Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում եվ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները` սույն Համաձայնագրի մասնակիցները, այսուհետ` Կողմեր,
նկատի առնելով, որ մշակութային արժեքների հափշտակումները, անկախ դրանց սեփականության տեսակից, զգալի վնաս են հասցնում Կողմերի մշակութային ժառանգության պահպանմանը,
արտահայտելով մտահոգություն այն մասին, որ մշակութային արժեքների հափշտակումները ձեռք են բերել անդրազգային բնույթ,
ընդունելով, որ մշակութային արժեքների հափշտակումների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն բոլոր շահագրգիռ Կողմերի փոխգործակցության հիման վրա,
գիտակցելով մշակութային արժեքների հափշտակումների կանխման և դրանց վերադարձի ապահովման համար համաձայնեցված միջոցների իրականացման անհրաժեշտությունը,
ղեկավարվելով այս ոլորտում միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերը, ինչպես նաև ազգային օրենսդրությամբ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.
մշակութային արժեքներ - կրոնական կամ աշխարհիկ բնույթի առարկաներ և/կամ հավաքածուներ, ինչպես նաև դրանց բաղադրամասեր կամ հատվածներ` անկախ դրանց ստեղծման ժամանակից, որոնք Կողմերից յուրաքանչյուրի կողմից դիտվում են որպես մշակույթի, հնագիտության, պատմության, գրականության, արվեստի կամ գիտության համար նշանակություն ունեցող առարկաներ,
մշակութային արժեքների հափշտակում - մշակութային արժեքներին տիրանալուն ուղղված ցանկացած անօրինական արարք, որը, ըստ Կողմերի օրենսդրության, հանգեցնում է պատասխանատվության,
առևանգված մշակութային արժեքներ - մշակութային արժեքներ, որոնց վերաբերյալ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք առևանգված առարկաներ են,
կենտրոնական իրավասու մարմին - Կողմի պետական մարմին, որը լիազորված է կարգավորելու Կողմի իրավասու մարմինների գործունեությունը սույն Համաձայնագրի շրջանակներում,
իրավասու մարմին - Կողմի պետական մարմին, որը, իր օրենսդրությանը համապատասխան, լիազորված է իրականացնելու և/կամ կազմակերպելու մշակութային արժեքների հետ կապված հանցագործությունների հայտնաբերման, նախազգուշացման, կանխման և բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն և/կամ իրականացնելու առևանգված մշակութային արժեքների հետախուզում և/կամ ցուցաբերելու աջակցություն մշակութային արժեքների սեփականատերերին այդ արժեքների նկատմամբ նրանց իրավունքների վերականգնման գործում անօրինական արտահանման, ներմուծման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքում և/կամ աջակցելու մշակութային արժեքների վերադարձմանը դրանց անօրինական արտահանման դեպքում և/կամ գրանցելու առգրավված, բռնագրավված և կալանքի տակ վերցված մշակութային արժեքները, արձանագրելու մշակութային արժեքների կորստի և առևանգման փաստերը և/կամ, սույն Համաձայնագրին համապատասխան, հայցեր ուղարկելու առևանգված մշակութային արժեքների վերադարձման վերաբերյալ և/կամ որոշումներ ընդունելու դրանց վերադարձման մասին,
մշակութային արժեքների պահպանվածություն - մշակութային արժեքների պահպանում` կատարելով դրանց պահելու համար անհրաժեշտ պահանջները մինչև վերադարձի մասին հայցվող Կողմի իրավասու մարմնի որոշման կատարումը կամ մինչև չպահանջված մշակութային արժեքի մասին հարցի լուծումը,
մշակութային արժեքների սեփականատեր - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի տվյալ մշակութային արժեքները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները,
առևանգված մշակութային արժեքների վերադարձում - հայցվող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ մշակութային արժեքների փոխանցում հայցող Կողմի իրավասու մարմնին:
Հոդված 2
1. Կողմերը, սույն Համաձայնագրին համապատասխան, իրենց իրավասու մարմինների միջոցով իրականացնում են համագործակցություն մշակութային արժեքների առևանգման հետ կապված իրավախախտումների նախազգուշացման, խափանման, հայտնաբերման, բացահայտման, դրանց հետախուզման և վերադարձման ապահովման գործում:
2. Իրավասու մարմինների ցանկը` կենտրոնական իրավասու մարմնի նշմամբ, որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:
Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:
Հոդված 3
Կողմերն իրականացնում են համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարի և դրանց վերադարձման ապահովման գործում Կողմերի համագործակցության նորմատիվ իրավական բազայի կատարելագործում, այդ ոլորտում Կողմերի օրենսդրության ներդաշնակեցում,
բ) Կողմերի մասնակցությամբ մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարին ուղղված համապարփակ և տարածաշրջանային միջազգային պայմանագրերի դրույթների կատարման համար համաձայնեցված միջոցների իրականացում,
գ) մշակութային արժեքների հետ կապված հանցավորության վիճակի ու շարժընթացի և դրա դեմ պայքարի արդյունքների վերլուծություն,
դ) իրավապահ կամ այլ մարմինների փոխգործակցության մեխանիզմների կատարելագործում` մշակութային արժեքների առևանգման, դրանց հետախուզման և վերադարձման ապահովման ուղղությամբ համաձայնեցված միջոցների ձեռնարկման համար,
ե) իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ համապատասխան միջոցառումների անցկացում մշակութային արժեքների առևանգմանը նրանց հավանական մասնակցության մասին ենթադրելու հիմքեր ունենալու դեպքում:
Հոդված 4
1. Կողմերն իրականացնում են համագործակցություն հետևյալ հիմնական ձևերով.
ա) օպերատիվ, քրեագիտական, վիճակագրական և այլ տեղեկատվության փոխանակում, այդ թվում` նախապատրաստվող և կատարված իրավախախտումների և դրանց մասնակից իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասին տեղեկությունների,
բ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման վերաբերյալ հայցերի կատարում,
գ) համակարգված պրոֆիլակտիկ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ծրագրում և իրականացում,
դ) նորմատիվ իրավական ակտերի, հրապարակումների և գիտամեթոդական նյութերի փոխանակում,
ե) աշխատանքային փորձի փոխանակում, աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների, խորհրդատվությունների, գործնական գիտաժողովների և սեմինարների, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,
զ) առևանգված մշակութային արժեքների իրացման նպատակով բաց հեռահաղորդակցական կապերի օգտագործման մասին նախազգուշացման և խափանման ուղղությամբ համաձայնեցված միջոցների մշակում և իրականացում,
է) կադրերի պատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման գործում աջակցության ցուցաբերում,
ը) մշակութային արժեքների դրոշմման նոր մեթոդների մշակում և ներդրում:
2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերի և էքստրադիցիայի հետ կապված իրավական օգնություն ցուցաբերելու հարցեր:
Հոդված 5
Կողմերից յուրաքանչյուրը.
1. ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները`
ա) մշակութային արժեքների ներմուծման և արտահանման կարգի հաստատման և ապահովման, ինչպես նաև իր տարածքում այդ մշակութային արժեքների հետ կապված որևէ գործողության իրականացման համար,
բ) մշակութային արժեքների առևանգման, ձեռք բերման, իրացման, անօրինական ներմուծման և արտահանման, անօրինական պեղումների անցկացման և մշակութային արժեքներին առնչվող այլ անօրինական գործողությունների իրականացման հետ կապված իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման համար,
գ) իր կողմից ձեռք բերվող մշակութային արժեքների առևանգված կամ անօրինական ներմուծված լինելու մասին նախապես իմացող գնորդին անբարեխիղճ ճանաչելն ապահովելու համար,
դ) պետական սեփականության մեջ գտնվող մշակութային արժեքների ֆոտոֆիկսացիայի և գաղտնի դրոշմման համար:
2. Սահմանում և կիրառում է պատժամիջոցներ մշակութային արժեքների առևանգման, ձեռք բերման, իրացման, անօրինական ներմուծման և արտահանման, անօրինական պեղումների անցկացման և մշակութային արժեքներին առնչվող այլ անօրինական գործողությունների իրականացման հետ կապված իրավախախտումներ կատարած կամ դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ:
3. Օգտագործում է բոլոր առկա միջոցները հանրության տեղեկացվածության բարձրացման համար` առևանգված մշակութային արժեքների անօրինական ներմուծմանը և արտահանմանը, դրանց առևանգումներին, անօրինական պեղումների անցկացմանը և այլ անօրինական գործողություններին հակազդելու նպատակով:
Հոդված 6
Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է.
1. համապատասխան իրավասու մարմինների կողմից տվյալների տեղեկատվական բազաների ներմուծում, որոնք պետք է պարունակեն տվյալներ.
ա) կորած, առևանգված և հետախուզվող մշակութային արժեքների մասին,
բ) կալանված, բռնագրավված կամ առգրավված մշակութային արժեքների մասին.
2. մյուս կողմերի իրավասու մարմինների հայցով վերը նշված տվյալների տեղեկատվական բազաներում պարունակվող տեղեկությունների օպերատիվ տրամադրում:
Հոդված 7
1. Կողմերից մեկի տարածքում մշակութային արժեքների առևանգման դեպքում նրա իրավասու մարմինն այդ մասին ծանուցում է ուղարկում Կողմերի կենտրոնական իրավասու մարմիններին:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ուղարկված ծանուցումն ըստ հնարավորության պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) մշակութային արժեքների տեսակը,
բ) հեղինակը/դպրոցը,
գ) անունը/անվանումը,
դ) պատրաստման ամսաթիվը/ժամանակաշրջանը,
ե) պատրաստման նյութը և տեխնիկան,
զ) չափը/քաշը,
է) յուրահատուկ տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկություններ (մակագրություններ, ստորագրություններ, դրոշմային նշագրումներ, վնասվածքներ, վերականգնման հետքեր և այլն),
ը) տեղեկություններ պահպանման հատուկ ձևի մասին,
թ) այլ տեղեկություններ:
3. Ծանուցմանը կցվում է առևանգված մշակութային արժեքի գունավոր պատկերը, ինչպես նաև տեղեկություններ այն իրավասու մարմնի մասին, որի վարույթում գտնվում է տվյալ մշակութային արժեքի հետախուզման գործը: Սև ու սպիտակ պատկերի առկայության դեպքում լրացուցիչ հաղորդվում է առևանգված մշակութային արժեքի հիմնական գունային գամման, իսկ պատկերի բացակայության դեպքում` առևանգված մշակութային արժեքի մանրամասն նկարագրությունը:
Հոդված 8
1. Կողմերից մեկի տարածքում մշակութային արժեքների, որոնց վերաբերյալ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք առևանգվել են մյուս Կողմի տարածքում, հայտնաբերման, կալանման, առգրավման կամ բռնագրավման դեպքում այդ հանգամանքները հայտնաբերած Կողմի իրավասու մարմինը 30 օրվա ընթացքում ծանուցում է շահագրգիռ Կողմի կենտրոնական իրավասու մարմնին:
Ծանուցում ստացած Կողմի կենտրոնական իրավասու մարմինը այդ մասին տեղեկացնում է այն իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է տվյալ մշակութային արժեքի հետախուզման մասին գործը:
2. Մշակութային արժեքի` սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին համապատասխան նկարագրությունից բացի` ծանուցումը, որն ուղարկվում է սույն հոդվածի առաջին կետին համապատասխան, պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) մշակութային արժեքների գտնվելու վայրի և դրանց վիճակի մասին տեղեկություն,
բ) մշակութային արժեքները հայտնաբերած, առգրաված, կալանած կամ դրանց բռնագրավումը նախաձեռնած և/կամ դրանց պահպանումն ապահովող իրավասու մարմնի անվանումը, ինչպես նաև կոնտակտային ռեկվիզիտները, որոնց միջոցով կարելի է դիմել լրացուցիչ տեղեկատվության համար:
3. Անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունների ճշգրտման համար տեղեկացնող Կողմի իրավասու մարմինը կարող է նշանակել մշակութային արժեքների փորձաքննության անցկացում: Այդ դեպքում ծանուցման ժամկետը կարող է երկարացվել փորձաքննության անցկացման ժամանակահատվածին համապատասխան:
4. Այն դեպքում, երբ հիմք կա ենթադրելու, որ տեղի է ունեցել մշակութային արժեքների առևանգում, բայց պարզված չէ այն Կողմը, որի տարածքում այն կատարվել է, կամ չի հաստատվել առևանգման տեղի մասին սույն հոդվածի 1-ին կետում նշված նախնական ենթադրությունը, ծանուցումն ուղարկվում է բոլոր Կողմերի կենտրոնական իրավասու մարմիններին:
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցում ստացած Կողմի իրավասու մարմինն այն ստանալու օրվանից հետո` 90 օրվա ընթացքում, պարտավոր է ծանուցել հայցող Կողմին այդ մշակութային արժեքների նկատմամբ ձեռնարկվող միջոցների մասին կամ ուղարկել հիմնավորված հայց` առևանգված մշակութային արժեքները հայցող Կողմի իրավասու մարմնին վերադարձնելու մասին:
2. Կողմերից մեկի տարածքում առևանգված մշակութային արժեքների հայտնաբերման դեպքում այդ արժեքները հայտնաբերած Կողմի իրավասու մարմինը դրանց վերադարձման մասին հիմնավորված հայց է ուղարկում այն Կողմի կենտրոնական իրավասու մարմնին, որում գտնվում են մշակութային արժեքները:
3. Մշակութային արժեքների վերադարձման մասին հայցն ուղարկվում է գրավոր, հայցող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա, ստորագրվում է ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվում է տվյալ մարմնի զինանշանային կնիքով:
4. Հայցին կարող են կցվել հայցող Կողմի օրենսդրությանը համապատասխան վավերացված փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են հափշտակված մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը` նշելով մշակութային արժեքների սեփականատիրոջ տվյալները:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներում նշված ծանուցումներն ուղարկվում են գրավոր, իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա և ստորագրվում են այդ իրավասու մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից:
Հոդված 11
1. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը 30 օրվա ընթացքում որոշում է այն իրավասու մարմինը, որը լիազորված է դիտարկելու առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հարցը, և նրան է ուղարկում հայցող Կողմից ստացված փաստաթղթերը:
2. Հայցվող Կողմի իրավասու մարմինը առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հարցը դիտարկում է հայցն ստանալուց հետո 60 օրվա ընթացքում և դիտարկման արդյունքի մասին տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին:
3. Հայցվող Կողմի իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն` սահմանելով որոշակի ժամկետ այդ ստանալու համար, սակայն հայցը ստանալուց հետո 30 օրվանից ոչ ավելի:
4. Հայցվող Կողմի իրավասու մարմինը, վերադարձման մասին որոշում ընդունելով, 30 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին:
5. Առևանգվածների թվում հաշվառվող մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճ առաջանալու դեպքում դրանց սեփականատերերի մասին հարցը լուծվում է դատական մարմինների կողմից` համապատասխան այն Կողմի օրենսդրության, որի տարածքում դրանք հայտնաբերվել են:
Հոդված 12
1. Վերադարձվող մշակութային արժեքները հանձնվում են հայցող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցչին իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, որը հաստատում է նրա լիազորություններն այդ արժեքները ստանալու համար:
2. Չպահանջված մշակութային արժեքների մասին հարցը լուծվում է այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում դրանք գտնվում են:
Հոդված 13
1. Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է ստացված տեղեկությունների գաղտնիությունը, եթե հայցող Կողմն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը: Գաղտնիության աստիճանը սահմանում է հայցող Կողմը:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված գաղտնի տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի գրավոր համաձայնությունը:
Հոդված 14
1. Առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հայցը կարող է մերժվել հայցվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված հիմքերով:
2. Հայցի կատարման մերժման մասին գրավոր պետք է ծանուցել հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին` նշելով մերժման պատճառների մասին:
Հոդված 15
1. Առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հայցի կատարումը կարող է հետաձգվել, եթե.
