հոդված 5
(1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի հայտագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության՝ «Լոռիբերդ հիդրոէլեկտրակայան (հատուկ հատկացում- 2005)» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հատկացրած 12.000.000 - եվրո գումարի չափով (բառերով՝ տասներկու միլիոն եվրո) վարկը կվերածրագրվի և ի լրումն կուղղվի 1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետի «բ» ենթակետում նշված «Հիդրոէլեկտրակայանների «Որոտան» կասկադի (խառը ֆինանսավորում)» ծրագրին, եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
(2) Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև 2006 թվականին կնքված 2005-2006 թթ. Ֆինանսական համագործակցության մասին Համաձայնագրով «Համայնքային ենթակառուցվածքների բաց ծրագիր - Բնակավայրերի ջրամատակարարման» համար նախատեսված վարկերն ու ֆինանսական օժանդակությունները 2.000.000 -եվրո (բառերով՝ երկու միլիոն եվրո) գումարի չափով կվերածրագրվեն ֆինանսական օժանդակության և ի լրումն կօգտագործվեն 1-ին հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում հիշատակվող «Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում այլ շրջաններում. Փուլ 2-րդ - հարակից միջոցառում» ծրագրի իրագործման նպատակով, եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի ծրագրի իրագործումն օժանդակելու նպատակահարմարությունը:
(3) Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև 2006 թվականի մարտի 3-ին կնքված 2005 - 2006թթ. Ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի դրույթները բոլոր դեպքերում գործում են նաև այս ծրագրի համար։
Հոդված 6
(1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կամ այլ՝ երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք հասցեատերերի հնարավորություն է տալիս «Կովկասյան նախաձեռնության» շրջանակում ՎՎԲ-ից ստանալ հետևյալ գումարները.
1. «Տուբերկուլոզի դեմ պայքարի» տարածաշրջանային ծրագրի ավարտին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը պատրաստ է տրամադրել մինչև 1.000.000 - եվրո (բառերով՝ մեկ միլիոն եվրո) ֆինանսական օժանդակություն՝ ծրագիրը 2008 և 2009 թվականներին շարունակելու համար։
2. «Գյումրի 2» բարձրավոլտ էլեկտրակայանի վերականգնում» ծրագրի համար ՎՎԲ պատրաստ է տրամադրել մինչև 14.600.000 -եվրո (բառերով՝ տասնչորս միլիոն վեց հարյուր հազար եվրո) գումարի չափով զարգացման վարկ, ընդ որում՝ այն հավասարաչափ բաղկացած է 50% պետական բյուջեի և 50% ՎՎԲ միջոցներից։
3. «Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցում» ծրագրին ՎՎԲ պատրաստ է հատկացնել մինչև 20.400.000 -եվրո (բառերով՝ քսան միլիոն չորս հարյուր հազար եվրո) արժողության զարգացման վարկ։ Այն հավասարապես բաղկացած է 50% պետական բյուջեի և 50% ՎՎԲ միջոցներից։
(2) Վերոնշյալ 1 - 3-րդ կետերի համար համապատասխանաբար գործում են 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածները։
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությանը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումն ավարտելու մասին: Հիմք է ընդունվում ծանուցումն ստանալու օրը:
Կատարված է Երևան քաղաքում 2008 թվականի մայիսի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն. ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարապես պարտավորեցնող են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 3-ին: