Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետև` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով ամրապնդել և զարգացնել երկարատև և կայուն հիմքի, ինչպես նաև հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա հիմնված համագործակցությունը առևտրի, տնտեսության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև 1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու Դելիում ստորագրված «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի 6-րդ հոդվածը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը սույնով ստեղծում են առևտրական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողով, այսուհետև՝ Հանձնաժողով:
Հոդված 2
Հանձնաժողովի նպատակներն են.
քննարկել հարցեր, որոնք կծագեն Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված առևտրական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի իրագործման ընթացքում,
ուսումնասիրել առևտրական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, նախապատրաստել առաջարկներ վերոհիշյալ համաձայնագրերի բարեհաջող իրականացման համար, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի հաստատմանը ներկայացնել առաջարկներ նշված բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիների, ինչպես նաև առևտրի, տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր լուծելու նպատակով:
Հոդված 3
Հանձնաժողովը կկազմվի երկու Կողմերից հավասար թվով ներկայացված անդամներից, ինչպես նաև յուրաքանչյուր Կողմից նշանակված Հանձնաժողովի նախագահներից:
Հայկական և հնդկական Կողմերի նախագահները և Հանձնաժողովի անդամները կնշանակվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի գործող նորմատիվ ակտերին համապատասխան:
Հոդված 4
Հանձնաժողովը նիստեր կգումարի երկու տարին մեկ անգամ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետներում, կամ ավելի հաճախ՝ Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հաջորդաբար Հայաստանում և Հնդկաստանում՝ ընդունող Կողմի Հանձնաժողովի նախագահի նախագահությամբ:
Հանձնաժողովը իր նիստերը կանցկացնի Հանձնաժողովի նախագահների միջև համաձայնեցված աշխատանքային ծրագրի համաձայն:
Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև յուրաքանչյուր Կողմից պահանջվող թվով խորհրդատուներ և փորձագետներ:
Հոդված 5
Կանոնավոր նիստերի ծրագիրը և նախնական օրակարգը Հանձնաժողովի նախագահների միջև կհամաձայնեցվեն խորհրդակցությունների միջոցով՝ հերթական նիստից առնվազն 60 օր առաջ:
Նիստը կորոշի օրակարգի նախապես փոխհամաձայնեցված հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող են յուրաքանչյուր հանդիպման սկզբում Հանձնաժողովի նախագահների փոխհամաձայնությամբ ընդգրկվել օրակարգում:
Հոդված 6
Հանձնաժողովի նախագահներից մեկի առաջարկով կարող են անցկացվել արտահերթ նիստեր:
Պայմանավորվող կողմերից մեկի նախաձեռնությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում կարող են անցկացվել Հանձնաժողովի նախագահների կամ նրանց տեղակալների լրացուցիչ հանդիպումներ:
Հոդված 7
Հանձնաժողովի նիստերի ընթացքում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով:
Անհետաձգելի դեպքերում Հանձնաժողովի նախագահներն իրավունք կունենան Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում համատեղ փոխհամաձայնեցված որոշումներ ընդունել:
Հանձնաժողովի որոշումները, Պայմանավորվող կողմերի հավանությունը ստանալուց հետո, ուժի մեջ կմտնեն ստորագրման օրվանից, եթե այլ ընթացակարգ նախատեսված չէ:
Հանձնաժողովի որոշումները ենթակա են Պայմանավորվող կողմերի կամ Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինների հաստատմանը:
Այն որոշումները, որոնք պետք է հաստատվեն համապատասխան երկրների լիազորված մարմինների կողմից՝ Հանձնաժողովի նախագահներից մեկի հայտարարությանը համապատասխան, ուժի մեջ կմտնեն լիազորված մարմինների հաստատման մասին ծանուցումը ստանալու օրը:
Հոդված 8.
Հանձնաժողովի նիստերի արդյունքներն ու որոշումները կամրագրվեն Հանձնաժողովի նախագահների կողմից ստորագրվող արձանագրություններում:
Հանձնաժողովի հանդիպումների արձանագրությունները կկատարվեն հայերեն, հնդկերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը կլինեն հավասարազոր:
Հոդված 9
Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով Հանձնաժողովին իրավունք է վերապահվում ստեղծել ժամանակավոր և մշտական մարմիններ, օրինակ` ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր:
Հանձնաժողովը կորոշի մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Նշված մարմիններն իրենց գործունեությունը կիրականացնեն Հանձնաժողովի կողմից հավանություն ստացած ծրագրի և որոշումների համաձայն:
Հոդված 10
Հայկական և հնդկական կողմերի Հանձնաժողովի գործադիր քարտուղարները պատասխանատու կլինեն յուրաքանչյուր Կողմի գործունեության կազմակերպման, գործադիր մարմինների աշխատանքի համակարգման, Հաձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական հարցեր լուծելու համար: Հաշվի առնելով վերը նշվածը՝ գործադիր քարտուղարները մշտական կապ կպահպանեն միմյանց հետ:
Հոդված 11
Հանձնաժողովի նիստերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը:
Ճանապարհածախսը և Հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների՝ երկրում գտնվելու հետ կապված ծախսերը հոգում է հանդիպմանը իր ներկայացուցիչներին գործուղող երկիրը:
Հոդված 12
Սույն Համաձայնագրում լրացումներ կամ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր կերպով՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Այն ինքնաբերաբար ամեն անգամ կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում, 2001 թվականի հուլիսի 11-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հնդկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 11-ից:
