Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
ցանկանալով նպաստել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը,
ուշադրություն դարձնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին 1999 թվականի հունիսի 4-ի պայմանագրի դրույթներին,
ելնելով պետական պահպանության ենթակա անձանց և պահպանվող օբյեկտների անվտանգության ապահովման ուղղությամբ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության համար իրավական հիմքի զարգացման անհրաժեշտությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
պետական պահպանություն – պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման ոլորտում պետական իշխանության մարմինների գործառույթ, որն իրականացվում է պետական կառավարման կարիքների համար իրավական, կազմակերպչական, տեղեկատվական, պահպանության, պայմանակարգային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների ամբողջության հիման վրա,
պետական պահպանության օբյեկտ – Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան` պետական պահպանության ենթակա անձ,
պահպանության միջոցառում – պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում` նրանց երթևեկման մայրուղիներում, Կողմերի լիազորված պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների ամբողջություն, այդ թվում` անվտանգության ապահովման մյուս պետական մարմինների ուժերի և միջոցների կիրառությամբ, որոնք ուղղված են պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը և պահպանվող օբյեկտների պաշտպանությանը,
պահպանվող օբյեկտներ – պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով պաշտպանության ենթակա շենքեր, շինություններ և կառույցներ, որտեղ տեղակայված են պետական իշխանության մարմինները, նշված շենքերին, շինություններին և կառույցներին հարակից տարածքներ ու ջրային տարածություններ, ինչպես նաև, Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան, պաշտպանության ենթակա այլ օբյեկտներ,
ժամանող Կողմ – պետություն, որի պետական պահպանության օբյեկտները ժամանում են ընդունող Կողմի տարածք,
ընդունող Կողմ – պետություն, որի տարածքում իրականացվում են պահպանության միջոցառումներ` ժամանող Կողմի պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով,
սեփական անվտանգություն - արտաքին ու ներքին սպառնալիքներից Կողմերի լիազորված պետական մարմնի պաշտպանվածության վիճակ, որն ապահովում է նրա գործունեությունն ապակազմակերպող գործոններին դիմագրավելու կարողությունը,
լիազորված պետական մարմին – գործադիր իշխանության պետական մարմին, որը լիազորված է պետական պահպանության ոլորտում:
Հոդված 2
Կողմերը` ի դեմս լիազորված պետական մարմինների, փոխգործակցություն են իրականացնում և համակարգում են իրենց գործունեությունը հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովում և պահպանվող օբյեկտների պաշտպանություն,
բ) տեղեկատվության փոխանակում, տեղեկատվական համակարգերի, օպերատիվ հաշվառումների ու արխիվների հավաքում և օգտագործում,
գ) պահպանության գործունեությունում նյութերի, տեխնիկական ու տրանսպորտային միջոցների, հանդերձանքի, զենքի, զինամթերքի, հատուկ միջոցների, սարքավորումների և կապի միջոցների օգտագործում,
դ) լիազորված պետական մարմնի` իր անվտանգության ապահովում,
ե) կադրերի մասնագիտական ուսուցում և վերապատրաստում,
զ) նորմատիվային իրավական հենքի մշակում:
Համագործակցության կոնկրետ ուղղություններով Կողմերի լիազորված պետական մարմինների փոխգործակցության ու գործունեության համակարգման կարգը և իրականացումը որոշվում են սույն Համաձայնագրին կից առանձին արձանագրություններով, որոնք կնքում են Կողմերը:
Հոդված 3
Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտում Կողմերն իրականացնում են փոխգործակցություն ու համակարգում.
ա) Կողմերի տարածքում` պետական պահպանության օբյեկտների գտնվելու վայրերում` պահպանական միջոցառումների անցկացման ժամանակ,
բ) պետական պահպանության օբյեկտների ու պահպանվող օբյեկտների նկատմամբ հակաիրավական ոտնձգությունների կանխարգելման, բացահայտման և կանխման ժամանակ,
գ) պետական պահպանության օբյեկտների կենսական կարևորություն ունեցող շահերի համար սպառնալիքի մասին տեղեկատվություն ստանալու ժամանակ,
դ) ի շահ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման` օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման ժամանակ:
Ըստ Կողմերի լիազորված պետական մարմինների հայցերի` Ընդունող կողմն ապահովում է պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը` Կողմերի օրենքներին և այլ նորմատիվային իրավական ակտերին համապատասխան, ընդունող Կողմի տարածքում նրանց գտնվելու ընթացքում:
Պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ընդունող Կողմի տարածքում նրանց գտնվելու ընթացքում կարող է ապահովվել ընդունող Կողմի լիազորված պետական մարմնի որոշման համապատասխան:
Անհրաժեշտ քանակությամբ ուժերի և միջոցների հատկացումը, այդ թվում` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար պահանջվող ավտոտրանսպորտի, որոշում է ընդունող Կողմը` ելնելով նրանց անվտանգության համար սպառնալիքի բնույթից և իրականությունից` հաշվի առնելով ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի կարծիքը:
Հոդված 4
Կողմերը, իրենց օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան, լիազորված պետական մարմինների իրավասության սահմաններում տեղեկատվություն են փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ և միջոցներ են ձեռնարկում, Կողմերից մեկի հայցի համաձայն, դրա ստացման համար:
Կողմերի լիազորված պետական մարմինները փոխադարձ համաձայնեցմամբ տրամադրում են տեղեկություններ, որոնք ամփոփված են օպերատիվ հաշվառումներում և արխիվներում, ինչպես նաև այն տեղեկատվական համակարգերում, որոնք ստեղծվում են նրանց կողմից պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման նպատակով:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի լիազորված պետական մարմինների միջև փոխանակման ենթակա տեղեկությունների ցանկը, ինչպես նաև հարցման և տեղեկատվության փոխանցման կարգը որոշում են Կողմերը` ըստ փոխադարձ պայմանավորվածության:
Կողմի լիազորված պետական մարմինն ապահովում է ստացված տեղեկատվության պահպանությունը, որը կարող է փոխանցվել երրորդ կողմի միայն տվյալ տեղեկատվությունը տրամադրած Կողմի լիազորված պետական մարմնի գրավոր համաձայնությամբ և նրա կողմից սահմանված ծավալով: Կողմերի կողմից այդ տեղեկատվության օգտագործումը չպետք է հանգեցնի նրանց հետաքրքրության օբյեկտների, անցկացվող համատեղ և/կամ համաձայնեցված միջոցառումների ու օգտագործվող օպերատիվ ուժերի և միջոցների բացահայտմանը:
Կողմերի լիազորված պետական մարմիններն անցկացնում են ծառայողական հետաքննություն (քննություն), այդ թվում, անհրաժեշտության դեպքում, համատեղ և/կամ համաձայնեցված, Կողմերի շահերին առնչվող տեղեկատվության կրիչների չթույլատրված տարածման կամ կորստի փաստերով:
Կողմերի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումն ու պաշտպանությունը որոշվում են Կողմերի օրենսդրությամբ և սույն Համաձայնագրով:
Ստացված տեղեկատվության պաշտպանության ապահովման հետ կապված` Կողմերի պարտականությունները մնում են ուժի մեջ սույն Համաձայնագրի գործողության դադարումից հետո էլ:
Հոդված 5
Զենքի ներմուծումը, կրումը, կիրառումը և օգտագործումը, նյութերի, տեխնիկական ու տրանսպորտային միջոցների, հանդերձանքի, ռազմամթերքի, հատուկ միջոցների, սարքավորումների և կապի միջոցների ներմուծումը, արտահանումն ու օգտագործումը կարգավորվում են ընդունող Կողմի օրենսդրությամբ:
Հոդված 6
Կողմերի լիազորված պետական մարմինները ժամանակին տեղեկատվություն են փոխանակում Կողմերի լիազորված պետական մարմինների, Կողմերի լիազորված պետական մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության` իրենց հայտնի դարձած սպառնալիքների մասին, ինչպես նաև Կողմերի լիազորված պետական մարմինների աշխատակիցների հակաիրավական և այլ վարկաբեկիչ գործողությունների մասին:
Հոդված 7
Կողմերից յուրաքանչյուրը, համատեղ պահպանության միջոցառումների մասնակիցների իրավական կարգավիճակը հարգելով, նրանց համար ապահովում է բոլոր քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ծառայողական պարտականությունների կատարման համար:
Ընդունող Կողմի տարածքում Կողմի լիազորված պետական մարմնի աշխատակիցների ժամանակավոր բնակության հետ կապված իրավական հարցերում նրանք պետք է ղեկավարվեն հետևյալ սկզբունքներով.
ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի գործողությունները չպետք է հակասեն ընդունող Կողմի օրենսդրությանը,
ժամանող Կողմի լիազորված պետական մարմնի աշխատակցի կողմից իրավախախտում կատարվելու դեպքում նա պատասխանատվություն է կրում ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,
դատավարական գործողությունների կատարման, ինչպես նաև իրավական օգնության տրամադրման ժամանակ Կողմերը ղեկավարվում են ազգային օրենսդրությամբ և իրենց ստանձնած միջազգային պարտավորություններով:
Պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու ժամանակ Կողմերը փոխհատուցում են ընդունող Կողմի տարածքում Կողմերի լիազորված մարմինների աշխատակիցների գործողությունների պատճառով հասցված վնասը:
Հոդված 8
Պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա Կողմերի լիազորված պետական մարմինները, Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, փոխադարձ օգնություն են ցուցաբերում կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման գործում, այդ նպատակով օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած հատուկ ուսումնական բազան:
Կողմերի լիազորված պետական մարմինները պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա համագործակցություն են իրականացնում ուսումնամեթոդական, մանկավարժական և գիտահետազոտական գործունեության ոլորտում փորձի, ուսումնամեթոդական նյութերի, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակման, փորձագիտական օգնության ցուցաբերման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական հետազոտությունների համակարգման միջոցով:
Հոդված 9
Կողմերը փոխգործակցում են ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, համագործակցության նորմատիվային իրավական բազայի կատարելագործման հարցերի շուրջ` Կողմերի լիազորված պետական մարմինների արդյունավետ գործունեության ապահովման նպատակով և հօգուտ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման ու պահպանվող օբյեկտների պաշտպանության:
Կողմերի լիազորված պետական մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, փոխանակում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորմատիվային իրավական ակտեր:
Հոդված 10
Գործունեության կոնկրետ ուղղություններով Կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծել համակարգման համատեղ շտաբներ, խորհուրդներ կամ աշխատանքային խմբեր, փոխանակել ներկայացուցիչներ, որոնց կարգավիճակը և լիազորությունները սահմանվում են սույն Համաձայնագրին կից առանձին արձանագրությունների հիման վրա, և մշակել համատեղ միջոցառումների ծրագրեր:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից է նա:
Հոդված 12
Կողմերի միջև վիճելի հարցերը, որոնք ծագում են սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ, լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների ու բանակցությունների կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգի միջոցով:
Հոդված 13
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք դրա անբաժանելի մասն են և ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից:
Հոդված 15
Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է Անկախ պետությունների համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:
Միացած պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից:
Հոդված 16
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ, կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Կատարված է Բիշկեկ քաղաքում 2008 թվականի հոկտեմբերի 10-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից (վերապահումով), Հայաստանի Հանրապետության կողմից (առարկությամբ), Բելառուսի Հանրապետության կողմից, Ղազախստանի Հանրապետության կողմից, Ղրղզստանի Հանրապետության կողմից, Մոլդովայի Հանրապետության կողմից (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության կողմից, Տաջիկստանի Հանրապետության կողմից, Ուզբեկստանի Հանրապետության կողմից:
Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 26-ին:
Ադրբեջանի Հանրապետության
վերապահումը
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ
1. Բացառությամբ 10-րդ հոդվածի:
2. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկն Ադրբեջանի Հանրապետությունը չի կիրառելու Հայաստանի Հանրապետության հանդեպ մինչև Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավված տարածքների ազատումը և Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների ամբողջական վերացումը:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ` |
Ա. Ռասի-զադե |
Հայաստանի Հանրապետության առարկությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության վերապահման
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Ադրբեջանի Հանրապետության վերապահումը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ, քանի որ այն անհամատեղելի է նշված փաստաթղթի առարկայի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը հակամարտության այն իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական ուժի կիրառման և ԼՂՀ դեմ կատարված ագրեսիայի հետևանքով:
Նշված վերապահման հետ կապված` Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության հանդեպ նույնպես չի կիրառելու Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի դրույթները:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Ս. Սարգսյան |
Մոլդովայի Հանրապետության վերապահումը
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման վերաբերյալ` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի մասին
10 հոկտեմբեր 2008թ. |
ք. Բիշկեկ |
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի շրջանակներում Մոլդովայի Հանրապետությունը կհամագործակցի` ելնելով ազգային օրենսդրության պահանջներից և տվյալ ոլորտում միջազգային պարտավորություններից:
Մոլդովայի Հանրապետությունն իրեն ազատ է համարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի այն մասի պարտավորություններից, որն առնչվում է օրենսդրության ներդաշնակեցմանը, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, Մոլդովայի Հանրապետության տարածքում համակարգման համատեղ մշտական շտաբների, խորհուրդների կամ աշխատանքային խմբերի ստեղծմանը:
Մոլդովայի Հանրապետությունն իրեն ազատ է համարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի 16-րդ հոդվածի այն մասի պարտավորություններից, որն առնչվում է ֆինանսական և այլ պարտավորությունների կարգավորմանը:
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի դրույթները կիրականացվեն միայն Մոլդովայի Հանրապետության օրենսդրական մարմինների օգնությամբ և նրանց հետ համագործակցությամբ:
Մոլդովայի Հանրապետության նախագահ` |
Վ.Վորոնին |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|