Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքները բնութագրվում են բարձր սեյսմիկ ակտիվությամբ, և ուժեղ երկրաշարժերը երկու երկրներում առաջ են բերում ավերածություններ ու զոհեր, որը պայմանավորված է տարածքների շարունակական քաղաքայնացմամբ, բարձր սեյսմիկ ակտիվության նոր փուլով, նոր ուժեղ սեյսմիկ իրավիճակի բարձր հավանականությամբ, շենքերի և կառույցների սեյսմակայունության դեռևս չլուծված խնդիրներով, բնակչության և պետական կառավարման մարմինների ոչ բավարար պատրաստվածությամբ և բազմաթիվ այլ գործոններով, որոնք հանգեցնում են երկու պետությունների սեյսմիկ խոցելիությանը և բացասաբար են ազդում նրանց կայուն զարգացման վրա,
ընդունելով երկու երկրների բնակչության անվտանգության ապահովման նպատակով համաձայնեցված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը,
Կողմերը պայմանավորվում են հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը պայմանավորվում են, սույն Համաձայնագրին, իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրականացնել համագործակցություն սեյսմիկ պաշտպանության բնագավառում:
Հոդված 2
Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ ոլորտներում՝
սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական ռազմավարություն,
սեյսմիկ ռիսկի նվազեցման սոցիալ-տնտեսական և գիտատեխնոլոգիական ուղղություններ,
սեյսմիկ պաշտպանության բնագավառում նորմատիվ-իրավական ակտերի մշակում,
սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարում՝ ընդգրկելով տեղական համայնքները, պետական կառավարման մարմինները և միջպետական պայմանագրերը:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի կատարման իրականացումը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված մարմնին և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված մարմնին:
Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ պատասխանատու անձի, որը վերահսկում է սույն Համաձայնագրի կատարման ընթացքը:
Նշանակված պատասխանատու անձերը պետք է ունենան տարեկան առնվազն մեկ հանդիպում Հայաստանում կամ Տաջիկստանում՝ սույն Համաձայնագրի կատարման գործընթացը և յուրաքանչյուր հաջորդ տարվա գործունեության հատուկ պլանը քննարկելու համար:
Հոդված 4
Կողմերը մշակում են համատեղ հետազոտությունների նախագծեր հետևյալ ոլորտներում՝
սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում,
քաղաքներում և այլ բնակավայրերում խոցելիության նվազեցում՝ ներառյալ գոյություն ունեցող շենքերի և շինությունների ամրացումը, շահագործման բարելավումը և սեյսմակայուն շինարարության նոր նորմերի մշակումը,
բնակչության իրազեկում, ուսուցում և վարժանքներ,
վաղ ահազանգում և տեղեկացում,
սեյսմիկ ռիսկի կառավարում՝ ներառյալ արագ արձագանքումը և փրկարարական գործողությունները,
աղետի հետևանքների վերացում,
ապահովագրություն,
համագործակցություն հասարակական և ոչ պետական կազմակերպությունների հետ,
սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտերի մշակում,
ազգային ծրագրերի միջազգայնացում միջազգային լայնածավալ համագործակցության հիման վրա:
Հոդված 5
Կողմերը մասնակցում են նորմատիվային փաստաթղթերի համատեղ մշակմանը: Այդ նպատակների համար ձևավորվում են մասնագետների համատեղ խմբեր: Կողմերը սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր բնագավառներում տեղեկատվություն են փոխանակում գիտական և տեխնիկական նոր նվաճումների վերաբերյալ (առանձին պայմանագրերով): Կողմերը կազմակերպում են համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակում, մասնակցում են համատեղ միջազգային նախագծերին և ծրագրերին:
Հոդված 6
Կողմերը որոնում են համատեղ նախագծերի ֆինանսավորման աղբյուրներ միջազգային տարբեր հիմնադրամներից:
Սույն Համաձայնագրով նախատեսված համատեղ գործողությունները կատարվում են համապատասխան անձնակազմի և ֆինանսավորման առկայությամբ: Կողմերը յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ պետք է գրավոր համաձայնեցնեն ֆինանսավորման աղբյուրները:
Համատեղ աշխատանքների ֆինանսավորումը յուրաքանչյուր կոնկրետ նախագծի համար իրականացվում է Կողմերի պայմանավորվածությամբ: Միջազգային ուղևորությունների ծախսերը մեկնելու և վերադառնալու համար, որպես կանոն, կատարում է ուղարկող Կողմը՝ բացառությամբ հատուկ, նախապես պայմանավորված դեպքերի: Այցելության ծրագրի համաձայն՝ ընդունող Կողմը կատարում է կեցության, սննդի և երկրի ներսում ուղևորությունների ծախսերը:
Հոդված 7
Համատեղ աշխատանքների իրականացումից ստացված արդյունքները հանդիսանում են Կողմերի սեփականությունը և կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն Կողմերի համաձայնության դեպքում:
Հոդված 8
Սույն Համաձայնագրում յուրաքանչյուր Կողմի նախաձեռնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ՝ Կողմերի օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին երկրորդ ծանուցումը դիվանագիտական ուղիով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, մինչև Կողմերից մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում դրա գործողության ընթացքում սկսված, բայց դեռևս չավարտված ծրագրերի իրականացման վրա:
Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի նոյեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանաչյուրը՝ հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում Կողմերը կդիմեն ռուսերեն տեքստին:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի մայիսի 4-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|