Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1476
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2246/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2246/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

               Ա. Մկրտչյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Գուրգեն Լազյանի` տարածքը նախկին տեսքի բերելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Դատարան` Երևանի քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Գուրգեն Լազյանին քանդելու Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի դիմաց ինքնակամ կառուցված 20.0 քմ մակերեսով ավտոտնակը` տարածքը բերելով նախկին տեսքի:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 25.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գուրգեն Լազյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը գտնվում է ոչ թե Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի դիմաց, այլ Գրիբոյեդովի փողոցի թիվ 5ա շենքի դիմաց:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ավտոտնակն ինքնակամ կառույց է, հասցե չունի, հետևաբար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից նշվել է շինության գտնվելու վայրի պայմանական հասցե` Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի դիմաց:

Վերոգրյալի հիման վրա Երևանի քաղաքապետարանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի քաղաքապետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 25.04.2008 թվականի թիվ Վ-10/4 որոշման համաձայն` Գրիբոյեդովի փողոցի թիվ 5ա բնակարանի բնակիչ Գուրգեն Լազյանը Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի դիմաց, պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ ձեռնարկել է մոտ 20.0 քմ մակերեսով ավտոտնակի շինարարական աշխատանքներ, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության 400.000 ՀՀ դրամի չափով (գ. թ. 9):

2) Վարչական տույժը 400.000 ՀՀ դրամի չափով Գուրգեն Լազյանի կողմից կամովին վճարվել է ՀՀ Կենտրոնական գանձապետարան (գ. թ. 38):

3) Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5ա շենքի բնակիչների հայտարարության համաձայն` իրենց շենքի առջևում գտնվող ավտոտնակի համար նախատեսված ազատ տարածքը Գուրգեն Լազյանը մաքրել է և կառուցել հերթական ավտոտնակը (գ. թ. 33):

4) Գուրգեն Լազյանն ընդունել է, որ Երևանի քաղաքապետի 25.04.2008 թվականի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության մոտ 20.0 քմ մակերեսով ավտոտնակն ինքնակամ կառուցելու համար, որի համար վճարել է վարչական տույժը, իսկ վեճի առարկա ինքնակամ կառուցված ավտոտնակը կառուցել է ոչ թե Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի բակում, այլ Գրիբոյեդով փողոցի թիվ 5ա շենքի բակում (գ. թ. 37-38):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

«ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 31-րդ կետի բ) ենթակետի համաձայն` հասցե չի տրամադրվում ամբողջությամբ ինքնակամ զբաղեցված հողամասերին և դրանց վրա կառուցված շենքերին, շինություններին:

Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանն ինքնակամ կառուցված շինության հասցեների անճշտության պարզաբանման մասով չի կատարել ապացուցման իր պարտականությունը, որը կրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Գուրգեն Լազյանն ապօրինի շինությունը կառուցել է Գրիբոյեդով փողոցի թիվ 5ա շենքի դիմաց, իսկ Երևանի քաղաքապետարանի 25.04.2008 թվականի թիվ Վ-10/4 որոշմամբ Գուրգեն Լազյանի կողմից կառուցված շինության հասցե է նշվել Կոմիտասի փողոցի թիվ 48ա շենքի դիմաց, այսինքն` վեճի առարկա կառույցը գտնվում է ոչ թե քաղաքապետարանի որոշման մեջ նշված հասցեում, այլ Գրիբոյեդովի փողոցի թիվ 5ա շենքի դիմաց:

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ պատճառաբանությունն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Գուրգեն Լազյանի կողմից կառուցված 20.0 քմ մակերեսով ավտոտնակն ինքնակամ կառուցված շինություն է, հետևաբար այն ՀՀ կառավարության թիվ 2387-Ն որոշման 31-րդ կետի բ) ենթակետի ուժով չէր կարող հասցե ունենալ, որից հետևում է, որ հնարավոր չէր ճշտել վերոնշյալ շինության հասցեն: Նման պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանն ինքնակամ կառուցված շինության հասցեների անճշտության պարզաբանման մասով չի կատարել ապացուցման իր պարտականությունը:

Բացի այդ, Գուրգեն Լազյանն ընդունել է, որ վիճելի ավտոտնակը կառուցել է ոչ թե Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի բակում, այլ Գրիբոյեդովի փողոցի թիվ 5ա շենքի բակում: Այդ ավտոտնակը կառուցելու համար վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության և վճարել 400.000 ՀՀ դրամ վարչական տույժը: Հետևաբար, սույն գործով էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի հայցապահանջը վերաբերում է 25.04.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-10/4 որոշմամբ սահմանված 20.0 քմ մակերեսով ավտոտնակը քանդելուն, որի կառուցման փաստը Գուրգեն Լազյանն ընդունել է, իսկ այդ ավտոտնակի գտնվելու վայրի տարբեր անվանումները սույն գործի քննության համար էական նշանակություն չունեն, քանի որ վեճն ըստ էության վերաբերում է նույն` վիճելի ավտոտնակին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել՝ Գուրգեն Լազյանին պարտավորեցնել քանդելու Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի դիմաց (Գրիբոյեդովի փողոցի թիվ 5ա շենքի բակում) ինքնակամ կառուցված 20.0 քմ մակերեսով ավտոտնակը` տարածքը բերելով նախկին տեսքի:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան