Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր),
գիտակցելով յուրաքանչյուր երկրի ժողովուրդների՝ մյուս երկրի մարդկային արժեքներին և մշակույթին առավել ծանոթանալու փոխադարձ հետաքրքրությունը,
1994 թվականի փետրվարի 9-ին Լոնդոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» Համաձայնագրին (այսուհետ՝ Մշակութային համաձայնագիր) համապատասխան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է մյուս Կողմի տարածքում հիմնել մշակութային և տեղեկատվական կենտրոններ (այսուհետ՝ Մշակութային կենտրոններ):
2. Մշակութային կենտրոնները կարող են հիմնվել երկու երկրների մայրաքաղաքներում և ընդունող Կողմի համաձայնությամբ՝ այդ երկրի այլ վայրերում:
Հոդված 2
1. Մշակութային կենտրոնները կօժանդակեն Մշակութային համաձայնագրի, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային համագործակցության այլ համապատասխան ծրագրերի իրականացմանը:
2. Մշակութային կենտրոնների գործունեությունը նպատակ ունի խթանել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը անմիջապես հասարակության մեջ, պետական մարմինների և գործակալությունների շրջանակներում տեղեկության և գիտելիքների փոխանակման և տարածման միջոցով, մասնավորապես, լեզվի և գրականության, մշակույթի և արվեստի, կրթության, գիտության և տեխնոլոգիայի, լրատվության ու հաղորդակցությունների բնագավառներում:
Հոդված 3
1. Հայկական Մշակութային կենտրոնների գործունեությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կղեկավարվի Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետությունում բրիտանական Մշակութային կենտրոնների գործունեությունը կղեկավարվի Բրիտանական խորհրդի կողմից, որպես Հայաստանի Հանրապետությունում մշակութային գործունեություն իրականացնելու համար Նորին մեծության Կառավարության նշանակած ներկայացուցիչ:
2. Հայկական Մշակութային կենտրոնները կանվանվեն՝ «Հայկական մշակութային կենտրոն», իսկ Բրիտանական Մշակութային կենտրոնները` «Բրիտանական խորհուրդ»: Այս անվանումները կարող են օգտագործվել ցուցանակների վրա, նամակագրության մեջ և տեղեկատվական և հրապարակային նյութերում:
3. Յուրաքանչյուր Կողմ, իր տարածքում գործող օրենքների և կանոնների համաձայն, կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները մյուս Կողմի Մշակութային կենտրոնների նորմալ գործունեությունը ապահովելու համար:
Հոդված 4
1. Կողմերը կապահովեն հասարակության ազատ և անարգել մուտքը Մշակութային կենտրոններ և նրանց կողմից իրականացվող միջոցառումներին, որտեղ էլ որ դրանք իրականացվեն: Կողմերը պետք է ապահովեն Մշակութային կենտրոնների կողմից իրենց գործունեության հրապարակումը Կողմերի օրենսդրությանը համապատասխան և օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
2. Կենտրոնները կարող են համապատասխան նախարարությունների և այլ պետական մարմինների, տեղական իշխանությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, մասնագիտական ընկերակցությունների և մասնավոր կազմակերպությունների, անհատների և խմբերի հետ ուղղակի կապերի մեջ մտնել և պահպանել դրանք ընդունող երկրի օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 5
1. Մշակութային կենտրոնների գործունեությունը իրենց տարածքներում և այլուր կարող է ներառել.
ա) տեղեկության տարածում, ինչպես նշված է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում,
բ) մշակույթի, կրթության և դասընթացների, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում այցերի և միջոցառումների կազմակերպում,
գ) կոնֆերանսների, գիտաժողովների և այլ հանդիպումների կազմակերպում,
դ) գեղարվեստական ներկայացումների բեմադրում, համերգների և ցուցահանդեսների կազմակերպում,
ե) ֆիլմերի և տեսալսողական նյութերի ցուցադրում,
զ) կրթության և դասընթացների անցկացման, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ընդգրկված անձանց ընդունում՝ Մշակութային կենտրոնների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար,
է) գրադարաններով, ընթերցասրահներով և բազմատեսակ տեղեկատվության աղբյուրներ ունեցող կենտրոններով ապահովում և մշակութային, կրթական, գիտական կամ տեխնոլոգիական բնույթի գրքերի, թերթերի, ամսագրերի, տեսալսողական և այլ նյութերի տրամադրում,
ը) մշակութային, կրթական, գիտական կամ տեխնոլոգիական բնույթի տեղեկատվական գրքույկների, կատալոգների և այլ նյութերի հրատարակում և տարածում,
թ) դասընթացների, քննությունների և սեմինարների կազմակերպում, ինստիտուտներին և անհատներին մասնագիտական փորձաքննական և դասավանդման նյութերի տրամադրում և համագործակցություն ուսուցմանը և ուսուցման մեթոդներին վերաբերող նյութերի հրատարակման գործում,
ժ) երկկողմ և բազմակողմ ծրագրերի իրականացման ղեկավարում և դրանում մասնակցություն սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան,
ժա) երեխաների և երիտասարդների համար հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպում:
2. Մշակութային կենտրոնները կարող են նաև կազմակերպել այլ միջոցառումներ կամ մասնակցել դրանց՝ սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան:
Հոդված 6
1. Մշակութային կենտրոնները պետք է իրականացնեն իրենց գործունեությունը ընդունող պետության օրենքներին և կանոններին համապատասխան:
2. Մշակութային կենտրոնները կարող են օժտվել իրավասուբյեկտությամբ և իրավունակությամբ՝ ընդունող պետության օրենքների և կանոնների համաձայն:
Հոդված 7
Մշակութային կենտրոնները կարող են միջոցառումներ կազմակերպել և գործունեություն ծավալել իրենց տարածքից դուրս:
Հոդված 8
1. Մշակութային կենտրոնները պետք է լինեն շահույթ չհետապնդող կազմակերպություններ: Չնայած դրան՝ կենտրոնները կարող են գումարներ գանձել սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված բոլոր գործողությունների կամ դրանցից որևէ մեկի համար՝ պահպանման և շահագործման ծախսերը մասամբ կամ ամբողջովին հոգալու նպատակով. օրինակ՝ Մշակութային կենտրոնները կարող են.
ա) գումար գանձել իրենց կողմից կազմակերպված միջոցառումների, այլ գործողությունների կամ ցուցահանդեսների այցելուներից,
բ) գումար գանձել դասընթացների, ուսումնասիրությունների կամ այլ նմանատիպ գործողությունների համար,
գ) գումար գանձել գրադարաններից օգտվելու և իրենց գործունեությանը վերաբերող բազմատեսակ տեղեկակիրների կամ այլ նյութերի տրամադրման կամ վաճառքի համար,
դ) վաճառել կատալոգներ, պլակատներ, ծրագրեր, գրքեր, ձայնագրություններ և ուսուցման պարագաներ, որոնք ուղղակիորեն կապված են կենտրոնների կողմից կազմակերպված միջոցառումների և իրենց գործունեության հետ,
ե) շահագործել սրճարաններ կենտրոնների այցելուների համար:
2. Մշակութային կենտրոնների տարածքում կամ որևէ այլ վայրում կազմակերպված ցուցահանդեսներում ներկայացված ցուցանմուշները կարող են առաջարկվել վաճառքի՝ ընդունող պետության օրենքներով և կանոններով վճարման ենթակա հարկերը կամ մաքսատուրքերը վճարելու համար:
Հոդված 9
Յուրաքանչյուր Կողմ կաջակցի մյուս Կողմին Մշակութային կենտրոնների համար համապատասխան շենքեր կամ տարածքներ որոնելու հարցում:
Հոդված 10
1. Յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր տարածքում գործող օրենքների և կանոնների, պետք է մյուս Կողմին տրամադրի Մշակութային կենտրոններ հիմնելու և հանդերձավորելու համար պահանջվող նյութերի տեղափոխման համար հարմարություններ և ապահովի դրանց գործունեության իրականացումը՝ համաձայն սույն Համաձայնագրի դրույթների:
2. Ընդունող պետության գործող օրենքների և կանոնների համաձայն՝ ընդունող Կողմը կձգտի ազատել ուղարկող Կողմի Մշակութային կենտրոններին դրանց ժամանակավոր կամ մշտական կարիքները հոգալու համար և ընդունող պետությունում վաճառքի համար չնախատեսված ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի վճարումից:
Հոդված 11
1. Յուրաքանչյուր Կողմ կնշանակի իր Մշակութային կենտրոնի անձնակազմը: Այն դեպքում, երբ անձնակազմի անդամները ընդունող պետության քաղաքացիներ են կամ մշտապես բնակվում են այդտեղ, այդ անձանց ծառայությունը պետք է համապատասխանի ընդունող պետությունում գործող օրենքներին և կանոններին:
2. Ընդունող պետության մայրաքաղաքում գտնվող Մշակութային կենտրոնի տնօրենը, եթե նա հանդիսանում է ուղարկող պետության քաղաքացի, պետք է հանդիսանա ուղարկող պետության դիվանագիտական ներկայացուցչության անդամ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին տեղեկացնի Մշակութային կենտրոն ուղարկվող անձնակազմի անդամների նշանակման և ծառայողական պարտականությունների ստանձնման կամ դրանց ավարտի մասին:
Հոդված 12
Մշակութային կենտրոնների անձնակազմի անդամները, որոնք ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ չեն, և նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամները, որոնք ընդունող պետության համապատասխան իշխանությունների կողմից ճանաչված են որպես խնամքի տակ գտնվող անձինք և չեն հանդիսանում ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ, չպետք է ենթարկվեն ընդունող պետության աշխատանքային օրենսդրությանը կամ չպետք է օգտվեն սոցիալական ապահովության ծառայություններից:
Հոդված 13
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է դյուրացնի մյուս Կողմի Մշակութային կենտրոնների անձնակազմի անդամների և խնամքի տակ գտնվող ընտանիքի՝ նրանց հետ ապրող անդամների մուտքի արտոնագրերի և երբ պահանջվում է աշխատանքի ու կեցության թույլտվություններ ստանալու համար դիմումների արագ քննումը:
2. Կողմերը պետք է դյուրացնեն սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նախատեսված ծրագրերի կամ միջոցառումների մասնակիցների մուտքի արտոնագրեր ստանալու համար դիմումների արագ քննումը:
3. Համաձայն ընդունող պետության գործող օրենքների և կանոնների՝ Կողմերը ընդունող պետության քաղաքացիներ և ընդունող պետությունում մշտական բնակիչ չհանդիսացող Մշակութային կենտրոնների անձնակազմի անդամներին և իրենց հետ ապրող ու համատեղ տնտեսություն վարող, ինչպես ճանաչված է ընդունող պետության համապատասխան իշխանությունների կողմից, ընտանիքի անդամներին, որոնք ընդունող պետության քաղաքացիներ չեն և մշտապես չեն բնակվում ընդունող պետությունում կձգտեն ազատել տնային տնտեսության առարկաներ կամ վերոհիշյալ անձանց անձնական օգտագործման իրեր, ներառյալ՝ մեկ ընտանիքի համար մեկ մեքենա նախատեսված անձնական կարիքների համար և չնախատեսված ընդունող պետությունում վաճառքի համար, ներմուծելու կամ արտահանելու համար սահմանված մաքսատուրքեր, ներմուծման հարկեր և այլ հարկեր վճարելուց:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի իրականացման, մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցերն անհրաժեշտության դեպքում կլուծվեն դիվանագիտական ուղիով, եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 15
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ծանուցումներից վերջինի ստացման օրվանից, որոնցով Կողմերը դիվանագիտական ուղիով ծանուցում են միմյանց բոլոր ներպետական իրավական ընթացակարգերի ավարտի մասին:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում հինգ տարի ժամկետով, և այնուհետև դրա գործողությունը կշարունակվի մինչև տասներկուամսյա ժամկետը լրանալը հաշված այն օրվանից, երբ յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին դիվանագիտական ուղիով գրավոր ծանուցի սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին:
Ի վկայություն վերոշարադրյալի՝ իրենց համապատասխան Կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2004 թվականի հուլիսի 15-ին, երկու բնօրինակով, հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 05.11.2004թ.