ա) պահանջվող մշակութային արժեքների առևանգման փաստով հարուցված է գործ վարչական իրավախախտման մասին կամ` քրեական գործ, մինչև վարչական իրավախախտման մասին գործի վարույթի ավարտը կամ քրեական գործով համապատասխան որոշում կայացնելը կամ այդ մշակութային արժեքների վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելը,
բ) առևանգված մշակութային արժեքների, որոնց վերաբերյալ ստացվել է վերադարձման մասին հայց, սեփականության իրավունքի, կալանման, բռնագրավման կամ առգրավման մասին հարցը հանդիսանում է դատական հայցի առարկա, որը ներկայացվել է հայցվող Կողմում, մինչև տվյալ գործի վերաբերյալ դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
2. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը տեղեկացնում է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հարցի լուծումը սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա հետաձգելու մասին:
Հոդված 16
1. Կողմերի մաքսային սահմաններով առևանգված մշակութային արժեքները սույն Համաձայնագրին համապատասխան տեղափոխելու ժամանակ այդ տեղափոխման հետ կապված մաքսային և այլ վճարումները չեն գանձվում, իսկ մաքսային ձևակերպումը կատարվում է այն Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում այն իրականացվում է:
2. Առևանգված մշակութային արժեքների կալանման, մինչև հայցող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցչին հանձնելը դրանց պահպանման հետ կապված ծախսերը հոգում է հայցվող Կողմը:
3. Առևանգված մշակութային արժեքները հայցող Կողմի տարածք վերադարձնելու հետ կապված ծախսերը հոգում է հայցող Կողմի իրավասու մարմինը:
4. Առևանգված մշակութային արժեքների վերադարձման հետ կապված ծախսերը հատուցվում են Կողմերի օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 17
1. Կողմերը դադարեցնում են առևանգված մշակութային արժեքների հետախուզումը դրա նախաձեռնող հանդիսացող Կողմի իրավասու մարմնից հետախուզումը դադարեցնելու մասին ծանուցում ստանալուց հետո:
2. Առևանգված մշակութային արժեքների հետախուզման դադարեցման մասին ծանուցումն ուղարկվում է Կողմերի կենտրոնական իրավասու մարմիններին գրավոր, իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա:
Հոդված 18
Կողմերի իրավասու մարմիններն ինքնուրույն են հոգում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը` բացառությամբ սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածում նշվածների: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Կողմերի իրավասու մարմինները կարող են համաձայնել այլ կարգի մասին:
Հոդված 19
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքները և պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:
Հոդված 20
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս Կողմերը որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:
Հոդված 21
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
2. Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից:
Հոդված 22
Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների միանալու համար այդ միանալու մասին ծանուցագիրն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցագիրն ավանդապահի ստանալու օրվանից` պահպանելով սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածի 1-ին կետը:
Հոդված 23
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով դուրս գալու ենթադրվող օրվանից առնվազն վեց
ամիս առաջ:
Հոդված 24
Կողմերի միջև սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 25
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող արձանագրությամբ, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:
Կատարված է Դուշամբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի (վերապահումով) կողմից:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 26-ին
Ուկրաինայի վերապահումը
ըստ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 8-րդ կետի
«Մշակութային արժեքների առևանգումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի մասին»:
ք. Դուշամբե |
2007 թվականի հոկտեմբերի 5 |
«Ուկրաինական կողմը ձեռնպահ է մնում ԱՊՀ շրջանակներում ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը (3-րդ հոդվածի «ա» կետ), ինչպես նաև բազմակողմանի համապարփակ և տարածաշրջանային պայմանագրերի դրույթների կատարման համար ԱՊՀ շրջանակներում համաձայնեցված միջոցների իրականացմանը (3-րդ հոդվածի «բ» կետ) վերաբերող պարտավորություններից: