Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2005
Ստորագրման ամսաթիվ
03.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2005

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հարկային հանցագործությունների դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս կառավարությունների, այսուհետ` Կողմերը,

մտահոգություն արտահայտելով տնտեսական անվտանգությանը սպառնալիք ներկայացնող հարկային հանցագործությունների մասշտաբների կապակցությամբ,

ելնելով հարկային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության արդյունավետության բարձրացման գործում փոխադարձ շահագրգռվածությունից,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակի համար «հարկային հանցագործություն» հասկացությունը նշանակում է` Կողմերի քրեական օրենսդրությամբ արգելված, հարկային բնագավառում մեղավորությամբ կատարած հանրորեն վտանգավոր արարք (գործողություն կան անգործություն):

 

Հոդված 2

Կողմերը` սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան, համագործակցություն են իրականացնում հարկային հանցագործությունների կանխման, հայտնաբերման, կասեցման և բացահայտման գործում հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) հարկման բնագավառում հանցավորության վիճակի վերլուծություն,

բ) հարկային հանցագործությունների դեմ պայքարում Կողմերի համագործակցության իրավական հիմքի կատարելագործում, այդ բնագավառում ազգային օրենսդրության ներդաշնակեցում` հաշվի առնելով միջազգային պայմանագրերի դրույթները,

գ) հարկային հանցագործությունների դեմ պայքարի գծով համատեղ ծրագրերի մշակում,

դ) հարկային հանցագործությունների դեմ պայքարին ուղղված միջազգային պայմանագրերի դրույթների կատարման նպատակով համաձայնեցված միջոցների իրականացում:

 

Հոդված 3

1. Կողմերը համագործակցություն են իրականացնում իրենց իրավասու մարմինների միջոցով:

2. Իրավասու մարմինների ցանկը սահմանվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում ավանդապահին` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագիրը ի պահ հանձնելու ժամանակ:

Յուրաքանչյուր Կողմ մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է ավանդապահին իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին:

3. Կողմերի իրավասու մարմինների տարածքային ստորաբաժանումները սույն Համաձայնագրի կատարման նպատակով կարող են անմիջական կապեր հաստատել Կողմերի իրավասու մարմինների կողմից սահմանվող կարգով:

 

Հոդված 4

1. Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

ա) օպերատիվ և քրեագիտական տեղեկատվության փոխանակում, այդ թվում` տեղեկություններ պատրաստվող և կատարված հարկային հանցագործությունների և դրանց առնչվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին, հարկերի և գանձումների վճարումից խուսափման եղանակների և մեթոդների մասին,

բ) օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման մասին հարցումների կատարում,

գ) համակարգված օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների պլանավորում և իրականացում,

դ) հարցումների հիման վրա հարկային հանցագործությունների մասին հայտարարությունների և տեղեկությունների ստուգումների անցկացում,

ե) Կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ ներկայացուցիչների գործուղում` համատեղ օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների անցկացման ժամանակ գործողությունները համակարգելու նպատակով,

զ) Կողմերի իրավասու մարմինների աշխատակիցներին նրանց ծառայողական գործուղման մեջ գտնվելու ժամանակ աջակցության ցուցաբերում,

է) աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ գիտական հետազոտությունների, խորհրդակցությունների, գիտաժողովների և սեմինարների անցկացում,

ը) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցության ցուցաբերում,

թ) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, գիտական հետազոտությունների արդյունքների և մեթոդական հանձնարարականների փոխանակում:

2. Կողմերը կարող են համագործակցություն իրականացնել այլ փոխադարձ ընդունելի ձևերով:

 

Հոդված 5

Հարկային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով Կողմերը կարող են իրականացնել տեղեկատվության փոխանակում.

իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից հարկերի և տուրքերի մասին ազգային օրենսդրության խախտումների և այդ խախտումների համար պատասխանատվության միջոցների վերաբերյալ,

հարկումից եկամուտների թաքցման, ինչպես նաև նման թաքցնելու օգտագործվող ձևերի և եղանակների վերաբերյալ,

իրավաբանական անձանց և առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց կողմից ֆինանսատնտեսական գործունեության իրականացման պայմանների վերաբերյալ,

այլ տեղեկատվությամբ, որի տրամադրումը չի հակասում Կողմերի ազգային օրենսդրությանը:

 

Հոդված 6

1. Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է աջակցության ցուցաբերման մասին հարցումներ (այսուհետ` հարցում) կատարելու միջոցով:

Տեղեկատվությունը մյուս Կողմին կարող է տրամադրվել առանց հարցման, եթե հիմքեր կան համարելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար:

2. Հարցումն ուղարկվում է գրավոր ձևով: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է փոխանցվել բանավոր, հետագայում` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, պարտադիր գրավոր հաստատմամբ: Ընդ որում, կարող են օգտագործվել տեքստի փոխանցման տեխնիկական միջոցներ:

3. Հարցման մեջ նշվում են.

ա) հարցում կատարող և հարցում ստացող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ) այն նյութի համառոտ բովանդակությունը, որի համար հարցում է ուղարկվել,

գ) հարցման նպատակն ու հիմնավորումը,

դ) անհրաժեշտության դեպքում` հարցումն իրականացնելու հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,

ե) այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել հարցումը կատարելու համար:

Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հարցումը պատշաճ կերպով կատարելու համար:

4. Հարցում կատարող իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա գրավոր ձևով ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրված լինի տվյալ մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատված լինի դրոշմակնիքով:

5. Եթե հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը որոշում է, որ հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է, ապա այդ մարմինն անհապաղ տեղեկացնում է դրա մասին հարցում ստացող Կողմի իրավասու մարմնին:

 

Հոդված 7

1. Աջակցության ցուցաբերումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ հակասում է ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև կարող է հանգեցնել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտմանը:

2. Մինչ աջակցության ցուցաբերման մասին հարցման մերժելը, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն ուսումնասիրում է աջակցության ցուցաբերման հնարավորությունը` որոշակի անհրաժեշտ համարվող պայմանների պահպանմամբ: Եթե հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն ուսումնասիրում է այլ պայմաններով աջակցության ցուցաբերման հնարավորությունը, ապա հարցումը կատարվում է հաշվի առնելով այդ պայմանները:

3. Աջակցության ցուցաբերման մասին հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դրա կատարումը հետաձգելու դեպքում, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է դրա մասին հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին` նշելով նման որոշման պատճառները:

 

Հոդված 8

1.  Եթե աջակցության ցուցաբերման մասին հարցման կատարումը չի մտնում հարցում ստացած մարմնի իրավասության մեջ, ապա այդ մարմինն անհապաղ փոխանցում է այն հարցում ստացող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և տեղեկացնում դրա մասին հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին:

2. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` հարցման ամբողջական և որակյալ կատարումն ապահովելու համար:

Հարցումը, որպես կանոն, կատարվում է դրա ստացման ամսաթվից 30 օրը չգերազանցող ժամկետում, ընդ որում, ըստ հնարավորության, հաշվի են առնվում հարցում կատարող իրավասու մարմնի ցանկությունները` հարցումը նրա կողմից նշված ժամկետում կատարելու մասին:

Հարցում կատարող Կողմի իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ կատարումը հետաձգող հանգամանքների մասին:

3. Հարցումը կատարելու ժամանակ կիրառվում է հարցում ստացող Կողմի ազգային օրենսդրությունը:

4. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը կարող է հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով նրա ներկայացուցիչներին ընձեռել հարցման կատարմանը ներկա լինելու հնարավորություն:

5. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինն ապահովում է մյուս Կողմի իրավասու մարմնից ստացած տեղեկությունների խորհրդապահությունը, ներառյալ հարցման ստանալու փաստն ու բովանդակությունը` եթե հարցում կատարող Կողմի իրավասու մարմինն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը:

Հարցումը կատարելու ժամանակ խորհրդապահության պահպանման անհնարինության դեպքում, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը հայտնում է դրա մասին հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին` նման պայմաններում հարցումը կատարելու հնարավորության մասին որոշում կայացնելու նպատակով:

 

Հոդված 9

1. Հարցումը կատարելու նպատակով անցկացվող միջոցառումների ժամանակ ստացված արդյունքները չեն կարող օգտագործվել հարցում կատարող իրավասու մարմնի կողմից այլ նպատակներով, քան այն, որոնք նշված են հարցման մեջ:

2. Հարցում կատարող իրավասու մարմինը կարող է օգտագործել հարցման կատարման արդյունքներն այլ նպատակներով, միայն հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ: Նման դեպքերում, հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի կողմից սահմանված հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները:

 

Հոդված 10

Սույն Համաձայնագրի հիման վրա մի Կողմի իրավասու մարմնի ստացած տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու համար` նախապես պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած մյուս Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունը:

 

Հոդված 11

Կողմերի իրավասու մարմիններն ինքնուրույն են կրում ծախսերը, որոնք կառաջանան սույն Համաձայնագրի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում չի համաձայնեցվի այլ կարգ:

 

Հոդված 12

Համագործակցության իրականացման ժամանակ Կողմերի իրավասու մարմինները որպես աշխատանքային լեզու կիրառում են ռուսերենը:

 

Հոդված 13

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ առաջացող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների ճանապարհով:

 

Հոդված 14

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները:

 

Հոդված 15

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու ամսաթվից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար` սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու ամսաթվից:

 

Հոդված 16

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող և սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող արձանագրությամբ:

 

Հոդված 17

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության  ցանկացած մասնակից պետության կողմից միանալու համար` այդ միացման մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու ճանապարհով:

Սույն Համաձայնագրի դրույթներին համամիտ Անկախ Պետությունների Համագործակցության մեջ չմտնող պետությունների համար միացումը համարվում է ուժի մեջ մտած, եթե ավանդապահի կողմից համապատասխան ծանուցում ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում Կողմերից ոչ մեկը չուղարկի առարկություն:

 

Հոդված 18

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այդ ժամանակաշրջանի ավարտից հետո, այն ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդող հնգամյա ժամանակահատվածներով:

 

Հոդված 19

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից դրա մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու ամսաթվից ոչ պակաս, քան երեք ամիս առաջ, կարգավորելով Համաձայնագրի գործողության ժամանաշրջանում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 2005 թվականի հունիսի 3-ին մեկ բնօրինակով` ռուսերեն լեզվով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության ործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետության (հատուկ կարծիքով), Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի (վերապահումով) կառավարությունները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայատանի Հանրապետության համար 09.12.2005, Ղրղզստանի Հանրապետության համար 09.12.2005, Բելառուսի Հանրապետության համար 09.12.2005 Ռուսաստանի Դաշնության համար՝ 24.12.2006:

 

 

Ադրբեջանական Հանրապետության

 

Հ Ա Տ ՈՒ Կ Կ Ա Ր Ծ Ի Ք Ը

 

2005 թվականի հունիսի 3-ի հարկային հանցագործությունների դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ

 

Ադրբեջանական Հանրապետությունը համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների և հատուկ գործողությունների գծով որոշումներն ընդունելու է իր ազգային օրենսդրությանը համապատասխան և յուրաքանչյուր դեպքում առանձին:

 

Ադրբեջանական Հանրապետության վարչապետ

Ա. Ռասի-զադե

 

Մոլդովայի Հանրապետության

 

Վ Ե Ր Ա Պ Ա Հ ՈՒ Մ Ը

 

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 7.14 կետի վերաբերյալ` «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրի մասին»

 

Մոլդովայի Հանրապետությունը ստորագրում է սույն որոշումը հետևյալ վերապահումով`

 

Հոդված 4, կետ գ) «համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների և հատուկ գործողությունների պլանավորումը և իրականացումը, անհրաժեշտության դեպքում` համատեղ օպերատիվ-հետախուզական խմբերի ստեղծումը Մոլդովայի Հանրապետության տարածքում իրականացվում է Մոլդովայի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

 

Մոլդովայի Հանրապետության
վարչապետ

Վ. Տարլև


Ուկրաինայի

 

Վ Ե Ր Ա Պ Ա Հ ՈՒ Մ Ը

 

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի կետ 7.14 վերաբերյալ

 

2005 թվականի հունիսի 3-ը

 

«1. Բացառությամբ ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցում նախատեսող դրույթների:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և հատուկ գործողություններն Ուկրաինայի տարածքում կանցկացվեն Ուկրաինայի «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքին և Ուկրաինայի ազգային օրենսդրության մյուս ակտերին համապատասխան:»:

 

Ուկրաինայի վարչապետ

Յու. Տիմոշենկո