Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ 

Վարչական գործ թիվ ՎԴ2/0192/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ2/0192/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

 

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ահարոն Տեր-Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.09.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Ահարոն Տեր-Գրիգորյանի և «ԱՄԱ Կոմպրեսոր» ՀՁ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` տուգանքի գումար բռնագանձելու և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է բռնագանձել Ահարոն Տեր-Գրիգորյանից Կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշմամբ սահմանված 2.722.944 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և Ընկերությանը պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 36-րդ հոդվածով նախատեսված պարտավորություններից որևէ մեկը: Գործի քննության ընթացքում Կոմիտեն հրաժարվել է մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու հայցապահանջից:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.09.2009 թվականի վճռով հայցը` տուգանքի գումարը բռնագանձելու մասով, բավարարվել է, իսկ մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ահարոն Տեր-Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 42.1-րդ, 43-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, 78-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի դ/ ենթակետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի գ/ ենթակետով սահմանված ժամկետների մեջ, համաձայն նույն հոդվածի բ/ ենթակետի, ներառվում է նաև ՀՀ կառավարության կողմից երկարաձգված ժամկետը: Նշված հոդվածը, սակայն, չի սահմանել կոնկրետ պարտականություններ այն դեպքի համար, երբ հայտարարատուն, ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն, դիմել է ՀՀ կառավարություն, ներկրված ապրանքների նախապես ձևակերպված ժամկետը երկարաձգելու համար: Հետևաբար, ՀՀ Սահմանադրության 3-րդ, 42.1-րդ, 43-րդ հոդվածների և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի ուժով Դատարանի վճիռը ճիշտ կլիներ այն դեպքում, երբ ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի գ/ ենթակետով սահմանված լիներ հետևյալ դրույթը. «Լիազոր մարմին դիմում տալը չի ազատում հայտարարատուին «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներկրված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու պատասխանատվությունից»:

Դատարանը մեկնաբանել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված պարտավորություններն առաջանում են արտահանման համար սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում, սակայն անտեսել է այն փաստը, որ ՀՀ կառավարություն դիմում տալը վերաբերում է հենց այդ ժամկետի երկարաձգմանը: Բացի այդ, նշել է, որ նախապես խնդրարկված ժամկետը լրանալու օրվա դրությամբ ՀՀ կառավարությունը Ընկերությանն այդ ժամկետը երկարաձգելու թույլտվություն չի տրամադրել` անտեսելով, որ Ընկերությունը չի ստացել նաև դրա մերժումը: Այդ առումով անհիմն է նաև Դատարանի այն պատճառաբանությունը, որ Ընկերությունը ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ՀՀ կառավարություն է ներկայացրել 31 օր ուշացումով, հետևաբար, ՀՀ կառավարությունն այդ պատճառով է դիմումին պատասխանել ավելի քան հինգ ամիս հետո:

Դատարանն անտեսել է, որ ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշմամբ վեց ամսով երկարաձգվել է Ընկերության ներկրած ապրանքների արտահանման ժամկետը` մինչև 12.10.2009 թվականը: Այսինքն, այդ որոշումը բարելավում է Ընկերության տնօրենի իրավական դրությունը, և այդ որոշմամբ կամ այլ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, ուստի նշված որոշումն ունի հետադարձ ուժ և պետք է տարածվի մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: Բացի այդ, որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ դրանով կարգավորվել են մինչև «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշման ընդունումը ծագած հարաբերություններ, այն է` 12.04.2009 թվականից մինչև 12.10.2009 թվականը երկարաձգվել է ապրանքների վերաարտահանման ժամկետը: Վերջին հաշվով տուգանք սահմանելու մասին որոշումը կայացնելու օրվա դրությամբ Ընկերությունն ունի թույլտվություն` ներկրված ապրանքների արտահանման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, սակայն Ընկերության տնօրենը տուգանվել է այդ թույլտվությունը չունենալու համար, այսինքն` նրա վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.09.2009 թվականի վճռի` 2.722.944 ՀՀ դրամ բռնագանձելու մասը և այդ մասով գործի վարույթը կարճել, կամ գործն ուղարկել նոր քննության, կամ վճիռը փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 12.04.2008 թվականի թիվ C 7514 բեռնամաքսային հայտարարագրի համաձայն` Ընկերությունը «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել երկու կոմպրեսոր և դրանք համալրող դետալները` նախապես խնդրարկված մեկ տարի ժամկետով` մինչև 14.04.2009 թվականը (գ.թ. 14-16):

2) Ըստ 17.03.2009 թվականի թիվ 15/03 դիմումի` ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 09.11.2005 թվականի թիվ 1934-Ն որոշման համապատասխան Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաարտահանման` նախապես ձևակերպված ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու համար (գ.թ. 42-44):

3) Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 14.05.2009 թվականի արձանագրության համաձայն` Ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու կոմպրեսորը և դրանց մասերը վերաարտահանելու պարտավորությունը (գ.թ. 8):

4) «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշման համաձայն` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու հատ կոմպրեսորը և դրանց մասերը սահմանված ժամկետում վերաարտահանելու պարտավորությունը չկատարելու համար Ընկերության տնօրեն Ահարոն Տեր-Գրիգորյանը ենթարկվել է 2.722.944 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 11):

5) ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշման համաձայն` թույլատրվել է 12.04.2008 թվականի C 7514 բեռնամաքսային հայտարարագրով Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը վեց ամսով` մինչև 12.10.2009 թվականը (գ.թ. 99):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմը կարգավորում է ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք վերամշակման նպատակով և հետագա արտահանման պայմանով ներմուծելը:

Նույն հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն` մաքսային այս ռեժիմի շրջանակներում մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է նույն օրենսգրքի 35-րդ հոդվածում նշված մարմնի եզրակացության հիման վրա` հայտարարատուի խնդրարկած, սակայն ներմուծման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետում, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն` նույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձևակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ապրանքների մեկ տարուց ավելի ժամկետով բացթողման թույլտվության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում նշված մաքսային ռեժիմով կատարման ենթակա պարտավորությունների կատարումը երկարաձգվում է մինչև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը, այսինքն` ապրանքների արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված, եթե այն կատարվել է ՀՀ կառավարության որոշմամբ երկարաձգված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում:

 «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի կիրառմամբ անձն ազատվում է նախկինում կիրառված պատասխանատվության միջոց կամ իրավունքի սահմանափակում նախատեսող անհատական ակտերի կատարման պարտականությունից:

Սույն գործի փաստերի համաձայն` 12.04.2008 թվականի թիվ C 7514 բեռնամաքսային հայտարարագրով Ընկերությունը «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել երկու հատ կոմպրեսոր և դրանք համալրող դետալները` նախապես խնդրարկված մեկ տարի ժամկետով` մինչև 14.04.2009 թվականը: «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաարտահանման` նախապես ձևակերպված ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու համար Ընկերությունը ՀՀ կառավարություն է դիմել 17.03.2009 թվականին, իսկ նշված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը վեց ամսով` մինչև 12.10.2009 թվականը, թույլատրվել է միայն ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշման ուժով Ընկերության համար «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների արտահանման պարտավորությունը ենթակա էր կատարման 12.10.2009 թվականին հաջորդող տասն օրվա ընթացքում: Մինչդեռ, տվյալ դեպքում Ընկերության տնօրենը 29.05.2009 թվականին ենթարկվել է վարչական պատասխանատվության սահմանված ժամկետում ապրանքները վերաարտահանելու պարտավորությունը չկատարելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշումն ունի հետադարձ ուժ: Հետևաբար, ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշումը բացառում է իրավախախտման դեպքը: Նշված որոշմամբ կարգավորվել են նախկինում առկա իրավահարաբերություններ, այն է` երկարաձգվել է ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը, հետևաբար, Ընկերության տնօրենի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը չպետք է կատարվի:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճռի կայացման օրվա դրությամբ գոյություն է ունեցել «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշումից ավելի բարձր իրավաբանական ուժով օժտված և անձին պատասխանատվությունից ազատող իրավական ակտ, մինչդեռ Դատարանը վճռել է Ընկերության տնօրենից բռնագանձել նշված որոշմամբ սահմանված տուգանքի գումարը: Հետևաբար, ՀՀ կառավարության 27.08.2009 թվականի թիվ 984-Ա որոշման առկայության պայմաններում «Վարչական տույժ նշանակելու մասին» 29.05.2009 թվականի որոշման կատարմամբ ոչ միայն կիմաստազրկվի ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը, այլև կխաթարվի իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ ավելի բարձր իրավաբանական ուժով օժտված և անձին պատասխանատվությունից ազատող իրավական ակտի պայմաններում կգործի ավելի ցածր իրավաբանական ուժով օժտված ակտը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.09.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

 

Ս. Սարգսյան

Դատավորներ՝

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան