Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2004
Ստորագրման ամսաթիվ
06.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2005

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լեհաստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ձգտելով հետագայում զարգացնել համագործակցությունը բարեկամության և փոխըմբռնման ոգով,

մտահոգություն արտահայտելով հանցավորության զարգացման, հատկապես դրա կազմակերպված ձևերի, ծավալների և միտումների վերաբերյալ,

համոզված լինելով, որ անվտանգության և հասարակական կարգի պահպանության մարմինների համագործակցությունը էական նշանակություն ունի հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ արդյունավետ պայքարի համար,

ձգտելով ապահովել մարդու կյանքի և առողջության, իրավունքների և ազատությունների, հասարակության և պետության շահերի նկատմամբ ոտնձգություններից հուսալի պաշտպանություն,

պահպանելով միջազգային իրավական նորմերը և իրենց պետությունների ներքին օրենսդրությունը, ինչպես նաև ղեկավարվելով հավասարության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Համագործակցության ոլորտները

 

1. Կողմերը, իրենց ներքին օրենսդրության և սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, կհամագործակցեն հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման գործում` հատկապես.

1)  ուղղված անձի կյանքի և առողջության դեմ,

2) կապված ահաբեկչական գործունեության հետ,

3) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի, զանգվածային ոչնչացման զենքի, երկակի նշանակության ապրանքների շրջանառությունը, վնաս պատճառելու նպատակով դրանց ոչ տեղին օգտագործումը կամ ոչ ճիշտ օգտագործման սպառնալիքի հետ կապված հանցագործություններ,

4) կավատությունը, անչափահասներին սեռական նպատակներով շահագործումը, անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստումը տարածելու նպատակով և այդ նյութերի տարածումը,

5) մարդկանց առևտուրը և մարդուն ազատությունից զրկելը,

6) մարդկանց օրգանների, հյուսվածքների և բջիջների ապօրինի առևտուրը,

7) ապօրինի միգրացիան,

8) տարբեր իրերի, մասնավորապես, մշակութային արժեքների և փոխադրամիջոցների գողությունը, մաքսանենգությունը և ապօրինի առևտուրը,

9) վճարման միջոցների և արժեթղթերի կեղծումը կամ նմանակումը, ինչպես նաև դրանք շրջանառության մեջ մտցնելը,

10) փաստաթղթերի կեղծումը կամ նմանակումը կամ նման փաստաթղթերի օգտագործումը որպես իսկական,

11) հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների օրինականացումը,

12) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությունը,

13) բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունները,

14) շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները։

2. Կողմերը կհամագործակցեն՝

1) քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց թաքնվող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզման,

2) անհայտ անձանց, չճանաչված դիակների ինքնությունը պարզելու,

3) հանցագործությունների իրեղեն ապացույցներ հանդիսացող առարկաների որոնման բնագավառներում։

3. Սույն Համաձայնագիրը չի առնչվում հանձնման հետ կապված հարցերին:

 

Հոդված 2. Իրավասու մարմինները

 

1. Սույն Համաձայնագրի կատարման համար համագործակցությունն իրականացվում է անմիջականորեն իրավասու մարմինների միջև` նրանց իրավասությունների շրջանակներում, որոնք սահմանված են ներքին օրենսդրությամբ։

2. Իրավասու մարմիններ են.

1) հայկական կողմից՝

- Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,

- ազգային անվտանգության ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն.

2) լեհական կողմից՝

- ներքին գործերով իրավասու նախարարը,

- հասարակական ֆինանսների հարցերով իրավասու նախարարը,

- ֆինանսական հաստատությունների հարցերով իրավասու նախարարը,

- ֆինանսական տեղեկատվության գլխավոր տեսուչը,

- ոստիկանության գլխավոր պարետը,

- սահմանային պահպանության գլխավոր պարետը,

- ներքին անվտանգության գործակալության տնօրենը։

3. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են իրավասու մարմինների իրավասության կամ անվանման փոփոխությունների մասին։

4. 2-րդ կետում նշված մարմինները կարող են փոխանակել կապի սպաների, ինչպես նաև, ներքին ընթացակարգերը պահպանելով, կնքել համաձայնագրեր, որոնք կսահմանեն համագործակցության մանրամասն սկզբունքները և առարկան։ Մարմինները անհրաժեշտության դեպքում կարող են նաև անցկացնել խորհրդակցություններ` արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի առարկան։

 

Հոդված 3. Համագործակցության ձևերը

 

1. Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի մասնավորապես`

1) 1-ին հոդվածում թվարկված հանցագործությունների կանխարգելման, կանխման և բացահայտման բնագավառում տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով,

2) փորձագետների փոխանակման միջոցով. հատկապես քրեագիտական տեխնիկայի և հանցավորության դեմ պայքարի օպերատիվ մեթոդների բնագավառում,

3) հրապարակումների, գիտական հետազոտությունների արդյունքների, վիճակագրական տվյալների, ինչպես նաև Կողմերի իրավական ակտերի փոխանակման միջոցով, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներով համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելու միջոցով,

4) հանցագործությունների նոր տեսակների, դրանց կանխման և հայտնաբերման մեթոդների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով,

5) աշխատանքային փորձի, այդ թվում` ստաժավորումների, խորհրդակցությունների, սեմինարների և ուսումնական դասընթացների անցկացման միջոցով:

2. Կողմերի իրավասու մարմինները միմյանց կտրամադրեն տվյալներ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց վերաբերյալ, ինչպես նաև տվյալներ՝

1) հանցագործությունների կազմակերպիչների և նրանց հանցակիցների մասին,

2) հանցագործություններ կատարողների միջև հանցավոր կապերի մասին,

3) հանցավոր խմբերի և կազմակերպությունների կառուցվածքների, ինչպես նաև դրանց գործելու մեթոդների մասին,

4) առանձին կատարողների և նրանց խմբերի վարքագծին բնորոշ դրսևորումների մասին,

5) գործի էական հանգամանքների, մասնավորապես, հանցագործության կատարման ժամանակի, վայրի և միջոցի, հանցագործության առարկայի և բնորոշ հատկանիշների մասին,

6) քրեական օրենսդրության խախտված դրույթների մասին,

7) ձեռնարկված միջոցների և դրանց արդյունքների մասին։

3. Համագործակցություն իրականացնելու համար Կողմերի իրավասու մարմինները կարող են ձեռնարկել համատեղ համաձայնեցված օպերատիվ գործողություններ։

 

Հոդված 4. Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը

 

1. Կողմերի իրավասու մարմինները կապահովեն միմյանց փոխանցվող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը։ Այդպիսի տեղեկատվության գաղտնիության աստիճանը սահմանվում է տեղեկատվություն տրամադրող Կողմի պետության ներքին օրենսդրությամբ։

2. Վերոհիշյալ բնույթի ցանկացած տեղեկատվություն կամ տեխնիկական սարքավորում, որը տրամադրված է մի Կողմի իրավասու մարմնի կողմից մյուս Կողմի իրավասու մարմնին, կարող է տրամադրվել երրորդ երկրների այլ իրավասու մարմիններին և անվտանգության և հասարակական կարգի պահպանության մարմիններին միայն դրանք տրամադրած իրավասու մարմնի համաձայնությամբ։

3. Տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու անհնարինության կամ գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու դեպքում մյուս Կողմի իրավասու մարմինն այդ մասին անմիջապես կհայտնի տրամադրող Կողմի իրավասու մարմնին, կնշի տեղեկատվության բացահայտման պատճառը և հետևանքները, ինչպես նաև կտեղեկացնի այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են այդպիսի երևույթները կանխելու համար։

 

Հոդված 5. Անձնական տվյալների պաշտպանությունը

 

Փոխանցվող անձնական տվյալների պաշտպանության համար կիրառվում են հետևյալ սկզբունքները.

1) թույլատրվում է տվյալներն օգտագործել միայն դրանք տրամադրած իրավասու մարմնի կողմից սահմանված նպատակով և պայմաններով։ Նպատակը և պայմանները չեն կարող հակասել սույն Համաձայնագրի դրույթներին,

2) տվյալները հաղորդած իրավասու մարմնի հարցումով հարցվող իրավասու մարմինը կտեղեկացնի նրան տվյալների օգտագործման եղանակի և գործի վերջնական արդյունքների մասին,

3) տվյալները տրամադրվում են միայն անվտանգության և հասարակական կարգի պահպանության մարմիններին. այդ տվյալները այլ մարմիններին փոխանցելու համար պահանջվում է փոխանցող մարմնի գրավոր թույլտվությունը,

4) տվյալներ տրամադրող իրավասու մարմինը ապահովում է դրանց իսկությունը և ճշգրիտ լինելը. եթե պարզվի, որ այդ տվյալները կեղծված չեն, կամ դրանց տրամադրումն արգելված էր, պետք է անմիջապես այդ մասին հայտնել դրանք ստացած իրավասու մարմնին. այդ դեպքում այդ մարմինը պարտավոր է ուղղել կամ ոչնչացնել փոխանցման համար արգելված տվյալները,

5) տվյալներ փոխանցող իրավասու մարմինը տվյալները ստացող իրավասու մարմնին տեղեկացնում է այն ժամկետի մասին, որի լրանալուց հետո, համաձայն իր պետության ներքին օրենսդրության, տվյալները հարկավոր է վերացնել կամ ոչնչացնել. անկախ այդ ժամկետից` բոլոր անձնական տվյալները հարկավոր է վերացնել կամ ոչնչացնել այն ժամանակ, երբ դրանք պետք չեն. տվյալներ փոխանցող իրավասու մարմինը անմիջապես տեղեկացվում է տվյալները վերացնելու կամ ոչնչացնելու, ինչպես նաև դրանք վերացնելու կամ ոչնչացնելու պատճառների մասին։

 

Հոդված 6. Հարցում համագործակցության մասին

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի Կողմերի իրավասու մարմինների` համագործակցության մասին հարցումների հիման վրա:

2. Համագործակցության մասին հարցումը ուղարկվում է գրավոր, այդ թվում` կապի տեխնիկական միջոցների օգնությամբ: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է փոխանցվել բանավոր, սակայն երեք օրվա ընթացքում այն պետք է հաստատվի գրավոր:

3. Կողմերի իրավասու մարմինները կձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցները` համագործակցության մասին հարցմանը արագ և սպառիչ պատասխանելու համար։

 

Հոդված 7. Համագործակցության մասին հարցման կատարումը մերժելը

 

Համագործակցության մասին հարցման կատարումը կարող է մերժվել ամբողջովին կամ մասամբ, կամ դրա կատարումը կարող է պայմանավորված լինել որոշակի պահանջներով, եթե հարցման կատարումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման, վնաս հասցնել ինքնիշխանությանը կամ պետական անվտանգությանը կամ հակասել հարցումը ստացած Կողմի պետության ներքին օրենսդրության դրույթներին։

 

Հոդված 8. Ծախսեր

 

Սույն Համաձայնագրի դրույթների կատարման հետ կապված ծախսերը կրում է այն Կողմը, որի պետության տարածքում այդ ծախսերը առաջացել են, եթե Կողմերն այլ որոշում չեն կայացնում:

 

Հոդված 9. Լեզուն

 

Համագործակցություն իրականացնելու նպատակով սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի իրավասու մարմինները կօգտվեն ռուսերենից: Իրենց ազգային լեզուն օգտագործելու դեպքում  Կողմերը կապահովեն ռուսերենով թարգմանությունը:

 

Հոդված 10. Վեճերի լուծումը

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը կլուծվեն Կողմերի իրավասու մարմինների միջև` անմիջական բանակցությունների միջոցով, նրանց իրավասության շրջանակներում։

2. Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, որոնց մասին խոսվում է 1-ին կետում, վեճը կլուծվի դիվանագիտական ուղիներով և չի ներկայացվի երրորդ կողմի։

 

Հոդված 11. Հարաբերությունն այլ պայմանագրերի նկատմամբ

 

Սույն Համաձայնագիրը չի խախտում Կողմերի այն միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունները, որոնց նրանք մասնակից են։

 

Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից երեսուն օր հետո։

2. Սույն Համաձայնագրում արձանագրությունների տեսքով կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն 1-ին կետում սահմանված կարգի համաձայն:

3. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով։ Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը այդ ծանուցումը ստանալու օրվանից երեք ամիս հետո։

 

Կատարված է Վարշավա քաղաքում 2004 թվականի սեպտեմբերի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լեհերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են։ Տարընթերցման դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը։

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 07.04.2005թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան