ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ4/0031/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ4/0031/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 26.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Նախարարության հայցի ընդդեմ «Վիվա-Գեյմ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նախարարությունը պահանջել է ուժը կորցրած ճանաչել Ընկերության 30.09.2008 թվականի թիվ ԽՏ-046 լիցենզիան:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 26.06.2009 թվականի վճռով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, չի կիրառել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «գ» կետի պահանջը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Գործի վարույթը կարճելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ ինչպես լիցենզիայի գործողության կասեցման, այնպես էլ դրա դադարեցման համար դատարանն իրավասու չէ, այդ իրավունքը վերապահված է համապատասխան լիազոր մարմնին:
Մինչդեռ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջներից հետևում է, որ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել միայն դատական կարգով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 26.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 30.09.2008 թվականին Նախարարության կողմից Ընկերությանը տրվել է խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-046 լիցենզիան (գ.թ. 8):
2. Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 18.11.2008 թվականի թիվ 40 արձանագրության 3-րդ կետով հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Ընկերությունը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ունի չկատարված պարտավորություններ, առաջարկել է արձանագրել 30.09.2008 թվականին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-046 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում (գ.թ. 18-24):
3. ՀՀ ֆինանսների նախարարի 20.11.2008 թվականի թիվ 970-Ա հրամանով արձանագրվել է 30.09.2008 թվականին Ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-046 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում (գ.թ. 16):
4. Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի 08.01.2009 թվականի թիվ 01 արձանագրության 1-ին կետով հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Ընկերությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ընկերությունը թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար, առաջարկել է 30.09.2008 թվականին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-046 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան (գ.թ. 11-12):
5. ՀՀ ֆինանսների նախարարի 12.01.2009 թվականի թիվ 4-Ա հրամանով որոշվել է 30.09.2008 թվականին Ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-046 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան (գ.թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
Սույն վարչական գործով Դատարանը գործի վարույթի կարճման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ինչպես Ընկերությանը տրված լիցենզիայի գործողության կասեցման, այնպես էլ դրա դադարեցման համար դատարանն իրավասու չէ, և այդ իրավունքը վերապահված է լիազոր մարմնին:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները` լիցենզիայի գործողության դադարեցման հայցով դիմում է դատարան:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է, եթե կազմակերպիչը սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում: Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ լիցենզիայի գործողությունը` լիազոր մարմնի դիմումի հիման վրա, դադարեցվում է դատական կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ`
լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձը լուծարվել է,
դադարեցվել է անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կամ մահացել է ֆիզիկական անձը,
լիցենզավորված անձը դիմել է այն դադարեցնելու խնդրանքով:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական և փաստական հիմնավորումները:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տե՛ս Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):
Մինչդեռ, սույն գործով Դատարանը, կիրառելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, անտեսել է նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը: Հետևաբար, հիմնավոր չէ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ ինչպես լիցենզիայի գործողության կասեցման, այնպես էլ դրա դադարեցման համար դատարանն իրավասու չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 26.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ՝ |
|
Ա. Բարսեղյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |