Գլխավոր տեղեկություն
Համար
N 1417-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2010-17.04.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.1421
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1417-Ն

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասին և 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ստացած անձանց համապատասխանաբար փախստականի և ժամանակավոր ապաստանի վկայականների փոխարինումը փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերը և դրանց նկարագրերը հաստատելու մասին» N 695 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1417-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում փախստականին տրվող ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) 88 x 125 մմ չափսի, 32 էջից բաղկացած` փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է:

2. Փաստաթղթի բովանդակությունը կազմող բոլոր կետերը տպագրվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն:

3. Փաստաթղթի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի ձախ անկյունը 45 աստիճան թեքությամբ երիզվում է միմյանցից 10 մմ հեռավորությամբ և 3 մմ հաստությամբ երկու գծով: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շապիկի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շապիկի ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը:

4. Փաստաթղթի շապիկի հաջորդ էջում գրվում է`

«ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏՐՎԱԾ Է ՆՐԱ ՏԻՐՈՋԸ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԾԱՌԱՅԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ».

«ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՐՈՂԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ` ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ».

«ԵԹԵ ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ` ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ, ԵՎ ՑԱՆԿԱՆԱ ԱՅԴ ԵՐԿՐԻՑ ԿՐԿԻՆ ՃԱՄՓՈՐԴԵԼ, ԱՊԱ ՆԱ ՆՈՐ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ՆՈՐ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՇՆՈՐՀՈՂ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:

5. Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը:

6. Փաստաթղթի 2-րդ էջի ներքևի մասում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

7. Փաստաթղթի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ էջի ձախ մասից, ըստ հերթականության` «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ», «ՏԻՊ», «ԿՈԴ», «ՓԱՍՏԱԹՈՒՂԹ N», «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ» բառերը: Էջի ներքևի ձախ մասում տեղ է հատկացվում փաստաթուղթ ստացող փախստականի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարի համար:

8. Փաստաթղթի 4-րդ էջում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ Է» բառերը:

9. Փաստաթղթի 5-րդ էջում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը, և դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:

10. Փաստաթղթի 6-րդ և 7-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը: Նշված էջերից յուրաքանչյուրի վրա տեղ է հատկացվում երկու երեխայի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարները փակցնելու և նրանց տվյալները լրացնելու համար, իսկ յուրաքանչյուր լուսանկարի համար հատկացված տեղից ներքև տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԾՆՎԵԼ Է» և «ՍԵՌԸ» բառերը:

11. Փաստաթղթի 8-րդ և 9-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

12. Փաստաթղթի 10-32-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

13. Փաստաթղթի 8-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են «1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ» բառերը:

14. Փաստաթղթի 1-ին և 5-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են փաստաթղթի սերիան և համարը:

15. Փաստաթղթի շապիկի վերջին էջի ներսի կողմում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ», «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է 32 ԷՋԻՑ` ՉՀԱՇՎԱԾ ՇԱՊԻԿԸ» բառերը:

16. Փաստաթղթի բոլոր էջերը համարակալված են:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1417-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏԱԼՈՒ

 

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) փախստականին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի` փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պես` մեկշաբաթյա ժամկետում:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի տրամադրման և փախստական ճանաչելու վերաբերյալ որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարն ընդունում է` հիմք ընդունելով գործակալության կողմից ապաստան հայցողի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը:

3. Փաստաթուղթը տրվում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին: Մինչև 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են իր ծնողների փաստաթղթերում:

4. Մինչև 16 տարեկան` առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս փախստականներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում:

5. Փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո գործակալությունը փախստականի դիմումի հիման վրա յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս երկու տարով:

6. Փաստաթուղթը կորցնում է վավերականությունն ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի կողմից չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում ընդունվելուց մեկ շաբաթ հետո:

7. Փաստաթուղթը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

8. Փաստաթղթում փախստականի անձի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) սեռը.

3) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

4) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

9. Փաստաթղթում կարող են կատարվել հետևյալ նշումները`

1) փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` գործակալության կողմից.

2) օտարերկրյա պետություններ ժամանակավորապես մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից:

10. Արգելվում է փախստականի փաստաթղթում այլ նշումներ կատարելը:

11. Փախստականը փաստաթուղթ ստանալու համար գործակալություն է ներկայացնում`

1) դիմում փաստաթուղթ ստանալու մասին.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի որոշումն իրեն փախստական ճանաչելու մասին.

3) 35 x 54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

12. Փախստականի հետ ճամփորդող յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) ծննդյան վկայականը.

2) 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

13. Փաստաթուղթը տրվում է դիմումն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

14. Փաստաթուղթը փոխանակվում է գործակալության կողմից:

15. Փաստաթուղթը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործվելու համար ոչ պիտանի լինելու դեպքում:

16. Փախստականը փաստաթղթի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա փաստաթուղթը, սահմանված ձևի դիմում և երկու` 35 x 45 մմ չափսի լուսանկար (գունավոր):

17. Փախստականը, փաստաթղթում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս, ներկայացնում է նաև փոփոխությունները կամ առկա անճշտությունները հավաստող փաստաթուղթ:

18. Փախստականը փաստաթուղթը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում դրա մասին հայտնում է գործակալությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պատճառով փախստականի ճանաչումը և ապաստանի տրամադրումը դադարեցվելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է գործակալությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

20. Օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

21. Մահացած փախստականի փաստաթուղթը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմնին: Մահվան գրանցման կատարումից հետո փաստաթուղթն ուղարկվում է գործակալություն: Գործակալությունը դրա մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

22. Օտարերկրյա պետությունում մահացած փախստականի փաստաթուղթը հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, որն այն հանձնում է գործակալությանը: Գործակալությունը դրա մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

23. Գտնված փաստաթղթերը հանձնվում են գործակալությանը:

24. Փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում գործակալությունը, գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում, համագործակցելով իրավապահ մարմինների հետ, փախստականին տրամադրում է նոր փաստաթուղթ` նախորդ փաստաթղթի վավերականության ժամկետով: Գործակալությունը փախստականին տրամադրում է նրա փախստական լինելու և փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք` դրա մասին տեղեկացվելուց հետո եռօրյա ժամկետում:

25. Կասկածյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված փախստականների փաստաթղթերը վերցվում են հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:

26. Խափանման միջոցի վերացման դեպքում` կասկածյալների և մեղադրյալների փաստաթղթերը վերադարձվում են տերերին:

27. Պատիժը կրելուց հետո փախստականին կարող է տրվել նոր փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

28. Փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն կարգի 25-րդ կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում են:

29. Գործակալությունը փախստականին փաստաթուղթ տալու մասին տեղեկությունները հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան