Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Եվրոպական համայնքների հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով),
ձգտելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,
ցանկանալով սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում Հանձնաժողովի պատվիրակության հիմնմանը և դրա արտոնություններին ու անձեռնմխելիություններին վերաբերող պայմանները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Եվրոպական համայնքները` Եվրոպական համայնքը և Միջուկային էներգիայի եվրոպական համայնքը, յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի իրավաբանական անձի կարգավիճակ:
2. Եվրոպական համայնքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային և վարչական պահանջների համաձայն, իրավունակ են կնքել գործարքներ, ձեռք բերել և տնօրինել անշարժ և շարժական գույք` իրենց պարտականությունների արդյունավետ կատարման նպատակով, հանդես գալ դատարանում. այդ նպատակով նրանք ներկայացված են Հանձնաժողովի կողմից:
Հոդված 2
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը սույնով համաձայնում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանձնաժողովի պատվիրակություն հիմնելուն:
Հոդված 3
1. Հանձնաժողովի պատվիրակությունը, նրա ղեկավարը և անդամները, ինչպես նաև նրանց ընտանիքների համատեղ տնտեսություն վարող անդամները, Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն այնպիսի իրավունքներ, արտոնություններ ու անձեռնմխելիություններ և պարտավորություններ, ինչպիսիք սահմանված են 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայիով, և համապատասխանաբար վերապահված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց ղեկավարներին և անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների համատեղ տնտեսություն վարող անդամներին:
2. 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի այլ դրույթները կիրառվում են mutatis mutandis:
3. Այդ իրավունքները, արտոնությունները և անձեռնմխելիությունը շնորհվում են այն պայմանով, որ 1965 թվականի ապրիլի 8-ի Բրյուսելում ստորագրված «Եվրոպական համայնքների միասնական Հանձնաժողովի միասնական Խորհրդի ստեղծման մասին» Պայմանագրին կից «Եվրոպական համայնքների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Արձանագրության 17-րդ հոդվածի դրույթների համաձայն` Եվրոպական համայնքների անդամ պետությունները նույն իրավունքները, արտոնությունները և անձեռնմխելիություններն են շնորհում Հայաստանի Հանրապետության առաքելությանը, նրա ղեկավարին և անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների համատեղ տնտեսություն վարող անդամներին:
Հոդված 4
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը սույնով որպես վավերական ճամփորդական փաստաթղթեր է ճանաչում Եվրոպական համայնքների` իր պաշտոնյաներին և իր հաստատությունների այլ ծառայողներին տրամադրված անցաթղթերը (laissez-passer):
Հոդված 5
Սույն Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հանձնաժողովի միջև խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 6
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումը Հանձնաժողովի ստանալու պահից:
Ի վկայումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալներն այդ նպատակով պատշաճ լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Բրյուսելում, 2004 թվականի սեպտեմբերի 15-ին, չորս օրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանությունից բխող ցանկացած տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 28.04.2005թ.
